Կորոնավիրուսը տարածված է ամենուր, չենք կարող բոլոր հաղորդակցությունները փակել ու մեկուսանալ. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է: Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես: Պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են Առողջապահության նախարարության մասնագետների և Ոստիկանության ուղեկցությամբ, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի: Նախարար Թորոսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ջերմաչափումն իրականացնել նաև անհատապես:

Քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահին մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ չպետք է լինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի. կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մեր ժողովուրդը նույնպես բոլորը, որևէ մեկի մոտ ախտանշան ի հայտ չի եկել այս պահի դրությամբ, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են: Այսօր օրվա ընթացքում կհասցնենք, ըստ ամենայնի, 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է, այսինքն՝ այս հարցերի վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք:

Հիմա այսօրվա որոշումների մասին. հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:

Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, բոլորը անհրաժեշտ և հասու միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների, և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Նախ այն հայրենակիցները, ովքեր որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության՝ արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի և եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկների և սպասել պատասխաններին: Իհարկե, հիմա պարզ է, որ վերջին օրերին, երևի նաև ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել՝ որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի կառավարության որոշումը, կառավարությունը հեռակա նիստով կընդունի այդ որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մտնեն: Գիտեք արդեն, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ արձակուրդ է, այսինքն՝ արձակուրդն առաջ է բերվում, և մենք շաբաթվա վերջ կտեսնենք՝ ինչ իրավիճակ է և, ըստ այդմ, ըստ անհրաժեշտության, կկայացնենք որոշումներ:

Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում. նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է՝ ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ: Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտենսիվ աշխատանք կատարում ամենառիսկային ուղղությունների մասով: Ցավոք, գործնականում կորոնավիրուսը տարածված է ամենուր, և ժամանակակից աշխարհում հաղորդակցության ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի միջոցներ գոյություն ունեն: Մենք ուղղակի, ոչ թե, ցավոք, պետք է ասենք, որ ոչ թե սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այդ թվում՝ հայտնվելու դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի, որ կարողանանք տիրապետել իրավիճակին և շարժընթացին:

Կխստացվեն միջոցառումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով: Այսօր Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, ըստ ամենայնի՝ որոշ բեռների համար կրկին կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության: Եվ մենք պետք է խնդրենք նաև, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց: Հիմա մենք կարգավորումը կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա:

Սիրելի հայրենակիցներ, մենք քննարկեցինք նաև շուկայում առկա վիճակը,: Չնայած կարծես թե դա կարճատև էր, բայց պետք չէ խանութներից խուճապային գնումներ անել: Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի: Հաջորդը՝ անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն:

Հիմնական միջազգային և հայ հանրության, մեր բոլորիս արձանագրումը - այսօր միջազգային մամուլում այդպիսի տասնյակ վերնագրեր կան - կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է:

Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջանում է: Հիմա դպրոցներն արձակուրդում են, եկեք արձանագրենք՝ մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մեծ բան չի փոխվում: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը այս իրավիճակի արձանագրմամբ պատասխանատվությամբ է վերաբերվում իր վարքին, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով՝ ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով: Եվ մեզ համար, ճիշտն ասած, ոչ այնքան հաճելի որոշ սովորություններից հրաժարվելու իսկապես լավ առիթ է, ինչպես առողջապահության նախարարը կոչ արեց համբուրվելով բարևելու պրակտիկան կարող ենք մեր իրականությունից դուրս բերել: Ուրախալի է, որ մեր սոցիալական ցանցերում սկսել են ավելի ու ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Իհարկե, հումորը՝ հումոր, բայց, մյուս կողմից, անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո՛, դա հիվանդություն է, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես բազմաթիվ վտանգավոր այլ հիվանդություններ, որոնցով մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ տառապում ենք և արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետև սովորական բան է դարձել՝ սովորական գրիպից ամեն տարի մենք մոտավորապես 10 մահացության դեպք ենք ունենում, դա միջին վիճակագրական ցուցանիշ է:

Եվ հետևաբար, մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր չպետք է լինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն: Սա ամենակարևոր արձանագրումն է: Էլի արձանագրում ենք, որ մեր քաղաքացիները վստահում են միայն ու միայն տեղեկատվությանը, որ տարածվում է կառավարության և պաշտոնական այլ մարմինների կողմից: Որևէ այլ աղբյուր կորոնավիրուսի մասին չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, պաշտոնական այլ մարմիններ: Հետևաբար, ապրում ենք մեր բնականոն կյանքով, աշխատում ենք մեր երկրի զարգացման օրակարգի վրա: Իմիջիայլոց ասեմ՝ Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը չափազանցված էին: Երեկ, ինչպես և խոստացել էի, մենք ընտանիքով երեկոն և գիշերն անց ենք կացրել Ծաղկաձորում, առողջապահության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, էլի պաշտոնյաներ: Ծաղկաձորում տուրիստներ կան և շատ, ես մի քանի ռեստորաններ, սրճարաններ մտել եմ, շրջել եմ քաղաքով:

Այնպես որ, իսկապես եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն, ուշադիր՝ հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի հիվանդություն է, և հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի: Էլի ուզում եմ ասել, որ մենք այսօր 9 կասկածելի դեպք ունենք, որ պետք է թեստավորենք: Այս 9-ից մեկ-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, սրանով ապոկալիպտիկ եզրակացություններ պետք չէ անել, որովհետև մենք այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ: Հույս ունենք, որ մենք առնվազն դե ֆակտո հիվանդների մասով հենց այս տրամադրությամբ էլ այս պրոցեսը կավարտենք: Որևէ սահմանափակումներ այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձեր նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների կամ բակտերիաների արտահոսքն արտաքին աշխարհ, մնացածը կառավարելի է»:

Տպել
2342 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին