Երևան
12 °C
Պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում: Թեման հունվարի 29-ին թեժացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, երբ հայտարարեց, որ 8 ամսվա համար 14 մլն դրամ պարգեւավճար է ստացել: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, թե ակնկալում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կփորձեն պատասխանել՝ հիմնավո՞ր են եղել այդ պարգեւավճարները, ինչ են արել այդ պարգեւավճարներին արժանանալու համար:
«Պարգեւավճարն ընդունված է, եթե մարդիկ 12 ամիս աշխատում են եւ ստանում են 13-րդ աշխատավարձ, բայց եթե աշխատում են օպերատիվ եւ քրտնաջան: Դրա դեմ սրեր ճոճել պետք չէ, բայց նման թվերը իսկապես մտահոգիչ են: Ես այս պահին գնահատական չեմ տա, քանի որ «Իմ քայլը» հանդիպումներ է կազմակերպում աստղաբաշխական պարգեւավճարներ ստացած կառույցների ղեկավարների հետ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նման թվերով տրված եւ ստացված պարգեւավճարները կապ չունեն հեղափոխության գաղափարների հետ, քանի որ նրանք հեղափոխական շրջանում այլ թեզեր էին առաջ քաշում: «Նման թվերի ինքնապարգեւատրումները հասկանալի չեն: Մենք տեսնում ենք, որ խորհրդարանում գնում են խստագույն կրճատման, կրճատում են այն, ինչ հնարավոր է: Նույնիսկ մեր անհրաժեշտ գործիքները կրճատում են, բայց դա լուռ ընդունում ենք՝ հասկանալով, որ եթե պետք է կրճատել, ուրեմն պետք է կրճատել»:
Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անհրաժեշտություն չի տեսնում լսել «յոթանիշ» թվերով պարգեատրված պաշտոնյաներին: Իրենց կբավարարեն նաեւ «Իմ քայլը» խմբակցության պարզաբանումները: «Դատելով իրենց մի քանի պատգամավորների արձագանքից, իրենք եւս այդտեղ մտահոգություններ տեսնում են, թե՛ ՊԵԿ ղեկավարի, թե՛ Երեւանի քաղաքապետի կատարած պարգեւատրումների մասով»:
Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ վարչապետը տեղյակ է եղել ՊԵԿ ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետարանի նման պարգեւատրումներից: Մեր զրույցում նա կարծիք հայտնեց, որ հեղափոխական իշխանությունը գործել է նախկինների ավանդույթներով: «Նախկինում ավելի այլանդակ ավանդույթներ են եղել: Նախկինում եղել է, որ քարտուղարուհին կամ օգնականը ստացել են 8-9 մլն դրամ պարգեւավճարներ: Նորերը մտածել են, որ իրենք նախկինների համեմատ շատ ավելի համեստ պարգեւավճարային օպերացիա են իրականացնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ շեշտեց, որ պարգեւավճարների ընդհանուր եւ անհատական գումարների հրապարակումը չի կարող համարվել գաղտնի տեղեկատվություն:
6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորների եւ աշխատակազմի ղեկավարի ու տեղակալների 2018 թվականի դեկտեմբեր ամսվա պարգեւավճարը կազմել է 154 հազար ԱՄՆ դոլար: ՀԺ-ն Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա էլ մեծ գումար չէ՝ հաշվի առնելով երկրում առկա աղքատության ցուցանիշը: «Ես չեմ հիշում, որ մենք ամեն տարի դեկտեմբերին ստանանք 13-րդ աշխատավարձ: Այս տարի ստացել ենք միայն մեկ անգամ՝ մեկ աշխատավարձի չափով, եթե չեմ սխալվում 400 հազար դրամի չափով, սա չի եղել 3 մլն, 10 մլն կամ 14 մլն դրամ: Պատգամավորները մեկ անգամ են ստացել, իսկ աշխատակազմը՝ մի քանի անգամ, բայց համեստ գումարներ, նման անտրամաբանական թվեր չեն եղել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեր զրույցում հայտարարեց, որ պարգեւավճարների հետ կապված իշխանություններին քննադատելու առիթ հասարկությունն ունի, քանի որ անհամաչափ մեծ գումար են ստացել՝ կատարելով անհամաչափ փոքր աշխատանք: «Դավիթ Անանյանի դեպքը վառ օրինակ է: Սա վատ սկիզբ է, որովհետեւ, եթե նախկինները դա արել են, չի նշանակում, որ դա պետք է ընդունելի լինի: Չի կարելի հիմա նույնը կրկնել, քանի որ քաղաքացիները փողոց դուրս չեն եկել, որ կրկնեն հների դերը»:
Գորգիսյանը նշեց, որ այդ գումարները պետբյուջե վերադարձնելու մեխանիզմներ չկան, բայց, քանի որ այդ անձինք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ՝ պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն: «Դա կարող է լինել անգամ պաշտոնից հեռացում, կամ գոնե վարչապետի կողմից նկատողություն: Դա տեղին կլինի, մի քիչ էլ ուշանում է»:
«Հայկական ժամանակ»-ը Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունն անտարբեր ինքնապարգեւատրվածներին լսելու հարցում: Մասնվորապես, հունվարի 29-ին ՊԵԿ նախագահից պարզաբանումներ պահանջել է միայն «Իմ քայլը» իշխող խմբակցությունը: Սակայն հանդիպումից լրագրողներին մանրամասն պարզաբանում չի տրվել: «Մենք սպասում ենք նրանց պատասխանին, որովհետեւ բացահայտումը կա եւ հիմա գնդակը մեծամասնության դաշտում է, նրանք պետք է որոշեն, թե ինչ անեն նման պաշտոնյաների հետ: Իրենք պետք է ցույց տան՝ ինչն է իրենց համար ընդունելի, ինչը՝ ոչ, հասարակությունն էլ է սրան սպասում»,- ասաց Գորգիսյանը:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը եւս կարծում է, որ պետք է հստակ հիմնավորվի պարգեւավճարների ինստիտուտը: Պատգամավորը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ խորհրդարանական մակարդակով կառավարությանն առընթեր կառույցի ղեկավարը հրավիրվում է բացատրություններ տալու: «Եթե կա հասարակության դժգոհությունը, ուրեմն այդ ոլորտում մի բան այն չէ: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին: Այդ քննարկումները շարունակական են լինելու, առաջիկայում այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ են նախատեսվում, որպեսզի խնդիրը մանրամասն հասկանանք»:
Սիսակ Գաբրիելյանը միաժամանակ նշեց, որ պետական համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ տալն անհրաժեշտ է: «Եթե այդ պարգեւավճարները տրվում են նրա համար, որ պաշտոնյաներն ունեն հսկայական վարչարարություն եւ կարող են դրա արդյունքում ներգրավվել կոռուպցիոն սխեմաների մեջ, պարգեւատրումները կարող են զսպող մեխանիզմ լինել: Ես չեմ փոխել իմ տեսակետը, որ հասարակությունը ճիշտ էր՝ կարելի էր ձեր նշած ոչ թե 14 միլիոն դրամով, այլ 5 միլիոն դրամով զերծ մնալ կոռուպցիայից»:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս քննարկումների արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն եւ որեւէ անհիմն պարգեւատրում ծածկադմբոց չի լինելու: «Ամբողջացնելով այդ պատկերը՝ միգուցե լինեն քննադատական հայտարարություններ, միգուցե լինեն գործնական քայլեր՝ օրենսդրական մակարդակով: Միգուցե գանք այն եզրահանգմանը, որ պետք է պարգեւավճարների չափն օրենքով նվազեցվի:
«Իմ քայլ»-ից մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Գեւորգյանին էլ անհանգստացնում է այն հարցը, թե արդյո՞ք այդ գումարները, որ ստացել է ՊԵԿ ղեկավարը, շատ է, թե՝ քիչ: «Չկան չափորոշիչներ, թե ինչպես են գնահատվում պաշտոնյայի աշխատանքը, արժանի՞ էր այդ պարգեւավճարին, արժանի՞ չէ: Այդ պաշտոնատար անձն ասում է, որ արժանի է, քանի որ արդյունքներ է ապահովել՝ պետական բյուջեի մուտքերի մասով: Ամբողջ խնդիրը ծագել է չափորոշիչների բացակայության պատճառով: Կարող եմ հավաստիացնել, որ նախկինում շատ ավելի բարձր է եղել, ինչպես նաեւ փակ, գաղտնի ու ծրարներով: Այն ժամանակ, սակայն, այդպիսի աղմուկ չի եղել»:
Հայկ Գեւորգյանն ընդգծում է, որ առաջիկայում պարգեւավճարների մասին տեղեկատվությունը փակ չի լինելու: Ավելին՝ տեղեկատվությունն ավելի մանրամասնվելու է, որպեսզի բոլորն իմանա, թե պաշտոնյան ո՛ր եռամսյակում որքան պարգեւավճար ստացավ: Գեւորգյանը միաժամանակ կարծում է, որ պարգեւավճարների շուրջ բարձրացված աղմուկն ավելի շատ արհեստական է, քան՝ բնական: «Բնականն այն է, որ մարդիկ իմացան, որ այսպիսի պարգեւավճարներ կան, որոնք շատ ավելի մեծ են եղել, ավելի անհամարժեք են եղել, բայց այն ժամանակ աղմուկ չկար ու հիմա այսպիսի աղմուկ կա: Շատ բնական է, որ հասարակությանը սա հետաքրքրում է: Ակնհայտորեն կա նաեւ աղմուկի արհեստական մասը: Ինչ-որ մարդկանց մի խումբ՝ հայտնի աղբյուրներից սնվող, առավոտից արթնանում են ու սկսում են դրա մասին գրել: Տեսնում են, որ քննարկում ենք, լուծումներ ենք փնտրում, բայց դրա մասին օրը 20 անգամ գրելու իմաստը չկա»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս պահին պարգեւատրման չափորոշիչներ չկան, սակայն Դավիթ Անանյանը իրեն պարգեւատրել է 14 մլն դրամով, Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նա այս ամիսներին այդքան գումարի համապատասխան աշխատանք կատարել է: «Ես չեմ ուզի անձերի մասին խոսել, բայց ցանկացած պարագայում ամեն ինչ հանրության համար պետք է լինի ընկալելի, չափերի ու ծավալների մեջ: Իմ կարծիքով պաշտոնյաներից ամենաբարձր աշխատավարձը պետք է ստանա վարչապետը: Ամենաշատ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը նրա վրա է եւ պետք է չափորոշիչ սահմանվի, որ վարչապետից ավել ոչ մեկ բարձր աշխատավարձ չստանա, սա օրինակ է»:
Դիտարկումը, որ վարչապետը, Երեւանի քաղաքապետը հրաժարվել են ինքնապարգեւատրվելուց՝ այսպիսով ընդգծելով, որ իրենք հեղափոխության արժեքների կրող են, իսկ Դավիթ Անանյանը, որ հեղափոխությունից հետո պարզապես պաշտոն է ստանձնել, իր քայլով ընդգծում է, որ հեղափոխության արժեքների հետ աղերս չունի, Հայկ Գեւորգյանը հրաժարվեց մեկնաբանել: «Թույլ տվեք այս հարցը թողնել առանց պատասխանի»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT