Երևան
12 °C
Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը լրջագույն խնդիր է: Գործատուները հաճախ չեն դիմանում մարդուն շահագործելու գայթակղությանը, իսկ երբեմն էլ իրենց պարզապես ստրկատեր են զգում:
Վերջերս տեղեկացանք, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում անպատկերացնելի աշխատանքային գրաֆիկ է: Մարդիկ այստեղ աշխատում են ամեն օր՝ առանց հանգստյան շաբաթ-կիրակիների եւ առանց ամենամյա նվազագույն արձակուրդի:
Լուրը հավելյալ ճշտելու ընթացքում պարզեցինք նաեւ հետեւյալը. սուպերմարկետի հսկիչ-վաճառողները, որոնք աշխատավայրում անընդմեջ ոտքի վրա են, աշխատում են օրական 6.5-7 ժամ, ամենաբարձր վարձատրությունը գաստրոնոմում է՝ ամսական 90 հազար դրամ, կաթնամթերքի բաժնում՝ 80 հազար դրամ, մնացած բաժիններում՝ նպարեղեն, տնտեսական եւ այլն, 75 հազար: Եթե բերված թվերը բաժանենք ամսվա 30 օրերի վրա, ապա կստացվի, որ այս աշխատակիցները օրական ստանում են 2500-3000 դրամ:
«Հանգստյան օր չունենք: Եթե ուզում ենք գնալ, մեր հաշվին է դա»,- ասաց «Երեւան սիթի» սուպերմարկետի աշխատակիցներից մեկը: Արձակուրդ նույնպես չի տրամադրվում, բայց եթե աշխատողն, այնուամենայնիվ, ցանկանում է որոշ ժամանակով հանգստանալ, դարձյալ այդ օրերի համար չի վճարվում: «Արձակուրդը նույնպես մեր հաշվին է: Թույլատրվում է 14-15 օր՝ ամենաշատը»,- ասաց «Երեւան սիթիի» աշխատակիցներից մեկը: Սուպերմարկետի դրամարկղում աշխատանքային օրն ավելի երկար է՝ 8 ժամ: Փոքր-ինչ բարձր է նաեւ աշխատավարձը:
«Երեւան սիթիում» շաբաթական աշխատաժամանակը կազմում է 45.5-ից 56 ժամ:
Այլ սուպերմարկետներում աշխատողների իրավունքների պաշտպանվածության առումով իրավիճակը էապես չի տարբերվում վերը նկարագրվածից.
Օրինակ՝ «ՎԱՍ» սուպերմարկետներում աշխատանքային օրը 8.5 ժամ է (աշխատավարձը՝ 70 հազար դրամ): Հանգստյան օրերը՝ ամսվա մեջ 2-3 անգամ: Արձակուրդ չկա: Շաբաթական աշխատաժամանակը կազմում է 59.5 ժամ:
«Ծիրան» սուպերմարկետների ցանցում աշխատակիցներն աշխատում են ամեն օր՝ 8-ական ժամ: «Հանգստյան օր լինում է այն դեպքում, երբ որ «գիշեր ենք գալիս»: 15-օրը մեկ «գիշեր ենք գալիս»: Ե՛վ էդ օրն ենք ամբողջ ցերեկը տանը լինում, գիշերը ժամը 12-ին նոր գալիս գործի մինչեւ առավոտյան 8-ը, ե՛ւ մյուս օրն ենք տանը լինում: Որ քնենք, էլի: Երկու օր, փաստորեն, տանն ես լինում»,- սուպերմարկետում սահմանված աշխատանքային գրաֆիկը ներկայացրեց աշխատակիցներից մեկը: Շաբաթական աշխատաժամանակն այստեղ հիմնականում կազմում է 56 ժամ:
«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում աշխատանքային օրն ունի 8 ժամ: Շաբաթվա մեկ օրն աշխատողները հանգստանում են: Արձակուրդի իրավունք տրամադրվում է տարեկան մեկ անգամ՝ մեկ շաբաթով: Այդ ժամանակահատվածի դիմաց աշխատողները չեն վճարվում: Շաբաթական աշխատաժամանակը կազմում է 48 ժամ:
Վերոնշյալ սուպերմարկետներից առնվազն երկուսը կապվում են Ազգային ժողովի պատգամավորների, այսինքն՝ օրենսդիր մարմինը ներկայացնող անձանց անունների հետ: «Երեւան սիթին»՝ Սամվել Ալեքսանյանի, «ՍԱՍ» սուպերմարկետը՝ Արտակ Սարգսյանի: Մինչդեռ առեւտրի այս կենտրոններում աշխատակիցներին ներկայացվող աշխատանքային պահանջները խիստ հակասում են ՀՀ աշխատանքային օրենսգրքին:
Իրականում ինչ իրավունք ունեն տվյալ դեպքում սուպերմարկետների աշխատակիցները
Մեջբերենք մի քանի դրույթ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքից:
Հոդված 139. Աշխատաժամանակի տեւողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
Հոդված 144. Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները
...
2. Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում:
Հոդված 145. Արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը
1. Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետեւյալ բացառիկ դեպքերում, եթե`
1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.
2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, եւ եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.
3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետեւանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը.
4) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայողին այլ աշխատողով փոխարինելու համար.
5) կատարվում են բեռնման կամ բեռնաթափման եւ դրանց հետ կապված այլ աշխատանքներ` առաքման եւ նշանակման կետերում բեռների կուտակումը եւ տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար.
6) առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:
(Սուպերմարկետներն, ինչպես տեսնում ենք, բացառությունների մեջ չեն տեղավորվում):
Հոդված 155. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը
...
5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
...
6. Հանգստյան օրերին աշխատողներին արգելվում է ներգրավել աշխատանքներում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումը արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաեւ անհետաձգելի նորոգման, բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հոդված 158. Ամենամյա արձակուրդը
1. Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը:
Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
Ահա օրենքի դրույթները: Բայց ո՞վ պետք է հետեւի, թե Հայաստանում որքանով են պաշտպանվում աշխատողների իրավունքները: Համապատասխան պետական մարմին գոնե առայժմ գոյություն չունի, եւ միակ այլընտրանքը, որի միջոցով կարող են աշխատողները խնդրի լուծում ակնկալել, դատարանն է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը 2013 թվականին միավորվեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ: Միացյալ՝ առողջապահական պետական տեսչությունը նախորդ տարի դարձավ տեսչական մարմին, բայց դրա կանոնադրական գործառույթների մեջ չեն մտնում աշխատանքի իրավունքի նկատմամբ վերահսկողությունը: Առողջապահության նախարարության այս ստորաբաժանումը միայն իրավունք ունի վերահսկողություն իրականացնել աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառում:
Առանց հանգստի աշխատող մարդը կարող է ձեռք բերել ցանկացած հիվանդություն
ՀՀ գլխավոր նեւրոպաթոլոգ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մեր խնդրանքով անդրադառնալով այն հարցին, թե մարդու առողջության համար ինչ վտանգ կարող է ներկայացնել առանց հանգստի աշխատանքը, ասաց.
«Յուրաքանչյուր մարդու օրգանիզմ ունի իր ռեզերվը, որը վերականգնվում է աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ որ նա հանգստանում է: Բայց այդ ռեզերվը անսահման չէ: Ուշ թե շուտ գալիս է ժամանակ, երբ ռեզերվը սպառվում է: Դա կարող է տեղի ունենալ, երբ մարդը կատարում է ծանր աշխատանք եւ չի հասցնում վերականգվել հանգստյան 10-12 ժամվա ընթացքում, կամ եթե երկար տարիներ աշխատում է առանց հանգստյան օրերի: Այսինքն՝ ամեն օր գնում է գործի: Եթե ռեզերվը սպառվում է, թուլանում է մարդու իմունիտետը, այսինքն՝ պաշտպանողական ֆունկցիան: Այդ դեպքում նրա մոտ կարող է առաջանալ ցանկացած հիվանդություն: Նույնիսկ գրիպը (որն, իրականում իհարկե թեթեւ հիվանդություն չէ), տանում է ավելի ծանր: Եթե սովորական մարդու գրիպը մեկ շաբաթում կամ տասն օրում լավանում է, թույլ իմունիտետ ունեցողը կարող է երկու-երեք շաբաթ լինել գրիպոզ վիճակում, ջերմել եւ այլն»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Բայց, ըստ նրա, առաջին հերթին ի հայտ են գալիս հոգեբանական խնդիրներ ու դեպրեսիվ վիճակ:
«Այդ մարդիկ ընկնում են դեպրեսիայի մեջ: Նրանց մոտ զարգանում է մշտական ցավային համախտանիշ, հիմնականում՝ գլխացավ, բայց կարող է եւ մարմնի տարբեր մասերում ունենան մշտական ցավեր՝ առանց որեւիցե օրգանական ախտահարման: Տրամադրության անկում է տեղի ունենում: Մարդը չի կարողանում նորմալ շփվել իր շրջապատի հետ, ջղային է լինում, անտարբեր է դառնում ամեն ինչի նկատմամբ: Գրականության մեջ նկարագրվում է, որ նույնիսկ սիրող ամուսինների բաժանություններ են լինում: Բնականաբար, նաեւ սկսվում են արյան ճնշման տատանումներ, իսկ դա ռիսկի գործոն է ինֆարկտի եւ ինսուլտի համար»,- շարունակեց հանրապետության գլխավոր մասնագետը:
Նա նկատեց, որ զարգացած երկրներում՝ թե՛ պետական եւ թե՛ մասնավոր օղակներում, աշխատողներին արձակուրդ են ուղարկում պատադիր կերպով, որովհետեւ հասկանում են՝ առանց ուժերը վերականգնելու նա երկար ու արդյունավետ աշխատել ի վիճակի չէ:
«Առանց հանգստի աշխատելու դեպքում առաջ է գալիս խրոնիկ հոգնածության համախտանիշ, մարդիկ չեն կարողանում իրենց պոտենցիալը իրացնել: Աշխատանքի վայրում սկսում են թերի աշխատել, որովհետեւ այլ կերպ պարզապես չեն կարողանում: Դառնում են պակաս ընկալունակ: Մեզ մոտ պարտադիր ձեւով ոչ ոք արձակուրդ չի ուղարկում, կարողանո՞ւմ ես, աշխատիր, աշխատիր, աշխատիր, մինչեւ որ մի օր այդ մարդը գալիս, ասում է՝ այլեւս ի վիճակի չեմ ընդհանրապես: Չհաշված այն, որ շաբաթ-կիրակի մեզ մոտ պարտադիր հանգիստ չկա, մարդիկ այդ օրերին էլ կարող են գնալ գործի: Եթե նույնիսկ չեն գնում, նրանց կարող են կանչել եւ նրանք չեն կարող չգնալ»,- մերօրյա իրականությունից խոսեց բժիշկը:
Ինչ վերաբերում է հարցին, թե իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հիվանդությունն ակնհայտորեն առաջացել կամ զարգացել է անդադար աշխատանքի հետեւանքով, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ քիչ հիվանդներ են իրենց առողջական խնդիրները կապում գերհոգնածության հետ: Օրինակ, ըստ նրա, երբ ինսուլտի կապակցությամբ դիմած մարդիկ տարբեր գանգատներ ու հնարավոր պատճառներ են նշում, երկարատեւ զրույցի ընթացքում պարզվում է, որ մարդը տարիներ շարունակ աշխատել է առանց հանգստի:
Հ.Գ. Սուպերմարկետներում աշխատողների աշխատանքային իրավունքների ոտնահարման խնդրի առնչությամբ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գլխամասային գրասենյակներից: Վերը նշված չորս սուպերմարկետներից եւ ոչ մեկի դեպքում դա չհաջողվեց: «Սփյուռ» տեղեկատուում ներկայացված հեռախոսահամարները չէին պատասխանում, բացառությամբ «ՍԱՍ» սուպերմարկետի: Այստեղից, սակայն, երկու անգամ ասացին, որ համապատասխան աշխատակիցը տեղում չէ:
Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT