Երևան
12 °C
2022-ի ավարտին հաշված օրեր են մնացել. տարին Գյումրու դրամատիկականի համար եղավ նոր մտահղացումների, մոտեցումների և վառ գաղափարների իրականացման ժամանակահատված։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հպարտությամբ ընդգծում է՝ այնպես, ինչպես խոստացել էր՝ յուրաքանչյուրն իր խրամատում մնաց, աշխատեց ու արարեց ուժերի ներածի չափ, շատ հաճախ ավելին, քան այն ներում էր։
«2016 թվականին Գյումրու դրամատիկական թատրոնը «Լիր արքա» էր բեմադրում, և սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Թատրոնի վարագույրը բացվեց ապրիլի 7-ին։ 2020-ին «Վերելք» էր բեմադրվում, պատերազմ էր, բայց կրկին բացվեց թատրոնի վարագույրը։ 2022-ը եղավ երկրում ծայր առած բարդ ու դժվարին ժամանակահատվածի շարունակությունը։ Դրամատիկականը 157-րդ թատերաշրջանը բացեց ծանր շնչառությամբ, բայց վստահ, որ ամեն ինչ ճիշտ է։ Փառք ու պատիվ էս քաղաքի հանդիսատեսին, որ միշտ ներկա է մեր թատրոնում»,- ասում է Հարությունյանն ու կրկնում իր՝ 157-րդ թատերաշրջանի բացման առիթով ասված խոսքերը․ «Թատրոնի վարագույրը միշտ պարտավոր է բացվել, որովհետև մենք միշտ պետք է լինենք մեր «խրամատներում. մշակույթը պետք է խոսի հավերժ»։
Մարիա Ակոպովայի «Բոհեմ» փաստագրական ֆանտազիան տարվա առաջին ներկայացումն էր։ Տնօրենի խոսքով՝ Մհեր Մկրտչյան բեմը վստահվեց երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանին. «Աննախադեպ հաջողություն ունեցավ ներկայացումը։ Դրա հիմքում աշխարհում անջնջելի հետք ունեցող չորս կանայք են՝ Էդիթ Պիաֆը, Ֆրիդա Կալոն, Կոկո Շանելը և Մարինա Ցվետաևան, ովքեր նվաճեցին աշխարհը՝ տանուլ տալով իրենց կյանքն ու էությունը»:
Հերոսուհիները անդրադառնում են նաև այսօրվա կյանքին՝ գիտակցելով, որ լավագույնն այն ժամանակն է, որը տրված է և՛ իրենց, և՛ մեզանից յուրաքանչյուրին։

««Բոհեմ»-ը միշտ իր հանդիսատեսն ունի։ Մինչ էս պահը խաղում ենք, յուրահատուկ մոտեցմամբ կատարված աշխատանք է։ Ես վստահ եմ, որ այն երկար ժամանակ կլինի մեր խաղացանկում։ Ասեմ, որ մշտապես լեփ-լեցուն դահլիճ է լինում»,- նշում է Հարությունյանը։
2 դերասան՝ Համազգային թատրոնից, 4-ը՝ Գյումրու դրամատիկականից: Թատրոնը 157-րդ թատերաշրջանը մեկնարկեց թատերական աննախադեպ իրադարձությամբ։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համատեղ հանդիսատեսի դատին հանձնվեց Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը»։
Հայաստանում առաջին անգամ էր նման նախագիծ իրականացվում, երբ երկու թատրոն ունենում է համատեղ մեկ ներկայացում, և այդ ներկայացման առաջնախաղով երկուսն էլ բացում են թատերաշրջանը:
Գլխավոր դերակատարը Նարինե Գրիգորյանն է, աղջնակին մարմնավորել է գյումրեցի 9-ամյա Անգելինա Զաքարյանը։ Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է:

«Հրաշագործի» համար ԿԳՄՍ նախարարությունը 5 մլն դրամ է հատկացրել: Սակայն երկու թատրոն էլ իրենց մասնակցությունն ունեցել են, քանի որ 5 մլն դրամով, ըստ դրամատիկականի տնօրենի, քիչ բան էր հնարավոր անել: Նաև «Հայկական կարիտասն» է ընդգրկվել այս աշխատանքներում։
Հանդիսատեսը՝ բեմում, և անսովոր լուծումներ։ Զարմացնելու և հիացնելու հերթը հաջորդիվ Սթիվեն Քինգի «Միզերին» էր: Բեմադրությունը Գոռ Մարգարյանինն է, դերերում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն ու Գյումրու դրամատիկականի դերասան Արսեն Սաղաթելյանն են:
««Միզերին» ամբողջությամբ թատրոնն է իր բյուջեով իրականացրել: Բավականին ծախսատար ներկայացում է: 106 հանդիսատեսի համար է նախատեսված, և հատուկ ներկայացում է սա: Մոտ 2 մլն դրամ է ծախսել դրամատիկականը, սրանով պայմանավորված էլ, ի տարբերություն մյուս ներկայացումների, ««Միզերիի» տոմսի արժեքը մի փոքր բարձր էր։

«Ես 2-3 տարի հրավիրում էի Գոռին, սակայն մեծ զբաղվածության պատճառով չէր կարողանում գալ: Նա այն ռեժիսորներից է, որի հետ յուրաքանչյուր թատրոն երջանիկ կլինի համագործակցել: Վերջապես եղավ մեր համագործակցությունը: Եվ, եթե Գոռն է, ուրեմն պետք է լինի հետաքրքիր նորամուծություն, նոր ձևաչափ: Որոշեցինք, որ ներկայացմանը հրավիրենք նաև մեկ այլ դերասանուհու՝ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում համար կարող եմ ասել, որ լավագույն դերասանուհիներից է: Տաթևն ընդունեց առաջարկը: Խմբին նաև միացավ դրամատիկականի դերասան Արսեն Սաղաթելյանը: Եվ այսօր ունենք այնպիսի ներկայացում, որը պատրաստ ենք ներկայացնել տարբեր փառատոների»,- ասում է Հարությունյանը:
Այնուհետև կայացավ Զորայր Խալափյանի «Տարբեր նվագներ» լիրիկական կատակերգության պրեմիերան։ Այն վերաբերմադրեց թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը։
Նոյեմբերին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց «Սպասում» ներկայացումը՝ բեմադրված ըստ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի:
Ռեժիսորը ֆրանսաբնակ Սաթէ Խաչատրյանն է։ Այս համագործակցությունը դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ դեռ 2017-ից էին քննարկել, և միայն այս տարի հաջողվեց գտնել Գյումրու թատրոնի համար հարմար պիես։

Տարեվերջին, ավանդույթի համաձայն, եկավ Ամանորի հրաշքը։ Թատերականի բեմում աննախադեպ գույներով հագեցած ներկայացում է՝ «Մերին և ամանորյա հրաշքը»։ Բեմադրությունը Լյուդվիգ Հարությունյանին է։
«Այս ներկայացման առանձնահատկությունն այն է, որ թատրոնի խմբին միացել են ուսանողները. թատրոնը միշտ երիտասարդների մուտքը ողջունում է։ Այս տարի 4-րդ կուրսեցիներին ենք ընդգրկել, գլխավոր դերասանուհին ևս ուսանողուհի է։ Սա շատ հետաքրքիր պրոցես է, պրոֆեսիոնալների կողքին հանդես են գալիս նրանք, որոնք հետագայում փոխարինելու են իրենց»։
Մերիին մարմնավորել է Աստղիկ Մխիթարյանը։ Նա մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ հուզվում է, բեմն ու հանդիսատեսը պարտավորեցնող են։

«Շատ պատասխանատու է ինձ համար ներկայանալ այս մեծ բեմում, միևնույն ժամանակ լինելով Լյուդվիգ Հարությունյանի ուսանողը՝ կրկնակի է պատասխանատվությունը։ Բայց հաճելի է, երբ քեզ վստահում են, և այդպիսի մեծ առաջարկ ես ստանում։
Իրավիճակը պատասխանատու է նաև այն առումով, որ երեխաների հետ ես աշխատում, ներկայացումը դիտելիս նրանք ուրախանում են, անակնկալի են գալիս, իրենց ուրախությունը քո ուրախությունն է դառնում, և օրդ վերածվում է տոնի»,- ասում է Աստղիկը։

Այս ներկայացման պրեմիերան դեկտեմբերի 23-ին է կայացել և մինչ այս պահն արդեն 8000 հանդիսատես ունեցել։ Հավանաբար կխաղան մինչև դեկտեմբերի 29-նն ու Ամանորից հետո նաև։ Քաղաքում տարբեր հաստատություններ կան, որոնք, ըստ Հարությունյանի, ամանորյա մանկական ներկայացումներ են փորձում բեմադրել։ Մենք սկզբունքորեն որակն ենք կարևորում։
«Պետք է կարողանաս ամբողջությամբ նոր ասելիք ներկայացնես, չլինի ցածր որակի և լինի հրավառության նման։ Թատրոնի տոմսը նույնիսկ պետք է արժեք ներկայացնի։ 1500 դրամը մեկի համար՝ մեծ, մյուսի համար փոքր գումար է, բայց սա թատրոն է։ Իսկ մենք մեր տարբեր համագործակցությունների շրջանակներում ամեն ինչ արել ենք, որ սոցիալական այն խմբերի երեխաները, որոնք հնարավոր է, ֆինանսական խնդրով պայմանավորված, չկարողանան ներկա լինել ու դիտել ներկայացումը, դուրս չմնան մշակութային կյանքից։
Նրանց մեջ են նաև խնամքի հաստատությունների, Արցախից և այլ բնակավայրերից տեղահանված երեխաները։
Մեծ սիրով թատրոնը համագործակցել է Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հետ, որպեսզի իրենց ցերեկային խնամքի կենտրոնի սաները ևս միանա ամանորյա մեր հրաշքին»,- տարին ամփոփում է Լյուդվիգ Հարությունյանը։
Խոսելով երեխաների մասին՝ Հարությունյանը մեծապես կարևորում է ԿԳՄՍՆ-ի ներդրած աբոնեմենտների ներդրման քաղաքականությունը։ Տարվա 1-ին եռամսյակում Գյումրու դրամատիկականը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։ Ունեցել է 13 հազարից ավելի հանդիսական։ Նրանց համար հատուկ ուսուցողական ու ծրագրային, դաստիարակչական ներկայացումներ են խաղացանկում, նաև դասական հեղինակներ, որոնք ինչ-որ առումով լրացնում են դպրոցական ծրագիրը նաև։
Դրամատիկականն այս տարի սահմանափակվել է միայն մայրաքաղաքային հյուրախաղերով։ 2023-ի համար այլ ծրագրեր կան։
«Ես 2023-ը հայտարարում եմ հյուրախաղերի տարի, միջազգային փառատոների ենք մասնակցելու, մի քանի նախնական պայմանավորվածություններ ունենք, նոր բեմադրություն նաև կա։ Չակերտները հիմա չեմ բացի։ Սա առաջադրանք է, որը պետք է ի կատար ածվի»,- զրույցը եզրափակում է Գյումրու դրամատիկականի տնօրենը։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT