Երևան
12 °C
ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր և վերջապես «կլասիկ քաղաքական գործիչ» (բնորոշումն իրենն է) Էդմոն Մարուքյանը, ինչպես հայտնի է, որոշել է առանցքային մասնակցություն ունենալ իր նախկին գործընկերոջն ու ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, անվստահություն հայտնելու գործընթացին։
Նա որպես վարչապետի թեկնածու է առաջադրվելու «Քաղաքացիական պայմանագիր»-ը լքած Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ստեղծած ուժի՝ ՄԱՍԿ-ի կողմից։ Նախկին ՔՊ-ական պատգամավորները, ինչպես նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որոշել են անսալ Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի կոչին (նրանք համապատասխան նամակներով դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին)՝ նախաձեռնելով վարչապետին անվստահություն հայտնելու և նրան նորով փոխարինելու գործընթաց։
Ընդդիմադիր դաշտի ակտիվացման գարուն-ամառ սեզոնը, փաստորեն, ազդարարվելու է հենց այս գործընթացով, որը, ինչպես երևում է, խոստանում է պարապ չթողնել քաղաքական մասխարայության ժանրի սիրահարներին՝ զբաղեցնելով ռուսական հայտնի կոմեդիայի՝ «Մասկի շոու»-ի տեսարաններով։
Նախորդիվ, ինչպես հայտնի է, ընդդիմությունը մի քանի անգամ փորձել է խաղարկել «վարչապետափոխության» օպերացիան, մասնավորապես՝ «Դիմադրության», «Սրբազան» շարժումների օրերին, սակայն գործընթացը «ոտքին է գցել»՝ այդպես էլ չկարողանալով մի դեպքում անհրաժեշտ ձայներ հավաքել գործընթացն սկսելու համար, մյուս դեպքում էլ «ռիսկ չանելով» տալ այն սուբյեկտի անունը, որը պետք է նստի Նիկոլ Փաշինյանի աթոռին ու «մի փռշտոցով աշխարհքը քանդի»։
Այս անգամ գործընթացը պրոգրես է արձանագրել՝ Փաշինյանի նախկին թիմակիցները որոշել են ռիսկի դիմել ու շամպայն խմել, ներեցեք, անուն նշել՝ «Լուսավորի էդմոն»՝ խորհրդարանական ընդդիմությանը կանգնեցնելով փաստի առաջ։
Նախապատմություն
Նկատենք՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ը, թե՛ «Հայաստան»-ը, որոնց քաղաքական թիմերը նախքան այդ փոխանակվում էին տարատեսակ «կոմպլիմենտներով», շաբաթներ առաջ, այսպես ասած, «одобрямс»-ն են տվել իմպիչմենտի գործընթացին։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե «Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են»՝ միաժամանակ հավելելով՝ «միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»։
Միայն թե մի նյուանս կար այստեղ՝ վարչապետի թեկնածուի անուն, որը սահմանադրական պահանջ է անվստահություն հայտնելու գործընթացի պարագայում, այս անգամ էլ հայաստանականները խուսափել էին նշել։
Վարչապետի պաշտոնին չհավակնող Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող «Պատիվ ունեմ»-ն էլ ողջ կազմով ստորագրեց ու «պեչատեց»՝ «այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք՝ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:
Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ օրերս, այսպես ասած, «շախի գցեց» Քոչարյանի թիմին, թե՝ «մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին «զրո» ամբիցիայով։ Իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո՛, եթե «Հայաստան» դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան սիրով կմիանանք»։
Հարցին՝ արդյոք «Պատիվ ունեմ»-ը պատրաստ է բանակցել ՔՊ-ական պատգամավորների հետ, որպեսզի համոզի միանալ իրենց, Սերժ Սարգսյանի սանիկն արձագանքել էր. «Երբ անհրաժեշտություն լինի, այդ թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, մեր քաղաքացիները, հարյուրներով, հազարներով (նկատի ունի այդպես էլ չսկսված փողոցային շարժման մասնակիցներին -խմբ․) «կշփվեն» և կհամոզեն ՔՊ-ականներին միանալ այս նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես սովոր եմ բանակցել ուժի դիրքից»։
Մամիջանյանի կերպարին ծանոթ լինելով՝ մի տեսակ դժվար է պատկերացնել, թե որ դիրքն է նրա դեպքում «ուժի դիրք» ասվածը, բայց այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրա ղեկավարած խմբակցությունն ու «Հայաստանը» պետք է իրենց մեջ ուժ գտնեն (իրենց նախընտրած որևէ դիրքով) և ապացուցեն՝ իրոք անկե՞ղծ են ՀՀ-ում վարչապետափոխություն անելու, իմա՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում, թե՞ զբաղված են կեղծակերպումով (սիմուլյացիա)՝ «օճառային օպերաներով» լցնելով մինչև 2026-ի ԱԺ ընտրություններ ընկած ժամանակաշրջանը։
Եթե նրանց նպատակն իրոք Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է՝ «զրո ամբիցիա» ունենալով, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է «առանց նախապայմանի» կողմ արտահայտվեն նոր վարչապետացուի՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը։
Նկատենք՝ Մարուքյանը, երբ հայտնի դարձավ, որ թեկնածու է առաջադրվել, ֆեյսբուքյան իր լայվի ժամանակ կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ և ուղիղ եթերում պայմանավորվեց հանդիպել, քննարկել իր թեկնածության հարցը։ Իսկ ահա Հայկ Մամիջանյանի հետ Մարուքյանին կապվել չհաջողվեց։
Ինչ-որ բան, սակայն, հուշում է, որ նախկին նախագահների թելադրանքով գործող խմբակցություններն այս անգամ էլ են տապալելու իմպիչմենտի գործընթացը՝ «լեգիտիմ մահանա» բռնելով, թե պրոբլեմը վարչապետի թեկնածուի մեջ է՝ Էդմոն Մարուքյանը եղել է Փաշինյանի իշխանության մաս, կիսում է «Արցախի հանձնման», «երկրում ստեղծված աղետալի իրավիճակի» պատասխանատվությունը և այլն, և այլն։ Այ եթե առաջադրվեր որևէ «իսկական», «անկեղծ», «անարատ» թեկնածու, իրենք մեծագույն սիրով ու խոնարհումով կողմ կարտահայտվեին ու վերջապես տուն կուղարկեին իրենց «կոկորդի փշին»՝ Փաշինյանին։
«Ա»-ն ասել ենք, «Բ»-ն էլ ասենք
Շախմատային այս իրավիճակն ունի նաև մեկ այլ նրբերանգ էլ. թեև բարոյականությունը «քաղաքական կատեգորիա» չէ, այլ հնարավորի արվեստ (սա սիրում էր կրկնել նախկին հայտնի իշխանավորներից մեկը), սակայն թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսանկյունից առնվազն անբարոյական ու անսկզբունքային կլինի նախկին նախագահների թիմերի կողմից Մարուքյանի թեկնածությանը «կողմ» արտահայտվելը։ Ինչո՞ւ, քանի որ նախկինում քանիցս նույն Հայկ Մամիջանյանն ու ՀՀԿ-ի մյուս կարկառունները, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մեկ անգամ չէ, որ «թքել են» նախկին դեսպանի ուղղությամբ, նրան բնորոշել տարատեսակ էպիտետներով՝ «ավարտված քաղաքական գործիչ», «հատուկ հանձնարարություններով ընդդիմադիր», «2021-ին ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցում Նիկոլի հետ գործարքի գնացած» և այլն։ Ամիսներ առաջ՝ նախորդ տարեվերջին, երբ Էդմոն Մարուքյանը ԱԺ ընդդիմադիր ուժերին հորդորում էր վայր դնել մանդատներն ու խորհրդարանական ճգնաժամ առաջացնելով՝ ստիպել իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների, Մամիջանյանը, ի պատասխան այդ հորդորի, տեղն էր դրել Մարուքյանի «պորտը».
«Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային։ Դեսպան է աշխատում Փաշինյանի համար՝ ձևանալով ընդդիմություն»։
Ռոբերտ Քոչարյանի թիմից էլ Մարուքյանի ուղղությամբ «թքելու» ակտին ականատես եղանք Բագրատ Միկոյանի «կատարմամբ»։ Նա նախկին դեսպանին անվանել էր «քաղաքական կապիկ» այն բանից հետո, երբ Մարուքյանը հորդորել էր երկրորդ և երրորդ նախագահներին «իրենց կամքով դուրս գալ քաղաքականությունից, եթե, իհարկե, Հայաստանի ապագայով մտահոգված են, այլապես նրանք պետք է մերժվեն որպես այսօրվա իշխանական համակարգի պատճառ և անբաժանելի մաս»:
«Ձեր նշած հայտարարությունը չեմ լսել: Բայց, ամեն դեպքում, «В мире животных» հաղորդման Դրոզդովը չեմ, որ քաղաքական կապիկներին անդրադառնամ»,- կարճ էր կապել Միկոյանը։
Համաձայնեք՝ բարդ, չափազանց դժվար դրության մեջ են հայտնվել նախկին նախագահների թիմերը, քանի որ ստիպված են լինելու այսքանից հետո «լիզել» իրենց «թքածը»՝ համաձայնելով ստորագրել «քաղաքական կապիկ»-ին կամ «ավարտված քաղաքական գործչին» վարչապետի թեկնածու առաջադրելու նախագծի տակ։
Իրավաբան Մարուքյանն ու տարրական թվաբանությունը
Ուշագրավ է, որ մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը, որը հոյակապ տիրապետում է ՀՀ Սահմանադրության նրբություններին, համաձայնել է թաթախվել մի գործընթացի մեջ, որի անփառունակ ֆինիշը կռահելու համար պարտադիր չէ Մոսկվայի և Մինեսոտայի համալսարաններն ավարտել, ոչ էլ Նորստրադամուս լինել։ Պարզապես պետք է տարրական թվաբանություն իմանալ՝ հայացք գցելով ԱԺ-ում ուժերի հարաբերակցությանը։
Նկատենք՝ նախկին դեսպանն ընդամենը շաբաթներ առաջ, երբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին Մալյանն ու Ղազարյանը նոր-նոր պետք է դիմեին ԱԺ-ին, կայքերից մեկի տաղավարում խրոխտ հայտարարել էր՝ շանս չի տեսնում, որ իմպիչմենտի գործընթացը կհաջողվի, ավելին՝ դա արվում է «Քոչարյանի խմբակցությունը շարքից հանելու համար, ցույց տալու, որ նրանք պատրաստ չեն իմպիչմենտի գործընթաց սկսել»։
«Բայց էստեղ մի ուրիշ բան էլ կա. նաև Սերժ Սարգսյանի խմբակցությունը պատրաստ չի, որովհետև եթե մի պատգամավոր վերցնի էդ ձևաթուղթը, կարող է սկսել գործընթացն ու ցույց տալ, որ մյուսներն իրեն չեն միանում օրինակ։ Միտքը նա ա, որ ցույց տան, թե ով չի միանում»,- նշել էր նախկին պատգամավորը։
Նա նաև հավելել էր, որ հարցերի հարցը ոչ թե ՔՊ-ի պատգամավորներին համոզելն է, որ միանան գործընթացին, այլ վարչապետի թեկնածուի հարցը։
«Իմպիչմենտի գործընթացը սկսելուց առաջ պետք է էդ փաստաթղթի մեջ գրվի վարչապետի թեկնածուի անունը։ Դա ա հարցերի հարցը։ ․․․Հիմա «Պատիվ ունեմ»-ի թեկնածուի անունը դուք գիտե՞ք։ Էդ եմ ասում, անկեղծություն չկա։ Էդ անունին էլ չեն հասնելու, որովհետև իրենք չեն կարողանալու միասնական անունը գեներացնել։ Չեն անելու, որովհետև չեն գտնելու մի միասնական թեկնածու, որին երկու ուժերն էլ կողմնակից լինեն:․․․ Թեկնածուն պետք է էլեկտորալ պրոցես անցնի, որի շուրջ մարդիկ կարող են դուրս գալ փողոց, գալ խորհրդարանը շրջափակել ու ասել՝ մենք պահանջում ենք, որ էս մարդուն հանեք, էս մյուսին էլ ընտրեք։ Հետևաբար էս ղալմաղալը շարունակվելու ա մինչև հունիս. դա չի լինելու, և թևակոխելու ենք սովորական նախընտրական տարի»,- հայտարարել էր նախկին դեսպանը, որը, փաստորեն, նախքան իր թեկնածության առաջադրումը, հոռետեսորեն էր տրամադրված գործընթացի հաջողության հարցում, իսկ այժմ, երբ ինքն է առաջադրվել որպես թեկնածու, կարծիքափոխ է եղել՝ պատրաստ լինելով զոհաբերել իր՝ առանց այն էլ խոցելի հեղինակությունը՝ մաս դառնալով հերթական քաղաքական խայտառակությանը։
Մարուքյանն էլ հո գիտի՞, որ 2021-ից այս կողմ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը հօգուտ ընդդիմության չի փոխվել, սերժաքոչարյանական ընդդիմությանը չի հաջողվել անցած 4 տարվա մեջ իշխող ուժից գոնե 4 պատգամավոր «պոկել», «հեղափոխել» ու դեպի իրեն հակել՝ ԱԺ-ում քաղաքական վճռորոշ պրոցեսներ գեներացնելու ու գլուխ բերելու համար։
Նկատենք՝ եթե անգամ 36 պատգամավոր միանա անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ապա նվազագույնը 54 քվե էլ անհրաժեշտ է, որ գործընթացն ի կատար ածվի։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը, նշենք, քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։ Այսինքն՝ 107 պատգամավորներից առնվազն 54-ը պետք է կողմ արտահայտվի վարչապետափոխությանը, մինչդեռ այդքան «կամիկաձե» գործող ԱԺ-ում դժվար թե գտնվի։ Հետևապես կարելի է կանխատեսել, որ թե՛ իմպիչմենտի և թե՛ Էդմոն Մարուքյանի վարչապետացման գործընթացը, ինչպես նա էր նախքան իր առաջադրումը կանխատեսել, դատապարտված է «կլասիկ» ձախողման։
Եվ ուրեմն՝ բոլորս դեպի 2026-ի ԱԺ ընտրություններ։
Հ. Գ. Քիչ առաջ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ մերժեց ՔՊ-ական նախկին պատգամավորների առաջարկը։ «Որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Հ.Գ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ մերժել ՔՊ-ական նախկին պատգամավորների առաջարկը։
«Որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը»,-մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում
Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT