Մենք կորցրել ենք ամենաանհրաժեշտը՝ ամոթը, դարձել ենք անբարո, անհայրենիք. Արման Նավասարդյան

Դերասան, Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի կարծիքով՝ պատերազմից հետո հայ հասարակության մի ստվար զանգված կորցրել է ամոթն ու չափի զգացումը: Դերասանը համոզված է՝ եթե այս տեմպերով շարունակենք ու սթափ դատողությունը կորցնենք, ամեն ինչ ավելի կբարդանա: Ըստ նրա՝ մեր ողնաշարը ինքներս պիտի շտկենք, ուժեղանանք, իսկ թե ինչ ճանապարհներով, դա արդեն մեր քաղաքական, քաղաքացիական գիտակցությունը պիտի թելադրի:

Արման Նավասարդյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

 - Պարոն Նավասարդյան, մշակութային կյանքի գրեթե 1.5 տարվա  դադարից հետո հե՞շտ հաջողվեց վերադառնալ ակտիվ գործունեության:

- Գիտեք, մի էսպիսի բան կա, ասում են՝ դերասանը երկար չխաղալուց ժանգոտվում է, նույնն էլ՝ հանդիսատեսն է. երկար չի նայում, չի նայում ու օտարանում է թատրոնից: Կարանտինային սահմանափակումների հետ կապված մենք ունեինք ներկայանալու խնդիր: Այդ պայմաններում մեզ մի բան էր մնում՝ անել այնպես, որ հանդիսատեսը չհուսահատվի, մեզ չլքի: Ես մի քիչ համաձայն չէի ներկայացումների օնլայն հեռարձակմանը, որովհետեւ կարծում եմ՝ դրա համար առանձին նկարահանումներ են պետք: Ներկայացումներն առանձին պիտի նկարահանես, նվազագույնը՝ 5 տեսախցիկով՝ առանձին լույս, հեռուստատեսային տարբերակով առանձին ռեժիսուրա եւ այլն: Բայց մեկ տեսախցիկով ուղղակի նկարել եւ ցուցադրել, թե՝ տեսեք՝ մենք գործ արեցինք, այդքան էլ ճիշտ չեմ համարում: Դրա համար մենք արեցինք հեռուստատեսային տարբերակը՝ «Առականի» ծրագիրը: Լավ էր, թե վատ, արեցինք, մեր ֆեյսբուքյան էջում հրապարակեցինք, հանդիսատեսին ինչ-որ ձեւով զբաղեցրինք: Պատերազմից առաջ բեմադրել էինք փոքրիկների համար «Մեղվի Ճամփորդությունը» ներկայացումը, որը 15 հանդիսատեսի համար էր, ովքեր երկու դերասանների հետ մասնակցում էին ներկայացման կայացմանը: Հետո պատերազմի օրերին այն խաղացինք Արցախից ժամանակավոր Երեւան տեղափոխված փոքրիկ հանդիսատեսի համար հյուրանոցներում, այն տներում, որտեղ նրանք ապաստանել էին: Մեր դերասանուհիները գնում էին այդտեղ եւ խաղում ներկայացումը նրանց համար:

Պատերազմից հետո Համազգային թատրոնը նաեւ մեկնեց Արցախ: Կարծեմ նախատոնական օրերն էին: Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:

- Պատերազմից հետո այդ ծանր օրերը ուզած թե չուզած տանում էին դեպի Նոր տարի: 90-ականներին, երբ ես էի փոքր, էլի պատերազմ էր, բայց առանձնապես հիշելու բան չկա, երբ ես էի փոքր: Հասկանում եք՝ իբր թե Նոր տարի էր, բայց տոնը չկար, թեպետ պատերազմ էր, զոհեր կային, ամեն օր ռմբակոծում էին, ամեն օր նկուղներում էինք, բայց, միեւնույն է, տոնի պակաս ունեինք՝ որպես մանուկ: Երեւի թե այդ մանկական տխուր հիշողություններն ինձ ստիպեցին թատրոնն Արցախ տանելու որոշում կայացնել: Մենք հետո հասկացանք, թե ինչքան կարեւոր բան արեցինք: Արցախում մեր ներկայացման ժամանակ երեխաները ծիծաղում էին, ուրախանում, ծնողները լալիս էին: Հուզվում էին իրենց երեխաներին երջանիկ տեսնելով: Ծնողներ եղան՝ մեզ պատմեցին՝ երեխաներից մեկը մեծ եղբորն է կորցրել, մյուսը՝ հորը... ու ոչինչ չի խոսել այդ ընթացքում, բայց ներկայացումը դիտելուց հետո տանը մի քանի անգամ ոգեւորված պատմել է այն: Սա թատրոնի առաքելությունն է, դերասանի առաքելությունը: Մեր դերասնները մի բան ասացին, որից ես շատ շոյվեցի ու հուզվեցի: Ասացին՝ մեր մասնագիտությունը երբեք էսքան չէինք կարեւորել: Արցախում 5 հազար հանդիսատեսի համար խաղացինք, մենք էլ չէինք հավատում, որ 5 հազար ենք հաշվում: Սա կարեւոր քայլ էր, ու սրանով չպիտի սահմանափակվեն մեր մարզային կամ արցախյան շրջագայությունները: Ոչ միայն Արցախոմ, այլեւ հեռավոր գյուղերում պիտի խաղանք, նույնիսկ այնտեղ, որտեղ պայմաններ չկան: Մենք էլ Համազգային թատրոն ենք, մեր անունն էդպես է ու պարտավոր ենք շատ շրջագայել:

- Ի՞նչ եք կարծում՝ դա մեր հասարակությանը կօգնի՞ վերականգնվել պատերազմից հետո:

- Ոչ մեկը մեզ չի հանելու էս ծանր վիճակից, մենք ինքներս ենք մեզ հանելու: Բարոն Մյունհաուզենի նման մեր մազերից բռնելու ենք ու ինքներս մեզ հանենք: Սա անհասկանալի բան է, բայց պիտի ուժ ունենանք ու նույն բանն անենք: Տեսեք, ես այդքան չեմ ուրախացել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը իմ ստացած մրցանակներով, ուրախացել եմ մեր թատրոնների փոքրիկ հաղթանակներով: Հուսով եմ՝ այս փոքրիկ հաղթանակները ճանապարհ կբացեն դեպի մեծ հաղթանակներ: Ես հավատում եմ դրան, եթե չհավատամ, կմեռնեմ:

- Բայց շատերն այսօր հավատը կորցրել են, հուսահատության ու մոլորության մեջ են:

- Ամենասոսկալի բանն արտագաղթն է, որ կա այսօր, այստեղ արվեստն էլ պիտի իր գործն անի: Եթե մարդ մի լավ ներկայացում նայի, թեկուզ՝ արտագաղթը մտքում, կամ գնա Կոմիտասի քառյակը լսի, մի արժեքավոր ֆիլմ նայի, վստահ եմ՝ իր գլխի մեջ ամեն ինչ կփոխվի: 100-ից 1-ն էլ իր որոշումը փոխի՝ արվեստն իր գործն արած կլինի: Մեզ մոտ էդ տեսակ մի ներկայացում է բեմադրվել՝ «44 աստիճանի վրա» (արտագաղթի մասին է, բեմադրվել է 2003 թվականին, Համազգայինում դեռ խաղում են), էդ ներկայացումը նայած մարդկանցից մեկը, արցունքներն աչքերին, մոտեցել է մեր դերասններին, հանել գրպանից ինքնաթիռի տոմսն ու պատռել: Գուցե նա հետո գնար, որոշ ժամանակ անց նորից մտափոխվեր, բայց այդ պահին մենք կարողացել էինք իր որոշման վրա ազդել: Այ դրա համար մենք պետք է շատ շրջագայենք, գնանք ամեն տեղ ու կանխենք արտագաղթը: Սա է, ոչ մեկը չի գալու ու մեզ այս վիճակից դուրս հանի կամ մխիթարի: Մենք տեսանք՝ աշխարհը լուռ էր, ես չեմ զարմանում. հարյուր տարի առաջ 1.5 միլիոն հայ էին մորթել՝ լուռ չէ՞ր, ինչի՞ մասին է խոսքը: Աշխարհի հետ մենք գործ չունենք, մեր ողնաշարը ինքներս պիտի շտկենք, ինքներս ուժեղանանք, իսկ թե ինչ ճանապարհներով, դա էլ արդեն մեր քաղաքական, քաղաքացիական գիտակցությունը պիտի թելադրի:

- Ասում են՝ դեռ չեն երեւում գիտակցելու, սթափվելու ծիլերը: Կան կարծիքներ, որ մենք հիմա մտավորականների հուսադրող խոսքերի կարիքն ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես համաձայն չեմ: Գիտեք, եթե ես հիմա քաղաքական բան գրեմ «Ֆեյսբուքում», դուք կտեսնեք, թե ինչքան ինձ կհայհոյեն, կապ չունի, թե ես ինչ կգրեմ եւ ովքեր կհայհոյեն: Արատավոր երեւույթ է: Ծախված մտավորական տերմինը երբվանի՞ց մենք լսեցինք կամ ե՞րբ մեր բերաններից դուրս եկավ: Այս արտահայտությունը հենց էնպես չի հնարվել: Բավական է՝ մտավորականությունը մի բան ասի ու....: Իմ գործը ես այստեղ եմ անում (թատրոնում-խմբ.), իմ խոսքն այստեղ եմ ասում, այն բոլորին է ուղղված, չեմ կարող տարբերություն դնել ու ասել՝ դո՛ւ մի արի թատրոն, իսկ դո՛ւ կգաս՝ «իմոնքական» ես: Ես՝ իբրեւ անհատ, կարող եմ իմ կարծիքն ունենալ, բայց արածս ավելի բարձր է, քան դա:

- Արդյո՞ք այդ նույն սկզբունքով են առաջնորդվում մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, ինչու չէ, նաեւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները: Ի վերջո, պատերազմից հետո հասարակությունը այսքան շերտերի բաժանվեց:

- Ժողովուրդ բառը նշանակում է ժողովված, բայց մենք էդ էլ չենք: Գիտեք, էնպիսի տպավորություն էր, որ դա մեր պատերազմը չէ: Ես ինչ գործ ունեմ Ղարաբաղի հետ, մյուսի հետ: Գիտե՞ք՝ ինչքան մարդիկ են երջանկացել, որ իրենց երեխաները Ղարաբաղում չեն ծառայելու: Մեր պարտությունը շատ տարբեր տեղերում է պետք փնտրել, մենք շատ սխալներ ենք թույլ տվել մեր կյանքում՝ իբրեւ ժողովուրդ, դրա մասին ես մի օր կխոսեմ, հիմա իմ գրածներից մի բան կուզեմ ընթերցել, եթե հետաքրիր է:

- Իհարկե, ընթերցեք:

- Մարդու էժանությունն ամենասոսկալի բանն է, էս օրերին հատկապես, երբ կարիքը կա մարդկային վեհ արժեքների, պատվի, ինքնասիրության, հայրենիքիդ, քո կենսագրության, պապերիդ ապրածի ու քեզ թողածի, ժառանգությանդ ու նման արժեքների հանդեպ գնահատանքի: Մասսայական իմաստազրկվում է ամեն ինչ: Մոռացվում են ազգային նկարագիրը, մշակութային արժեքները, մարդկային բարոյականությունը: Բայց այս ամենի հետ մենք կորցրել ենք ամենաանհրաժեշտը՝ ամոթը, դարձել ենք անամոթ, անբարո, անհայրենիք, Թումանյանի ասած՝ խալխ: Դժվար ու երկար ճանապարհ էր մեզ պետք՝ ազգ դառնալու համար: Պատերազմը մեզ չմիավորեց, սա փաստ է: Իրար ձգեցինք էս խեղճ ու կրակ երկիրը, պատասխանատու չեղանք, ուրեմն չենք սիրում, ուրեմն մերը չենք համարում: Մերը օտարինն է, դրսում է՝ ռուսի մետրոն, բոշի բազարը, կամ ամերիկացու կարմիր քամակը: Էս Դադիվանքը, Ղազանչեցոնցը, Էջմիածինն ու Հաղպատը մերը չեն. ես էդպես չգիտեի, ինձ էդպես չէին սովորեցրել:

Սա է իմ խոսքը: Ես էդպես եմ մտածում:

- Դժվար է չհամաձայնելը:

-Այ, երբ որ մենք կվերականգնենք մեր բարոյական արժեքները, կվերագտնենք մեզ, նոր կարող ենք խոսել: Էլի եմ ասում՝ բավական է մի լայք կամ մի խոսք, ու քեզ կքննադատեն մարդիկ, որոնց չես ճանաչում, նույնիսկ՝ օդանավակայաններում չես հանդիպել, անամոթաբար էնպիսի խոսքեր կասեն...: Տպավորություն է, որ իրենց մայրը չի կարդում այդ ամենը, քույր չունեն, եղբայր չունեն, երեխա չունեն: Մենք ամոթը էս ե՞րբ կորցրինք, ի՞նչ իրավունքով: Ամոթ չունենք: Էն օրը մեկն էլ ասում էր՝ դե դրանք ֆեյքեր են, ասում եմ՝ եղբայր, իսկ ինչ է, ֆեյքերի հետեւում մարդիկ չե՞ն նստած: Սարսափելի բան է: Շա՜տ երկար ճանապարհ է պետք անցնել, դառը ճանապարհ՝ զտվելու, մաքրվելու, կրթվելու, գիտակցելու, ու դուրս գալու էս շոկային վիճակից: Այնպիսի տպավորություն է, որ պատերազմը եղել է միայն նրանց համար, որոնք մասնակցել են կամ զոհվել են: Մնացածի համար կարծես պատերազմ չի էլ եղել, ովքեր բաժին ունեին պատերազմին, նրանց համար է եղել: Պատերազմի օերերին մեկ օրով եկա Երեւան՝ մեր դերասաններից Վանիկ Մկրտչյանի թաղման արարողությանը մասնակցելու... մեքենաներից՝ բարձր երաժշտություն, սրճարաններում մարդիկ առոք-փառոք ման էին գալիս, կյանքը եռում էր: Շա՜տ տխրեցի: 

Վերջին տարիներին մշակույթի տարբեր գործիչներ՝ դերասաններ, երգիչներ, մուտք են գործում քաղաքականություն: Հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ էլ նրանցից ոմանք մտադրություն են հայտնել մասնակցել այդ ընտրություններինԻնչ եք կարծում՝ արվեստով զբաղվող մարդու պարագայում ճի՞շտ է զուգահեռաբար նաեւ քաղաքականությամբ զբաղվելը:

- Ես կայացած մարդկանց մասին եմ խոսում, կայացած դերասանների, եւ մեր արածը թատրոնում ավելի բարձր եմ գնահատում, քան ցանկացած քաղաքականությունում: Ես ինչո՞ւ պիտի թատրոնը թողնեմ, զբաղվեմ քաղաքականությամբ: Էստեղ ես ինձ լավ եմ զգում, ես էստեղ ամեն օր տարերքի մեջ եմ, ամեն օր հաճույք եմ ստանում ներկայացումներից, նկարահանումներից, ուրիշ բան ինձ պարզապես հետաքրքիր չէ: Ես երբեք որեւէ կուսակցության չեմ պատկանել, որեւէ քաղաքական ուժի դրոշակակիրը չեմ եղել եւ չեմ էլ լինելու: Իմ կուսակցությունը, իմ քաղաքական ուժը իմ երկիրն է՝ պապերի թողած երկիրը, հայրենիքը, իմ զավակների ապագան: Ինձ համար սա է կարեւոր: Ձեր ասած մարդիկ ուրիշ բան են նախընտրում, թող գնան, զբաղվեն, ինչ ուզում են անեն, ես իմ անունից կարող եմ ասել, որ սա է կարեւոր: Այսինքն՝ միջակ դերասան կամ այլ զբաղվածության մարդ պիտի լինեմ ու տեսնեմ էստեղ չի հաջողվում իմ կյանքը՝ գնամ, զբաղվեմ ուրիշ բանով: Բացարձա՛կ, ես միջակ չեմ: Դրա համար ինստիտուտներ կան, մասնագիտացված տեղեր կան, իրենք պիտի զբաղվեն քաղաքականությամբ: Քաղաքական գործիչը դերասանությամբ զբաղվո՞ւմ է թատրոնում, չէ՛. կարող է ուրիշ տեղ զբաղվում է, բայց թատրում՝ համենայնդեպս չէ: Ես թույլ չեմ թա, որ որեւէ մեկը լինի իմ խաղընկերը, եթե նա քաղաքական գործիչ է:

Բայց քաղաքական գործիչները ձեր խաղընկերներին թույլ են տալիս:

- Դե ուրեմն կայացած չէ այդ ոլորտը: Էնպես չէ՝ ինձ չեն առաջարկել քաղաքականությամբ զբաղվել կամ հիմա չեն առաջարկում, բայց դա ինձ պետք չէ: Դուրս եմ գալիս փողոց՝ ինձ բոլորը ժպտում են, սիրում են: Ինչ է, ուզում եք՝ ինձ չսիրե՞ն, ատե՞ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41242 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե