Շրջվեք, ինքներդ տեսեք արդյունքը. երեւանցիները քաղաքապետի ու նրա հնարավոր պաշտոնանկության մասին

Արդեն մի քանի օր է՝ ակտիվ քննարկումների թեմա է դարձել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ գործադիր իշխանության հետ հարաբերությունները:

Գործադիրի եւ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն հասցրել են լրատվամիջոցներով հանրայնացնել քաղաքապետի մասին իրենց դիրքորոշումը, շեշտել, որ սխալ են համարում Մարությանի՝ իր թիմին նախընտրական շրջանում չաջակցելը: Եվ չնայած Երեւանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին՝ սկսել են լուրեր շրջանառվել, թե քննարկվում է Երեւանի ավագանին ժամկետից շուտ ցրելու հնարավոր տարբերակը:

Երեւանցիների շրջանում երեկ հարցախույզ անցկացրինք՝ հետաքրքրվելով, թե եթե ավագանին լուծարելու եւ քաղաքապետի փոփոխության գործընթաց սկսվի, իրենք դա ճի՞շտ, թե՞ սխալ կհամարեն: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են գնահատում քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում:

Մեր հարցվածների գերակշռող մասի կարծիքով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կատարել է քաղաքացիներին տված իր խոստումները, իհարկե, դրանց մի մասը դեռ իրագործման փուլում են, ուստի, նրանց խոսքով, քաղաքապետը պիտի մնա եւ շարունակի սկսածը: Նրանք, ովքեր արդյունավետ են համարում քաղաքապետի պաշտոնավարման տարիները, առաջնայինը նշում են Երեւանի մաքրությունը, բակերի բարեկարգումը, տրանսպորտի նոր ու հարմարավետ շարժակազմը, ինչու չէ՝ նաեւ կենդանիների պաշտպանությունը՝ շների ստերջացում եւ այլն:

Շատերի մոտ դեռ թարմ են քաղաքապետարանի՝ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայքարը: Ըստ մեր զրուցակիցների՝ թեկուզ այդ պրոցեսների ժամանակ քաղաքն անմաքուր էր, բայց քաղաքապետը կարողացավ աղբահանության խնդրին համակարգային լուծում տալ:

Մարդիկ գոհունակություն են հայտնում նաեւ նոր ավտոբուսներից՝ նկատելով՝ չնայած դեռ բավարար չափով համալրված շարժակազմ չունենք, բայց հույս ունենք՝ քաղաքապետը կլինի իր խոստման տերն ու այս դեպքում էլ համակարգային լուծում կտա:

Մեր հարցվածներից որոշ մարդկանց համար էլ Հայկ Մարությանը քաղաքապետի ցանկալի կերպար է, քանի որ խելացի է, ինտելեկտուալ եւ զուսպ: «Միայն բարձր ինտելեկտ ունեցող մարդը կարող էր տալ այն հումորային պրոդուկտը, որը ժամանակին տեսել ենք մենք»,-շեշտեց հարցվածներից մեկը:

Եթե Հայկ Մարությանի կուսակցական թիմի անդամներին դուր չի եկել, որոշներին էլ զայրացրել է նրա չեզոքությունը, ապա քաղաքացիների մոտ Մարությանի այս քայլը լրիվ հակառակ արդյունքն է տվել: Համենայնդեպս մեր հարցվածները այդպես էին վստահեցնում: «Ինձ դուր է գալիս, որ Մարությանը քաղաքական ուժերից զերծ է պահում իրեն, չի թաթախվում իրենց խաղերի մեջ, գլուխը կախ իր գործն է անում»,- սա մեր լսած բավականին շատ նմանօրինակ դիտարկումներից մեկն է:

Մարությանի մասին իրենց կարծիքը արտահայտող մեր քաղաքացիները նաեւ քաջատեղյակ են վերջինիս հետ կապված վերջին զարգացումներին: Հարցվածներից մեկն էլ նկատեց. «Եթե որպես քաղաքապետ ոչինչ չաներ եւ բռներ մյուսների պոչը, բնականաբար, ես էլ կդատապարտեի, բայց այդ մարդն իր գործի մեջ է, փորձում է քաղաքի համար ինչ-որ լավ բան անել, միայն այն, որ իշխող ուժի հետ որոշակի անհաշտություններ ունի (դա էլ դեռ հարց է, թե իրականում ինչ է կատարվում), բնականաբար, պատճառ չէ ժամկետից շուտ անվստահություն հայտնելը»:

Սիրիայից Հայաստան տեղափոխված 60-ամյա մի տղամարդ, որն արդեն 9 տարի է՝ Երեւանում է ապրում, կարծիք հայտնեց, որ չի ցանկանա քաղաքապետը գնա: Ըստ մեր զրուցակցի՝ Երեւանը վերջին տարիներին անհամեմատ ավելի մաքուր ու հյուրընկալ է դարձել:

Որոշներն էլ, խուսափելով երկար-բարակ խոսել, քաղաքապետի աշխատանքի մասին իրենց վերաբերմունքն ու կարծիքը արտահայտեցին մեկ դրական բառով, երբեմն էլ միայն ժպտալով, բութ մատը ցույց տալով: Քաղաքացիներից մեկն էլ, ի պատասխան մեր հարցի, թե արդյունավետ համարո՞ւմ է Երեւանի քաղաքապետի աշխատանքը, ասաց. «Պտտվեք, ինքներդ տեսեք արդյունքը»: Շրջվեցինք, եւ այդ պահին անցնում էր նոր միկրոավտոբուսներից մեկը:

Քաղաքապետի աշխատանքից գոհ մեկ այլ քաղաքացի էլ, լսելով անվստահություն հայտնելու եւ ժամանակից շուտ Մարությանին հեռացնելու մասին տարածված լուրերը, ասաց. «Ինչի՞, իրենց ձայն չի տվել, դրա՞ համար են դժգոհ: Կոմիտասում ենք ապրում, նախկինում մեր թաղամասը զիբիլի մեջ կորած էր, իսկ հիմա մինչեւ գիշերվա հազարը աղբաման են մաքրում: Մենք շատ գոհ ենք»:

Մեկ այլ հարցվածի կարծիքով էլ՝ ղեկավարներ փոխելով՝ քաղաքի խնդիրները չեն լուծվելու, այլ ընդհակառակը՝ օբյեկտիվ պատճառներով դրանց լուծումը հետաձգվելու է. «Մարությանը նոր- նոր հունի մեջ է ընկել, ինչ էլ չգիտեր սովորում է, ծանոթանում, հիմա մինչեւ հաջորդը գա, հարմարվի, էլի ժամանակ ենք կորցնելու, քաղաքն է տուժելու»:

Մեկ ուրիշն էլ ասաց՝ ճիշտ կլինի Մարությանին հանգիստ թողնել որ իր գործն անի: «Քանի որ մենք չգիտենք, թե հաջորդն ով կգա, ինչպես կաշխատի, հաստատ չենք ուզի, որ հիմա Մարությանը գնա: Եվ հետո, եթե մարդն աշխատում է ու վատ չի աշխատում, խնդիրն ո՞րն է: Ես կարծում եմ, որ նա պիտի մնա ու սահմանված ժամկետում գոնե կարողանա ավարտին հասցնել այն, ինչը որոշել է անել: Թույլ տանք, որ այդ մարդն իր ծրագրերն ավարտին հասցնի: Ավելի լուրջ հարցեր ունենք հիմա, անվտանգության հարցով թող առաջնայինը զբաղվեն: Իսկ քաղաքապետի կազմակերպչական ձիրքը տեղն է, լավ էլ անում է իր գործը, գուցե տեղ-տեղ մի բան մի քիչ մեր ուզած ժամկետում չի լինում, բայց անում է»,- ասաց նա:

Իհարկե, բազմաթիվ դրական կարծիքների ու չեզոք դիրքորոշումների կողքին կան նաեւ մարդիկ, ովքեր միանշանակ դեմ են Հայկ Մարությանի քաղաքապետի պաշտոնում մնալուն: Որոշները նկատեցին՝ ինչպես 2018 թվականին էին այն համոզմանը, որ քաղաքապետարանը Հայկ Մարությանի տեղը չէ, այնպես էլ հիմա: Այս 2.5 տարում նրանց կարծիքն ավելի է ամրապնդվել:

Հարցվածներից մի տարեց տղամարդ էլ կարծիք հայտնեց, որը Երեւանն իրեն արժանի քաղաքապետ ունեցել է 1970-ականներին, հետո չի ունեցել: Միակ արժանի քաղաքապետը, ըստ նրա, Գրիգոր Հասրաթյանն է եղել (1962-1975թ.թ): «Նա քաղաքի մասին մտածող, լուրջ մարդ էր: Հայկի տեղը կինոյում է: Նա գլուխ չհանեց»: Դժգոհելով գերծանրաբեռնված երթեւեկությունից ու տրանսպորտի վատ աշխատանքից՝ քաղաքացին ասաց. «Գերմանիայում ոնց է. վայրկյանների ճշտապահությամբ գալիս են ավտոբուսները: Ես գիտեմ՝ մեզ համար դա երազանք է, կարող է գալիք սերունդը տեսնի, բայց մենք հաստատ չենք տեսնի»:

Քաղաքական անցուդարձով բավականին հետաքրքրված մեկ այլ քաղաքացու համոզմամբ էլ՝ քաղաքապետի գալուց հետո էական դրական փոփոխություններ չեն եղել Երեւանում. «Համենայնդեպս նախկինների ու ներկայիս քաղաքապետի գործունեության մեջ տարբերություն չենք տեսնում: Պրոյեկտում չկա էլ մեկը, որի հետ հույսեր կապես կամ մտածես, որ եթե այս մեկը վաղը լինի քաղաքապետ, էական փոփոխություն կլինի: Կարծում եմ՝ այս երկրում որեւէ գլոբալ դրական փոփոխություն չի էլ լինի: Մարդկանց հույսերն էլ չարդարացան, ու այս մարդիկ իրենց սպառեցին, եւ հույսերը, թե մի օր կգան մարդիկ, ովքեր ամեն ինչ դեպի լավը կփոխեն, չիրականացան: Պողոսն էլ եկավ՝ ոչինչ չփոխվեց, Պետրոսն էլ եկավ՝ էլի ոչինչ չփոխվեց: Այս ամենը երեւաց նաեւ մեր ընտրությունների արդյունքներով, մարդիկ գնացին, չարյաց փոքրագույնին ընտրեցին՝ իմանալով, որ ո՛չ սա է մի բան, ո՛չ էլ էն նախկինը»:

Հարցվածներից երկու կին էլ ասացին, որ մեզ հանդիպելուց ընդամենը րոպեներ առաջ քննարկում էին Մարությանին: Պարզվեց՝ քաղաքապետին անձամբ են ճանաչում: Նշեցին՝ իրենց շատ հարազատ մարդ է, բայց հետը լեզու չեն գտնում: «Շինթույլտվությունների հետ կապված անիմաստ խնդիրներ է ստեղծել, բարդացրել է ամեն ինչ: Լավ տղա է, սկզբունքային, բայց մի քիչ էլ տարօրինակություններ ունի: Ես հավատում եմ, որ ինքը անկաշառ է, բայց.... Կողմ ենք, որ գա այնպիսի քաղաքապետ, որը բիզնեսին չի վնասի: Կարծում եմ՝ քաղաքապետարանն այնքան էլ իր տեղը չէ»,- ասաց նրանցից մեկը: Տիկինը չցանկացավ ասել, թե ինչ շինթույլտվության մասին է խոսքը:

Հարցվածներից մի կին էլ, որը երկու մանկահասակ երեխաների մայր է, նշեց, որ կորոնավիրուսից հետո Հայկ Մարությանի՝ մանկապարտեզները չբացելու անհասկանալի որոշման պատճառով զրկվել է աշխատանքից. «Կարանտինի ժամանակ բոլոր ժամանցի վայրերը բացվեցին, սրճարանները, ռեստորանները, ամեն ինչ աշխատում էր, իսկ ինքը մանկապարտեզները փակել էր ու կտրուկ դեմ էր վերաբացմանը: 4 տարեկան տղաս 2 ամիս առաջ նոր ընդունվեց մանկապարտեզ: Աշխատում էի, ու ինձ շատ էր պետք, որ նա երկու տարեկանից գնար: Հիմա ինձ համար շատ բարդ է աշխատանք գտնելը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12239 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է