Շոշափելի արդյունքներ չկա՞ն. ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը մի քանի ժամ. հանդիպման բոլոր մանրամասները

16/08/2025 schedule10:50

Դոնալդ Թրամփը երկար տարիներ անց առաջին անգամ հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ. Ռուսաստանի նախագահին Անքորիջի ամերիկյան ռազմաբազայում սպասում էին կարմիր գորգը, պատվավոր ուղեկցորդուհին և Սպիտակ տան ղեկավարի ծափահարությունները:

Երեք ժամ տևած բանակցությունները Ուկրաինայում կրակի դադարեցման որևէ խոստում չտվեցին, բայց դրանք թույլ տվեցին Պուտինին վերադառնալ համաշխարհային ասպարեզ։

Վերջում Թրամփը նշեց, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և խորհուրդ է տվել Վլադիմիր Զելենսկիին համաձայնել գործարքի, որի պայմանները չեն հրապարակվել:

BBC-ն, օրինակ, հանդիպման հաջողությունը տեսնում է միայն այն փաստի մեջ, որ Թրամփը և Պուտինը չեն հայտարարել, թե իրենք որոշել են Ուկրաինայի ճակատագիրը։ Կա՛մ շոշափելի արդյունքներ չկան, կա՛մ էլ ամենակարևոր մանրամասները խնամքով թաքցված են:

Կարմիր գորգ և ծափահարություններ, ուրախ նախագահ

Վլադիմիր Պուտինը Անքորիջից դուրս եկավ լավ տրամադրությամբ: Նա չէր հանդիպել Ամերիկայի նախագահի հետ 2021 թվականի ամռանից, չի եղել Միացյալ Նահանգներում 2015 թվականից և վերջին մի քանի տարիների ընթացքում չի կարողացել հայտնվել աշխարհի մեծ մասում՝ որպես ռազմական հանցագործություններ կատարելու կասկածյալ: Դոնալդ Թրամփը նրան հրավիրեց կրկին վերադառնալ համաշխարհային ասպարեզ։

Ռուսաստանի նախագահին կարմիր գորգով են դիմավորել ամերիկյան ռազմաբազայում, ԱՄՆ նախագահը մի քանի անգամ ծափահարել է նրան (չնայած Սպիտակ տան մամուլի ծառայությունը հետագայում սոցիալական ցանցերում կտրել է այս կադրերը իրենց տեսանյութից):

Թրամփն այնքան ուրախ տեսք է ունեցել կադրերում, որ դժվար է հավատալ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նա սպառնում էր Պուտինին նոր պատժամիջոցներով՝ ներկայացնելով վերջնագրեր՝ սկզբում 50 օրով, ապա տասը օրով՝ ասելով, որ իր համբերությունը գրեթե սպառվել է։

Իրականում Թրամփի օրոք ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ որևէ նոր սահմանափակումների փաթեթ չի ներկայացրել. նրանք չեն աջակցել ո՛չ ներխուժման տարելիցի կապակցությամբ փետրվարյան G7-ի սահմանած պատժամիջոցներին, ո՛չ Մեծ Բրիտանիայի նոր սահմանափակումներին, ո՛չ էլ հուլիսին Եվրամիության կողմից հաստատված ռուսական նավթի գնի գնիջեցմանը։

Ամերիկացի դեմոկրատները կծու կերպով նշել են, որ Թրամփը «որոշել է Կիևի վրա ռուսական հարվածներին պատասխանել սոցիալական ցանցերում գրառմամբ»։ 

Արդյունքը՝ անորոշ

Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ, չնայած Պուտինի հետ հանդիպման մեկնող իր ինքնաթիռում ԱՄՆ նախագահն ասել է, որ եթե հրադադար չլինի, ինքը դժգոհ կլինի։

Երեք ժամ տևած բանակցություններից հետո Թրամփը վերադարձել է Վաշինգտոն առանց որևէ հստակ արդյունքի։

«Համաձայնություն գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ այն ձեռք է բերվում»,- ասել է նա բանակցություններից հետո․ սա կարելի է մեկնաբանել որպես խոստովանություն, որ ինքը և Պուտինը չեն կարողացել համաձայնության գալ հրադադարի շուրջ։

«Մենք դեռ այդ կետին չենք հասել»,- ավելացրել է Դոնալդ Թրամփը։

Հանդիպումից հետո Թրամփը հարցազրույց է տվել Fox News-ին, մի փոքր պարզաբանել իր դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է «լուծել խնդիրը», և Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնության։ Թրամփը չի նշել, թե որոնք են այս համաձայնագրի պարամետրերը կամ ինչի է համաձայն Պուտինը։

Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ «հիմա դա կախված է նախագահ Զելենսկիից»։

Ամերիկայի նախագահը պատրաստ է կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը արդեն հաջորդ շաբաթ։ «Հենց հիմա նրանք (Ռուսաստանն ու Ուկրաինան) պատրաստվում են կազմակերպել նախագահ Զելենսկիի և նախագահ Պուտինի հանդիպումը։ Եվ ես չեմ կարծում, որ ես նույնիսկ խնդրել եմ նրանց դա անել։ Ոչ թե ես ուզում եմ այնտեղ լինել, այլ ուզում եմ համոզվել, որ դա կիրականացվի»,- ասել է Թրամփը։ Այս խոսքերից անհասկանալի է, թե ով է կազմակերպում հանդիպումը՝ Մոսկվա՞ն, թե՞ Կիևը։

Ըստ Թրամփի՝ Ռուսաստանը հզոր երկիր է, Ուկրաինան՝ ոչ

Հանդիպման արդյունքներով Թրամփը նաև ասել է, որ ինքը և Պուտինը մեծ մասամբ համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում, ինքը խորհուրդ է տալիս Զելենսկուն Պուտինի հետ համաձայնության գալ, քանի որ «Ռուսաստանը շատ հզոր երկիր է, իսկ նրանք՝ ոչ», գրում է BBC-ն:

«Լավ լուրն այն է, որ Ուկրաինայի համար վատ գործարք չի եղել, և լավ լուրն այստեղ է ավարտվում»,- ասել է ամերիկացի վետերան դիվանագետ Դանիել Ֆրիդը, որը 40 տարի աշխատել է Պետդեպարտամենտում՝ այդ թվում՝ վերահսկելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:

Ֆրիդի խոսքով՝ խնդիրն այն է, որ Պուտինը որևէ զիջման չի գնացել, Ռուսաստանը պատրաստ չէ գործարքի։

Ասուլիսի փոխարեն մամուլի համար հայտարարություններ

Նախագահների հանդիպման համար Անքորիջ ուղևորված լրագրողները սպասել են մամուլի ասուլիսի: Վլադիմիր Պուտինը գրեթե չի շփվել Ալյասկայում ներկա գտնվող անկախ թղթակիցների հետ, սակայն Ռուսաստանի նախագահը, բացելով համաժողովը, կարդացել է իր երկար ելույթը թղթից՝ Թրամփին գովաբանելով։

Պուտինը կրկնել է Թրամփի հայտնի խոսքերն այն մասին, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, պատերազմ չէր լինի։

«Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ սա, քանի որ ընդհանուր առմամբ նախագահ Թրամփի հետ մենք շատ լավ, գործնական և վստահելի շփում ենք հաստատել։ Եվ ես բոլոր հիմքերն ունեմ հավատալու, որ այս ճանապարհով շարժվելով՝ մենք կարող ենք հասնել և որքան շուտ, այնքան լավ Ուկրաինայի հակամարտության ավարտին»,- ասել է Պուտինը։

Ի պատասխան՝ Թրամփը մի քանի անգամ իր գործընկերոջը անվանել է ծանոթ ձևով՝ պարզապես Վլադիմիր։

Դոնալդ Թրամփը ասել է, որ հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում, և մի քանի էական կետով բանակցություն է կայացել: 

«Դեռ ամբողջական ըմբռնում չկա: Ես կզանգահարեմ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի ղեկավարներին, Զելենսկուն: Շնորհակալ եմ մեր պատվիրակության անդամներին և այստեղ նստած գործարարներին: Մենք իսկապես կցանկանայինք հնարավորինս շուտ ավարտել այս հակամարտությունը: Այսօր մենք արձանագրեցինք զգալի առաջընթաց: Ես Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Միասին բազմաթիվ բարդ և շատ լավ հանդիպումներ ենք անցկացրել: Անդրադարձել ենք կեղծ նորություններին՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին: Խաղաղ կարգավորման լավ հնարավորություն է ստեղծվել, բայց խաղաղության դեռ չենք հասել: Շնորհակալ եմ նախագահ Պուտինին և նրա թիմին՝ այդ ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Յուրաքանչյուր շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում: Նախագահ Պուտինը կցանկանար ավարտել այս հակամարտությունը: Շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն նախագահ, հույս ունեմ կրկին հանդիպել ձեզ հետ մոտ ապագայում»,- ասել է Դոնալդ Թրամփը: 

Երբ Վլադիմիր Պուտինն ի պատասխան առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, Թրամփը ասել է. «Շատ հետաքրքիր առաջարկ է: Ինձ, իհարկե, դրա համար կքննադատեն, բայց դա հետաքրքիր առաջարկ է: Տեսնենք»: 

Չնայած հրապարակային ելույթների և մամուլի հետ շփվելու իր մեծ սիրուն՝ Թրամփը Պուտինին «փրկել է» հարցերին պատասխանելուց:

Ելույթներն ավարտելուց հետո երկուսն էլ անմիջապես հեռացել են՝ անտեսելով լրագրողներին, որոնք հարցեր էին հղում հեռացող նախագահներին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսը չեղարկելու որոշումը բացատրել է նրանով, որ առաջնորդները «սպառիչ հայտարարություններ» են արել:

Համատեղ ճաշը չի կայացել, Պուտինն արագ հեռացել է

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ալյասկայի Անքորիջ քաղաքում հանդիպման և ասուլիսի ավարտից հետո Վլադիմիր Պուտինն այցելել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված խորհրդային օդաչուների շիրիմներ, այնուհետև վերադարձել Մոսկվա: Սպիտակ տան տեղեկատվության համաձայն՝ նախօրոք պլանավորված աշխատանքային ճաշը ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների միջև չի կայացել, և նախագահ Թրամփը շտապ վերադարձել է Վաշինգտոն:  

Փաստն այն է, որ թե՛ Պուտինի, թե՛ Թրամփի հայտարարություններից պարզ չէ ու անորոշ է, թե ինչ են նրանք քննարկել, ինչ են պայմանավորվել կամ ինչի մասին պայմանավորվել չեն կարողացել: Բուն հանդիպումը լրագրողների համար բաց է եղել միայն սկզբի մի քանի րոպեն, այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս են հրավիրվել, հանդիպումն անցել է փակ դռների հետևում՝ տեղ թողնելով միայն ենթադրություններին:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով են հանդիպում ունեցել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:

Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7043 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան