Երևան
12 °C
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի կարծիքով՝ վերջին շրջանում կինոարվեստի վրա ամպամածություն է իջել, նույնը թատերական կյանքում է: Տպավորություն է, թե այն տեղում դոփում է. նոր շունչ չկա:
Ավանի դերասանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Քոթանջյան, բազմիցս նշել եք, որ ստեղծագործական դադարները, բեմում չլինելը յուրաքանչյուր արտիստի համար անտանելի են: Բնականաբար, ինքներդ էլ դժվարությամբ եք հաղթահարում դրանք: Պանդեմիայի ժամանակաշրջանում, երբ ոչ միայն մշակութային ակտիվությունն էր մարել, այլեւ ասես կյանքն էր կանգ առել, ինչպե՞ս կարողացաք հաղթահարել: Ինչո՞վ էիք զբաղված այդ ընթացքում:
- Ես միշտ եղել եմ ակտիվ: Եթե այժմ տպավորություն է, որ քիչ եմ ակտիվ, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ ես միշտ գործի մեջ եմ: Հեռուստատեսությամբ էլ եմ ելույթներ ունենում երբեմն եւ շնորհակալ եմ այն անձանց, որոնք հետաքրքրվում են իմ կյանքով: Այդ ընթացքում շատ ֆիլմեր էի դիտում, հատկապես հին ֆիլմեր, որովհետեւ դրանցից միշտ հետաքրքրիր զարգացման սպասում ունեմ: Բայց, ցավոք սրտի, ֆիլմերից իմ սպասումը հետզհետե թուլանում է այն առումով, որ վերջին շրջանում նաեւ Հոլիվուդն է բավականին թուլացրել իր ֆիլմերը:
Ժամանակին, երբ ֆիլմեր էինք նայում ու տեսնում Ռոբերտ դե Նիրոյին, Ալ Պաչինոյին եւ մյուս մեծ դերասաններին, հաճույք էինք ստանում, որովհետեւ իրենք իրենց հետ բերում էին նոր զգացողություններ, նոր ապրումներ ու երեւույթի նկատմամբ նոր վերաբերմունք: Նախկինում մենք անհամբեր սպասում էինք, որ որեւէ մեկը նորից ֆիլմ նկարի: Իսկ վերջին շրջանում, վստահ եմ, բոլորն են նկատել՝ այն ֆիլմերը, որոնցով մենք ապրում էինք, չկան. խոսքը ե՛ւ խորհրդային տարիների, ե՛ւ հոլիվուդյան ֆիլմերի մասին է: Այժմ կինոարվեստի վրա ամպամածություն է իջել: Վերջին շրջանում նույնը թատերական կյանքում է. այն չէի ասի՝ սառչել, բայց դոփունի տպավորություն է թողնում, կանգնած է իր տեղում, նորությունները մի փոքր քիչ են:
- Այս տարի Ձեր ծննդյան 80-ամյակն է լրանում: Արդեն որոշե՞լ եք՝ ինչպես եք նշելու:
- Մի լավ խոսք կա, ասում է՝ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, անպայման պատմիր քո ծրագրերի մասին (- հեղ. ծիծաղում է), որովհետեւ շատ անգամ այդ ծրագրերը չեն իրականանում: Ծրագրերի մասին չեմ ասի, բայց կասեմ, որ դրանք կան, կլինե՞ն, թե՞ չէ, պարզ չէ: Ամեն դեպքում իմ հանդիսատեսի հետ ծնունդս կփորձեմ հավուր պատշաճի անցկացնել:
Ժամանակին, երբ մոտենում էին իմ 60-ամյակը, 70, 75-ամյակները, ես ունեի մի մեծ ծրագիր, որին, ցավոք սրտի, դեռ չեմ հասել: Ուզում էի մեր վարպետներին, այն կերպարներին, որոնք իմ կյանքում կարեւոր դերակատարում են ունեցել, բոլորին հավաքել որեւէ գործի մեջ, այդ կերպարներին իրար դեմ հանել, որպեսզի կարողանան իրար հետ վիճել, հաղորդակցվել: Այդ կերպարները ես դեռ չեմ խաղացել, բայց երազանքս է: Չեմ կարող ասել՝ այս տարի կլինի՞, թե՞ չէ, բայց կփորձեմ ինչ-որ բաներ անել: Միշտ փորձել եմ նորություն ցուցադրել իմ հանդիսատեսին, եւ մինչեւ հիմա ինձ հաջողվել է, անկախ նրանից՝ պատրաստի նյութ ունեցե՞լ եմ, թե՞ հետո է այն ծնվել: Բոլոր դեպքերում ինձ պարտադրող մի զգացողություն կա, որ հանդիսատեսը սպասում է իմ հերթական ելույթին, եւ ես պարտավոր եմ չխաբել նրան:
- Վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք ժամանակակից օնլայն հարթակներից մեկում՝ «Տիկտոկ»-ում. Ձեր տղայի էջում Ձեր մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակվում: Հավանո՞ւմ եք այդ գործընթացը:
- Ես հպարտ եմ ոչ միայն իմ որդով՝ Մայքլ Քոթանջյանով, այլեւ իմ թոռնիկներով՝ Ռաֆայել եւ Լիկա Քոթանջյաններով: Թոռնիկներս, լինելով ընդամենը 5 եւ 7 տարեկան, հետաքրքրվում են, որ այսօրվա բոլոր հնարավոր միջոցներով դուրս գան եթեր: Այնքան հետաքրքիր են, հաճախ են ինձ մոտենում ու ասում՝ պի՜կ, (պապիկը կրճատած տարբերակով են ասում) «Տիկտոկ»-ով երկու բան չե՞ս ասի: Ասում եմ՝ բալիկ ջան, կասեմ: Այսօր նորություններն իրենց ավելի շուտ են հասնում, քան ինձ, եւ ես միշտ ուշադիր պիտի լինեմ: Պիտի միշտ լինեմ «ֆորմի» մեջ ու երեխաներին չզիջեմ: Եթե զիջում ես, արդեն պարտված ես: Ես իրավունք չունեմ պարտվելու մատաղ սերնդին: Հույս ունեմ՝ դեռ կարողանում եմ ինչ-որ չափով:
- Որքանով տեղյակ ենք, Դուք Թբիլիսում եք ծնվել, սակայն վաղ տարիքում՝ 4 տարեկան հասակում, Ձեր ընտանիքը Թբիլիսիից տեղափոխվել է Երեւան: Այժմ կապ կա՞ ծննդավայրի հետ: Այնտեղի կյանքը եւ հետագա կապը ի՞նչ դերակատարություն են ունեցել Ռաֆայել Քոթանջյան արտիստի մասնագիտության ընտրության եւ հետագա կայացման գործում:
- Հայրս պատահական էր հայտնվել Վրաստանում, նա Ղարսից էր: Շատ հետաքրքիր տոհմական պատմություն կա Քոթանջյան ընտանիքի հետ կապված: Կարինե Քոթանջյանը, որի մասին դեռ Չարենցն է խոսել, իմ հորաքրոջ՝ Սաթենիկ Քոթանջյանի զարմուհին էր: Պարբերաբար էինք գնում Թբիլիսի, քանի որ մեր ազգականներից շատերն այնտեղ էին ապրում՝ հորեղբայր, հորաքույր Սաթենիկ եւ այլք:
Մի այսպիսի պատմություն եմ հիշում. Թբիլիսիի «Իսանի» կինոթատրոնում գնում էինք ֆիլմեր նայելու, այդ ժամանակ ընդունված էր ֆիլմի ցուցադրությունից առաջ ցույց տալ վերջին լուրերը, եւ այդ ժամանակ հայտարարում են, որ ժամանել է հնդիկ քաղաքական գործիչ, Ջավահառլալ Ներուն իր դստեր՝ Ինդիրա Գանդիի հետ: Ուսմանս մեջ առաջադիմություն ունեի, ինձ էլ տարան: Հիշում եմ՝ այդ հանդիպմանը հատուկ ընտրում էին երեխաների, որոնք մի քիչ հնդիկի էին նման (չգիտեմ՝ ես նմա՞ն եմ, թե՞ չէ), բայց բոլոր դեպքերում ինձ էլ ընտրեցին: Ասացին, որ բոլոր երեխաների հետ միասին այդտեղ կանգնեմ, եւ երբ մոտենա լրիվ սպիտակ հագնված մի տղամարդ, բոլորս վազենք ու մեր ձեռքի ծաղկեփնջերը տանք նրան: Ինձ մանկուց համեստ ձեւով էին դաստիարակել, եւ երբ հայտնվեց սպիտակ հագնված Ջավահառլալ Ներուն, բոլորը սկսեցին իրար հրմշտելով՝ վազել: Քանի որ ես հրմշտելու, հրելու սովորություն չունեի, տեղում կանգնած մնացի: Մի քանի վայրկյան անց աչքս ընկավ, որ սպիտակ հագնված մեկն էլ կա, բայց կին է. դա Ինդիրա Գանդին էր, հետագայում երկար տարիներ Հնդկաստանի վարչապետն էր:
Բոլորն իրենց ծաղկեփնջերը տվել էին նրա հորը, իսկ Գանդին առանց ծաղիկ էր մնացել: Ես էլ մոտեցա ու ծաղկեփունջը տվեցի նրան: Քանի որ ես միակն էի, որ ծաղիկներ տվեցի Ինդիրա Գանդին, նա ձեռքս բռնեց ու ամբողջ այդ մեծ միջոցառման ժամանակ բաց չթողեց: Նույնիսկ, երբ նստել էինք՝ վայելելու մեծ հանդեսը, ես նստած էի Ջավահառլալ Ներունի եւ Ինդիրա Գանդիի մեջտեղում: Այդ տեսարանը ցույց տվեցին կինոթատրոնում, հորաքույրս էլ նստած էր, տեսնելով ինձ՝ բացականչել էր՝ «Քա՜, Ռաֆոս է, Ռաֆո՜ս»: Ժողովուրդը շուռ եկավ, ու սկսեցին ծափահարել. երեւի դրանք առաջին ծափահարություններն էին, որոնց ես արժանացա:
Ուզում եմ ասել, որ կյանքում զարմանալի իրադարձություններ կարող են լինել, որոնց մասին գուցե չես պատմում, չես էլ հիշում, բայց գալիս է մի պահ, երբ դրանք գալիս են՝ վերականգնելու այն ամբողջ հետաքրքիր եղելությունները, որոնք կատարվել են մեր կյանքում: Նման պատմություններն իմ կյանքում շատ-շատ են: Երբ հանդիպում եմ իմ հանդիսատեսին, փորձում եմ ամեն անգամ պատառ-պատառ պատմել եղելություններ: Թերեւս դրանք էլ թատերական ներկայացման մի կենդանի տարբերակ են, որոնց համար էլ երեւի ես եկել եմ լույս աշխարհ: Երեւի սա էլ այն գործն է, որ Աստված ինձ է կամեցել, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ:
- Պարոն Քոթանջյան, ըստ Ձեզ, Հայաստանում մեր մշակույթի գործիչները, ըստ արժանվույն, գնահատված են՝ թե՛ պետական մակարդակով, թե՛ ժողովրդի կողմից: Կա՞ այն սերն ու հիացմունքը, որը եղել է ժամանակին, եւ որի մասին հաճախ Ձեր սերնդակից գործիչները յուրահատուկ ջերմությամբ են հիշում:
- Բավական է դուք իմ կողքով քայլեք եւ նայեք անցորդների հայացքներին դեպի ինձ: Թոռնիկներիս այլեւս դրանով չեք զարմացնի. իրենք կզարմանան, եթե հանկարծ հակառակը տեսնեն, չտեսնեն համընդհանուր հիացմունքի հայացքները դեպի իրենց պապիկը: Եթե ես հայտնվում եմ մի մարդաշատ վայրում ու մի քանի րոպե կանգնում, անմիջապես կողքս մարդիկ են հավաքվում, խնդրում են նկարվել, խոսում են հետս, որ երեխաները տեսնեն:
Ես հասկանում եմ, որ դա այսօր նաեւ ընդունված մի բան է, բոլորն ուզում են նկարվել եւ այլն, բայց ես նաեւ տեսնում եմ այն հիացմունքը, որով նայում են ինձ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները: Այդ ամենն ինձ այնքան է բավարարում, որ եթե նույնիսկ պետական մակարդակով որեւէ վերաբերմունքի չարժանանայի, միեւնույն է, բավարարված կլինեի: Բայց ուզում եմ նշել, որ ես ուշադրության եմ արժանանում նաեւ պետական մարմինների կողմից: Վերջերս նաեւ հանդիպում եղավ նախագահի պարտականությունները կատարող անձի հետ: Վերաբերմունքը, որը մեր նկատմամբ կար, վերին աստիճանի հարգալից էր, այնպիսին էր, որ յուրաքանչյուր ոք կերազի: Ես այդ ուշադրությունը միշտ տեսել եմ:
Ցանկությունս է այնքան ապրել, որ տեսնեմ մեր ժողովրդի գնահատականը այն ամենին, այն լավին, ինչ կատարվում է ու պիտի կատարվի մեր շուրջը: Մենք իրավունք չունենք վատով հրճվելու, պիտի տեսնենք ու ձգտենք դեպի լավը եւ հաղթանակով դուրս գանք այս արհավիրքի միջից: Հիմա մենք ծանր ժամանակներում ենք ապրում: Պատերազմից հետո բավականին ծանր հիշողություններ ունի ազգը, ցավալի: Մեր ազգը փորձում է վերականգնվել ու կարողանում է, փորձում է իրեն այնպես պահել՝ կարծես մենք արժանի ենք ամենագեղեցիկ վերաբերմունքին ամբողջ աշխարհի կողմից: Իսկապես մենք արժանի ենք, որովհետեւ մարդկության համար արել եւ անում ենք շատ բաներ: Հույս ունեմ, որ դեռ մարդկությանը մենք շատ կզարմացնենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT