Երևան
12 °C
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումից հետո փորձ է արվում (ակնհայտ միտումով) քարոզչական ֆոն ստեղծել՝ համոզելու հանրությանը, թե այդ օրը ոստիկանությունն օգտագործել է «չթույլատրված հատուկ միջոց»՝ «Զարյա 3» եւ, փաստորեն, կրկնել նախկին ռեժիմի «արյունոտ ձեռագիրը»։
Որոշ լրատվամիջոցներ ընդհուպ առողջապահության նախարարին «բռնացրել էին» ոստիկանության «հանցագործության հետքերը» «կոծկելիս», որը դրսեւորվել է «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» առողջապահության նախարարի (Հ․ Քուշկյան) 2012 թ․ ապրիլի 20-ի N 09-Ն հրամանում՝ լրացում կատարելով եւ «արգելված» «Զարյա 3» հատուկ միջոցի կիրառումը ցանկում ներառելով։
Եվ ահա, նախարարի այս «աճպարարությունը»՝ հրամանում փոփոխություն կատարելը, ինչպես նաեւ ոստիկանության՝ հունիսի 12-ին կիրառած հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվության չտրամադրումը (քանի որ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ, ու նախաքննություն է ընթանում) ստիպել են ոմանց դավադրապաշտության տեսությանը դիմել։
Հուլիսի 25-ի՝ Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան հարցի՝ «ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակել՝ կապված այն բանի հետ, որ ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3 տեսակի» նռնակները», նախ ճշտել է՝ «ի՞նչ է նշանակում հետին թվով», ապաեւ՝ բացատրել․ «Հրամաններ ընդունելու որոշակի ընթացակարգ կա, մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել»։
Դիտարկմանը՝ հունիսի 12-ի դեպքերից հետո է այդ փոփոխությունը կատարվել վերոհիշյալ հրամանում (հունիսի 26-ին), գուցե այն նպատակով, որ սրբագրի՞ ոստիկանության գործողությունը, Ավանեսյանն արձագանքել է․ «Որեւէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին եւ երբ են արվում փոփոխությունները, այլ օրենքով սահմանված ընթացակարգերով, որեւէ հետին թիվ կամ չգիտեմ՝ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասով, եւ չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ ինտրիգ կա»։
Մեկ այլ հարցի՝ ««Զարյա 3»-ը նախատեսված է «զինված հանցագործներին վնասազերծելու համար, իսկ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում տեղի էր ունենում խաղաղ անհնազանդության ակցիա, հիմքը որոշման ո՞րն է եղել, որ «Զարյա 3-ը» այլեւս կարող է կիրառել ոստիկանությունը», առողջապահության նախարարն արձագանքել է. «Ես չգիտեմ, թե ինչ փորձագետներ են կարծիքներ արտահայտում, մենք ունենք համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն, եւ, ըստ այդմ էլ, որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»։
Նախարարը, անդրադառնալով հարցին՝ հիշյալ հատուկ միջոցները որքանո՞վ են վտանգավոր մարդու առողջության համար, նշել է՝ ինքը չէ գնահատական տվողը, այլ՝ համապատասխան մասնագիտական կառույցը, նաեւ բացատրել է, թե ինչու է հենց այս փուլում խնդրո առարկա հրամանում լրացում կատարելու անհրաժեշտություն ծագել՝ հերքելով կապը հունիսի 12-ի դեպքերի հետ։
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ եւ անհրաժեշտություններ՝ մեր իրավական ակտերը փոխելու։ Կապը այդքանն է»,- ասել է նա:
Նախարարի հրամանում կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի լրացում
Հարկ է նկատել, որ վկայակոչված հրամանում նույն՝ հունիսի 26-ին, կատարվել են եւս մի քանի այլ փոփոխություններ, որոնց մասին, սակայն, նախարարի որոշման մեջ ինտրիգ ու կոնսպիրացիա փնտրողները չտեսնելու են տալիս։
Նախ նշենք, որ «Զարյա 3»-ը, ըստ հրամանի, նկարագրված է որպես «ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ», որի «կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»:
Այսինքն՝ այն վարկածը, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած քաղաքացիները հենց այդ՝ «չթույլատրված» հատուկ միջոցի հետեւանքով են ստացել դրանք, կարծես, հերքվում է։
Նկատենք, որ «Զարյա 2»-ը նույնպես, համաձայն հրամանի, անբեկոր լուսաձայնային նռնակ է, կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում, կրկին՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:
N 09-Ն հրամանի «5․1.» կետում նույնպես լրացում է կատարվել եւ ներառվել այսպիսի կետ․ «Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա՝ 135 դեցիբելից ոչ ավելի»։
Հրամանում լրացում է կատարվել նաեւ «17.1.» կետում, եւ ցանկում ներառվել է մեկ այլ միջոց․ «Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ ազդեցության միջակայքը 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի»։
Ջրանետ մեքենաների կիրառման մասով նույնպես հրամանում լրացում է կատարվել, եւ ներառվել են Լավինա-Մ, Լավինա-Ուռազան, ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ն։ Կիրառման թույլատրելի չափանիշները՝ հղի կանանց, անչափահասների, ծերերի նկատմամբ ջրի շիթի միջոցով մարմնական վնասվածքներ չհասցնելը: Ջրանետ մեքենաները չեն գործարկվում 00-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Մեկ այլ լրացման մասին էլ նշենք․ «Նմանակող պայթուցիկ փաթեթների կիրառման թույլատրելի չափանիշն է՝ ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:
Նշենք, որ «Զարյա-3»-ի կիրառման լուրը որեւէ գերատեսչություն պաշտոնապես չի հաստատել, այդ հատուկ միջոցի կիրառման մասին հայտարարությունները բացառապես ենթադրությունների, այդ օրվա իրադարձությունների տեսագրության մեջ երեւացող հատուկ միջոցի պատկերի հիման վրա են կառուցված, այլ ոչ՝ մասնագիտական, փորձագիտական կարծիքի։ Թերեւս նախաքննության ավարտից հետո հնարավոր կլինի վեր հանել թե՛ այդ օրվա գործողությունների, թե՛ դրանց ընթացքում ոստիկանության կիրառած ուժի եւ հատուկ միջոցների ամբողջական պատկերն ու ցանկը։
Ե՞րբ են կիրառվում հատուկ միջոցները
«Ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ օգտագործելու ու հատուկ միջոցները ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի՝ 23 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 5-Ն հրամանը սահմանում է, որ ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն գործադրել հատուկ միջոցները մասնավորապես հետեւյալ դեպքերում՝
1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս։
Մասնավորապես՝ ձեռքի լուսաձայնային նռնակ «Զարյա-2»-ը, ըստ այդ հրամանի, նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար՝ հզոր լուսային եւ ձայնային ազդակների միջոցով: Ապահովագործարկման մեխանիզմը՝ «ՈՒ-515Մ»: Նռնակի բարձրությունը ապահովագործարկման մեխանիզմի հետ՝ 120 մմ, տրամաչափը՝ 70 մմ, քաշը՝ 175 գ, լիցքի քաշը՝ 110 գ, լույսի առավելագույն ուժը՝ 30x10.6 կդ, այրման տեւողությունը՝ 0,05 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ հեռավորության վրա՝ 145-175 դբ, դանդաղեցման ժամանակը՝ 4+-1 վրկ: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
«Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակի տեխնիկական նկարագիրը, համեմատելով «Զարյա 2-ի»-ի պարամետրերին, նկատում ենք, որ այդ երկու միջոցները միմյանցից քիչ են տարբերվում․ «Զարյա 3»-ը ընդամենը 5 գրամով է ծանր «Զարյա 2-ից». առաջինը 180 դրամ է, երկրորդը՝ 175։ «Զարյա 3»-ի եւ «Զարյա 2-ի» տրամաչափը, նկատենք, նույնն է՝ 70 մմ։ «Զարյա 3»-ի բարձրությունը՝ 125 մմ է (5 միլիմետրով ավելի «Զարյա 2»-ից), լույսի առավելագույն ուժը՝ 40х10*6, ձայնի ճնշման մակարդակը՝ 10 մ․ հեռավորության վրա՝ 160±15 դբ, դանդաղեցման ժամանակը՝ 4±1վրկ։ Այս հատուկ միջոցը ժամանակավորապես զսպում է զինված իրավախախտի հոգեկամային կայունությունը, նվազեցնում նրա մարտունակությունը լույսի եւ ձայնի ազդեցությամբ եւ հնարավոր դարձնում հատուկ միջոցառումն իրականացնել նվազագույն ռիսկով՝ ինչպես նռնակ կիրառող անձնակազմի, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ «Զարյա 2»-ն ու «Զարյա 3»-ը, մեր (ոչ փորձագիտական դիտարկմամբ) արտաքինից նման են։
Նշենք, որ համացանցում մեր փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ գոյություն ունեն նաեւ «Զարյա» եւ «Զարյա 2M» տեսակի հատուկ միջոցներ, որոնք նույնպես արտաքինից որոշակի նմանություն ունեն։
«Զարյա 3»-ը նախկինում երբեք չի՞ կիրառվել
Հատկանշական է, որ «Զարյա 3»-ի կիրառման մասին կարծիք է հայտնել ոստիկանության երբեմնի պաշտոնյա Լեւոն Երանոսյանը՝ հայտարարելով․ «Չգիտեմ՝ «Զարյա 3»-ը ինչ է, ինչի համար են կիրառել, իմ ժամանակով չի եղել «Զարյա 3»։ Չեմ կարող ասել, որովհետև իմ ժամանակին Առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ իրավունք ունեն կիրառելու»։
Մինչդեռ 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավումից ժամանակ անց (փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի գլխավորությամբ) տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելու ժամանակ կիրառվել են «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցներ։
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը դեռ 2016-ին, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման, հայտնել էր, որ Խորենացի փողոցում հուլիսի 20-ին կիրառվել են 24 հատ անբեկոր լուսաձայնային «Զարյա 3», ինչպես նաեւ մի քանի այլ տեսակի հատուկ միջոցներ։ Իսկ արդեն օրեր անց՝ հուլիսի 29-ի երեկոյան, Սարի թաղում ոստիկանությունը կիրառել է 56 լուսաձայնային նռնակ, մասնավորապես՝ 22 հատ «Զարյա-3»։
Ինչպես տեսնում ենք, Լեւոն Երանոսյանը ստում է՝ ասելով, թե իր ժամանակ չեն եղել նման միջոցներ։ Հետեւապես հարց է ծագում՝ եթե «Զարյա 3»-ի կիրառման թույլտվությունը ընդամենը այս տարի է ներառվել վերոհիշյալ հրամանում, ապա 2016-ին ո՞ւմ հրամանով կամ թողտվությամբ է կիրառվել այդ չթույլատրված հատուկ միջոցը։ Ի դեպ, Երանոսյանը 2022-ի ապրիլին խոստովանել էր, որ 2016-ին ինքն է հրահանգել կիրառել հատուկ միջոցներ։
«Հա, ես եմ հրաման տվել հատուկ միջոցներ կիրառել Սարի թաղում էդ օրը։ Ու չեմ էլ խուսափում, այո՛, ճիշտ եմ արել, էդ օրը կլիներ արյունահեղություն։ Քաղաքացիները Սարի թաղից գնում էին միանային ՊՊԾ գունդ՝ զինվելու։ Սա էր, որը ես թույլ չեմ տվել»,- ասել էր նա։
Խաղա՞ղ, թե՞ քարեր, շշեր նետող, հայհոյող ցուցարարներ
Պնդում է հնչում, թե ցուցարարները խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում, մինչդեռ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, մասնավորապես նաեւ խնդրո առարկա «Զարյա 3»-ը, որը, ինչպես նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էր հայտարարել, կիրառվում է «զինված խմբավորումներ, զինված հանցագործին զինաթափելու համար»։
Քննչական կոմիտեն մինչդեռ իր հաղորդագրության մեջ այլ իրավիճակ է նկարագրել։ Ըստ այդմ՝ ժամը 19:30-ից սկսած՝ «ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ եւ ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կազմած պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախապես զգուշացվելուց հետո կիրառել է հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ եւ գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:
Մի դիտարկում էլ «խաղաղ» եւ «զինված» որակումների առնչությամբ․ «զինված» բառը չի ենթադրում միայն մարտական զենքով կամ այլ միջոցով զինված լինելը, զինվել հնարավոր է նաեւ քարերով եւ այլ՝ մարդու կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու ունակ առարկաներով։
Նշենք, որ հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների հետեւանքով վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել 101 անձ, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայող։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT