Երևան
12 °C
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի գործով բողոքների քննությունը:
Սույն գործով վերաքննիչ բողոք է բերել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, որը պահանջում է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Միհրան Պողոսյանը այսօր շարունակելով ներկայացնել վերաքննիչ բողոքը՝ նշեց, որ առաջին ատյանի դատարանը իր կայացրած դատավճռով Պետրոս Իսրայելյանի նկատմամբ թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ խաթարել են արդարադատության բուն էությունը: Ըստ նրա՝ դատարանը հանգել է հետեւության, թե իբր Պետրոս Իսրայելյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին, սակայն նույնիսկ կայացված դատավճռում դատարանը չի կարողացել հստակեցնել, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել Իսրայելյանը, երբ է տվյալ գործողությունները կատարել, արդյոք եթե այդպիսիք կատարել է, դրանք չեն հանդիսանում անհրաժեշտ պաշտպանության արդյունք։
Պողոսյանը մեջբերեց դատավճռի պատճառաբանական մասը, համաձայն որի՝ Պետրոս Իսրայելյանը այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանին (դեպքի օրը սպանված,-հեղ.) պատճառել է այն բոլոր մարմնական վնասվածքները, որոնք վերջինիս մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: Սակայն ըստ նրա՝ դատավճռում առկա չէ որեւէ պատճառաբանություն վերլուծություն, թե ինչն է դատարանին հիմք տվել եզրակացնել, որ Մուշեղ Մուշեղյանի մոտ առկա վնասվածքները պատճառել է հենց Պետրոս Իսրայելյանը, այդ թվում այլ անձանց հետ։ Պաշտպանի խոսքով՝ դատարանը որեւէ վերլուծության չի ենթարկել, թե Մուշեղ Մուշեղյանի մոտ առկա վնասվածքներից կոնկրետ որն է հասցվել իր պաշտպանյալի կողմից, ինչ եղանակով, արդյո՞ք գործադրվել է առարկա, թե՝ ոչ։ «Միաժամանակ հարկ է նշել, որ մեղադրական դատավճիռ կայացնելու միակ պատճառը սույն քրեական գործի հասարակական հնչեղությունն էր, քանի որ տեղի էր ունեցել 2 անձանց մահ, առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձը շուրջ 2 տարի 4 ամիս գտնվել էր կալանքի տակ: Էլ պատճառ չկա, որպեսզի Պ. Իսրայելյանին որեւէ հոդվածով մեղավոր ճանաչեն, այսինքն՝ դատարանն ինքնին կաշկանդված էր այս քրեական գործի շրջանակներում կայացնել դատական ակտ, որով կարդարացվեին երեք ամբաստանյալները»,- հայտարարեց Պողոսյանը:
Դատավորներից Սերգեյ Մարաբյանի ճշտող հարցին՝ ըստ պաշտպանի՝ այդ դատավճիռը կաշկանդվածության պայմաններում կայացված դատավճի՞ռ է, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Երբ հետազոտում ենք գործում առկա ապացույցները ու պարզում, որ գործով չի ձեռք բրեվել որեւէ ապացույց ու այս պայմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվում, միակ ողջամիտ ենթադրությունն այն է, որ դատարանը տվյալ ակտը կայացնելիս նաեւ հաշվի է առել հասարակական ճնշումը՝ այն առումով, որ հասարակությունը լավ չի ընկալի այն, որ տեղի է ունեցել երկու անձի մահ, անձինք երկու տարուց ավելի գտնվել են կալանքի տակ ու այժմ պարզվի, որ քրեական գործով որեւէ մեղավոր անձ չկա»,- պատասխանեց Պողոսյանը՝ նշելով, որ դա իր սուբյեկտիվ մոտեցումն է:
Նշենք, որ այս աղմկոտ գործով միակ ապացույցը ամբաստանյալների միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են, որի օրինականությունը պաշտպանական կողմը դատաքննության սկզբից վիճարկում է: Անդրադառնալով գաղտնալսումներին՝ Միհրան Պողոսյանը պնդեց, որ դրանք որպես ապացույց անթույլատրելի նյութեր են եւ չեն կարող դրվել այդ մեղադրանքների հիմքում: Նա ասաց, որ նախաքննական մարմինը գաղտնալսել է Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները, որը կատարվել է օրենքի խախտմամբ: Պողոսյանը նշեց, որ գործում առկա են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2016 թվականի հոկտեմբերի 13-ին կայացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, ինչպես նաեւ այդ որոշումը գաղտնազերծելու մասին 2016 թվականի նոյեմբերի 16-ին կայացված որոշումը: Նշված քրեական գործում առկա են նաեւ նույն դատարանի դատավոր Ռ.Վարդազարյանի նախագահությամբ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կայացված երկու որոշումներ` Ալիկ Բանդուրյանի եւ Արմեն Գասպարյանի նկատմամբ ««Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին որոշումները գաղտնազերծելու մասին: «Պաշտպանության կողմն օբյեկտիվ կասկածներ ուներ առ այն, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին» 13.10.2016թ. որոշումը, ինչպես նաեւ Ալիկ Բանդուրյանի եւ Արմեն Գասպարյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին 29.11.2016թ. որոշումները չեն կայացվել, ինչպես նաեւ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն կատարվել եւ դրանց արդյունքները չեն ամրագրվել օրենքով սահմանված օրինական հիմքերի եւ ընթացակարգերի պահպանմամբ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը փորձել է վիճարկել ինչպես այդ որոշումների, այնպես էլ դրանց հիման վրա իրականացված գաղտնալսումների եւ ներքին դիտումների արդյունքների օրինականության հարցը, եւ այդ նպատակով դիմում են հասցեագրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով, տրամադրել ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի (այժմ Սյունիքի մարզպետ,-հեղ.) կողմից ներկայացված` Արմեն Գասպարյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության եւ դրան կից ներկայացված նյութերի պատճենները, ինչպես նաեւ նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները: Ինչպես նաեւ խնդրել էին տրամադրել Ալիկ Բանդուրյանի եւ Արմեն Գասպարյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները: Դատարանը, սակայն, պաշտպանական կողմի միջնորդությունները մերժել է՝ նշելով, որ դրանք օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն: Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում նշվում է, որ «Ներքին դիտումը» բնակարանում հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետեւելն ու առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է: Պողոսյանն այս առումով նշեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված «Օպերատիվ-հետախուզական միջոցառում» իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննելու մասին» 29.11.2016թ. որոշման համաձայն՝ Հունան Պողոսյանը դատարանին միջնորդել է թույլատրել, որպեսզի Ալիկ Բանդուրյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի վարչական մասնաշենքի աշխատասենյակներից մեկում իրականացվի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Մի՞թե որեւէ մեկը կարող է պնդել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի վարչական մասնաշենքի աշխատասենյակներից մեկը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվել է Ալիկ Բանդուրյանի բնակության համար: Ակնհայտ է, որ ոչ: Ակնհայտ է նաեւ, որ օպերատիվ աշխատակիցները Բանդուրյանին հատուկ են տեղափոխել այդ աշխատասենյակներից մեկը, որպեսզի այնտեղ նրա նկատմամբ այդ «Ներքին դիտում» ՕՀՄ-ն իրականացնեն»,- նշեց բողոքաբերը: Վերջինս հավելեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Այս առումով Միհրան Պողոսյանը նկատեց, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման մեջ նշված է, որ Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկման թույլտվություն տրվել է Կենտրոնականի բաժնում՝ բնակարանից առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր եւ գումար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրգործով: Նույն որոշման մեջ նշվել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, թե իբր վերը նշված հանցագործությունը հնարավոր է՝ կատարված լինի Արմեն Գասպարյանի կողմից: Ըստ պաշտպանի, սակայն, Գասպարյանն այդ քրեական գործով երբեւէ որպես կասկածյալ ներգրավված չի եղել, ինչի վառ ապացույցը հենց այն է, որ վերը նշված գործը դեռեւս 2016 թվականի հոկտեմբերին կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Ընդ որում՝ քրեական գործը կասեցվել է հենց այն օրը, որ օրը իբր տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Գասպարյանն է կատարել այդ հանցագործությունը եւ որ օրը դատարանը թույլատրել է նրա հեռախոսային խոսակցությունների վերահսկումը»,- մանրամասնեց Իսրայելյանի պաշտպանը: Նրա խոսքով՝ այս ամենի պատճառը այն է, որ իրականում հետաքննության մարմինը որեւէ օպերատիվ տվյալ էլ ստացած չի եղել, որ Գասպարյանը հնարավոր է, որ կատարած լինի վերը նշված գողությունը, իսկ այդ «շինծու» տվյալն էլ դատարան է ներկայացվել, որպեսզի Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու վերաբերյալ որոշում ստանալու արհեստական հիմք ստեղծվի: Եզրափակելով՝ Միհրան Պողոսյանը դատարանից խնդրեց Պետրոս Իսրայելյանի մասով բեկանել դատավճիռը` վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր ճանաչելու մասով եւ հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ եւ արդարացված:
Այնուհետեւ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բողոքում տեղ գտած հիմնավորումներին՝ նշելով, որ դրանք անհիմն են եւ բողոքը ենթակա է մերժման: Ըստ Սարգսյանի՝ գործով որեւէ կերպ չի հիմնավորվել, որ Ալիկ Բանդուրյանը կատարել է ավարտված հանցագործություն՝ մասնավորապես՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դրդչություն կամ կազմակերպում: Պաշտպանը հիշեցրեց, որ ըստ գործի նյութերի՝ իր պաշտպանյալի դիտավորության մեջ մտել են բոլոր այն վնասվածքները, որոնք Մուշեղ Մուշեղյանին մահ չեն առաջացրել: Ապա մեջբերելով փորձագետի եզրակացությունից դրվագ՝ նշեց, որ «Մուշեղ Մուշեղյանի մարմնի վրա եղել են երկու ծանր մարմնական վնասվածքներ՝ մեկը դանակի հարվածքով, որը ըստ Սարգսյանի՝ Գեւորգ Ավետիսյանն է պատճառել, մյուսը՝ հրազենով: «Այս երկուսը նաեւ մահ են պատճառել: Եթե այս երկու վնասվածքը Ալիկ Բանուրյանի դիտավորության մեջ չեն մտել, ուրիշ ծանր մարմնական վնասվածք որտե՞ղ եք տեսնում»,- հարց բարձրացրեց Երեմ Սարգսյանն, ապա նշեց, որ այլ ծանր մարմնական վնասվածք Մուշեղյանը չի ստացել, հետեւաբար չի կարող խոսք լինել ծանր մարմնական վնասվածք ստանալու մասին:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ, անդրադառնալով Միհրան Պողոսյանի բողոքի հիմնավորումներին, նշեց, որ մեղադրանքը որոշակի է, դրանում նշված են գործողությունները. «Իսկ գործողությունները նշված են հետեւյալ կերպ՝ Պետրոս Իսրայելյանը եւ գործով չպարզված անձինք, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել: Ես չգիտեմ՝ դրանից ավելի ինչ որոշակիություն է ակնկալվում, եթե ակնկալվում է, որ մեղադրանքի ձեւակերպման մեջ պետք է նշվի՝ ով ում մարմնի որ հատվածին ինչով եւ ինչ ուժգնությամբ հարվածեց եւ դրանից հետո գործողությունն ինչպես եղավ, դա աբսուրդ է, այդպիս որոշակի մեղադրանք գոյություն չունի»,- ասաց դատախազը:
Նիստի ընթացքում դատավորներից Տիգրան Սարգսյանը Նորատուսցի Ալիկից հետաքրքրվեց՝ ընդունո՞ւմ է, որ այդ հեռախոսային խոսակցությունները իրականում տեղի են ունեցել, Բանդուրյանը ասաց. «Ես հրաժարվում եմ պատասխանելուց»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT