Երևան
12 °C
Անկարայի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, թարգմանիչ Անի Սարուխանյանի կարծիքով՝ 2023 թվականին՝ Թուրքիայում նախատեսված ընտրություններից հետո միայն, անկախ դրանց արդյունքից, կարելի է սպասել ավելի առարկայական քայլերի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Վերջինս այդ հարաբերությունների բացակայության ամեն օրը պոտենցիալ վտանգ է համարում Հայաստանի համար։ Ըստ նրա՝ թեև վտանգները չեն վերանում հարաբերությունների հաստատմամբ, սակայն դրանք հավելյալ գործիքակազմ են ընձեռում այն նվազագույնի հասցնելու հարցում։
Անի Սարուխանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
- Հարգելի՛ Անի, իբրև զրույցի սկիզբ՝ եկեք անդրադառնանք այս տարվա մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը, որի ընթացքում առերեսվեցինք անթույլատրելի սխալի՝ հատուկ նշանակված դիվանագիտական ոլորտի թուրքերենի թարգմանչի բացակայության հետ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետ էր պայմանավորված տեղի ունեցածը։
- Զրույցի տխուր սկիզբ եք ընտրել․․․ Ես էլ՝ որպես կուլիսային անցուդարձից անտեղյակ շարքային քաղաքացի, երբ դիտեցի հայտնի տեսագրությունը, ամոթի զգացումը խլացրեց մյուս բոլոր զգացողություններն ու մտքերը։ Մենք այնտեղ բախվեցինք ոչ միայն «հատուկ նշանակված դիվանագիտական ոլորտի», այլև առհասարակ թուրքերենի թարգմանչի բացակայությանը, ինչի արդյունքում թարգմանչի դերը հարկադրաբար ստանձնել էր բոլորովին այլ պաշտոնյա։ Բայց եկեք չմոռանանք, որ լավ լեզու իմանալն ու թարգմանիչ լինելը տարբեր բաներ են, և բնավ պարտադիր չէ, որ լեզվին լավ տիրապետող մեկը իրավիճակի թելադրանքով ի վիճակի լինի նույն մակարդակի «թարգմանիչ աշխատել»։ Եվ արդեն էական չէ ոչ մի պատճառաբանություն, թե ինչու Թուրքիա մեկնած արտգործնախարարի հետ չկար թուրքերենի պրոֆեսիոնալ թարգմանիչ։ Փաստն այն է, որ ՀՀ արտգործնախարարը Թուրքիայում պատասխանեց տեղի լրագրողների հարցերին, սակայն այդ պատասխանները մեծ մասամբ չհասան լրագրողներին։
Ստեղծվում է այնպիսի թյուրըմբռնում, կարծես Հայաստանում չկան թուրքերենի թարգմանիչներ։ Կան, այն էլ՝ ինչքան։ Այլ հարց է նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ինչը պայմանավորված է ինչպես կրթությամբ ու ինքնակրթությամբ, այնպես էլ՝ փորձով։ Վերջինս հարաբերությունների բացակայությամբ պայմանավորված՝ աշխատանքի սակավության պատճառով արդեն իսկ մեծ բաց է թուրքերենի թարգմանիչներիս համար, և անթույլատրելի է հատկապես պետական մինի-խայտառակությունների գնով նրանց ձեռքից խլել այն հատուկենտ առիթները, որտեղ նրանք կարող են գեթ մի քայլ առաջ գնալ մասնագիտական գործունեության մեջ և կոփվել ապագայի համար։ Հանուն արդարության հիշեցնենք, որ արդեն հոկտեմբերին Պրահայում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ, բարեբախտաբար, ականատես եղանք հայերեն-թուրքերեն թարգմանիչների ներկայության երկու կողմից էլ, և այս համատեքստում սա կարելի է համարել դրական առաջընթաց։
Բայցևայնպես արձանագրենք, որ թարգմանչական ամոթալի դրվագներից զերծ չէ նաև հենց Թուրքիան։ Մասնավորապես անցնող տարվա փետրվարին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Լոնդոնում հանդիպում էր ունեցել գործարարների հետ, որտեղ թարգմանչի գործառույթը կատարում էր Թուրքիայում առցանց առևտրի հսկաներից Թրենդյոլ ընկերության ղեկավար Չաղլայան Չեթինը։ Սա, իհարկե, սկանդալի առիթ դարձավ, և երկրում շատ հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ քննադատեցին նախարարի հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ թարգմանչի բացակայությունը։ Ամփոփելով ասեմ, որ թարգմանչի հարցում տնտեսելը լավ միտք չէ, առավել ևս, երբ գտնվում ես դեռևս ոչ բարեկամ երկրում։
- Վերջերս տեղի ունեցած «Թարգմանչական ֆորում 2022»-ի շրջանակներում բարձրաձայնվեցին թարգմանական ոլորտի օրակարգային խնդիրները։ Երկար տարիներ աշխատելով նաև այս ասպարեզում՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում հատկապես թուրքերենի թարգմանիչների ոլորտում։
- Նախ առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում Թարգմանչական ֆորումի բոլոր կազմակերպիչներին և բանախոսներին։ Մեզ օդ ու ջրի պես պետք են այսպիսի միջոցառումները, որտեղ հանդիպում են ոլորտի ռահվիրաներն ու նոր սերունդը, նույն խնդիրներով մտահոգ գործընկերները։ Ցավոք սրտի, չկարողացա մասնակցել ֆորումին, բայց, հուրախություն ինձ, այն ամբողջովին տեսագրվել է և արդեն հասանելի է բոլորիս։ Ինչպես ամեն տեղ, մեր ոլորտն էլ մեծ ու փոքր խնդիրների պակաս չունի. նեղ ոլորտային թարգմանիչների պակասից մինչև բուն թարգմանության հետ կապված համակարգային լուծում պահանջող տեքստային տեխնիկական հարցեր։ Սրանց մի մասի լուծման համար ընդամենը պետք է մասնագետների երկխոսություն, շփում, լուծելու վճռականություն։
Հենց այս ուղղությամբ, որպես փոքր մի քայլ, իմ ընկեր, կուրսընկեր, գործընկեր Լիլիթ Գրիգորյանի հետ որոշեցինք բացել ֆեյսբուքյան մի խումբ՝ Թուրքերենի թարգմանիչների ակումբ անունով (ԹՈՒԹԱԿ), որի կարիքն զգում էինք տարիներ շարունակ։ Խմբին կարող են միանալ բացառապես ոլորտին առնչվող մարդիկ։ Նպատակ ունենք ստեղծելու թուրքերեն թարգմանչական խնդիրների քննարկման և լուծումների հարթակ, խթանել թարգմանիչների միջև համագործակցության մշակույթի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել և գուցե ժամանակի ընթացքում նախաձեռնել համատեղ աշխատանքներ, թեմատիկ սեմինարներ, դասընթացներ և այլն։ Առայժմ խումբը թեև առանձնապես ակտիվ չէ, բայց պասիվությունը ժամանակավոր է, և հուսամ՝ կկարողանանք համեստ քայլերով հասնել կոնկրետ արդյունքների։
- Դուք Թուրքիայում առնչվում եք թարգմանական ոլորտի թուրքական մոդելին՝ համալսարաններում հայերենի կամ նույն երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող լեզուների ուսուցման պետական ծրագրերին։ Ո՞ւր են նրանք, և ո՞ւր ենք մենք։
- Թուրքիայում, ինչպես և սպասելի է, առաջին հերթին զարգացած է աշխարհում մեծ տարածում գտած լեզուների ուսուցումը և այդ լեզուներով թարգմանչական կրթական ծրագրերը։ Հայերենի ուսուցման պետական ծրագիրը սահմանափակվում է երկու համալսարաններում հայոց լեզվի ամբիոնների գործունեությամբ։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայերենը բնավ չի դիտվում որպես լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող լեզու կամ գոնե դրան չի հատկացվում այնքան ուշադրություն, ինչպիսին հարկ է հատկացնել այդպիսի նշանակություն ունեցող լեզվի։ Սա ունի նաև իր բացասական կողմը, քանի որ լավ մասնագետի անհրաժեշտության դեպքում, երբ չեն բավարարում սեփական երկրի ռեսուրսները, ստիպված ես լինում «ներկրել» նրանց «երրորդ երկրներից»։ Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ, ի տարբերություն Թուրքիայում հայերենի մասնագետների, Հայաստանում թուրքերենի մասնագետների պատրաստման տեսանկյունից, չնայած բոլոր թերացումներին, Հայաստանն առավել բարենպաստ դիրքում է։ Այս դիրքը պարտավոր ենք ամրապնդել և անդադար զարգացնել՝ չբավարարվելով «ավելի լավ»-ով, միշտ ձգտելով «լավագույն»-ին։
- Հայաստանում թուրքագիտության ասպարեզն ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունի։ Պետությունն ի՞նչ անելիքներ ունի։
- Թուրքագիտությունը շատ լայն ասպարեզ է, մինչդեռ ես ինձ իսկապես մասնագիտացած եմ համարում լեզվի ուսուցման և թարգմանության ճյուղերում։ Ուստի ճիշտ կլինի՝ զերծ մնամ թուրքագիտության բարեփոխումների վերաբերյալ հանդուգն դիտարկումներից։
Նշեմ միայն, որ իսկապես ունենք հենց պրոֆեսիոնալ թարգմանիչ պատրաստելուն ուղղված համապատասխան բովանդակությամբ և գործիքներով զինված ծրագրի կարիք։ Այն չկար երբ ես ուսանող էի, և, եթե չեմ սխալվում, չկա նաև հիմա։ Այսինքն՝ մենք սովորում էինք լեզվի քերականությունը՝ մինչև որոշակի մակարդակ, թարգմանություններ էինք անում բացառապես ավանդական եղանակներով, հաճախ ինքնուրույնաբար հայտնագործելով բազմաթիվ կանոններ, լեզվական կաղապարներ և բանաձևեր և թարգմանիչ համարվում՝ այդպես էլ չունենալով թարգմանական ոլորտի տեսական ու գործնական գիտելիքների անհրաժեշտ պաշար։ Այն մասամբ սկսում է ձևավորվել միայն բուն գործի մեջ՝ տևական տվայտանքների ու սխալների գնով։
Մինչդեռ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ թանկ է ամեն օրն ու ժամը, և մեզ նման երկրի համար շքեղություն է թողնել սերունդներին նույնությամբ անցնելու նախորդների անցած ճանապարհը՝ հայտնաբերելով նույն «հեծանիվները»։ Ժամանակն է՝ առկա փորձը ամենաարդյունավետ մեթոդներով «վերբեռնել» նորերի մեջ, որպեսզի նրանք ժամանակ ունենան առաջ ընկնելու, նորը ստեղծելու, նոր ոլորտների մշակներ դառնալու։ Հատկապես լեզվի ոլորտում սա զգալի չափով հնարավոր է և պետք է։ Պետությունն այս առումով կարող է հստակ առաջադրանք տալ կրթական հաստատություններին՝ միաժամանակ չմոռանալով ապահովել նյութական անհրաժեշտ միջոցներով։
- Անկարայի համալսարանում հայերեն սովորող Ձեր ուսանողները ինչո՞ւ են ընտրել հայոց լեզուն, ի՞նչ մտածումներ ունեն նրանք հայերի, հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Կա՞ն նման զրույցներ առհասարակ։
- Հայագիտությունն ընդհանրապես հանրության շրջանում չունի բավարար գրավչություն, բաժինը մեծապես անհայտ է հանրության լայն շրջանակներին․ կարելի է Անկարայի համալսարանի ուսանողների և անգամ աշխատակիցների շրջանում հանդիպել մարդկանց, որոնք զարմանում են՝ լսելով իրենց իսկ համալսարանում Հայոց լեզվի ամբիոնի գոյության մասին։ Բաժնի մասին անտեղյակությունը, ճանաչվածության խնդրի երկրորդայնացումը հանգեցնում է ամենավերջին հայտով ընդունված ուսանողական պրոֆիլի, որոնց դեպքում ավելորդ է խոսել լեզվի նախընտրության և դրա պատճառների մասին։ Լինում են, անշուշտ, երջանիկ բացառություններ՝ գիտակցված ընտրություն կատարածներ։ Ունենալով լուրջ հետաքրքրություններ հայերի ու հայագիտության տարբեր ճյուղերի հանդեպ՝ նրանք բոլորն էլ շահագրգռված են երկու երկրների միջև առողջ հարաբերությունների հաստատման հեռանկարով։ Իսկ նրանց մտածումների մասին գուցե ճիշտ լինի հարցնել հենց իրե՞նց։
- Ամեն օր Ձեր օրը Թուրքիայում սկսվում է ակադեմիական մթնոլորտում, և ակամայից այդ մթնոլորտի մի մասնիկն եք դառնում։ Եթե ավելի իրատես լինենք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ի՞նչ մտածումներ ունեք։
- Իմ մտածումները պայմանավորված չեն այն միջավայրով, որտեղ գտնվում եմ, որովհետև այդ միջավայրը, ինչպես նշեցիք, ակադեմիական-կրթական է, հետևաբար՝ մեծապես զերծ քաղաքական դիսկուրսներից, կամ էլ ուղղակի իմ ներկայությամբ դիսկուրսներ չեն ծավալվում։
Ինչպես գիտեք, Թուրքիայում 2023-ի ամենաուշը ամռանը նախատեսված են ընտրություններ, որոնք պիտի որ հույժ սթրեսային անցնեն ինչպես գործող իշխանության, այնպես էլ դրան հավակնող գլխավոր ընդդիմադիր ուժերի համար։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո միայն, անկախ դրանց արդյունքից, կարելի է սպասել ավելի առարկայական քայլերի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Ինքս Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության ամեն օրը պոտենցիալ վտանգ եմ համարում Հայաստանի համար։ Վտանգները չեն վերանում հարաբերությունների հաստատմամբ, բայց վերջինս, իմ կարծիքով, հավելյալ գործիքակազմ է ընձեռում դրանք նվազագույնի հասցնելու հարցում։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ տեսանյութ
Առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկանի սահմանափակումը
Կարևորվել են զարգացող հարաբերությունները․ Խանդանյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի պատվիրակության հետ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Ինչպես է Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը․ տեսանյութ
Ոչնչացվել է «Nestle»-ի «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներմուծված որոշ խմբաքանակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան
24 ժամ ջուր չի լինի Լոռիում․ հասցեներ
Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը
Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT