Պատերազմի ժամանակ եւ խաղաղ պայմաններում միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը. Բակո Սահակյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

Ելույթ է ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգարժան անդամներ,

Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձևաչափով քննարկումները կլինեն մշտական և կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը:

Իսկ հիմա կուզենայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք բնութագրում են այն սերտ փոխգործակցության իրական աստիճանը, որ առկա է մեր երկու հայկական հանրապետությունների միջև: Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը: Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:

Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը:

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ:

Մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների և երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում: Ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմնակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան:

Հարգելի ներկաներ,

օգտվելով առիթից, կուզենայի նաև հակիրճ անդրադառնալ Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին: Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան: Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը:

Հարգելի ներկաներ,

կուզենայի նաև անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին: Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով: Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ:

Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար:

Հարգելի ներկաներ,

այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարևորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը:

Շնորհակալություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3300 դիտում

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը