Տնից դուրս գալիս պետք է ունենալ դիմակ՝ չվարակվելու կամ անձնագիր՝ տուգանվելու համար. ԱԺ-ն ընդունեց տուգանքի նոր չափ

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 87 կողմ ձայնով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում էր մեղմացնել ազատ տեղաշարժի պայմանները չկատարելու համար նախատեսված տույժը, եւ նախկինում սահմանված 100-250 հազար դրամ տուգանքի փոխարեն կիրառել 10 հազար դրամ տուգանք:

Խոսքը մասնավորապես վերաբերում է դիմակ կրելու պահանջների կատարմանը, որը սահմանվել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մայիսի 14-ի որոշմամբ: Ըստ այդ որոշման՝ բաց տարածքներում անձը պարտավոր է իր մոտ ունենալ դիմակ, որպեսզի եթե հայտնվի փակ տարածքում, այն պարտադիր կրի:

Արտակարգ դրությամբ պայմանավորված այլ սահմանափակում այս պահին չկա: Ավելի վաղ սահմանված էր տնից դուրս գալու պարագայում տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջ, որի խախտումը առաջացնում էր տուգանք՝ սկսած 100 հազար դրամից:

Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմի ընթացքում նախագծում փոփոխություն կատարվեց եւ սահմանվեց, որ տուգանքի չափը պետք է ունենա հետադարձ ուժ։ Այն կկիրառվի նաեւ նախկինում տեղաշարժման թերթիկ չունենալու հետեւանքով 100.000-250.000 դրամ տուգանված անձանց վրա։ Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի դատական ակտերը եւ կսահմանի 10.000 դրամի չափով վարչական պատասխանատվություն։ Այն անձինք, որոնք արդեն վճարել են իրենց տուգանքները, ապա նրանց գումարները հետ կվերադարձվեն՝ պահելով միայն 10 հազար դրամը:

Նախագծի ընդունմանը նախորդեց բուռն քննարկում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ում այսօր ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Իր խոսքի սկզբում Դանիելյանը պարզաբանեց, որ առաջարկվում է փոխել օրենսգրքի 182.3 հոդվածը, եւ այն լրացնել հետեւյալ մասով. «1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ ներկայումս «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» 182.3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ՝ ազատ տեղաշարժի իրավունքների այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100 մինչեւ 250-ապատիկի չափով:

«Սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, որոնք, մեր կարծիքով, համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը, հետեւաբար ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով: Խոսքը վերաբերում է մասնավորապես պարետի որոշմամբ սահմանված բաց տարածքներում դիմակների առկայության պահանջին, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը՝ հստակեցնելով, որ դիմակ չկրելն այնքան վտանգավոր չէ, որքան մեկուսացման պահանջը խախտելը:

Խոսելով փակ տարածքներում դիմակներ կրելու մասին՝ Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է. «Նույն հոդվածի 3-րդ մասում տնտեսվարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100-300 հազար դրամ: Փակ տարածքների համար պատասխանատու են տնտեսվարող սուբյեկտները եւ դրա համար պատասխանատվություն կկրեն»,- ասաց Դանիելյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը մտնի որեւէ օբյեկտ, կարո՞ղ է տուգանել դրա տիրոջը, եթե որեւէ քաղաքացի այնտեղ դիմակ չի կրում: Փոխնախարարը պարզաբանեց, որ տնտեսվարողները պարտավոր են քաղաքացիներին իրենց տարածք թողնել միայն դիմակի առկայության պարագայում, հակառակ դեպքում կտուգանվեն:

Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն դեպքերին, եթե ներսում գտնվողը սնվում է: Նման պարագայում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն ձեռքի տակ այն պետք է լինի:

Այնուհետեւ Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե խոսքը միայն դիմակներին է վերաբերում, ապա ինչո՞ւ հոդվածի վերնագիրը չեն փոխում: Դանիելյանն ասաց, որ հաջորդիվ հնարավոր է այլ պահանջ ներառվի օրենքում, ուստի չեն կարող ամեն փոփոխության հետ հոդվածի անունը փոխել:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ եւ տեղաշարժման սահմանափակումների մասով կիրառված մյուս տուգանքների վրա տարածվել չի կարող, իսկ դիմակ չկրելու համար դեռ տուգանվողներ չեն եղել, ուստի կարիք չկա հետադարձ ուժի:

Նույն խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ խնդիր էր տեսնում դիմակների գնի մեջ: Նա հաշվարկել է, որ եթե անձը օրը 3 անգամ դիմակ փոխի, ապա ամսվա ընթացքում նա կծախսի 20 հազար դրամ, ինչը բազմաթիվ քաղաքացիներ, հնարավորությունից ելնելով, չեն կարող անել:

Վահե Դանիելյանը, ի պատասխան այս դիտարկման, հիշեցրեց, որ մի փոքր նեղություն պատճառվում է անձանց, սակայն դա արվում է՝ ավելի բարձր արժեք ունեցող բան պահպանելու համար. խոսքը անձանց առողջության եւ կյանքի իրավունքի մասին է:

Ի վերջո, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, պարտադիր չէ 200-300 դրամանոց դիմակի գնումը: Փոխնախարարը վերահաստատեց, որ անձինք կարող են իրենք պատրաստել իրենց համար դիմակ, դիմակի փոխարեն շարֆ կրել, կարեւորը՝ այն ծառայի նպատակին, այն է՝ վարակի տարածմանը: Գործարանային արտադրման պահանջ չկա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին էլ հետաքրքրում էր, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը՝ դիմակ կրելու պահանջի մասին հանրությանը իրազեկելու համար:

Միքայելյանը նաեւ կոչ արեց չեղարկել նախկին տուգանքները. «100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,- ասաց պատգամավորը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ իրազեկումն իրականցվում է ինչպես «Հանրային» հեռուստաընկերությամբ, այնպես էլ՝ ԶԼՄ-ների միջոցով։ Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակ որոշումներն այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է դրանք հասցնել յուրաքանչյուրին։ Ինչ վերաբերում է տուգանքների չեղարկմանը, Դանիելյանի համոզմամբ, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Նա, սակայն, այն համոզմանն է, որ տուգանքների չեղարկումը կարող է բացասական հետեւանք ունենալ, այն իմաստով, որ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կանոններին հետեւելու՝ ակնկալելով, որ այդ տուգանքները եւս ինչ-որ փուլում կարող են չեղարկվել։

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը փորձեց հստակեցնել դիմակներ չկրողներին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:

Արդարադատության նախարարի տեղակալը պարզաբանեց, որ լիազոր մարմինը ոստիկանությունն է, եւ եթե դիմակ չունեցող անձն իր մոտ ունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա տեղում արձանագրություն է կազմվում եւ տուգանվում է, իսկ եթե չունի, տուգանվում է նրա անձը պարզելուց հետո:

«Ձեր ասածից մոտավորապես կարո՞ղ եմ հասկանալ, որ եթե անձը հաստատող փաստաթուղթ չլինի քաղաքացու մոտ, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան՝ ով է տվյալ անձը, ճշտեն: Այդ դեպքում գուցե անհրաժեշտ է հրապարակել, որ՝ սիրելի քաղաքացիներ, ձեզ մոտ միշտ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ եւ դիմակ, որպեսզի ոստիկանները կրկնակի գործողություն չանեն եւ նաեւ չվտանգեն իրենց առողջությունը»,- հետաքրքրվեց Աբրահամյանը:

Փոխնախարարն ասաց, որ ավելի հեշտ է ապահովել դիմակի պահանջը, քան՝ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Նա ընդգծեց, որ դիմակների պահանջը առաջին հերթին մարդկանց առողջության պահպանման համար է եւ ոչ այդքան՝ տուգանելու:

«Բարգավաճ Հայաստան»-ից Շաքե Իսայանը հարցրեց՝ ի վերջո, ի՞նչ է պարզվել. դիմակ կրելը կանխարգելո՞ւմ է վիրուսի տարածումը: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե անձը մի քանի օր կրում է նույն դիմակը, որքա՞ն է այդ դիմակի օգտակար գործողության գործակիցը:

Վահե Դանիելյանն ասաց, որ պետությունը որեւէ միջոց չունի՝ վերահսկելու, թե անձը դիմակը քանի ժամ է օգտագործել կամ քանի օր է իր մոտ պահել: Նման վերահսկողության մեթոդ, ըստ նրա, հայտնի չէ աշխարհում որեւէ մեկին:

Հետեւաբար, նրա համոզմամբ, ավելի լավ է քաղաքացուն հասցնել, որ այդ դիմակը կրելը, եւ այն ժամանակին փոխելը ոչ թե ինքնանպատակ է, այլ առաջին հերթին իր առողջության եւ կյանքի համար է կարեւոր: Դանիելյանը վստահեցրեց, որ դիմակը կրելու պահանջը պայմանավորված է վիրուսի արագ տարածումը կանխելու նպատակով:

«Իմ քայլը» խմբակցությունից Տաթեւիկ Հայրապետյանը խոսեց դիմակ կրելու վերաբերյալ հնչող դժգոհությունների մասին: Ասաց, որ ինքը շատ մեծ դժվարությամբ է կրում դրանք, որովհետեւ իր մոտ գլխացավ է առաջացնում, անհարմար է, հաճախ շատ դժվար է շնչել:

«Եթե մենք հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրը իր փոքր քայլով, իր շարֆով փաթաթվելով, իր դիմակը կրելով, ձեռքերը ախտահանելով՝ կարող է փրկել 10 հոգու վարակվելուց եւ հնարավոր մահերից, ես կարծում եմ՝ մենք կկարողանանք հաղթահարել սա, բայց եթե մենք սրան վերաբերվենք անլուրջ, եթե շարունակենք չենթարկվել կանոններին, ինչ տուգանք էլ այստեղ սահմանվի, դա դառնալու է անօգուտ»,- նշեց պատգամավորը:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների օրեցօր ավելացող թվերին, նշեց, որ դավադրապաշտական քարոզչական արշավ է իրականացվում, այդ թվում՝ տարբեր երկրներից մեր հայրենակիցների ուղիղ ներգրավմամբ եւ մասնակցությամբ, եւ, ինչու ոչ, նաեւ տեղական մասնագետների միջոցով: Վերջիններս, ըստ Բաբաջանյանի, խայտառակ կերպով խոսում են այն մասին, որ սա կազմակերպված, համաշխարհային ինչ-որ կենտրոններից ուղղորդվող գործընթաց է, որ այս հիվանդությունը իրականում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:

«Կուզեի՝ կառավարությունը դիտարկեր այդպիսի քարոզչությամբ զբաղվողներին ընդհանրապես քրեական պատիժ սահմանելու հնարավորության մասին»,- նշեց Բաբաջանյանը:

«Օրինակ՝ Գերմանիայում 25-ից մինչեւ 10 հազար եվրո տուգանք է սահմանված, եթե պատշաճորեն այն (դիմակը-խմբ.) չի կիրառվում: Նույն եվրոպական երկրների ուսումնասիրությամբ մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրների հաշվով 10 անգամ պակասում է վարակը, եթե բաց եւ փակ տարածքներում պատշաճ կրում են դիմակը»,- նշեց Բաբաջանյանը՝ նկատելով, որ դիմակների կրումը մեզ թույլ կտա կառավարելի դարձնել իրավիճակը մեր երկրում:

Քննարկումների ավարտին հանդես գալով «Իմ քայլը» խմբակցության անունից՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ դիմակների գնի հարցում ՏՄՊՊՀ-ն անելիք ունի.

«Ես կարծում եմ՝ կարելի է առաջարկել ՏՄՊՊՀ-ին, որը պատասխանատու է այդ գործառույթի համար, կատարել ուսումնասիրություն: Իրենց լիազորությունների շրջանակում իրականացնել գործողություններ եւ հանրությանն այդ մասին իրազեկել: Ի դեպ, յուրաքանչյուր խմբակցություն կարող է հրավիրել ներկայացուցիչներին եւ ստանալ պարզաբանումներ»,- հավելեց նա:

Այս մասին խոսեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մինչ այդ, սակայն, գնահատելով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումը.

Ասաց, որ այսօրվա քննարկումից հետո մի անեկդոտ է հիշել. «Մեկը երեկոյան վերադառնում է տուն եւ կնոջն ասում՝ ես էսօր էն վաճառողին խաբել եմ: Հարցնում է՝ ի՞նչ ես արել, ասում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք հասկանանք՝ էս պատմության մեջ ո՞վ ո՞ւմ է խաբում եւ ինչի՞ համար: Քննարկվում է հարցը, որ այս պարագայում դիմակ կրելը պարտադիր է, իսկ այս պարագայում կարող է դեմքին չլինել, բայց պայուսակում պետք է ունենա եւ այլն: Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է հնարել, մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, ոնց կարող է շրջանցել իրավական այս կարգավորումը: Լավ, հնարավոր է շրջանցել, իսկ հիմա հարց՝ իմա՞ստը: Այս պատմության մեջ ո՞վ ո՞ւմ է խաբում: Կառավարությունը սա ինչո՞ւ է անում, որ տուգանի՞ մարդկանց, սա ճանապարհային երթեւեկության կանո՞ն է: Ինչո՞ւ է սա կառավարությունը անում: Անում է, որ այդ մարդկանց պաշտպանի, որովհետեւ, այո՛, աշխարհում հարյուր տոկոսանոց պատասխան այս պահին չկա՝ դիմակը օգնո՞ւմ է, թե՞ ոչ: Երկուշաբթի առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ գլոբալ, ասում են՝ օգնում է դիմակը, երեքշաբթի ասում են՝ բայց ոնց որ չի օգնում: Ոչ ոք չգիտի աշխարհում, բայց փաստ է՝ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը ընդգծեց՝ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որ կարողանա ազդել արտակարգ իրավիճակում ընդունված որոշումները իրագործելուն:

«Համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, անհարկի է եւ չի էլ կարող հանգեցնել պահանջված արդյունքին: Բերել են օրենքի նախագիծ, որտեղ 100 հազարը դարձնում են 10 հազար: Ինձ համար ակնհայտ էր առաջին իսկ վայրկյանից, որ սա վկայում է այն մասին՝ կառավարությունն ունի մտադրություն սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ տուգանքի չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել, որպեսզի դա սթափեցնող ազդեցություն ունենա մարդկանց վրա, նրանք սկսեն լուրջ վերաբերվել վարակի տարածմանը:

Ապա անդրադառնալով դիմակների գներին՝ Միրզոյանը հավելեց. «Մեր կառավարությունը պետք է կտրուկ գործողություններ ձեռնարկի՝ այս գները կարգավորելու եւ սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:

92 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Այնուհետեւ ԱԺ նիստը ընդմիջվեց:

Վերադառնալով ընդմիջումից՝ Արդարադատության նախարարի տեղակալը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, ինչպես նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանից, Սուրեն Գրիգորյանից եւ Վլադիմիր Վարդանյանից առաջարկներ են ստացել, որի արդյունքում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ռեժիմում նախագծում տեղի է ունեցել փոփոխություն:

Ըստ այդ փոփոխության՝ օրենքը ունենալու է հետադարձ ուժ, եւ այն քաղաքացիները, որոնք ավելի վաղ տուգանվել են 100 հազար եւ ավելի դրամով, կօգտվեն այս հնարավորությունից։ Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի այդ վարչական ակտերը եւ կսահմանի 10 հազար դրամ վարչական պատասխանատվություն։

Այն անձինք, որոնք արդեն վճարել են սահմանված տուգանքը, ապա այդ անձանց կվերադարձվի ավելին վճարածը: Այս օրենքով, սակայն, չի փոփոխվում մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջը խախտողների տուգանքի չափը. այն կշարունակի մնալ 100-250 հազար դրամ:

Ահա, այս փոփոխություններով հանդերձ՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տպել
1672 դիտում

Հրազդանում ուժեղ քամուց պոկվել է տան մոտ 200 քմ մակերեոսվ տանիքը և ընկել ճանապարհին՝ դարձելով այն երկկողմանի փակ

Այսօր արդեն Արցախում կկատարվեն կադրային առաջին նշանակումները. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Խոշոր վթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. «Mercedes»-ի վարորդն արգելափակվել է մեքենայում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան