Երևան
12 °C
«Երջանկությունը հնարավոր չէ շահել, վայելել, ժառանգել։ Բացառվում է այն բռնագրավելը, ինչպես և նվեր ստանալը գեղեցիկ աչքերի համար։ Առավել ևս ավելորդ է խոսել երջանկությունն արդար քրտինքով վաստակելու մասին. այն չի վաճառվում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաղարկվում է, այլև այն, որ պարզապես չկա։ Անազնիվ, կոմերցիոն նպատակներով մոգոնած, մարդու կողմից մարդու շահագործումն արդարացնող, բուրժուական հնարանք է երջանկությունը, որը չարժե, չարժե ունենալ»։
Սա հատված էր իմ «Չի վաճառվում» պատմվածքից, որն ի դեպ 2005-ին տպվել է «Հայկական ժամանակում» «Երջանկության սեմիոտիկա» վերնագրով։ Պատմվածքում փորձել եմ վերլուծել երջանկության նշանները, որոնք կրելով հնարավոր է լինել երջանիկ։ Իմ կյանքի ինչ-որ մի փուլում ես հասկացա, որ երջանկությունը մարդկանց կառավարելու, նրանց որոշակի վարքականոններ թելադրելու ու ապրելակերպ պարտադրելու միջոց է։ Հաճախ միջոց է ստիպելու սպառել որոշակի ապրանքներ։ Եթե դու գնում ես այս բրենդի զգեստ, առնում ես այս ֆիրմայի կահույք, դու երջանիկ ես։ Կամ՝ ունես ամուր ընտանիք, լավ վարձատրվող աշխատանք, հանրային դիրք, ուրեմն պատճառ չունես երջանիկ չլինելու։ Եթե դու կին ես, ապա երջանիկ լինելու համար պիտի ամուսնանաս ու երեխաներ ունենաս: Իսկ եթե կինը ընդունված նորմերից դուրս երջանկության մի այլ ձև է հայտնաբերում, նա այլևս երջանիկ լինելու շանս չունի, որովհետև մեզ միշտ պետք է ուրիշը՝ մեր երջանկությունը վավերացնելու համար։
Գրող Արփի Ոսկանյան
Անձնական երջանկություն.
Բոլորս էլ գիտենք, որ երջանկությունն ակնթարթներ են, որոնց ընթացքում մեր ինքնազգացողությունը փոխվում է, մենք մեզ սկսում ենք լավ զգալ։ Իմ կարծիքով՝ այս զգացումը ուղղակիորեն կապված է մեր ֆիզիկական վիճակի և մարմնում տեղի ունեցող բիոքիմիական պրոցեսների հետ: Մեզ կարող են ստիպել երջանիկ լինել, ասենք, հակադեպրեսանտները, որ փոխում են մեր արյան բաղադրությունը, կամ՝ ալկոհոլը, գիտակցությունը փոխող տարբեր միջոցներ, ֆիզիկական ակտիվությունը, շնչառական վարժությունները, սեքսը, որոնք բոլորն էլ տարբեր բիոքիմիական պրոցեսներ են հարուցում մեր ներսւմ։ Չարժե թերագնահատել մեր մարմինն այս հարցում։ Ի վերջո, շատ դժվար է երջանիկ լինել, երբ ինչ-որ տեղդ ցավում է։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է արդյոք։ Եվ նման դեպքերում հաճախ շատ անսպասելի է լինում երջանկության ապրումը։ Օրինակ, հղի ժամանակ քայլում էի Բաղրամյան փողոցով և հանկարծ շատ ուժեղ երջանկության զգացում ունեցա։ Ասել, որ ես երջանիկ էի հղի լինելու փաստով, որ իմ երջանկության աղբյուրը բարոյահոգեբանական էր, ճիշտ չի լինի։ Հղիությանը ես անպատրաստ էի, մարմինս ծանրացել էր, սրտխառնուք ունեի։ Ու հանկարծ ոտքերս պոկվեցին ասֆալտից, մարմինս կորցրեց կշիռը, և ես բառացիորեն սկսեցի ճախրել։ Շատ թարմ եմ հիշում այդ օրվա արևը, ծառերի սաղարթների գույնը, քամին, ամեն ինչ։ Այսպիսի պահեր իմ կյանքում շատ-շատ են։ Այս պահին հիշում եմ շատ տարիներ առաջ Մոսկվայում պատահածը՝ շատ երկար քայլելուց ու հոգնելուց հետո, միտքը, որ ես քայլում եմ մեծ ու օտար քաղաքում, որ ծանոթ մարդու հանդիպելու հավանականությունը չնչին է, որ ես ազատ եմ, ինձ ուղղակի պոկեց գետնից։ Նման զգացում ունենում եմ Ուիթմեն կարդալիս։ Ինձ երջանկության զգացում պարգևող ամենակարևոր դոպինգը ազատությունն է ու ազատության նվաճումը։ Այդպես մի նոր տարվա շեմին փախա իմ հայրական տնից, միաժամանակ փախա իմ սիրած մարդուց, բազմաթիվ անհեթեթ խնդիրներից, որ իմ առջև դրել էր հասարակությունը, թաքնվեցի մի ցուրտ, չջեռուցվող տանը, որտեղ չկար ոչ կահույք, ոչ հեռուստացույց, ոչ էլ անգամ վարագույր, ու նոր տարին դիմավորեցի հատակին նստած, մեն-մենակ, վերմակով փաթաթված, իմ գործերը մեքենագրելով։ Երբեք չեմ մոռանա դրսի լույսերի ցոլքերը առաստաղին և այն սուր երջանկության զգացումը, որ պարուրել ու ջերմացնում էր ինձ վերմակի պես։
Ընդհանրապես սխալ է կարծելը, թե երջանկության համար պիտի հաշտ լինես ինքդ քեզ ու շրջապատի հետ։ Նույն այդ՝ «Չի վաճառվում» պատմվածքում այսպիսի տող ունեմ՝ կա՞ երջանկություն երջանկության մեջ։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց երջանկությունը իրենց աղքատությունն է, դժբախտությունների շարանը, ներքին ու արտաքին կոնֆլիկտները։ Իմ երջանկությունը նույնպես սնվում է իմ ներքին կոնֆլիկտներից։ Առանց դրանց ես ինձ նույնիսկ ողջ չեմ զգում, ուր մնաց՝ երջանիկ։
Մասնագիտական երջանկություն.
Չեմ ուզում ծեծված բաներ ասել, բայց երջանկության մասին մտքերը հիմնականում այնքան ծեծված են։ Այո, ես ինձ երջանկ եմ զգում, երբ գիրք եմ տպում։ Ուսերիցս մի մեծ բեռ է ընկնում ու կարողանում եմ առաջ շարժվել։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ լավ բան եմ գրում։ Երջանիկ եմ զգում հենց գրելու ընթացքում։ Պատմվածք ունեմ, որ մի ամսում եմ գրել։ Եվ մի ամիս իմ ուղեղը զբաղված է եղել այդ երեք էջանոց պատմվածքով։ Ասենք, փողոցով քայլելիս մեկ էլ հանկարծ մի դետալ էլ եմ գտել մտքումս, երջանկացած վազել եմ տուն, ավելացրել եմ։ Ես երջանիկ եմ, երբ լավ գիրք եմ կարդում, երբ լավ ֆիլմ եմ դիտում, երբ թարգմանում եմ ու մարզում միաժամանակ և իմ միտքը, և հայոց լեզուն։ Այս օրերին ես երջանիկ եմ, որովհետեւ վերակենդանացրել եմ «Գրողուցավ» կայքը։ Մի կայք, որը ինը տարի առաջ մեր գրականության մեջ նոր վտակ բացեց, որը հող նախապատրաստեց հեղափոխության համար։ Մի ամսից ավելի է՝ ես բառացիորեն ապրում եմ կայքում ստեղծվող կենդանի տեքստով` «Կորոնաֆուտբոլ» վերնագրված թիմային վեպով, որն ամեն օր ծիծաղ, ազարտ, միասնականության զգացում է պարգևում գրողներին ու ընթերցողներին՝ հընթացս վավերագրելով մեր այս դժվար օրերը։ Առավոտից մինչ ուշ երեկո իմ միտքը զբաղված է կայքի ծրագրերով, և մտքիս մեջ Վոլտերի խոսքն է, որ մեծ երջանկությունը միայն մեծ աշխատանքի մեջ է։ Տալ մարդուն գործելու հնարավորություն՝ նշանակում է տալ մարդուն ոչ միայն կյանք՝ տարրական ապրուստի տեսքով, այլև կյանքի իմաստ։ Ես շատ կուզենայի, որ մեր հասարակությունն իր յուրաքանչյուր անդամին տար այդ հնարավորությունը։
Հանրային երջանկություն.
Եթե ճիշտ եմ հասկանում, դա այն է, ինչ մեզնից շատերն ապրեցին հեղափոխության օրերին, երբ իրականություն դարձրինք երազանքը, որ ձևակերպել էինք իբրև հանրություն։ Ես հանրային մարդ չեմ, ինքնամփոփ եմ, մենակյաց, ինձ համար դժվար է այցելել մարդաշատ տեղեր, հանրահավաքների և այլն, հանրային երջանկությունից երբեք չեմ սնվել, հաճախ հակառակը։ Առաջին անգամ հանրային երջանկություն ապրեցի երևի 2008-ի մարտի 1-ին, երբ թվում էր, թե երջանիկ լինելու ոչ մի առիթ չկա։ Բայց այդ օրը ես սրտանց սիրեցի մեր ժողովրդին, նրա աննկուն ոգին, քաջությունը, զգացի, որ ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, ու դա ինձ շատ դուր եկավ։ Կարծում եմ՝ հանրային երջանկության մեր բաժինը ստանալու համար էլ պարտաճանաչ կերպով բաց չէինք թողնում հանրահավաքները, որոնց պակասը մեր կյանքում զգացվում է։
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ
Ես գիտեմ, որ կան երջանիկ երկրներ, և որ Հայաստանը հիմա չգիտեմ, բայց մի քանի տարի առաջ միշտ վերջին հնգյակում էր լինում։ Չափորոշիչներից մեկը, որոնցով արվում էին նման հետազոտությունները, գթության ու փոխօգնության մակարդակն էր, որ Հայաստանում բավականին ցածր էր ըստ այդ հետազոտությունների։ Սակայն իմ տպավորությամբ Հայաստանում բավականին կարեկից մարդիկ են ապրում, եթե մի տեղ ընկնես ու ոտքդ կոտրես, հաստատ մի տասը հոգի կհավաքվի, կփորձեն օգնել։ Այնուամենայնիվ, դժվար է մարդկանց մասին ասել, թե երջանիկ են։ Հոգսաշատ են, հոգսերի բեռի տակ կքած։ Տարիներ առաջ մի վիպակ եմ գրել «Մեղրամիս» անունով, որը հույս ունեմ այս տարի լույս կտեսնի։ Վիպակը իմ ու Համբարձում Համբարձումյանի այցի մասին է ավստրիական Գրաց քաղաք, ուր մեզ հրավիրեցին ապրելու և ընթերցում ունենալու։ Այն ժամանակ մտածեցի այս թեմայով, և հիմա պիտի վերաշարադրեմ այն, ինչ գրել եմ։ Ինձ հետաքրքրում էր, թե որն է պատճառը, որ մենք մեզ այնտեղ ավելի լավ էինք զգում՝ ունենալով ավելի վատ կենցաղային պայմաններ, քան Երևանում, և եկա այն եզրակացության, որ պատճառը մշակույթի մեջ է։ «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա` ելել է շալակն աշխարհի»` սա հայ ժողովրդի ամենասիրելի պոետներից մեկի` եթե ոչ ամենասիրելիի ամենաշատ մեջբերվող տողերից է: Բնականաբար, պոետի և ժողովրդի համակրանքն այն մարդու նկատմամբ է, որը աշխարհն է շալակած տանում: Թեթև ապրելն ընկալվում է իբրև ամոթալի մի բան: Քրիստոնեական դավանանքը ժուժկալության, տառապանքի, նահատակության իդեալներով ձևավորել է այս մշակույթը։ Ինչ-որ առանձնահատկություններ, որ մեզ տարբերում են եվրոպացիներից, թելադրել է հավանաբար առաքելական հավատը։ Կարելի է պարզապես համեմատել կաթոլիկ եկեղեցիների արտաքին ու ներքին հարդարանքի զեխությունը, ուղղափառ եկեղեցու ներքին հարդարանքի ճոխությունը ու մեր եկեղեցիների զուսպ, համեստ, մռայլ կերպարները։ Մենք ինքներս շատ ենք քննադատում մեր ցուցադրական վարքը, պարծենկոտությունը, բայց իրականում մենք բոլորովին պարծենկոտ չենք, ավելի շուտ՝ համեստ, զուսպ, ինչպես մեր եկեղեցիներն են։ Մեր մշակույթը շատ հոգևոր է, և հոգևորը զավթել է նաև մարմնի տարածքը։ Իսկ մենք արդեն խոսեցինք, որ երջանկությունը զգալի չափով մարմնական ապրում է։ Ինչ խոսք, դեր է խաղացել նաև դարեր շարունակ օտար նվաճողների լծի տակ գոյատեւելու հանգամանքը։ Մենք սովորել ենք տառապել, բայց չենք սովորել՝ ինչպես լինել երջանիկ։ Այս առումով շատ կարևոր էր հեղափոխությունը, որն իշխանության բերեց մեծ թվով երիտասարդների՝ գլամուրային, պարզունակ, զուրկ կյանքի փորձից, մինչ այդ որևէ բանի չհասած, թեթև, ուրախ, որոնց պարզապես ժպտաց բախտը, որոնք կարողացան օդի մեջ բռնել հաջողության բանալին։ Հեղափոխությունը մի քիչ գլամուր, փայլ ու թեթևություն մտցրեց մեր կյանքի մեջ: Հենց թեկուզ եթե հիշենք հեղափոխության այն կադրը՝ Աննան ու Նիկոլը վերևից թափվող փայլփլուն թղթիկների անձրևի տակ։ Ինչքան թեթևություն կա այդ նկարներում։ Հայկական ավանդական տառապանքի մեջ ամերիկյան երազանքի տարր մտավ՝ հավատ, որ յուրաքանչյուրս էլ մի օր կարող է արթնանալ իր երազանքի մեջ։ Եթե առաջ մեր կյանքը նման էր արտ-հաուզի, ապա հեփի-էնդով հոլիվուդյան ֆիլմի վերածվեց։
Ցավոք՝ համավարակը ընդհատեց այդ ֆիմը, և մենք հայտնվեցինք աղետ-ֆիլմի մեջ։ Հիմա ծանր է, հետո ավելի ծանր է լինելու, բայց ես հանգիստ եմ՝ մեր ժողովուրդը դարերով ձևավորված իմունային պատասխան ունի կյանքի դժվարություններին, մեր մշակույթը մեզ լավ է սովորեցրել գոյատևել, և այս ֆիլմն էլ մի օր կավարտվի։
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT