Երևան
12 °C
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
Կապիտալ շինարարական ծրագրեր
Քաղաքաշինության կոմիտեն 2025թ. համակարգել է 101 շինարարական, 71 նախագծային ենթածրագրեր։ Իրականացվել են 20.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ` 2024թ.-ից 5 մլրդ դրամով ավելի։
Քաղաքաշինական նորմերի մշակում և արդիականացում
Կոմիտեն սկսել է ԵՄ նորմերի տեղայնացման փուլային գործընթաց։ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը», որի համաձայն՝ կառուցապատողներն իրենց ընտրությամբ կարող են տվյալ ծրագրի շրջանակում ՀՀ ազգային նորմերի փոխարեն առաջնորդվել տեղայնացված ԵՄ նորմերով։
Զուգահեռաբար կոմիտեն պատվիրել է քաղաքաշինական 25 ազգային նորմերի մշակում, որոնք վերաբերում են շինհրապարակների կազմակերպմանը, ավտոկայանատեղերին և ավտոլիցքավորման կայանների հրդեհային անվտանգությանը, հիդրոտեխնիկական թունելներին, օդանավակայաններին, ճանապարհաշինությանը, շինարարական աշխատանքների տևողությանը, շինարարական կոնստրուկցիաների հուսալիությանը և այլն։
«Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը նվազագույնի հասցնելու նպատակով «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով սահմանվել են փոշենստեցման միջոցառումների, օդի մաքրման համակարգերի և արդի այլ տեխնոլոգիաների կիրառման պահանջներ»,-տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կատարվել են հրդեհային անվտանգության բրիտանական նորմերի մասնագիտական թարգմանության և առաջիկայում դրանց տեղայնացման աշխատանքներ:
Երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմերում առավել խիստ պահանջների սահմանման և արդի տեխնոլոգիաների կիրառության շնորհիվ բարձրացվել է կրթական և առողջապահական կազմակերպությունների շենքերի սահմանային հարկայնությունը։
Հաստատվել է «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը», որը հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն՝ շինհրապարակում աշխատող օտարերկրացիներին ևս իրազեկելու նպատակով։
Կառավարության ծրագրով կառուցվող դպրոցները հետագայում ճիշտ շահագործելու նպատակով Կոմիտեի համակարգմամբ մշակվում է դպրոցների շենքերի շահագործման մեթոդական ուղեցույց։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մշակվել ու հաստատվել են «Կանաչ շենքերի նախագծման» ուղեցույց և «ՀՀ-ում նոր կառٳցվող և վերակառٳցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի պատող կոնստրٳկցիաների ջերմաﬔկٳսացման տեխնիկական լٳծٳﬓեր» խորհրդատվական ձեռնարկ։
Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման աղետալի դեպքերից հետո կոմիտեի պատվերով մշակվել են «Մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը»։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գործարանային արտադրության տարրերից տեղում մոնտաժել կամուրջներ։
Շինարարության քաղաքականության բարելավում
Հաստատվել է «Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը», որով սահմանվել են բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների անձնագրավորման նպատակների, իրականացման ժամկետների, պատվիրատուների և կատարողների վերաբերյալ պահանջներ։ Բացի այդ, հաստատվել են անձնագրավորման մեթոդաբանությունը և անձնագրերի օրինակելի ձևերը։ Այդպիսով, քաղաքացիներն ամբողջական տեղեկատվություն կունենան իրենց շենքի երկրաշարժադիմացկունության, էներգաարդյունավետության, ինժեներական համակարգերի, նաև խնդիրների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։
Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումներով։
Հաստատվել է նաև «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը»։
Կառավարության կողմից հաստատվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա հանրային տարածքներում կայանների տեղադրման պարագայում։
Հայաստանում 5G ցանցի ներդրմանն աջակցելու նպատակով շարժական կապի օպերատորների առաջարկով պարզեցվել են բջջային կապի բազային կայանքների տեղադրման քաղաքաշինական ընթացակարգերը։
Շինարարության գնագոյացում
Կառավարության որոշմամբ ընդունվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն՝ խորհրդային տարիներից գործող մեթոդաբանության փոխարեն։ Քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքը որոշվելու է ընթացիկ գների հաշվառմամբ։ Վերացել է նախագծային փաստաթղթերի շրջանակներում նախահաշիվների կազմման պարտադիր պայմանը։ Շինարարական աշխատանքների գնահատումը և բյուջետային կանխատեսումներն իրականացվելու են խոշորացված ծախսերի միավոր արժեքների և անալոգային օբյեկտների տվյալների կիրառմամբ, նախագծային փաստաթղթերում ներառվելու են մանրամասն տեխնիկական մասնագրեր։ Այդպիսով մրցույթի մասնակիցները կկարողանան ներկայացնել իրական առաջարկներ, իսկ պատվիրատուների համար ծրագրերը կդառնան ավելի վերահսկելի։
Հարդարման աշխատանքներ (white box)
Բնակարան ձեռքբերողների շահերի պաշտպանությունից ելնելով՝ սահմանվել է բազմաբնակարան շենքերում ներքին հարդարման նվազագույն չափորոշիչների ապահովման պարտադիր պահանջ։ «Եթե մինչ այժմ կառուցապատողն էր որոշում՝ ինչ վիճակով բնակարանը հանձնել գնորդին, ապա այսուհետ կգործի միասնական մոտեցում, այլապես ավարտական ակտ չի տրամադրվի։ Դա կկանխի նաև փոշի առաջացնող աշխատանքների կատարումը շենքը շահագործման հանձնելուց և տարբեր ժամանակներում բնակեցվելուց հետո»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նաև ներքին հարդարման նվազագույն աշխատանքների ցանկը։
Քաղաքաշինական գործընթացների կանոնակարգում
Հանրապետության գրեթե ողջ տարածքն ապահովված է տարածական պլանավորման փաստաթղթերով: Բոլոր մարզերի 971 բնակավայրեր արդեն ունեն հաստատված գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր։ Լրամշակման փուլում են միայն Արարատի մարզում մեկ բնակավայրի և Սյունիքի մարզում 3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։
2026-ի առաջնահերթություններով նախատեսվում է աջակցել համայնքներին՝ ՀՀ Կառավարության օժանդակությամբ ունենալու գոտևորման փաստաթղթեր 15 000 և ավելի բնակչությամբ բնակավայրերի ամբողջ տարածքի համար, քանի որ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում դրանք մշակվում են միայն տարածքի մի մասի համար։
Երկրի մակարդակն ընդգրկող տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հաստատվել է Կառավարության որոշմամբ։ Բուն նախագծի մշակումը ներառվել է 2026թ. պետական բյուջեի առաջնահերթությունների ցանկում։
Կոմիտեի համակարգմամբ մշակվել է «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ շուրջ 2․8 կմ երկարությամբ և 6․5 մ լայնությամբ ճեմուղու նախագծման մշակման աշխատանքների նախագիծը, որի իրականացումը նախատեսված է 2026 թվականին։
Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցում, հստակեցում
Ներդրվել է պարզեցված ընթացակարգ մինչև 300մ2 մակերեսով անհատական բնակելի տների կառուցման դեպքում, ինչը լրացուցիչ խթան կլինի հատկապես մարզերում շինարարության ակտիվացման համար։ Ընդ որում, հնարավորություն է ստեղծվում թվային հարթակում ինքնաշխատ ձևավորել ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և վերջում՝ ավարտական ակտը։ Ավելի պարզ պահանջներ են սահմանվել նաև նախագծման և շինարարության փուլերում։
Նախատեսվում է բազմամասնաշենք համալիրների դեպքում ավարտական ակտի ստացման և շահագործման հնարավորություն ստեղծել փուլային եղանակով՝ մասնաշենք առ մասնաշենք։
Առավել անվտանգ և ապահով քաղաքաշինական գործունեության նկատառումով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՃՀԱ-ի տրամադրումից հետո՝ նախքան շինարարության թույլտվությունը, շինարարական նորմերի փոփոխության դեպքում մշակված նախագծային փաթեթը համապատասխանեցվի նոր նորմերին։ Իսկ հատուկ տեխնիկական պայմաններ ենթադրող նախագծերը հաստատվեն մասնագիտացված խորհրդի կողմից։
Սահմանվել են նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության սեղմ ժամկետներ։ Հստակեցվել է դիտողությունների ներկայացման ձևաչափը՝ բացառելով ոչ հիմնավոր, կամայական դիրքորոշում տալու հնարավորությունը։ Հստակեցվել են կրկնակի համալիր փորձաքննության ներկայացնելու պարտադիր դեպքերը։
Պարզեցվել և հստակեցվել են հաստատված գլխավոր հատակագծերում առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների փաթեթի կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջներն ու գերատեսչությունների լիազորությունները։ Որոշ հողամասերի համար սահմանվել է պարզեցված ընթացակարգ։ Այս գործընթացները ևս իրականացվելու են թվային հարթակում։ Բացի այդ, ներդրումային ծրագրերի դեպքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվելու են հանրության գերակա շահ ճանաչելու հետ համատեղ նույն որոշման շրջանակում։
Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում։ «Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար նախատեսված ընդհանուր 40% առավելագույն ցուցանիշը՝ կառուցելով միայն բնակելի տո՞ւն, թե՞ նաև օժանդակ շինություններ (օրինակ՝ ավտոտնակ, անասնագոմ)՝ իրենց համար նախընտրելի համամասնությամբ, եթե հողամասն առնվազն 400 քմ է»,-նշել է Ե.Վարդանյանը։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում կա 400 քմ-ից պակաս մակերեսով ավելի քան 50 000 հողամաս՝ մշակվել է լրացուցիչ ընթացակարգ՝ քաղաքացիներին հնարավորություն տալու այդ հողամասերում ևս իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
Ճանապարհամերձ հատվածում կառուցապատումը կանոնակարգելու նպատակով լրացումներ են նախատեսվել գործող կարգում։ Ընդ որում, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անարգել օգտագործման, հարակից տարածքների գեղագիտական տեսքի պահպանման նպատակով արդեն մշակվել են ճանապարհամերձ օբյեկտների, օրինակ՝ բենզալցակայանի, հանրային սննդի օբյեկտի բազմակի օգտագործման էսքիզային նախագծեր։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կմեկնարկի աշխատանքային նախագծերի ձեռքբերումը։
Կոմիտեի կայքում հրապարակվել է գյուղական բնակավայրում բնակելի տան համար հատկացված հողամասում փոքրածավալ անասնաշենքի կառուցման ուղեցույց։
Քաղաքաշինական գործընթացների թվայնացում
«Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում։ Թվային հարթակին այլընտրանք կամ վերադարձ թղթային եղանակին չի լինելու»,-հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ 2025թ. հունվարի 1-ից բոլոր մարզերում և Երևանում կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban-permits.e-gov.am հարթակով։
Թվային հարթակ է տեղափոխվելու նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը։ Կառավարության որոշմամբ կարգը հաստատվել է, էլեկտրոնային համակարգում գործարկումը նախատեսվում է 2026թ. երկրորդ կեսին։ Թվային հարթակում գործելու է նաև պետական համալիր փորձաքննության գործընթացը։
Եղիազար Վարդանյանի բնորոշմամբ՝ թվայնացման ամենամասշտաբային քայլերից է լինելու քաղաքաշինական կադաստրի ստեղծումը՝ ՀՀ բոլոր բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի տեղափոխումը տեղեկատվական համակարգ և ինտեգրումն ազգային գեոպորտալին։ Տարվա ընթացքում պիլոտային եղանակով ազգային գեոպորտալին արդեն ինտեգրվել են Տավուշի մարզի բոլոր բնակավայրերի քաղաքաշինական գոտևորման նախագծերը, նաև 17 բնակավայրի գլխավոր հատակագծերը։ Ինտեգրվել են նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։
Քաղաքաշինական կադաստրի ստեղծմամբ հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և կառուցապատման չափորոշիչների մասին։ Արդյունքում, աստիճանաբար կվերանա ՃՀԱ-ի ստացման անհրաժեշտությունը։
Թվայնացման հաջորդ փուլը ներառելու է շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։
Քաղաքաշինական գործունեության իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում, վարկանիշավորում և մոնիթորինգ
Քաղաքաշինական գործունեության որակի գնահատման նպատակով Կառավարության որոշմամբ հաստատվել է լիցենզավորված անձանց վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը։ Այս տարի կիրականացվեն համապատասխան ծրագրավորման աշխատանքներն urban.e-gov.am համակարգում։ Յուրաքանչյուր դասի լիցենզիա ունեցող կազմակերպությունների համար առանձնացվել է վարկանիշավորման 4 խումբ։ Առաջին 3 աստիճանի վարկանիշը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով, միայն 4-րդ աստիճանի՝ բարձրագույն վարկանիշը՝ նաև հանձնաժողովի գնահատմամբ։
Առաջին անգամ սահմանվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետների էթիկայի կանոնները։
Քաղաքաշինական գործունեության տեսակներում ներառվել է «Ինժեներական գեոդեզիա» ենթատեսակը և հստակեցվել մասնագետների ընտրության ընթացակարգը:
Մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրերը համալրվել են քաղաքաշինության բնագավառի կրթական նոր ծրագրերով և մասնագիտացումներով։
Քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակների համար հաստատվել են գործելակարգեր և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր, որոնցով կանոնակարգվում են ոլորտի ընկերություններին և պատասխանատու մասնագետներին ներկայացվող պահանջները:
Բնակարանային ֆոնդի կառավարման և զարգացման ծրագրեր
2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով սահմանվել են նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները և մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։
«Կառուցապատողներին ուզում եմ իրազեկել, որ շենքը շահագործման հանձնելուց հետո՝ մինչև շինության սեփականատերերը կընտրեն կառավարման մարմին, կառուցապատողը պետք է ընտրի շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման ձև և կառավարման մարմին: Այնուհետև կառավարման մարմնին պետք է փոխանցի շենքի նախագծային փաստաթղթերը»,-հայտնել է Եղիազար Վարդանյանը:
Կարևոր սահմանափակում է նախատեսված. կառուցապատողը չի կարող առանձնացնել և օտարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները, սարքավորումները, դրանց տարածքները և այլն ինչպես շենքի կառուցման ընթացքում, այնպես էլ հետո: Իսկ ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումը կարող է իրականացվել միայն այդ պահին գնման իրավունք կամ սեփականության իրավունք ձեռք բերած անձանց գրավոր համաձայնությամբ։
Հուլիսից ուժի մեջ են մտել բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար մասնագիտական որակավորման պահանջներ սահմանող օրենսդրական կարգավորումները։ Հաստատված են գիտելիքների ստուգման հարցաշարը, վկայականի ձևը, հանձնաժողովի աշխատակարգը և այլն։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ներկայացրել է դասընթացների անցկացման ծրագիր։
Քաղաքաշինության կոմիտեն և Ազգային ժողովի պատգամավորները համատեղ մշակել և առաջիկայում պատգամավորական նախաձեռնության եղանակով շրջանառելու են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի նախագիծ, որով կարգավորվում են, օրինակ, սեփականատերերի կողմից կատարվող վճարների կառուցվածքի և նվազագույն շեմի, չվճարման դեպքում արտադատական մեխանիզմների ներդրման, շենքերի մասին տեղեկատվության հավաքագրման, վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ հարցերը։
Բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծման նպատակով կոմիտեն մշակում է համակարգային լուծումներ, որոնք դրված են ռենովացիայի գաղափարի հիմքում։ Մշակված առաջարկների շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:
Կապիտալ շինարարական ծրագրերի իրագործմանն ուղղված բարեփոխումներ
Գնահատելով քաղաքաշինական ծրագրերում կիրառված առավել արդյունավետ մոտեցումները՝ մշակվել է նախագծային լուծումների օրինակելի տարբերակ՝ շինարարական ծրագրերում առաջնորդվելու համար։ Կոմիտեն հետևողական է եղել նաև արդեն շահագործվող օբյեկտների տեխնիկական պատշաճ վիճակի պահպանման նկատմամբ՝ կապալառուներին հիշեցնելով երաշխիքային սպասարկման ժամկետում խնդիրները կարգավորելու իրենց պարտականությունը։
Փորձի վերլուծության շնորհիվ աշխատանքների որակի բարելավման նպատակով հնարավորություն է ստեղծվել շինարարության փուլում պատվիրատուի առաջարկությամբ տիպային նախագծում կատարել կոնստրուկտիվ փոփոխություններ կամ փոխարինել ավելի որակյալ և ժամանակակից նյութերով ու սարքավորումներով։
Հստակեցվել են «պայմանագրի սկզբնական գին» հասկացությունը և պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվում ներառվող նոր աշխատանքային ծավալների պայմանագրային գնի որոշման մոտեցումները: Հստակեցվել են նաև 0 նիշից վերև՝ տիպային նախագծի և 0 նիշից ներքև ծավալների գների հաշվարկմանն առնչվող տարընթերցումները։
Առավել ճկուն մոտեցում ցուցաբերելու հնարավորություն է ամրագրվել վերանորոգման ծրագրերի պարագայում, երբ պատվիրատուի առաջարկով անհրաժեշտ է լինում կատարել ծավալների ճշգրտումներ և ավելացումներ՝ աշխատանքները կազմակերպելով օպերատիվ։
Շոշափելի բարեփոխումներ են կատարվել՝ շինարարական աշխատանքների ֆինանսավորման և կատարման ընթացքն արագացնելու նպատակով։ Քանի որ գործնականում կատարվում են պայմանագրի նախահաշվում ներառված ծավալներից ավելի շատ աշխատանքներ, ստեղծվել է դրանք պատվիրատուի հետ համաձայնեցնելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու առավել պարզ ընթացակարգ։
Միջազգային համագործակցություն
Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ իրականացրել ենք «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագիրը։ Կորեայի փորձագետները մշակել են ամփոփիչ զեկույց՝ ներառելով Հայաստանի կանաչ քաղաքաշինության զարգացման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկներ։
2026թ. էներգաարդյունավետության բնագավառում նախատեսվում են ծրագրեր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Իրանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրվեցի ԵԽԽՎ-ում Ալդե փոխնախագահ․ Սոնա Ղազարյան
Բարձր ենք գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային, համաշխարհային կայունության ապահովման գործում․ փոխվարչապետ
Ուկրաինային ճաշին պիտի ուտեին, մեզ՝ դեսերտին, բայց ատամները ջարդվեցին, ու հիմա ոռնում են. Մեհրաբյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Կարապետյանները պռակատով վարչապետ են բերելու և ստվերային կառավարեն. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել․ ինչ է ասվում Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հատվածներում
Արայիկ Հարությունյանը գրառում է արել՝ Սյունիքից և Վայոց ձորից վերադառնալուց հետո
Մեկնարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ստրասբուրգ
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ․ ավարտից հետո ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության․ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է կոմիտեի 2025-ի գործունեությունը․ ինչ արձանագրումներ կան
Համընթաց ենք աշխարհի նորարարություններին․ Ավանեսյանը հետևել է ռոբոտի մասնակցությամբ վիրահատության ընթացքին
Ջրային կոմիտեն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը․ մշակվելու է ջրային ոլորտի ռազմավարական ծրագիր
Բուլղարիայի Ազգային ժողովի պատվիրակությանն է ներկայացվել «ԹՐԻՓՓ ուղի»-ն
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի
20 մլն դրամ պետբյուջեից՝ Երիցվանքի պեղումների և վերականգնման նախագծի համար․ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանի՝ զինապարտության վերաբերյալ քրեական վարույթից․ մանրամասներ
Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև կնքված Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ
Վերահաստատվել է ՍԴՀԿ աջակցությունը Կառավարության քաղաքականությանը․ վարչապետն ընդունել է Համբիկ Սարաֆյանին
Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ֆիզիկական երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Ռուբինյան
2268 տուն՝ նախկին իշխանությունների օրոք դատարկված սահմանամերձ գյուղերում․ Հայաստանը սկսվում է այդ գյուղերից
Մարգարիտա Սիմոնյանը՝ առանց կեղծամի. նա պայքարում է քաղցկեղի դեմ․ լուսանկար
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն․ քննարկվել է ՊՆ 2025-ի հաշվետվությունը
Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա կինը հայտնաբերվել է
Առուշ Առուշանյանի հայրն անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին
Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ
Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե
Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան
2025-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ
Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է
Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
Մահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT