ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը, և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

22/06/2025 schedule11:00

Շաբաթ լույս կիրակի՝ հունիսի 22-ի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իրանական միջուկային ծրագրի երեք առանցքային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից «հաջող ռմբակոծության» մասին։

Արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի ուրանի հարստացման խոշորագույն գործարանները, ասել է նա։

ԱՄՆ-ի մուտքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ անակնկալ էր. մինչև այդ Թրամփը խուսափում էր ԱՄՆ ծրագրերի մասին ուղղակի հայտարարություններից և զերծ մնում ցույց տալուց ուղղակի աջակցությունն Իսրայելին:

Իսրայելը շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար, իսկ Իրանը խոստացել է շարունակել ուրանի հարստացումը՝ հերքելով, որ հարձակման ենթարկված վայրերն ամբողջությամբ ոչնչացվել են, գրում է BBC-ն:

ԱՄՆ-ի ուղիղ միջամտությունն ու Թրամփի ոգևորությունը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք խոշորագույն միջուկային օբյեկտներին հունիսի 22-ի վաղ առավոտյան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է Ֆորդոյում, Նաթանզում ուրանի հարստացման գործարանները և Սպահանի պահեստարանները ռմբակոծելու մասին։

«Մենք հաջողությամբ ավարտեցինք հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան:

Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- գրել է նա Truth Social-ում:

Թրամփը նաև հայտնել է, որ հիմնական թիրախի՝ Ֆորդոյի ուղղությամբ, «ռումբերի ամբողջ հսկա բեռ է նետվել»:

«Բոլոր ինքնաթիռները ապահով վերադառնում են տուն: Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին: Աշխարհում ոչ մի այլ զինվորական չէր կարող դա անել: Հիմա խաղաղության ժամանակն է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ Թրամփը դիմել էր ժողովրդին և գործողությունն անվանել «արտակարգ ռազմական հաջողություն»՝ հայտարարելով, որ բոլոր երեք օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են», և «ահաբեկչության համաշխարհային առաջատար հովանավորի» միջուկային սպառնալիքը վերացվել է։

Ի՞նչ կարևորություն ունի Ֆորդոն և ինչո՞ւ բարդ կլիներ առանց ամերիկյան միջամտության

Ֆորդոն Իրանի միջուկային ծրագրի ամենաամրացված ու պաշտպանված վայրն է՝ ուրանի հարստացման գործարանը, որը թաքնված է ժայռերի մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին փորձագետները, դրան պոտենցիալ սպառնում են միայն 13 տոննա կշռող բունկերային ռումբերը, որոնք կարող են կրել միայն ամերիկյան B-2 ռմբակոծիչները: ԱՄՆ-ն մի քանի նման ինքնաթիռներ տեղակայել էր Իրանի մոտ մեկ օր առաջ, ինչը ընկալվել էր հենց որպես նշան, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեջ մտնել:

Պատերազմի մեջ մտնելու ԱՄՆ-ի որոշումը պաշտոնապես չի հայտարարվել հարվածներից առաջ։ Թրամփը նախապես հայտարարել էր, որ երկու շաբաթվա ընթացքում կորոշի ԱՄՆ-ի մասնակցությունը, քանի որ կարծում էր, որ բանակցությունները հնարավոր են: Ինքն էլ, չսպասելով իր նշած ժամկետին, իր իսկ հայտարարությունից ընդամենը երկու օր անց  հրաման տվեց ռմբակոծել Իրանը՝ համարելով, որ դիվանագիտական կարգավորումն այլևս հնարավոր չէ, հաղորդում է New York Times-ը ռմբակոծությունից ժամեր առաջ:

Ազգին ուղղված ուղերձում Թրամփը ռմբակոծությունները անվանել է «արտասովոր ռազմական հաջողություն» և ասել, որ Իրանը այժմ պետք է խաղաղություն հաստատի: Նա հիշեցրել է, որ ավերված օբյեկտները ամենամեծն ու ամենավտանգավորն էին, սակայն Իրանում «դեռ շատ թիրախներ կան», և հետագա հարձակումները կարող են էլ ավելի կործանարար լինել:

«Սա չի կարող շարունակվել. դա կլինի կամ խաղաղություն, կամ ողբերգություն Իրանի համար»,- ասել է Թրամփը։ Նա Իրանին սպառնացել է ավելի հզոր հարվածներով, եթե վերջինս պատասխան տա ԱՄՆ-ի գործողություններին։

Իրանի միջուկային ծրագիրը կարելի՞ է ավարտված համարել

Իրանցի պաշտոնյաները հաստատել են Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքների միջուկային օբյեկտների ռմբակոծումը, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։

Մասնավորապես Իրանի Ղոմ նահանգի ճգնաժամային կառավարման շտաբի խոսնակը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել Ֆորդոյի միջուկային օբյեկտը. «Մի քանի ժամ առաջ Ղոմի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացումից և հակառակորդի թիրախների հայտնաբերումից հետո Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքի մի մասը ենթարկվել է հակառակորդի հարձակմանը»:

Միևնույն ժամանակ Սպահան նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ «Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման թշնամու կողմից», հաղորդում է AFP գործակալությունը Իրանի պետական հեռուստատեսության հղումով։

Սակայն իրանական օբյեկտներին հասցված վնասի չափերի մասին դեռ քիչ տեղեկություններ կան։ Իրանական աղբյուրները պնդում են, որ հարվածին ընդառաջ իրենց հաջողվել է տարհանել ուրանը։

Այսպես, Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին ուղիղ եթերում ասել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ էվակուացրել է երեք միջուկային օբյեկտները», հաղորդում է BBC-ի պարսկական ծառայությունը:

Աբեդինին նաև ասել է, որ Իրանը լուրջ վնաս չի կրել, քանի որ կարևոր նյութերն արդեն հեռացվել են։

Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ չի դադարեցնի ուրանի հարստացումը Նաթանզ և Ֆորդո գործարանների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո։

Գործակալության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ Իրանը թույլ չի տա դադարեցնել երկրի «արդյունաբերական զարգացումը», որը վերաբերում է նրա միջուկային ենթակառուցվածքին:

Գործակալությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները համարում է միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում և մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անգործության և ամենաթողության համար։

Մերձավոր Արևելքի գծով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մարկ Քիմիթը BBC News-ին ասել է, որ թեև ակնհայտ էր, որ ԱՄՆ-ն «զգալի» հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, այնուամենայնիվ վնասի չափը հաստատելու համար պաշտոնական գնահատականներ են անհրաժեշտ:

«Եթե մի քանի, այսպես կոչված, բունկերային ռումբեր օգտագործվեին Ֆորդոյի միջուկային օբյեկտում, ապա այն ավելի հավանական է, որ դուրս է եկել շարքից»,- ասել է Քիմիթը:

Ինչպե՞ս են հարվածները հասցվել

Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչպես են հարվածները հասցվել, իսկ տարբեր լրատվամիջոցների աղբյուրները տարբերվում են իրենց վարկածներում։

Այսպես, ըստ հաղորդագրությունների՝ ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբ, որոնք նետվել են B-2 ռմբակոծիչներից՝ հարվածներ հասցնելով Իրանի առանցքային միջուկային օբյեկտին Ֆորդոյում, որը գտնվում է գետնի խորքում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

B-2-ները միակ ինքնաթիռներն են, որ կարող էին նման ծանր ռումբեր կրել. յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 13 տոննա: Ռմբակոծիչները կարող են կրել երկու GBU-57 ռումբ:

Մոտ 30 Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են Օհայո դասի սուզանավերից, օգտագործվել են Սպահանում և Նաթանզում գտնվող երկու այլ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, հայտնում է Fox News-ը։

Սպահանը ամենադժվար թիրախն էր: Ըստ New York Times-ի աղբյուրի՝ հարվածն ավելի հզոր է եղել. թերթի աղբյուրի համաձայն՝ B-2 ռմբակոծիչները 12 GBU-57 ռումբ են նետել Ֆորդոյի օբյեկտի վրա, ևս երկուսը՝ Նաթանզի օբյեկտի վրա:

Սպասվում է, որ Պենտագոնի ղեկավարությունը հունիսի 22-ի կեսօրին մամուլի ասուլիս կանցկացնի։

Հարձակումների արձագանքները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից անմիջապես հետո։

«Նախագահ Թրամփը և ես հաճախ ասում ենք՝ «Խաղաղություն ուժի միջոցով»: Սկզբում գալիս է ուժը, հետո գալիս է խաղաղությունը: Այս գիշեր նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով: Թրամփի որոշումը կփոխի պատմությունը»,- ասել է  Իսրայելի վարչապետը։

Թրամփն իր ելույթում նշել է, որ ինքը և Նեթանյահուն «մի թիմ» են, և շնորհակալություն է հայտնել իսրայելցի զինվորականներին օգնության համար։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «իրանական խաղաղ միջուկային օբյեկտների» վրա հարձակումներն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտում՝ ասելով, որ Իրանը «վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, իր շահերը և իր ժողովրդին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Reuters-ը։ ԱՄՆ գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կունենան, հավելել է Արաղչին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը սպառնացել է հրթիռներ արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո:

«Այժմ մեր հերթն է հրթիռներ արձակել Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի ուղղությամբ և միևնույն ժամանակ փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի համար»,- մեջբերում է նրա խոսքերը իսրայելական Ynet պորտալը։

Դեռևս ԱՄՆ-ի հարձակումից առաջ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ եթե Ամերիկան միանա Իսրայելին, Իրանը կպատասխանի. «Ամերիկացիները պետք է իմանան, որ իրենց կողմից ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անուղղելի հարվածի կենթարկվի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի միջուկային ենթակառուցվածքին ԱՄՆ-ի հարվածները «վտանգավոր էսկալացիա» է անվանել։ Նրա կարծիքով՝ ներկայումս «աճում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներ ունենալով խաղաղ բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար»։

«Այս վտանգավոր ժամին հրամայական է, որ մենք խուսափենք քաոսի պարույրից: Չկա ռազմական լուծում. առաջ գնալու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Միակ հույսը խաղաղությունն է»,- գրել է Գուտերեշը իր էջում:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը դատապարտել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու որոշումը՝ ասելով, որ դրանք «զգալիորեն մեծացնում են Մերձավոր Արևելքում պոտենցիալ աղետալի պատերազմի» վտանգը։

Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը Թրամփի միակողմանի որոշումը անվանել է «ակնհայտորեն հակասահմանադրական», քանի որ «միակ կառույցը, որը կարող է երկիրը պատերազմական վիճակի մեջ մտցնելու որոշում կայացնել, Միացյալ Նահանգների Կոնգրեսն է:

«Նախագահը դա անելու լիազորություն չունի»,- հիշեցրել է Սանդերսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4820 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ