Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի երկրորդ հանրահավաք-երթն՝ ընդդեմ գնաճի: Երթից մի քանի ժամ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկություն տարածեց, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերին եւ խնդրում՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին չմասնակցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին:

«Պարզվեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին եւ խնդրում, հորդորում չմասնակցել ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթ-հանրահավաքին: Որեւէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդպես վարվում, համոզում, որ ակցիային չմասնակցեն»,- տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով իր հարցին՝ նշել, որ իշխանություններին պետք է, որ ցույց տան, թե ՀՀ քաղաքացիները որեւէ խնդիր չունեն թանկացումների հետ, ըմբռնումով են մոտենում:

«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի տարածած տեղեկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կատարվում է ուսումնասիրություն:

Այդուհանդերձ, երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց ԵԼՔ դաշինքի նախաձեռնած հանրահավաք-երթն ընդդեմ թանկացումների:

Դաշինքի պատգամավորները կարճ ելույթներ ունեցան, որոնց հաջորդեց քայլերթը: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ եւ նշեց, որ փետրվարի 6-ին ԱԺ-ից վերցնելու են համապատասխան ձեւաթղթերը եւ հավաքեն անհրաժեշտ ստորագրություններ՝ թանկացումների հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը: Պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն տեղեկատվությունը, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստներին, վկայո՞ւմ է այն մասին, որ իշխանությունները անհանգստացած են ԵԼՔ-ի նախաձեռնությամբ, Մարուքյանը նշեց, որ իշխանությունները դեռ առաջին երթի ժամանակ էին անհանգստացած:

Մարուքյանը ելույթի իր խոսքում նշեց, որ իշխանությունը արդեն անհանգստացած է իրենց հավաքներից, քանի որ իրենց հունվարի 19-ի հանրահավաք-երթից անմիջապես հետո իշխանությունը խորհրդարանական լսումներ հրավիրեց: Պատգամավորի գնահատմամբ, այդ լսումները որեւէ բան չեն տվել հանրությանը, ավելին, այդ լսումներով ծաղրել են ժողովրդին՝ նշելով, որ եթե բենզինը թանկ է՝ գազով գնացեք, գազը թանկ է՝ ոտքով գնացեք: Մարուքյանը նշեց, որ հիմա էլ կան մարդիկ, որոնք բողոքում են, որ կոշիկն էլ է թանկացել, ոտքով քայլելուց էլ են զրկված:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը իր ելույթում անդրադառնալով տարբեր պաշտոնյաների՝ գնաճի վերաբերյալ մեկնաբանություններին, նշեց, որ նրանք Աժ ամբիոնից ցինիզմի մակարդակի պատասխաններ են տվել, երբ արծարծվել է գնաճի թեման: Մասնավորապես, ֆինանսների նախարարը նշել է, որ եթե 2011 թվականին 7-8 տոկոս գնաճից մարդ չի մահացել, ապա այսօրվա 2-3 տոկոս գնաճից էլ չի մահանա: Այնուհետ Միրզոյանը հիշեցրեց Կենտրոնական բանկի նախագահի այն խոսքերը, թե գիտնականները պարզել են, որ կարագը օգտակար է, դրա համար էլ գինը բարձրացել է: Միրզոյանը կոչ արեց բոլորին՝ միանալ իրենց հանրահավաք-երթին եւ պայքարել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ լինեն:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ԵԼՔ-ի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ բարձրաձայնեց այն մասին, որ իշխանությունը ուշադրություն չի դարձնում կրթությանը, բիզնեսին, արդյունաբերությանը, էներգետիկային, ասաց, որ ջրային ռեսուրսները չենք օգտագործում, սրանք են, որ բյուջեն կարգի են բերելու, տնտեսություն են զարգացնելու, քանի որ իշխանությունը դրանց ուշադրություն չի դարձնում, մեր քաղաքացիները գնում են ուրիշ երկրներ: Հանրահավաք-երթին ներկա էին նաեւ «Աջ ղեկ» շարժման մասնակիցները եւ վերջիններիս խնդրանքով Արամ Սարգսյանը խոսեց աջ ղեկով մեքենաների մասին: Ասաց՝ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի քննարկմանն էր դրվել աջ ղեկով մեքենաների մասին օրենքը, դա վնասակար որոշում է, որովհետեւ մարդիկ էժան կգնեն ձախ ղեկով մեքենա, դրանք հին կլինեն ու կվնասեն նաեւ էկոլոգիային: Արամ Սարգսյանը նշեց, որ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է ձախ ղեկով մեքենաների համար մաքսատուրքի գանձումը նվազեցնել ներկրման ժամանակ: Նա հայտարարեց, որ անպայման այդ ուղղությամբ աշխատելու է ու ժողովրդին կոչ արեց միանալ իրենց երթին, իսկ վերջում մեջբերեց չինական իմաստնություն, ասաց, որ ցանկացած հազար մղոն ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս իշխանությունը բոլոր քայլերն անում է միայն վերարտադրվելու համար:    

ԵԼՔ դաշինքի երթը, որը մեկնարկել էր «Մոսկվա» կինոթատրոնից, ավարտվեց նույն վայրում։ Վերջում ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում գիտեք, որ պատմագրության մեջ կան ժամանակաշրջաններ, դարաշրջաններ, կա օրինակ՝ բրոնզե, երկաթե դարաշրջան, բայց ես կարծում եմ, որ մեր ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան: Ինչու՞, որովհետեւ ըստ էության մեր նախորդ հավաքից հետո բենզինը 20 դրամով թանկացավ, թանկացումները հասել են նաեւ դպրոցակլան բուֆետներին, թանկացումների պրոցեսը ծավալվում է մարզերում: Իշխանությունն ասում է՝ բա խառը կանաչին զատո էժանացել է 30 տոկոսով, կանաչ սոխի էժանացումը հակակշռելով թանկացումներին՝ իշխանությունը ստանում է 2,6 տոկոս գնաճ, և արդյունքում հայտարարում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել:
Նրանք, ըստ էության, ասում են՝ աղքատների հետ ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, ասում են՝ աղքատները չեն մեռնի, այս 20 տարիների ընթացքում այնքան իմունիտետ են ձեռք բերել, որ որքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա, խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա, կանաչ սոխ կուտեն, կանաչ սոխը թանկանա, սխտոր կուտեն: Այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի: Մարդկանց այլընտրանք են թողել են միայն արտագաղթը: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը լինի մրցունակ, դիմադրողական: Մենք վաղը արտահերթ նիստ սկսելու ստորագրահավաք կկազմակերպենք, պատրաստել ենք փաթեթ և առաջարկում ենք բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, և առաջարկում ենք եկամտահարկը նույնպես բերել նախորդ իրավիճակին: Իշխանությունը պետք է տեսնի, որ ինքը պրոբլեմ ունի, որպեսզի գնա կոնկրետ քայլերի, եթե տեսավ, որ պրոբլեմ չունի, փոփոխությունների չեն գնալու: Մենք  27 պատգամավորի ստորագրություն կհավաքենք, և մյուս շաբաթ արտահերթ նիստը տեղի կունենա: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին է այն միակ ուժը, որը կարող է լուծել թանկացման-չթանկացման մնացած բոլոր հարցերը: Քանի դեռ ՀՀ քաղաքացին շատ հստակ չի ցուցաբերել իր կամքը որևէ հարցի նկատմամբ, իրավիճակը մնալու է նույնը: Մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացին ունի քաղաքական կամք ՀՀ-ում որոշումների կայացման հսկիչ փաթեթը իր ձեռքը վերցնելու և մենք պատրաստ ենք ծառայելու այդ նպատակին, ծառայում ենք և կծառայենք այդ նպատակին: Այսօրվա հավաքը առաջարկում եմ ամփոփել այդ պայմանավորվածությամբ՝ դուք կհետևեք իրադարձությունների զարգացմանը, մենք կհայտարարենք, թե քանի ստորագրություն ենք հավաքել, ովքեր են ստորագրել և ձեր հետ շփումների արդյունքում կկայացնենք որոշում` հետագա անելիքների վերաբերյալ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։  

Իշխանությունն այս անգամ առավել զգուշավոր էր: ԵԼՔ-ի երթի մեկնարկից րոպեներ անց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկաններին հրահանգել է կոնֆլիկտի չբռնվել քաղաքացիների եւ երթի մասնակիցների հետ: Այնուհետ, Ամիրյան փողոցից դեպքի Մաշտոց փողոց տանող խաչմերուկում կոնֆլիկտ տեղի ունեցավ ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ: Վերջիներիս թույլ չէր տրվում քայլել փողոցի երեք երթեւեկելի գոտիներով, թեեւ թույլտվությունը եղել էր երեք երթեւեկելի գոտիներով քայլելու համար: Ի վերջո, երթի մասնակիցները կարողացան դուրս գալ եւ երթը շարունակել ըստ նախատեսվածի: Իսկ ահա վերջում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մեքենան տեղում չէր, ավելի ուշ պարզվեց, որ ՃՈ աշխատակիցներն այն տեղափոխել են տուգանային հրապարակ: Ըստ ոստիկանների՝ պատգամավորի մեքենան կայանած է եղել անթույլատրելի վայրում: Փաշինյանի վարորդը մեր զրույցում տեղեկացրեց, որ մեքենան կանգնեցրել է Աբովյան փողոցում, Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում՝ ավտոկանայատեղիի հսկիչի խորհրդով: Ավելի ուշ «ՀԺ»-ի լրագրողը նկատել էր, որ հենց այդ նույն տարածքում մեկ այլ մեքենա է կայանված եղել, որը ոստիկանները ՃՈ հրապարակ չեն տեղափոխել, ոչ էլ այդպիսի մտադրություն են ունեցել:

Ամփոփելով ԵԼՔ-ի երկորդ երթը եւ նրանց առաջիկա անելիքները, կարելի է ենթադրել, որ դաշինքը փոխում է ռազմավարությունը, խաղի մեջ է ներգրավում խորհրդարանական գործընկերներին՝ վերջիններիս խաղի կանոններով: Մասնավորապես, արտահերթ ԱԺ նիստ անցկացնելու պահանջի մասով ԵԼՔ-ը միաժամանակ «տուպիկ» է գցում ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին: Բանն այն է, որ ԵԼՔ-ն առաջարկում է հարցը քննարկել ԱԺ-ում, որպես հարցերը կարգավորելու միակ հարթակ, ինչպես ԵԼՔ-ի առաջին երթի ժամանակ վերոնշյալ քաղաքական ուժերը մատնանշում էին: Եվ, եթե հիմա պատգամավորների 1/3-ը կամ 27 պատգամավոր չստորագրի արտահերթ նիստ անցկացնելու պահանջի ներքո, կստացվի, որ հակասում են իրենց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7421 դիտում

Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով

Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ

Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել

Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է

Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն

Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը

Կալուգացի օլիգարխը հաստատեց` ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան

Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ

Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին

Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի

Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել

Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ

Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է

Երևանում ավտոմեքենա է այրվել

Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ

Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում

Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից

Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Կալուգացի է և այդպիսին էլ կմնա․ վարչապետը Սամվել Կարապետյանի մասին․ տեսանյութ

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, քրվարույթի շրջանակներում ցուցմունք տվեք․ դատախազը՝ Մանուկյանին

Հարձակում Շենգավիթի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա ԲՀԿ-ի՝ օրենքի խախտումով տեղադրված պաստառը հանելիս

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

Վարչապետի դատի տալու հայտարարությունից հետո օլիգարխը փորձում է խուսանավել սնկերի հետ կապված իր պնդումից

Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին

ԱԳ նախարարի տեղակալը Կամբոջայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը

Արմեն Փամբուխչյանը ինքնաբացարկ է հայտնել․ նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Նման սնկեր ընդունում է նրան ՀՀ ուղարկողը՝ մտածելով, թե անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան

Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր

Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը

Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, հանդիպել ղեկավար կազմի հետ

2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան

Պետք ըլնի՝ պետք ա զենք-մենք վեկալենք, էթանք. բացահայտվել են ընտրակաշառքի և բռնության սպառնալիքների նոր դեպքեր