Ֆրանսիան պահանջել է, որպեսզի Ադրբեջանի ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:

Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները:

ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել:

Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր, տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները:

Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար:

Ի վերջո մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր:

Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում: Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ:
Շնորհակալություն»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի և ջերմ ընդունելության համար:

Նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Կարծում եմ, ինչպես արդեն նշեցիք պարոն նախագահ, այսօր ավելի շատ կկենտրոնանանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա:

Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում:

2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն:

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ:

Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

Համզոված եմ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, և այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը:

Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Մեծարգո նախագահ,
հարգելի լրագրողներ,
գործընկերներ,

շնորհակալ եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1461 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ