Քննարկվել է կրթության ոլորտների 2027-29թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը

13/05/2026 schedule11:15

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից: Ըստ այդմ՝ կրթական տարբեր մակարդակներում մի քանի ուղղությամբ շարունակվելու են խոշոր ծրագրերը, ինչպես նաև մեկնարկելու են նոր նախաձեռնություններ:

Հանրակրթություն

Բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, և հաջորդ ուսումնական տարին լինելու է վերջինը, երբ հին չափորոշչով ուսուցում կիրականացվի 12-րդ դասարանում։ Հետևաբար, այդ գործընթացով պայմանավորված՝ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ բյուջեի մեջ հանրակրթության բյուջեն ամենախոշորն է՝ ավելի քան 140 մլրդ դրամ, որի շրջանակում կազմակերպվում է շուրջ 425 հազար երեխաների դպրոցական կրթությունը։ Կարևոր փոփոխություններից մեկը, ըստ նախարարի տեղակալի, հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի ներդրումն է, որը թեև արդեն մի քանի տարի գործում է, սակայն շարունակում է էական ազդեցություն ունենալ յուրաքանչյուր տարվա բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի պլանավորման վրա։ Որակյալ կրթության ապահովման նպատակով ուշադրություն է դարձվում նաև ենթակառուցվածքների զարգացմանը. մեծ ակտիվությամբ ընթանում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«Հանրակրթության ֆինանսավորման աննախադեպ աճը պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանցից առաջինը ֆինանսավորման կարգի փոփոխությունն է, որի շնորհիվ փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցներն արդեն հնարավորություն ունեն ստանալու պատշաճ ֆինանսավորում և կազմակերպելու որակյալ կրթություն։ Մյուս կարևոր գործընթացը նոր չափորոշչի ներդրման շրջանակում ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցումն է։ Նախկինում ուսուցիչների մեկ դրույքի շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամ էր, այժմ տարրական դպրոցում մեկ դրույքը սահմանվում է 18 ժամ, իսկ միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։ Հետևաբար, յուրաքանչյուր տարի այն դպրոցները, որոնք անցում են կատարում նոր չափորոշչով աշխատանքի, ունենում են լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը։

Մյուս կարևոր փոփոխությունը, որը ևս իրականացվել է չափորոշչի ներդրման շրջանակում, բազմահամակազմ դասարաններով կրթության կազմակերպման փոփոխությունն է։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ներկայում միայն արվեստի, անվտանգ կենսագործունեության և սպորտի բնագավառներում է թույլատրվում բազմահամակազմ դասարաններով ուսուցումը։ Մնացած բոլոր դեպքերում, նույնիսկ եթե դասարանում սովորում է ընդամենը մեկ երեխա, կրթությունը պետք է կազմակերպվի առանձին դասարանով։ «Ֆինանսական մեծ ազդեցություն է ունեցել նաև ավագ դասարաններում կրթության կազմակերպման նոր ձևաչափը։ Այժմ երեխաները, ըստ իրենց նախասիրությունների, կարող են ընտրել 2-3 առարկա՝ խորացված ուսուցմամբ, ինչը ևս մեծացնում է դպրոցի ֆինանսավորումը և էական ազդեցություն ունենում բյուջետավորման վրա։ Միաժամանակ, սա մեզ համար ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, որովհետև հնարավորություն է տալու աստիճանաբար հրաժարվել կրկնուսույցների ինստիտուտից։ Երեխաները դեռ դպրոցական տարիներից կկարողանան պատրաստվել բուհական ընդունելության քննություններին և խորացված ուսումնասիրել իրենց նախընտրած առարկաները։ Հատկապես ուրախալի է, որ գյուղական բնակավայրերում արդեն նկատելի են այս փոփոխությունների դրական արդյունքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ մեծ կարևորություն է տրվում նաև նոր դասագրքերի ստեղծմանը։ Այս ուղղությամբ վերջին երեք տարիներին իրականացված մեծածավալ աշխատանքները շարունակվելու են․ «Այսօր դպրոցների մեծ մասն ապահովված է դասագրքերով, սակայն որոշ խնդիրներ դեռևս առկա են ավագ դասարանների դասագրքերի մասով։ Որոշ դեպքերում հայտեր չեն ներկայացվում, իսկ ներկայացված հայտերը չեն բավարարում սահմանված պահանջներին։ Այս ուղղությամբ համագործակցում ենք միջազգային կառույցների, մասնավորապես՝ Քեմբրիջի համալսարանի հետ՝ նպատակ ունենալով ավագ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան դասագրքեր՝ հատկապես ԲՏՃՄ ոլորտում։ Վստահ ենք, որ դա ևս կնպաստի կրթության որակի բարձրացմանը»։

Մյուս կարևոր ուղղությունը, ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերն են։ Միայն վերջին տարվա ընթացքում այդ նպատակով հատկացվել է շուրջ 15.2 միլիարդ դրամ, ինչը էապես գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ «Նախորդ տարի արդեն հինգերորդ անգամ իրականացվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, և այսօր գրեթե չկա դպրոց, որտեղ գոնե մեկ ուսուցիչ անցած չլինի այդ գործընթացով։ Ընդհանուր առմամբ՝ արդեն 9600-ից ավելի ուսուցիչ է ատեստավորվել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ունի ավելի բարձր և արժանապատիվ աշխատավարձ։ Զուգահեռաբար ներդրվել են նաև այլ խրախուսման մեխանիզմներ, մասնավորապես՝ տարակարգի համակարգը, որը հնարավորություն է տալիս աշխատավարձը բարձրացնելու 10-ից 50 տոկոսի չափով։ Այս պահին արդեն շուրջ 1000 ուսուցիչ ստացել է տարակարգ: ԲՏՃՄ ոլորտի մասնագետների համար ներդրվել է նաև 25 տոկոս հավելավճարի ծրագիրը, որից շուրջ 9600 ուսուցիչ է օգտվում»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը։

Հավելավճար է սահմանվել մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար, որտեղ փոքրաթիվ դասաժամերի պատճառով ուսուցիչները մեկ ամբողջական դրույքի ծանրաբեռնվածություն չունեն․ նրանց աշխատավարձը բարձրացվել է՝ հասցնելով մինչև մեկ դրույքաչափի սահմանաչափին: Այս ծրագրից օգտվում է ավելի քան 3120 ուսուցիչ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ նախորդ տարվա ընթացքում դպրոց է մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց զգալի մասը միջին տարիքի մասնագետներ են. սա վկայում է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման մասին։

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ Արաքսիա Սվաջյանն առանձնահատուկ կարևորել է նորակառույց դպրոցների ամբողջական գույքային հագեցումը: Նրա խոսքով՝ մինչև հունիս կունենանք ավելի քան 160 դպրոց, որոնք կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել են և ամբողջությամբ համալրվել նոր գույքով. «Բացի դրանից՝ ավելի քան 800 դպրոց արդեն հագեցվել է ԲՏՃՄ լաբորատորիաներով, և ընթացիկ տարում ՀՀ բոլոր դպրոցները, ներառյալ Երևանի ուսումնական հաստատությունները, կապահովվեն նման լաբորատորիաներով»։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև դպրոցական սննդի ծրագրին։ Հանրապետության բոլոր մարզերում տարրական դասարանների աշակերտները արդեն մի քանի տարի է՝ ինչ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստանում են տաք սնունդ։ Նա տեղեկացրել է՝ այս տարի ծրագիրը փորձնական տարբերակով մեկնարկում է նաև Երևանում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ թվայնացումը ևս առաջնահերթություններից է, քանի որ այն հնարավորություն է տալիս ապահովելու թափանցիկություն, տվյալների փոխգործելիություն և կառավարման արդյունավետություն։ Այս ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա ուսումնական տարվանից դպրոցների բովանդակային կառավարումն անցնելու է ԿԳՄՍՆ ենթակայությանը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում նախատեսվող նոր նախաձեռնություններին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ դրանցից մեկը բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցների խրախուսման և աջակցության ծրագիրն է։ Բարձր կատարողական ունեցող դպրոցները հնարավորություն կունենան ներկայացնելու ծրագրեր և ստանալու լրացուցիչ ֆինանսավորում, իսկ ցածր կատարողական ունեցող դպրոցներին կցվելու են մենթորներ, և տրամադրվելու է նպատակային աջակցություն։

2028 թվականին Հայաստանում կանցկացվի Եվրոպայի ինֆորմատիկայի օլիմպիադան, որի ուղղությամբ արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, և այն ևս արտացոլված է բյուջետային հայտում: Կարևոր նախաձեռնություններից է նաև տնօրենների ատեստավորման համակարգի ներդրումը։

Նախադպրոցական կրթություն

3-5 տարեկան երեխաների շուրջ 81 տոկոսն արդեն ընդգրկված է նախադպրոցական հաստատություններում։ Պետական քաղաքականության հիմնական նպատակն է նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել ՀՀ բոլոր բնակավայրերում։ Կառուցվում են նաև 53 կրթահամալիրներ, որոնք կունենան նախադպրոցական բաղադրիչ։ Դպրոցներում գործող նախակրթարաններում այսօր կրթություն է ստանում ավելի քան 5000 երեխա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներառական կրթությանը։ Այս պահին առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 1800 երեխա ընդգրկված է նախադպրոցական հաստատություններում: Շարունակվում են նաև մսուրային ծառայությունների ներդրման ծրագրերը․ արդեն գործում են մսուրային խմբեր 6 բնակավայրերում, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 10-ի։

«Նախադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում են նաև նոր ծրագրեր, մասնավորապես՝ այլ բնակավայրերում աշխատող դաստիարակների համար տրանսպորտային փոխհատուցման համակարգի ներդրում։ Քննարկվում է նաև մասնավոր մանկապարտեզների համաֆինանսավորման մեխանիզմը, որի նպատակն է նվազեցնել հերթերը և բարձրացնել նախադպրոցական կրթության հասանելիությունը»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը։

Մասնագիտական կրթություն և ուսուցում

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներն առաջիկա տարիներին էլ ավելի պետք է ընդլայնվեն՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկմամբ։ Հետևաբար, ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, առաջիկա տարիներին ոլորտի ֆինանսավորումը էականորեն աճելու է։

Մասնագիտական կրթության ֆինանսավորման ամենախոշոր բաղադրիչներից մեկը կրթաթոշակներն ու նպաստներն են. արհեստագործական հիմնական կրթական ծրագրերով սովորողների կրթաթոշակների համար նախատեսված է 1 միլիարդ 19 միլիոն դրամ, իսկ միջին մասնագիտական կրթության համար՝ 968 միլիոն դրամ։ Արհեստագործական կրթական ծրագրերի նպաստների համար նախատեսվել է 2 միլիարդ 634 միլիոն դրամ, իսկ միջին մասնագիտական կրթության համար՝ ավելի քան 7 միլիարդ դրամ։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ վերջին տարիներին ակնհայտորեն աճել է հետաքրքրվածությունը մասնագիտական կրթության նկատմամբ։ 2018 թվականի համեմատ ՄԿՈՒ հաստատություններ դիմողների թիվն աճել է շուրջ 36 տոկոսով։ Այս պահին ՄԿՈՒ ոլորտում սովորողների թիվը մոտենում է 50 հազարի։

Այդուհանդերձ, ԿԳՄՍ նախարարի տեղակալն արձանագրել է՝ ոչ բոլոր ուսումնական հաստատություններում է ապահովվում ժամանակակից և որակյալ մասնագիտական կրթություն։ Կրթության որակի բարելավման տեսանկյունից Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Այս համատեքստում նա հիշեցրել է տեքստիլի, գյուղատնտեսության և խոհարարության ոլորտներում տարբեր ընկերությունների հետ համագործակցությունը. «Մասնագիտական կրթության համակարգում մասնավոր հատվածի ներգրավումը հնարավորություն կտա զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ընդլայնել դուալ կրթական ծրագրերը և, որպես արդյունք, բարձրացնել մասնագիտական կրթության որակը»:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև կրթաթոշակային ծրագրերը գերակա մասնագիտությունների ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձել ՄԿՈՒ դասավանդողների ատեստավորմանը՝ նշելով, որ մի քանի ուղղություններով շուրջ 35 տոկոս ատեստավորված դասավանդողներ ստանում են բարձրացված աշխատավարձ։

«Առաջիկա տարիներին ոլորտում ամենակարևոր փոփոխություններից մեկը լինելու է ֆինանսավորման նոր կարգի ներդրումը։ Ներկայում գործող մեխանիզմները չեն ապահովում այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են որակյալ մասնագիտական կրթություն կազմակերպելու համար՝ հատկապես ծախսատար մասնագիտությունների դեպքում։ Օրինակ՝ չենք կարող քոլեջից պահանջել պատրաստել լավ խոհարար, եթե տվյալ հաստատությունը չունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և համապատասխան ուսումնական նյութեր։

Ֆինանսավորման նոր կարգի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Նախատեսվում է անցում կատարել երկու տեսակի ֆինանսավորման՝ ինստիտուցիոնալ և ծրագրային։ Առաջինը հիմնականում վերաբերում է հաստատության պահպանությանը, իսկ երկրորդը՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկություններին։ Մասնագիտությունները բաժանվել են հինգ խմբի՝ ըստ ծախսատարության և անհրաժեշտ ռեսուրսների, և ֆինանսավորումը կիրականացվի համապատասխան գործակիցներով։ Համակարգը նախատեսվում է ներդնել փուլային եղանակով՝ 3-4 տարվա ընթացքում»,- ասել է նախարարի տեղակալը

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման և որակի վերահսկման գործընթացներին՝ նշելով, որ այս ուղղություններով ևս բարեփոխումներ են նախանշվում։

Առանձին բյուջետային ծրագրեր են նախատեսված նաև Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով՝ շարունակեով ֆինանսավորումը պետական բյուջեից։

Ըստ նախարարի տեղակալի՝ մասնագիտական կրթության ոլորտում կարևոր ուղղություններից են նաև ենթակառուցվածքների արդիականացումը, ժամանակակից շենքային պայմանների, նորարարական լաբորատորիաների և համապատասխան գույքային ապահովվածությունը։ Մի շարք ուսումնական հաստատություններում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ. գործընթացը կլինի շարունակական։

Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ՄԿՈՒ հաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրերին, կամավոր ատեստավորման գործընթացին, կրթության զարգացման հեռանկարներին, դպրոցների ենթակայության փոփոխությանը, ավարտական քննություններին և այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
125 դիտում

Քննարկվել է կրթության ոլորտների 2027-29թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը

Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ, առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր

ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքն ավարտվել է․ Թուրքիայի ԱԳՆ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականացնի լրացուցիչ ընդունելություն

Հրապարակվել է վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը

Ներկայացվել են ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ

Արգելված ինչ իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում ապրիլին․ հաշվետվություն

Ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կա 2 տուժած

Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուղևորվել է Արագածոտնի մարզ․ տեսանյութ

ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ

Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան

Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի

Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ

Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը

Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ

Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին

ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ

Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների

Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր