Զրպարտանք է, ազատվելու եմ խուժան մարդկանցից, հայտնի մարդու կին է. Մելանյա Ստեփանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահի՝ Մելանյա Ստեփանյանի գործունեության հետ կապված խոսակցությունները նոր շունչ են առնում: Նշենք, որ Ստեփանյանը երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն է:

Բանն այն է, որ դեռ ամիսներ առաջ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում 3 մլն դրամ յուրացնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Մեղադրանքները կարծես «միս ու արյուն են ստանում». երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, և որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:

Ստեփանյանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պնդում է՝ առաջադրված մեղադրանքը զրպարտանք է, որի մասին տեղեկացել է այսօր առավոտյան։ Նրա խոսքով՝ սա դիտավորյալ կազմակերպված քայլ է իր դեմ։

«Այդպիսի բան չկա և չի կարող լինել։ Կեղծ մեղադրանքներ են, որոնք դիտավորյալ կազմակերպած են, և ես գիտեմ՝ ով է կազմակերպում։ Բոլորը օրենքի առաջ պատասխան են տալու, ու ես ազատվելու եմ մի քանի խուժան մարդկանցից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շեշտում է նա:

Ստեփանյանը վստահ է, որ այս ամենը ֆեդերացիայի սաներից մեկի ծնողն է կատարում, որը 7 տարի շարունակ զրպարտում է իրեն․ «Հայտնի մարդու կին է, բոլորն էլ գիտեն՝ ով է։ Սակայն օրենք կա, ապացույցներն էլ կան, որ նման բան չկա»։

Ծնողը, ում ակնարկում է Ստեփանյանը, մեր տեղեկություններով, «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կինն է՝ Մարինե Բայրամյանը։

Կապ հաստատեցինք նաև նրա հետ: Վերջինս Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները համարում է անհիմն՝ պնդելով, որ Ստեփանյանը պարզապես շահարկում է իրենց անունները։

«Բոլորը իրենից դժգոհ են։ Նա խոչընդոտում է շատ երեխաների՝ հաջողության հասնելու իրենց ճանապարհին: Բացի դրանից, իր դեմ այս քայլը շատ ծնողների բողոքների արդյունք է։ Ես դեռ ոչինչ իր հանդեպ չեմ ձեռնարկել, միայն ու միայն պահանջել եմ հեռու մնալ իմ երեխաներից և չփորձել կանգնել նրանց ճանապարհին՝ սկսած այն պահից, երբ երեխաներիս մարզչին փոխեցի»,- ասում է Մարինե Բայրամյանը։

Ըստ նրա՝ իր երեխաները գեղասահքի հաճախելու ընթացքում սկզբում եղել են Ստեփանյանի խմբում, հետո մայրը երեխաներին տեղափոխել է այլ խումբ. «Ինքը և՛ ֆեդերացիայի նախագահ է, և՛ նաև մարզիչ: Բայց քանի որ նրա մոտ մարզվելով՝ երեխաները բացարձակ ոչնչի չէին կարող հասնել, որոշեցի փոխել մարզչին, և այդ օրվանից սկսած՝ իմ երեխաների համար նա բազում խոչընդոտներ է ստեղծել: Սակայն, փառք Տիրոջը, աղջիկներս ուժեղ կամք ունեն, և նրանց շատ դժվար է կոտրել և հեռու պահել իրենց ֆանատիկ սիրուց՝ գեղասահքից»։

Մարինե Բայրամյանն ասում է, որ Ստեփանյանը, իրենց անունը շահարկելով, փորձում է անձնական տարածք բերել իր իսկ ստեղծած խնդիրները, որոնք միշտ եղել են ի վնաս Հայաստանի մարզիկների:

«Ես՝ որպես ծնող, միշտ փորձել եմ կառուցողական մոտեցմամբ նպաստել այս մարզաձևի զարգացմանը, ինչը պետք է աներ ֆեդերացիան: Երեխաներին մրցումների ենք ուղարկում մեր ֆինանսական միջոցներով, չունենք աջակցություն ֆեդերացիայից: Փոխարենը երկիրը ներկայացնող երեխաները միշտ քարկոծվում են՝ իբր չեն կարողանում Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել։ Ֆեդերացիայի նախագահը պետք է արդար մոտեցում ցուցաբերի»,- ասում է նա։

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի հետ կապված մեղադրանքներից տեղյակ չէր։ Ըստ պատգամավորի՝ Ստեփանյանի դեմ ոստիկանությունում հայտ ներկայացնելուց հետո այլևս չի տիրապետում որևէ ինֆորմացիայի։ Նշենք, որ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած հանձնաժողովն էր բողոքներ ստացել և, ըստ սահմանված կարգի, փոխանցել իրավապահ համակարգին։

«Եթե անկեղծ՝ այս գործի մասին չէի էլ հիշում։ Որևէ լիազորություն և ցանկություն չունեմ միջամտելու և ինչ-որ քայլ ձեռնարկելու։ Չգիտեմ՝ Ստեփանյանը ինչ նկատի ունի՝ ասելով սա դիտավորություն է իր նկատմամբ։ Ես իրեն էլ եմ վաղուց ասել, որ անձնապես խնդիր չունեմ իր հետ, որևէ բանում չեմ կասկածում»,- ընդգծում է Գաբրիելյանը։

Նկատենք, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13 մլն 7 հազար 200 ՀՀ դրամ գումարից 1 մլն 50 հազար ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1 մլն 50 հազար ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1 միլիոն 50 հազար ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է մի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20752 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ