Երևան
12 °C
«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Հայաստանի բոլոր իշխանությունները, ի տարբերություն այսօրվա իշխանության, Ցեղասպանության ճանաչումը դարձրել էին արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, եւ պետությունների զգալի մասը ճանաչել է այ էս ընթացքում, ի տարբերություն ձեզ, որ դա դադարեցրել է եւ պաշտոնապես հայտարարել է»:
Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ, նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեղադրելով իշխանությանը հայ ժողովրդին խաբելու, նախընտրական քարոզարշավի ժամանակ «հայկական ցեղասպանության ճանաչման գործունեությունը շարունակել» խոստանալու համար, որը, սակայն, այսօր դրժվել է։
«Մի քանի օր առաջ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ այլեւս Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն չէ։ Դուք ստել եք հայ ժողովրդին՝ պաշտոնի գալու համար»,- խրոխտ ազդարարեց դաշնակցական պատգամավորը՝ մոռանալով այն մեծաբերան խոստումները, որոնք տվել, ապա դրժել է ՀՅԴ-ն իր «ծննդյան փուչ օրից»։
Արթուր Խաչատրյանի այս պնդումը՝ ի արձագանք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հիշեցման էր, թե, երբ ՀՅԴ-ին պետք է, արդարացնում է Թուրքիայի հետ բանակցությունները, իսկ երբ պետք չէ՝ դատապարտում է։
Մարիա Կարապետյանն ի հավելումն նշեց, որ Արթուր Խաչատրյանը նստում է մեկի կողքին՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, որը «բանակցում էր ԱՄՆ պետքարտուղարության հետ, ասում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դիմաց ինքը կմիջամտի ԱՄՆ-ում հայկական Սփյուռքին, որպեսզի բանաձեւը կոնգրեսում չընդունվի»։
Ամերիկացի դիվանագետների հետ մի զրույցում, ըստ տարիներ առաջ WikiLeaks-ի գաղտնազերծած հեռագրերի, Քոչարյանն ասել է, որ սփյուռքահայ կազմակերպությունները ճնշումներ են բանեցնում, որպեսզի Երեւանը աջակցի Կոնգրեսում հայկական բանաձեւի անցկացմանը, սակայն ինքը հրաժարվել է. «Ես դա չեմ ուզում: Իմ ուզածն այն է, որ սահմանը բաց լինի»:
Այս զրույցը, ըստ WikiLeaks-ի, կայացել է 2007 թվականի մարտի 30-ին ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի տեղակալի օգնական Մ․ Բրայզայի եւ նախագահ Քոչարյանի միջեւ: Կայքը ներկայացրել էր նաեւ նույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ զրույց Բրայզայի եւ Օսկանյանի միջև։ Ըստ պետքարտուղարություն ուղարկված հեռագրի՝ Օսկանյանն ասել է, որ եթե Թուրքիան հակված լինի բացելու սահմանը, ապա ինքը կմեկնի ԱՄՆ եւ Հայաստանի ընկերներին ու հայամետ խմբերին հետ կպահի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից: Օսկանյանի դիտարկմամբ, եթե Թուրքիան ցանկություն ունենար վերագործարկելու Կարս-Գյումրի երկաթգիծը, դա Հայաստանի իշխանությունների համար բավական կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի միայն ամերիկահայ համայնքը: Հայաստանը, Օսկանյանի խոսքով, չի կարող երաշխավորել ցանկալի արդյունք, սակայն կփորձի Վաշինգտոնի բարեկամներին համոզել, որ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը հակասում է Հայաստանի շահերին, եթե, անշուշտ, թուրքերն իրական տեղաշարժ արձանագրեն սահմանի բացման հարցում:
Ահա այսպիսի գործարք իրականացրած գործչի կուրացիայի ներքո է պատգամավոր աշխատում Արթուր Խաչատրյանը, որը, նկատենք, եթերում ուզում էր տպավորություն թողնել, թե տեղյակ չէ՝ այդ ինչ բանաձեւի մասին է հիշեցնում Մարիա Կարապետյանը։
Դառնանք դաշնակցական պատգամավորի պնդմանը, թե ՀՀ բոլոր նախագահների օրոք Ցեղասպանության հարցը եղել է արտաքին քաղաքականության օրակարգում։ Սա կեղծիք է եւ սպեկուլյատիվ սուտ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների թվում չի եղել՝ քաղաքական հաշվարկներից ելնելով։ Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտարարում էր, որ թեեւ «Հայոց համազգային շարժումը» չի հրաժարվում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, սակայն այն չի կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։
«Հայ Դատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ Հայոց պետությունն ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը «Հայոց համազգային շարժման» 2-րդ համագումարում։
1990 թվականին ձեւակերպված այս դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության եւ հարեւանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, հետագայում՝ Գերագույն Խորհրդի ձեւավորումից եւ նախագահի ընտրություններից հետո, արտացոլվեց ՀՀ պետական քաղաքականության մեջ։
Պաշտոնաթող նախագահը տարիներ անց իր հարցազրույցներից մեկում մասնավորապես հայտարարել էր․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել, թե՝ եկեք քննենք, տեսնենք՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը։ Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա ինչո՞ւ է դատարկ, քանի որ, երբ Ռոբերտ Քոչարյանը դա հնչեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից, դա ելույթի խնդիր չէր, ՄԱԿ-ն ունի հարց բարձրացնելու արարողակարգ։ ՀՀ-ն ՄԱԿ-ի լիարժեք անդամ է, ցանկացած հարց պաշտոնապես, փաստաթղթավորված նա կարող է ներկայացնել ՄԱԿ, եւ ՄԱԿ-ն իրավունք չունի չքննելու այդ հարցը։ Ուրեմն դա ի՞նչ էր, դա ընդամենը տղայություն էր, որ ցույց տա՝ տեսեք՝ ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ Եվ ի՞նչ, էդ տղայության գինն ի՞նչ եղավ, եղավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը։ Թուրքերը ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնում եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ էդպիսի բան եղե՞լ է, թե՞ չէ։ Ինչո՞ւ մեզ չէին ասում, քանի որ հիմք չունեին ասելու, եթե ասեին էլ, ես կասեի՝ էդ ի՞նչ եք ասում, մենք նման հարց բարձրացրե՞լ ենք, Սփյո՞ւռքն է բարձրացրել, գնացեք, Սփյուռքի հետ խոսեք»։
Տեր-Պետրոսյանը նշել էր նաեւ, որ Հայաստանը՝ որպես պետություն, չպիտի մասնակցեր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Դրանով սփյուռքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը, ըստ նրա, վերածեց արդեն միջպետական քաղաքականության խնդրի եւ, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձվեց:
2007թ․ դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իր ելույթում էլ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ «թուրքամետ», «թուրքերի հետ քիրվայություն անող», Տեր-Պետրոսյանը մեկ այլ ցնցող բացահայտում էր արել իր հաջորդի՝ Ցեղասպանության հարցը հետապնդող Քոչարյանի մասին։ Վերջինս, ինչպես պարզվեց իրեն Հայաստան բերողի ու «հայ ժողովրդի վզին փաթաթողի», հետո դրա համար ներողություն խնդրածի խոսքից, այդ զգայուն հարցը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելով, այն դիտարկում էր Սփյուռքից «փող քերելու» միջոց։
«Ի տարբերություն ինձ՝ Հայաստանի երկրորդ նախագահը Ցեղասպանության հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը։ Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը։ 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը։ Երբ ես «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է Ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին։ Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին։ Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»։
1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն։ Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել։ Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ»,- մասնավորապես հայտարարել էր Տեր-Պետրոսյանը։
«Ազատության»՝ օրերս թողարկված ռեպորտաժում շարադրված՝ ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած այլ փաստաթղթեր էլ եկան վկայելու, որ Քոչարյանը ոչ միայն սակարկության առարկա է դարձրել Ցեղասպանության հարցը՝ այն ներմուծելով Մեղրիի փոխանակման շուրջ տեղի ունեցած բանակցություններ, այլ փորձել է օգտագործել հարցը որպես գործիք՝ Թուրքիային շանտաժ անելու համար։
2000 թվականի հունվարին, ըստ Պետդեպի փաստաթղթերի, տարածքների փոխանակման շուրջ բանակցող Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիեւի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին։
«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարեւորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջեւանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-1916 թվականների Ցեղասպանությունը»,- նշված է Պետդեպի գաղտնազերծած հեռագրերում։
Ալիեւը հակադարձել է՝ Ցեղասպանության հարցը երբեք չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, եւ ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքական կողմի առաջ։ Միաժամանակ, սա հիմք է տվել Ալիեւին ամերիկացի դիվանագետի մոտ պնդել՝ ստացվում է, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար։
«Եթե Քոչարյանը պատրաստ է հրաժարվել դրանից Ցեղասպանությունը ճանաչելու գնով, ուրեմն Մեղրին ոչ թե սկզբունքային նշանակություն ունի, այլ սակարկման մանրադրամ է հայկական կողմի համար»,- պնդել է նա։
Ինչն է ուշագրավ՝ օրակարգ մտցնելով Ցեղասպանության ճանաչման հարցը՝ Քոչարյանն այն հետագայում փորձել է որպես պատրվակ օգտագործել՝ Ալիեւի հետ ավելի վաղ՝ Մեղրիի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելու համար։
Այսքանից հետո, թե ով է Ցեղասպանությունն ուրացողը, ով՝ սակարկման առարկա դարձնողը, ով պատմական ռեւիզիայի ենթարկողն ու ով դրժողը, պիտի դատի հանրությունը, որի «ինստիտուցիոնալ հիշողություն» ունենալու, «մանկուրտ» չլինելու վրա, հուսանք, Արթուր Խաչատրյանի հետ բանավեճի տաղավար եկած ու իշխանությանը չկարդացած, անգետ լինելու համար մեղադրող մեկ այլ դաշնակցական՝ Գեղամ Մանուկյանը, չի կասկածում։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում
Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT