Ինչ միջոցառում է նախատեսվում Հերունու ռադիոաստղադիտակի տարածքում, և ինչու է այն դժգոհություններ առաջացրել

Օրերս «Քարահունջ» հայագիտական պահպանման կենտրոնը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը ենթակա է վերազինման ու շահագործման, ինչը, սակայն, չի արվում: Ռադիոօպտիկական աստղադիտակը գտնվում է Արագածի գիտական կենտրոնում՝ Օրգով եւ Տեղեր գյուղերի միջեւ:

Հայագիտական կենտրոնի ներկայացուցիչներին ու գիտությամբ զբաղվող որոշ անձանց մտահոգել է նաեւ այն հանգամանքը, որ աստղադիտակի տարածքում սեպտեմբերի 10-12-ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն: Վերջիններս նշում են, որ այնտեղ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, կառուցվում է մի քանի բեմ։ Պահանջում են չեղարկել սպասվող միջոցառումը եւ առհասարակ արգելել նման միջոցառումների կազմակերպումը գիտության օբյեկտում: Խնդրում են վերականգնել աստղադիտակը եւ այն ծառայեցնել գիտական ասպարեզի համար: Այդ իսկ նպատակով Քարահունջ հայագիտական պահպանման կենտրոնի նախաձեռնությամբ առցանց ստորագրահավաք է իրականացվում, որին, ի դեպ, բազմաթիվ մարդիկ են միացել:

«Քարահունջ» հայագիտական պահպանման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է ակադեմիկոսի աստղադիտակը, վերջին 10 տարիներին էտալոնային համալիրների պահպանման եւ զարգացման համար պետությունից տարեկան 45 մլն դրամ է ստանում, սակայն չի կատարում պահպանման իր գործառույթը, քանի որ կառավարման շենքը եւ հարակից կառույցները թալանվել են, այդ թվում՝ անհետացել է աշխարհում եզակի էտալոնային համակարգը:

Նշվում է, որ վերազինման եւ շահագործման աշխատանքներին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն և էկոնոմիկայի նախարարությունը, որի ենթակայության տակ էլ գտնվում է ընկերությունը, խոչընդոտում են այդ գործընթացին և ինչ-ինչ պատճառներով շահագրգռված չեն, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակում:

«Տարիներ շարունակ աստղադիտակը որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման վայր, անվաչմուշկներով սահելու տարածք տրամադրվում է ամենատարբեր կազմակերպություններին, եւ այդ ամենը ալյումինից ստացած հայելային մակերեսի վրա, որի սալիկները հարթեցված ու համակարգված են միկրոնների ճշտությամբ»,- մտահոգություն են հայտնում կենտրոնից:

Տարածված մտահոգությունների ու խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է ճարտարապետ, Ամուլսարի, Քարահունջի ակտիվիստ Թովմաս Բադալյանի հետ: Նրա հավաստմամբ՝ մասնագետները նշել են, որ Հերունու ռադիոօպտիկական դիտակը ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու արդյունքում կգործի գիտակրթական ասպարեզում, համաշխարհային ռադիոաստղագիտության եւ հեռավոր տիեզերական կապի բնագավառներում, նաեւ կդառնա Եվրոպական ռադիոինտերֆերոմետրական ցանցի բաղադրիչ։

«Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր Հայաստանի փոխարեն աստղադիտակը կառուցել Ղրիմում։ Հերունին շուրջ 17 տարի պայքարել է այս գաղափարի հաստատման համար: Վիկտոր Համբարձումյանի աջակցությամբ այնպես են արել, որ այն լինի Հայաստանում: Բայց հիմա արժեզրկում են հազար ու մի ճանապարհներով: Չեն ուզում կենտրոնը ծառայի գիտությանը, ուզում են, որ այնտեղ սեպտեմբերին 18+ միջոցառում կազմակերպվի»,- ասում է նա՝ նշելով նաեւ աստղադիտակի հարակից տարածքի անբարեկարգ վիճակի մասին:

Բադալյանի խոսքով՝ Պարիս Հերունու քրոջ դուստրը, որը եւս պրոֆեսոր է, ռադիոդիտակի մասնագետ, որոշ ժամանակ առաջ ներդրողներ էր բերել, որոնք մտադիր էին աստղադիտակը վերազինել եւ գործարկել, սակայն, ըստ զրուցակցի, այդ մարդկանց արգելվել է որեւէ տեսակի աշխատանք կատարել աստղադիտակի տարածքում:

«Կովեր էին լցվել սենյակներում, տարածքը ապականվել էր, այդ անձինք են եկել մաքրել, կարգի բերել, նախապատրաստել, բայց հետո վատ ձեւով վտարվել են այդտեղից:  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն սխալ է ասում, թե այն ճիշտ սարքված չէ, դա ընդամենը ծախու գիտնականների կարծիքն է: Այդ վկայությունն անհիմն են տալիս, թե չի աշխատել աստղադիտակը ու չի էլ կարող այդ վիճակով աշխատել: Եթե ուզում են ներդրում անել, նշանակում է, որ այն պիտանի է, չէ՞»,- նկատում է ճարտարապետը:

«Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արմեն Ոսկանյանն էլ, անդրադառնալով տարածված բողոքներին, մեզ հետ զրույցում ասում է, որ այս ամենը դիտավորյալ կազմակերպված ու շահադիտական նպատակներ հետապնդող արշավ է, որը ոչ մի լավ հետեւանք չի ունենալու, բացի այդ՝ արատավորում է թե՛ գիտնականի՝ Պարիս Հերունու, եւ թե՛ նրա հետ աշխատած եւ այժմ էլ ՓԲԸ-ում աշխատող անձանց բարի համբավը:

Ըստ Ոսկանյանի՝ կասկածի տակ են առնվել չափագիտության ազգային մարմնի այնպիսի կոմպետենտ մասնագետների կարծիքներ, որոնք Հերունու հետ միասին 1980-ականների սկզբից մասնակցել են աստղադիտակի ավարտական աշխատանքներին, սակայն այն, որպես իր նշանակության համար ծառայող գործիք, այդպես էլ շահագործման չի հանձնվել ու չի ավարտվել:

Անդրադառնալով ճարտարապետի այն պնդմանը, թե դիտակը շահագործվել է՝ փոխտնօրենը նշում է. «Չափումներ են կատարվել հենց Հերունու կողմից, որոնք չեն տվել այն սպասելի արդյունքները, որոնք նա ցանկանում էր: Պարիս Հերունին ողջ է եղել մինչեւ 2008 թվականը, բայց 1987 թվականից հետո այդ աստղադիտակն այլեւս ոչ մի չափում չի իրականացրել: Հերունին մեծ աշխատանք է կատարել, այսօր էլ կա այդ հսկա գործիքը, որը պետք է ծառայեր գիտությանը, մարդկությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի արվել: Այդ պատճառների մասին ես չեմ ուզում խոսել, քանի որ կան մասնագիտական կարծիքներ»:

Արմեն Ոսկանյանի փոխանցմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք աշխատակիցներ եւ ոլորտի մասնագետներ 2012 թվականին ՀՀ նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրել են աստղադիտակի հնարավորություններն ու տվել մասնագիտական կարծիքներ, ցավոք, նշելով աստղադիտակի հետագա շահագործման անհնարինության եւ ոչ նպատակահարմարության մասին:

«Ես չգիտեմ, թե այս աղմուկը բարձրացրած անձինք ի՞նչ նպատակ են հետապնդում եւ զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող է մարդու դուստրը փորձի անել մի բան, որը կարող է վատ անդրադառնալ իր հոր՝ մեր ակադեմիկոսի բարի համբավի վրա: Հերունու աղջիկն ու քրոջ աղջիկը, իրենց անձնական ամբիցիաներն ու շահագրգռվածություններն առաջ մղելով, զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը պատիվ չի բերելու մեր ակադեմիկոսին: Ցավում եմ, որ մենք ստիպված ենք անդրադառնալ մեր հսկա ակադեմիկոսի գիտական մտքին, մեզ դիտավորյալ ստիպում են ի լուր աշխարհի ասել, որ ինչ-որ բան այն չէ: Ինչի՞ համար են այդպես անում»,- մտահոգություն է հայտնում փոխտնօրենը:

Հարցին՝ ճի՞շտ է այն պնդումը, թե «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն վերջին 10 տարիներին էտալոնային համալիրների պահպանման եւ զարգացման համար պետությունից տարեկան 45 մլն դրամ է ստանում ու պարտավորված է այդ գումարներով նաեւ աստղադիտակը վերազինել, Ոսկանյանը բացասական պատասխան է տալիս:

«Պետությունն ալեհավաքի պահպանման համար ոչ մի կոպեկ չի տալիս: Այն մենք փրկել ենք ու պահպանում ենք, քանի որ բացի գիտական նշանակություն ունենալուց, նաեւ ճարտարապետական մեծ կոթող է: Միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) համար պետությունն ամեն տարի 45 միլիոն դրամ է հատկացնում ազգային չափանմուշների բազային, բայց Հերունու ռադիոդիտակը (ՌՕԴ-54/2.6) ազգային չափանմուշ չի ճանաչվել, ազգային էտալոն չէ: 45 մլն-ից մեկ լումա անգամ նրա վրա ծախսելու իրավունք չունենք»,-մանրամասնում է նա:

Ոսկանյանը նաեւ հերքում է տարածված այն լուրերը, թե աստղադիտակի տարածքը վարձակալությամբ է տրամադրվում ժամանակ առ ժամանակ:

ՓԲԸ-ի փոխտնօրենից հետաքրքրվեցինք, թե սեպտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ միջոցառում է նախատեսվում:

«Դիմել են մեզ՝ փառատոն անցկացնելու համար, մենք էլ թույլտվության պայմանագիր ենք կնքել: Թույլ ենք տվել, որ իրենք իրենց միջոցներով մաքրեն, ասֆալտապատեն, տանիքի հարցը եւ այլ խնդիրներ հատ առ հատ լուծելով՝ հասցնեն պատշաճ վիճակի, որտեղ հնարավոր կլինի անցկացնել այդ մարդաշատ փառատոնը: Մենք էլ հասկանում ենք, որ դա միայն աշխուժություն է մտցնելու շրջակա համայնքներում՝ Օրգով, Բյուրական եւ այլն: Պլանավորվում է մինչեւ 3000 անձանց այցելություն: Դրսից հյուրեր կլինեն»,- նշում է նա:

Արմեն Ոսկանյանը նաեւ ընդգծում է՝ պայմանագրով հստակ ամրագրված է, որ արգելվում է փառատոնի մասնակիցներին եւ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք ներառված չեն միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ, մասնավորապես՝ ռադիոաստղադիտակի եւ դրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները. «Շրջակայքում կարող են կանգնել, նկարվել, հիանալ, բայց մուտք գործելն արգելված է: Գեթ մեկ կետի խախտման հաջորդ րոպեից կարող է պայմանագիրը միակողմանի խզվել»:

Անդրադառնալով բուն միջոցառմանը վերաբերող տարատեսակ մեկնաբանություններին՝ Ոսկանյանը ասում է՝ լինելու են 30-ից ավելի տարբեր երաժշտական խմբեր, ցուցահանդես իրականացնող կազմակերպություններ. «Ներկայացվելու է Հայաստանը, մեր երկրի մշակութային գրավչությունն ու առավելությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1724 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին