«Թշնամական վերաբերմունք», «անարխիզմ», «հրաժարական տվեք»․ ՀՅԴ-ն նախկինում այսպես «դեմ կըլլար» բյուջեի նախագծերին

Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դեմ քվեարկել «ՀՀ բյուջե-2023» նախագծին։ Տարօրինակ ու զարմանալի կլիներ, եթե շուրջ կես տարի ԱԺ նիստերից բացակայած, փողոցներում իշխանության հրաժարականը պահանջած եւ պահանջել շարունակող, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ 10 օր տեւած նիստերից բացակայած ընդդիմությունը կողմ քվեարկեր նույն այդ իշխանության ներկայացրած գլխավոր ֆինանսական փաստաթղթին։ 

«Հայաստան» դաշինքի անդամ, գործարար, վարչարարության մագիստրոսի կոչում ունեցող, հեղափոխական կառավարության օրոք գյուղատնտեսության նախարար աշխատած Արթուր Խաչատրյանը, խոսելով խնդրո առարկա նախագծի մասին, հայտարարեց, թե իրենց խմբակցությունը 2023 թ․ բյուջեի նախագիծն «իրատեսական չի համարում եւ դեմ է քվեարկելու ներկայացված տարբերակին»։

Խաչատրյանի եւ (ընդհանրապես նրա ընդդիմադիր մյուս գործընկերների) խոսքում առանձնանում էր այն դրվագը, որտեղ վերջինս նախատինքի տոնայնությամբ անդրադառնում էր «տնտեսական բում»-ին ու դրանով պայմանավորված՝ «նոր տնտեսական իրողություններին». «Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՀՀ ժամանակավոր բնակության են տեղափոխվել տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ։ Ահա սա է «տնտեսական բում»-ի գաղտնիքը։ ՀՀ տնտեսության աճը պայմանավորված չէ Կառավարության տնտեսական քաղաքականությամբ, այլ միայն արտաքին գործոններով, որոնց վրա Կառավարությունն ազդեցություն չունի եւ չէր կարող ունենալ»։

Ընդդիմության համար, փաստորեն, խիստ արգահատելի են հետպատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի տնտեսական աճի վրա ազդող «նոր իրողությունները»: Նրանք կուզեին, որ ռուսաստանցիները եւ ընդհանրապես բոլոր երկրների պոտենցիալ զբոսաշրջիկները մեծ հոսքով ուղեւորվեին հարեւան երկրներ, ասենք, Ադրբեջան, Վրաստան, քանի որ նրանց՝ ՀՀ գալը եւ մեր երկրի տնտեսական աճի վրա ազդեցություն ունենալը «խփում է» իրենց՝ ընդդիմության գործին, նրանց ձեռքից՝ խլում քաղաքական «կոզիրը»։

Լավ կլիներ, որ ՀՀ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մեր տնտեսությունը մեծ վնասներ կրեր, աճի փոխարեն նվազում, նահանջ ունենար, փլուզվեր, որպեսզի ընդդիմության սրտին յուղ քսվեր, հաղթական տոնով դղրդացներ ԱԺ ամբիոնն ու առանց  խղճի խայթի բմբլահան աներ Կառավարության տնտեսական քաղաքականությունը։  

Նկատենք, որ նույն ընդդիմությունը ամիսներ շարունակ աղիողորմ հայտարարում էր, թե «գնանք ԱԺ՝ ի՞նչ անենք, մեր բոլոր նախագծերը իշխանությունը տապալում է, բանի տեղ չի դնում»: Վկայաբերում էին մասնավորապես նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման մասին «մերժված» նախագիծը, անողոք քննադատում իշխանությանը՝ պաշտպանական ոլորտը արհամարհելու, բանակի կարողությունների, վերազինման ուղղությամբ անգործություն ցուցաբերելու համար եւ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախատինքներ հնչեցնում։ Մինչդեռ նույն ընդդիմությունը, փաստորեն, դեմ է քվեարկելու մի փաստաթղթի, որով պաշտպանության ոլորտի ծախսերը շեշտակի աճել են. կազմելու են 506 միլիարդ դրամ, 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները, հասնելու են ՀՆԱ-ի 5 տոկոսին։ Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես աճել է՝ 648 միլիարդ դրամ, որը 10 տոկոսով գերազանցում է 2022 թ․ ցուցանիշները։  

Հարկ է նկատել, որ գործող ընդդիմության ձեռագիրը չի փոխվել․ նախորդ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին եւս ընդդիմությունը դեմ քվեարկեց։ «Հայաստան» դաշինքը, ի դեպ, քվեարկությանն ընդառաջ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր, թե «ներկայացված նախագիծը պատշաճ կերպով չի արձագանքում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները, հատկապես՝ անվտանգային։ Տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական են եւ նպատակ են հետապնդում ստեղծելու լավ ապրելու պատրանք, որպեսզի մեղմեն հասարակությունում աճող դժգոհությունը։ Բյուջեն իր էությամբ հակասոցիալական է»։

Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի «քարշակ» ուժը՝ ՀՅԴ-ն, մինչեւ հեղափոխությունը, երբ գործընկեր մյուս ուժի՝ ՀՀԿ-ի հետ չէր կիսում իշխանությունը, այսինքն՝ «յուղոտ պորտֆելներ» չէր ստանում կոալիցիոն Կառավարությունում, դեմ էր քվեարկում բյուջեների նախագծերին։ Այնպես որ «դեմ ըլլալը» ՀՅԴ-ի համար խասյաթ է: 131-ամյա հայ ավանդական կուսակցությունը, հավատարիմ ավանդույթին, «կողմ կըլլա» միայն այն ժամանակ, երբ «դեմ ըլլալը» չվնասե իր կոալիցիոն շահերուն»։ Ասվածի հետ թերեւս կհամաձայնեն մասնավորապես ՀՀԿ-ում, քանի որ, ինչպես ասում են, այդտեղ գտնվողները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանն ու այլք, լավ են ճանաչում իրենց «հաճախորդներին»։    

Հպանցիկ վերհիշենք ՀՀ նախորդ տարիների «բյուջետային քվեարկությունները»

Բավական բուռն էին մասնավորապես «Բյուջե-2010»-ի քննարկումները։ 2008-ի մարտի 1-ից հետո կոալիցիա մտած, հայ-թուրքական գործընթացի պատճառով այն լքած եւ ինքզինքը օպոզիցիա հռչակված ՀՅԴ-ն դեմ քվեարկեց ֆինանսական այդ փաստաթղթին, որի վերաբերյալ ԱԺ ընդդիմությունը, նկատենք, մի շարք առաջարկություններ էր արել։ Փաստաթղթի վերջնական տարբերակում, սակայն, դրանք չէին ներառվել։ Երբ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը փորձեց նախարար Տիգրան Դավթյանից պարզել, թե ինչն է պատճառը, վերջինս, ծավալուն հիմնավորումներ ներկայացնելուց հետո հավելեց` «ձեր ֆրակցիան ընդհանրապես դեմ է բյուջեին ցանկացած տեսքով»: Այս միտքը վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորներին. - «Ի՞նչ է, բյուջեով պատժում եք ընդդիմությա՞նը»,- ամբիոնից հայտարարեց պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Նաեւ հավելեց՝ իրենց խմբակցությունը՝ «Ժառանգությունը», դեմ է բյուջեին՝ հաշվի առնելով այն հսկայական բեռը, որ այդ բյուջեով ընկնում է ժողովրդի ուսերին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ, միանալով գործընկերոջ դժգոհությանը, վրա բերեց․ «Նման թշնամական վերաբերմունք երբեւէ հայկական որեւէ Կառավարության կողմից չի դրսեւորվել»։

Ոչ պակաս բուռն ու լարված էին նաեւ «Բյուջե 2011-ի» քննարկումները։ Ընդդիմությունը անողոք քննադատության ենթարկեց Կառավարության գործունությունը, իսկ կոալիցիոն ուժերն ու Կառավարությունը, համաձայնելով որոշ դիտողությունների հետ, պատճառաբանում էին՝ ձախողումների ու անկումների պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու անբարենպաստ բնակլիմայական պայմաններն էին: Եվ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ըստ էության, խոստովանեց, որ Կառավարությունը ձախողել է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերով, ինչպես նաեւ կոալիցիոն հուշագրով հասարակությանը տված խոստումները, առիթն օգտագործեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու անցավ գրոհի․ 

«Եթե հրապարակային խոստովանություն է գնում, դրանից հետո նորմալ երկրներում երկու քայլ են կատարում, առաջինը՝ հրաժարական է ներկայացվում, ինչի կամքը, ես, կարծում եմ, չկա մեր ո՛չ քաղաքական մեծամասնության մոտ եւ ո՛չ էլ՝ Կառավարության: Կամ երկրորդը՝ կատարվում են ծրագրային ճշգրտումներ, հրապարակավ հայտարարում եւ փոխում Կառավարության գործունեության ծրագիրը, նախագահի նախընտրական ծրագրով հրապարակված ցուցանիշները եւ նաեւ կոալիցիոն հուշագրում ամրագրված սոցիալ-տնտեսական առաջնահերթությունները: Ոչ մի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամ չէր խանգարում ՀՀ-ում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձեւավորելուն, ստվերային տնտեսությունը կրճատելուն»։ ՀՅԴ-ն դեմ քվեարկեց բյուջեի նախագծին։

ՀՅԴ-ն դեմ է քվեարկել նաեւ հաջորդող գրեթե բոլոր տարիների բյուջեների նախագծերին՝ ամեն անգամ յուրօրինակ որակումներ տալով։

«Բյուջեն մենաշնորհված է Կառավարության կողմից, եւ ԱԺ մասնակցությունը լեգիտիմացնում է սա»,- 2013 թ․ բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց նույն Արծվիկ Մինասյանն ու կոչ արեց մեծամասնությանը՝ չեք կարողանում հարցերը լուծել, գնացեք, կարողը կանի. «անկարող եւ կամքից զուրկ քաղաքական մեծամասնությունը պետք է իր տեղը զիջի ավելի արդյունավետ ուժերին»: «Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Կառավարությունը, այլ նաեւ քաղաքական մեծամասնությունը առաջնորդվում է սեփական ակնոցով առաջնորդվելու քաղաքականությամբ: Սա կարող է լինել մեր պետականության կորուստը, սա վերջն է լինելու, պարոնայք»,- ազդարարեց Մինասյանը։ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը դեմ քվեարկեցին նախագծին։ 

Արծվիկ Մինասյանը 2014 թ․ բյուջեի քննարկումների ժամանակ էլ մի լավ թափ տվեց իշխանությանը՝ նշելով․ «Բյուջեով հաստատվեց, որ Հայաստանի առջեւ կանգնած սոցիալական խնդիրները շատանալու են, քանի որ չեն ստեղծվում ՀՀԿ-ի խոստացած աշխատատեղերը, տնտեսությունը մեծապես մոնոպոլիզացված է եւ օլիգարխիկ շեղումներով, արտերկրից եկող ներդրումները կտրուկ կրճատվել են, գործազուրկների թիվն աճել է: Բյուջեին եւ Կառավարության խոստումներին տված գնահատականներում Մինասյանն օգտագործեց «սուտ եւ կեղծ» արտահայտությունները։

Շատ ավելի կոշտ արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցած Զարուհի Փոստանջյանը։ Նա մասնավորապես կոչ արեց «նստել եւ լռել», քանի որ «մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք», «ձեզնից ոմանց տեղը բանտախուցն է»: Այնպես որ ստրուկներից ազատվելու միակ ելքը տիկին Փոստանջյանը տեսնում էր 2014 թվականին ապստամբություն անելու մեջ: 

«Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի փուլում»,- 2015-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ էլ այսպես գուժեց դարձյալ Ա․ Մինասյանն ու «պեչատեց»․ «Սոցիալական քաղաքականությունը, որը հիմա վարվում է, ոչ միայն կապ չունի սոցիալական պետության հիմնարար սկզբունքների հետ, այլեւ հիմնավորումների հետ կապ չունի: Սա անարխիզմն է: Սոցիալական ոլորտը չի կարող պաշտպանել գործատուի կամ օլիգարխի շահերը»:

ՀՅԴ խմբակցության պատգամավորը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու պետբյուջեի նախագծին: Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս որոշումը սպասելի էր:

2016թ․ բյուջեն էլ ընդունվեց ԲՀԿ-ի աջակցության եւ ՀՅԴ-ի բոյկոտի պայմաններում։ Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր եզրափակիչ ելույթում հիշեց Ուինսթոն Չերչիլի խոսքերը, թե «յուրաքանչյուր խելացի մարդ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով. եթե ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն»: Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. 

«Մեր գնահատականը բյուջեին հայտնի է: Աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում գերկարեւոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ եւ հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին չի քվեարկի»:

Այնուհետեւ ձայն խնդրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը. «Ես կարծում եմ՝ էստեղ հերոսության դրսեւորման շքահանդես չէ: ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ, պրագմատիկ քվեարկում է կողմ»:

Ստացվեց, որ բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը: Քննարկումների ընթացքում արտահայտված կարծիքներից կարելի է ենթադրել, որ «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը եւս դեմ քվեարկեցին: Դեմ էին նաեւ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ ՀԱԿ խմբակցության մյուս 3 անդամները բոյկոտ էին հայտարարել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Ուշագրավ էին մասնավորապես «Բյուջե-2017»-ի քննարկումները․ նկատենք, դրանք տեղի էին ունենում ապրիլյան քառօրյա պատերազմի տարում։ ԱԺ վերջին քառօրյայի վերջին աշխատանքային օրը ԱԺ-ն վերջապես հասցրեց հաստատել բյուջեի նախագիծը: ԱԺ-ի 6 քաղաքական ուժերից 4-ը դեմ էին փաստաթղթին, բայց այն ընդունվեց պարզ մեծամասնության ջանքերով: Կարելի է ասել, որ ողջ պատասխանատվությունը բյուջեի համար ընկավ միայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա, մյուս ուժերը հայտարարեցին՝ չեն ցանկանում կրել պատասխանատվություն նման փաստաթղթի համար: «Բյուջեի ծավալներն իսկապես համեստ են, բայց շատն էլ կարելի է փոշիացնել ապաշնորհ վարչարարության ու մսխումների դեմը չառնելու պարագայում, իսկ որակյալ ու հմուտ կառավարման դեպքում քիչ ռեսուրսներով էլ կարելի է լավ արդյունքների հասնել եւ զարգացման համար նոր հնարավորություններ առաջացնել»,- հայտարարեց ՀՅԴ-ական Ա․ Ռուստամյանն ու ավետեց՝ կողմ են քվեարկելու։ 

Հաջորդ՝ 2018 թ․ պետական բյուջեի նախագիծն էլ ընդունվեց ՀՀԿ-ի եւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քվեարկությամբ։ Մամուլը, ի դեպ, գրեց, թե Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր 8 առաջարկները՝ հիմնավորելով, թե «առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն»։ 

Նախագծի քննարկման ժամանակ հիշեցնելով սպասվող թանկացումների, չավելացող նվազագույն աշխատավարձի, թոշակների ու ընտանեկան նպաստների մասին՝ ԱԺ ընդդիմությունը պնդում էր՝ Կառավարությունը խորացնելու է աղքատությունը: Իշխանությունն էլ սոցիալական խնդիրների լուծման բանալին տնտեսական զարգացումն էր համարում, որպեսզի մարդն ինքն իր համար կարողանա արժեք ստեղծել: Ինչպես ՀՀԿ-ական Շարմազանովն էր ասում՝ «պետք է ժողովրդին ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել»։ Նախագիծը «ապասոցիալական» որակած ընդդիմությունը՝ ի դեմս «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների, դեմ քվեարկեց «Բյուջե 2018»-ին։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2776 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել