Հիմա մեզ գումար է պետք, չէ՞. «Իմ քայլի» պատգամավորը Ամուլսարի հանքի շահագործումը այս իրավիճակում փրկօղակ է համարում

«Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա եւ այն մեծ է». երեկ 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սրանով վարչապետը կրկին բորբոքեց բանավեճը՝ թույլատրե՞լ, թե՞ արգելել հանքի շահագործումը: Նմանատիպ հայտարարություն Փաշինյանն արել էր նաեւ 2019-ի օգոստոսին, որը բուռն հակազդեցություն էր առաջացրել: Տարածքի բնակիչները, մի խումբ բնապահպաններ նախ բողոքի ակցիաներ, այնուհետեւ նաեւ շուրջօրյա հերթապահություն սկսեցին հանքի մոտ՝ թույլ չտալու դրա շահագործումը: Բնապահպանների գլխավոր փաստարկն այն էր, որ հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու Ջերմուկին, Սեւանին:

Վարչապետն էլ, վկայակոչելով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ նախապատմությունը, իրեն ներկայացված փաստերը, փորձագիտական գնահատականները եւ հիշեցնելով նախկինում իր արած հայտարարությունները եւ գնահատականները, վստահեցնում էր, որ այդ պահի դրությամբ կառավարության ունեցած տեղեկատվությունը հստակ է՝ հանքի շահագործումը չի վնասում Սեւանին եւ Ջերմուկին:

Սակայն դա չհամոզեց հանքի շահագործմանը դեմ արտահայտվողներին:

Եվ այժմ, կրկին բացելով այս թեման, կա՞ արդյոք նոր հիմնավորում դրա հետեւանքների մասին: Վարչապետն այս մասին չասաց:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի կարծիքով, սակայն, այդ հիմնավորումը շատ կարեւոր է:

Մեր հարցին, թե եթե կայացվի հանքի շահագործման որոշում՝ ԼՀԿ-ն ինչ դիրքորոշում կհայտնի, պատգամավորը հստակ պատասխան չցանկացավ տալ.

«Ես հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, որովհետեւ բազմաթիվ անհանգստություններ կան: Նոր երաշխքիներ առաջացե՞լ են, թե ոչ, որոնք կարող են ազդել այս որոշման վրա: Միայն այն փաստը, որ ոսկու գինը թանկ է եւ մեզ պետք է գումարը…իհարկե պետք է գումարը, բայց բազմակողմանի պետք է նայել: Աստված մի արասցե, եթե դա Սեւանի վրա ազդեցություն ունենա: Ինչ-որ մեկը կա՞, որ երաշխիք է տալիս, որ դա չի լինելու, մասնագիտական պրոֆեսիոնալ կառույց կա՞, որ պատրաստ է դրա համար պատասխանատվություն կրել: Եթե կա նոր փաստաթուղթ ես տեղյակ չեմ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ անդառնալի բնապահպանական ռիսկերը չեն կարող ստորադասվել ժամանակավոր տնտեսական շահին:

Իսկ այն, որ տնտեսական շահ կա՝ պատգամավորի կարծիքով ակնհայտ է. «Եթե նայում ես տնտեսական այն դիվիդենտները, որ կարող ես ստանալ, մասնավորապես արտարժույթի ներհոսքի, ոսկու արտահանման, աշխատատեղերի, պետական բյուջե վճարված հարկերի մասով, դրանք ակնհայտ են եւ դրական կողմն են»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ Խաչատրյանն ընդգծեց՝ ի վերջո քաղաքական որոշումը՝ վերաբացելու կամ չվերաբացելու մասով կայացնելու է կառավարությունը՝ կրելով նաեւ դրա քաղաքական հետեւանքները:

«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանի դիրքորոշումն ավելի կոշտ էր: Ամուլսարին վրաբերող մեր բոլոր հարցերին Մելքումյանը քաղաքական ասպեկտով նայեց: Պնդեց՝ գործող իշխանությունը պետք է հեռանա, իսկ հանքի բացման հարցը որոշի հաջորդ իշխանությունը:

«Ինչո՞ւ են հիմա այդ որոշմանը եկել: Այդ հնարավորությունը չկա՞ր մեկ-երկու տարի առաջ, երբ նոր էր եղել հեղափոխությունը: Այն ժամանակ կար մեծ լեգիտիմություն, ժողովուրդը բերել էր, եթե ազնիվ է իշխանությունը, պետք է իր մեծ լեգիտիմության ժամանակ կարողանար դա անել»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ բնապահպանական ռիսկերը հերքվե՞լ են, թե՝ ոչ:

Ըստ նրա՝ բյուջեն մի քանի տասնյակ միլիոն դոլար բերելու համար չարժե գնալ բնապահպանական աղետի: «Եթե պետք է մարդիկ հիվանդանան, ուռուցքներ ձեռք բերեն, անբուժելի հիվանդություններ, ապա որեւէ գումար չարժե դրան»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ չկա եզրակացություն, որ հիվանդություններ են առաջանալու, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.  

«Չկա, թող նախորդ փուլում անեին, ի՞նչն է խնդիրը, որ հիմա վատ վիճակում են, ուզում են էդ խաղաքարտը օգտագործեն, դա ազնիվ չի: Ինքը (վարչապետը-խմբ.) պետք է ի վերուստ կամք ունենար ընդունելու կամ չընդունելու այդ հարցի լուծումը, իսկ եթե չի ընդունել, հիմա արդեն ժամանակը չի, իրենց իշխանությունը չպիտի անի, որոշում պիտի կայացնի նոր իշխանությունը»:

Զրուցեցինք նաեւ «Իմ քայլը» խմբակցությունի Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանի հետ.

Պարոն Պապոյան, մինչեւ վերջերս հայտնի էր, որ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ տարակարծությունների պատճառով Ամուլսարի հանքի շահագործման որոշումը սառեցված է: Փաշինյանը երեկ կրկին խոսեց այդ թեմայից: Քաղաքական որոշում կա՞ հանքը շահագործելու:

- Ոչ, մեր քաղաքական որոշումը կախված է եղել այդ տնտեսական եւ բնապահպանական գործոնների իրար հետ համադրումից: Պատկերացրեք, կշեռքի նժար, մի կողմում տնտեսական օգուտներ են, մյուս կողմում՝ բնապահպանական վնասներ: Երբ որ այդ համեմատության մեջ դու տեսնում ես, որ տնտեսական օգուտները ակնհայտորեն շատ ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները, բնականաբար դու պետք է գնաս այդ ճանապարհով: Եվ կյանքը ցույց տվեց, որ վերջին պատերազմում ըստ էության հակառակորդի հաջողության հիմնական գործոններից մեկն այն էր, որ ինքն իր բնական ռեսուրսները վաճառել էր, եւ այդ բնական ռեսուրսների վաճառքի մի մասով ռազմական տեխնիկա էր գնել, որը օգտագործեց Հայաստանի ու Արցախի դեմ: Հիմա եթե մենք ունենք նմանատիպ ռեսուրսներ, մենք չենք կարող այդպիսի ռեսուրսների կողքով ուղղակի անցնել ու չնկատելու տալ՝ հաշվի առնելով այն ընդհանուր ռիսկերը, որ կան:

Հիմա մեզ գումար է պետք, չէ՞, որպեսզի էս երկրում, օրինակ գերժամանակակից բանակ ունենանք, որը մարտահրավերներին կհամապատասխանի: Մեզ գումար է պետք, չէ՞, որ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական ծանր հետեւանքները հաղթահարենք: Մեզ գումար է պետք չէ՞, որ կարողանանք նոր աշխատատեղեր ստեղծել, մարդիկ այստեղ ապրեն: Մեզ ծնելիության զարգացման համար անհրաժեշտ է գումար, որ մարդիկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան ունենան: Հիմա այդ փողերը շատ հաճախ, այո՛, մեր նման երկրներում հանքարդյունաբերությունից են գալիս: Եվ կան զարգացած բազմաթիվ երկրներ, որ տուրիստական կենտրոնները եւ հանքերը իրար հարեւանությամբ են՝ Նոր Զելանդիա, Ավստրալիա, Չեխիա, ԱՄՆ… Եվ եթե դու կարողանում ես լավ կառավարել, այո՛, բնապահպանական ռիսկերն էլ ես կարողանում չեզոքացնել, կամ մաքսիմալ չեզոքացնել, մյուս կողմից էլ կարողանում ես միլիարդավոր դոլարների եկամուտները գեներացնել՝ դրանով ստեղծելով մարտունակ բանակ, առողջ հասարակություն: Առողջապահության վրա հարյուրավոր միլիոն դոլարների գումարներ ես ներդնում, կրթության վրա ես կարողանում ներդնել…

- Եթե պատերազմը չլիներ, կհապաղեի՞ք հանքի շահագործման որոշում կայացնելիս:

- Պատերազմից առաջ վարչապետը մի այսպիսի բան ասաց. պատկերացրեք պատերազմ է լինում, երկրում զբոսաշրջիկ չկա, դոլարը որտեղի՞ց է գալիս, արտարժույթը որտեղի՞ց է գալիս: Կամ պատկերացրեք մի վիճակ, երբ ինչ-որ ապրանք ես արտահանում եւ պատերազմի ժամանակ փակում ես ճանապարհը, ասում ես արտահանում չկա, որովհետեւ ճակատի համար է: Այսինքն արտահանումդ էականորեն կրճատում ես, զբոսաշրջիներ չկան, դրա փոխարեն էականորեն ավելացնում ես ներմուծումդ, ի՞նչ է լինում քո հետ: Հանքարդյունաբերությունն է, որն ապահովում է կայուն դոլարներ, որպեսզի դու դրանով զենք գնես, որպեսզի դու դրանով տնտեսությունը պահես, թոշակներ ու աշխատավարձ վճարես, եւ նաեւ պատերազմի սոցիալական ու տնտեսական վնասները հաղթահարես: Այնպես որ այս իրավիճակում այո՛, հանքարդյունաբերությունը դառնում է մի տեսակ փրկօղակ:

- Այսինքն այս որոշման կայացման գործում պատերազմը դեր ունեցել է:

-Այս որոշման կայացման հիմքում ազգային պետական մտածողությունն է: Փորձել մաքսիմալ պահպանել բնությունը, փորձել մաքսիմալ պաշտպանել շրջակա միջավայրը, միեւնույն ժամանակ եթե երկիրը հնարավորություն ունի միլիարդավոր դոլարներ ներգրավել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, հարյուր միլիոնավոր դոլարների հարկեր գեներացնել, ապա դա անել:

- Բայց քանի դեռ չկար պատերազմը, չէիք կայացնում Ամուլսարը շահագործելու որոշումը:

- Քանի դեռ չկար պատերազմը՝ միգուցե որոշ հարցեր այդքան սուր չէին դրված: 2019 թվականին մեզ շատերը ասում էին՝ ճիշտ եք ասում տարեկան 50-100 միլիոն դոլար հարկը վատ չէ, մի քանի միլիարդ դրամի ներկրումը վատ չէ, բայց 8 տոկոս աճ ունենք, կգա օրը, կունենանք էդ խնդիրները՝ կմտածենք: Հիմա էդ օրն է եկել:

- Վստահաբար հաշվի առնվել է, որ նման որոշում կայացնելիս կլինեն բողոքի ակցիաներ: Ինչպե՞ս եք պատրաստվում կանխել քաղաքական սրացումները:

- Հակառակ բողոքի ակցիաներն էլ կան, հազարավոր մարդիկ էլ բողոքում են, որ աշխատանք չունեն: Մենք գործում ենք պետության զարգացման շահերից, պետականության շահերից ու տրամաբանությունից ելնելով, ոչ թե նրա համար, որ մեզ կգովեն, թե չեն գովի: Մենք մտածում ենք պետության շահի տեսանկյունից: Եվ այո, պետք է հասարակության հետ խոսենք:

- Պետության խնդիրն է նաեւ ապահովել իր քաղաքացու առոջղությունը: Իսկ առողջապահական վնասները այդ տարածքում ապրողների համար կառավարելի՞ են:

- Կան գիտական ապացույցներ, որ իրականում այդպիսի բան չի լինելու:

- Ունե՞ք հիմա նոր հիմք այդ առումով:

-Վերջին տվյալներով ըստ էության հենց այդ պատկերն էր, որ իրականում բնությանը եւ առողջությանը հասցվելիք վնասը նվազագույն է կամ գրեթե չկա, իսկ դրա փոխարեն կան տնտեսական մեծ օգուտներ, որի միջոցով հենց նույն այդ մարդկանց առողջության համար ներդրումներ են կատարվելու…Ես մի բան ասեմ, գնացեք Սյունիքում ասեք՝ Քաջարանի հանքը փակելու են: Քանի՞ հոգի է կողմ լինելու փակելուն, քանիսը՝ դեմ: 10 հոգի կողմ է լինելու, 1000 հոգի կամ 5000 հոգի՝ դեմ:

- Հարցրե՞լ եք:

- Գնացեք հարցրեք, չի կարող էդպիսի բան լինել, չի կարող մարդը իր աշխատատեղը, բարձր աշխատավարձը, կայուն աշխատանքը չգնահատել: Ընդհակառակը, մենք տեսնում ենք՝ Թեղուտում հանքերը ժամանակավոր փակվում են, գործադուլներ, բողոքի ակցիաներ են լինում, ՀՆԱ-ի ու հարկերի նվազում է լինում:

- Պարոն Պապոյան, ի՞նչ ժամկետի մասին է խոսքը, ե՞րբ կշահագործվի Ամուլսարի հանքը:

- Նախ այդպիսի որոշում դեռ չկա, մենք խոսում ենք որոշման հավանականության մասին:

- Շոշափում եք տրամադրությունները:

- Ոչ, մենք քննարկում ենք եւ կայացնելու ենք պետական որոշումներ: Եվ ամեն հարց չի, որ որոշումը կայացվելու է հանրաքվեի միջոցով: Եթե կան զգալի մարդիկ, որոնք կողմ են, մի հատված էլ կողմ չէ, պետք է փորձել բացատրել, համոզել եւ կայացնել պետության համար կարեւոր որոշումներ:

Հիշեցնենք, 2019-ին Քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքներով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որեւէ խախտում չի արձանագրվել: Ի դեպ, ուսումնասիրության համար Կառավարությունը հատկացրել էր 396 հազար ԱՄՆ դոլար:

Տպել
2658 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ