Երևան
12 °C
Սահմանադրական դատարանում ավարտվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումների քննությունը: Բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Թե երբ կհրապարակվի որոշումը, չի հստակեցվել: Հստակ է միայն, որ վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:
Այսօր կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:
Դիմումատուներից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ելույթն ավելի շատ քաղաքական էր, քան դիմումին առնչվող:
Վարդեւանյանը պնդեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը: ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղաթյուրված է:
ԿԸՀ որոշմամբ, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ ստանալով քվեների 53.91 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 21.09, երրորդում «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայներով:
Վարդեւանյանի պնդմամբ՝ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Դա, ըստ նրա, արտահայտվել է ընտրությունների օրը վարչապետի կողմից հայտարարվելու միջոցով, թեեւ, ըստ օրենքի, այդ օրը նշանակում է նախագահը:
Խոսելով իրենց պահանջի մասին, այն է՝ մանդատների վերաբաշխման միջոցով հնարավորություն ստեղծել, որ մեկ ուժ խորհրդարանում չունենա մանդատների 3/5-ից ավելին՝ Վարդեւանյանն ասաց նաեւ. «Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում տեսել ենք այն իրավական եւ իրական հետեւանքները, երբ մեկ ուժ խորհրդարանում ունենում է մանդատների 3/5-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետեւանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետեւանքներ ՀՀ-ի պատմության մեջ այլեւս երբեք չեն լինելու, եւ կարող եմ ասել, որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը չեն թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»:
Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի՝ այս իրավիճակը հատկապես անհրաժեշտ է շեշտել, քանի որ. «Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխել հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»:
Եզրափակելով խոսքը՝ Վարդեւանյանն ասաց. «Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար՝ Սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը»:
ՍԴ դիմող հաջորդ կողմի՝ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն էլ իր ելույթում պնդեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին գործող իշխանությունը ՀՀ քաղաքացիներին զրկել է ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից, կիրառել է վարչական ռեսուրս, քաղաքական ուժերի միջեւ խախտվել է հավասարությունը:
Կրկին խոսելով հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարելու անթույլատրելիության մասին՝ Զոհրաբյանը առաջարկեց պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար եւ կազմակերպեր ողջ ընտրական գործընթացը: «Արդյոք այդ ժողովրդական ճնշումը կթուլանա՞ր: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում հնարավոր էր թուլացնել կրքերը: Բայց Սարգսյանը որպես պաշտոնակատար չմնաց»,- ասաց նա:
Ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն էլ հայտարարեց. «Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ այնքանով են աննախադեպ, որ փաստացի վարչական ռեսուրսն օգտագործել է ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ, ըստ իշխանության տված տվյալների, նաեւ հակառակ կողմը:
Նա նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ատելության խոսքը լավ չեն ազդել ընտրությունների մասնակից այլ կուսակցությունների վրա:
«Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետեւեր օրենքի կանոնին, հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չէր հաղթահարելու շեմը»,- ասաց նա եւ հավելեց. «Ելնելով այս ամեն ինչից՝ խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ ընտրությունների ժամանակ ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը:
Նա հայտարարեց նաեւ, որ Բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ եւ անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի՝ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»,- դիմելով դատարանին՝ հայտարարեց նա՝ հավելելով. «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաեւ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության եւ անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, եւ դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»:
Ելույթի վերջում Հարությունյանը խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը. «Հինգ օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը այդպիսի հնարավորություն ինձ ընձեռեր, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, եւ, կարծում եմ, բոլորը դրանից հետո կունենային միանշանակ եզրակացություն, թե ինչի մասին էր խոսքը մեր դիմումում։ Բայց քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին եւ բոլորին, ովքեր մեզ լսում են ու տեսնում, դիտեք այդ սերիալը։ Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը»։
Արձագանքելով Հարությունյանին՝ գործով 3-րդ անձ ներգրավված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը հայտարարեց. «Ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվենք. Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը, որտեղ բավական տեւական ժամանակ ժողովրդին իջեցրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, բարոյալքում, իսկ բունկերի վերեւում դրված բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»։
Հարությունյանի ելույթի մեկ այլ հատվածին արձագանքեց ՍԴ նախագահը: Արման Դիլանյանն ասաց. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու եւ այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը, բայց չեմ ընդունում, եւ ինձ համար դա դատապարտելի է: Այս Բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»:
Ամփոփելով ընտրությունների կազմակերպման գործընթացը եւ ՍԴ-ում լսված կարծիքները՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց.
«ԿԸՀ-ն ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Հետեւաբար, կարծում եմ, որ տարաբնույթ որակումներն ու գնահատականները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք նաեւ ներկայացվեցին այս դահլիճում...
Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների մասին որոշումը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված դիմում-բողոքներով իրականացված քննությունը եւ որոշումները, համապատասխանում է ընտրական օրենսգրքի պահանջներին, եւ նշված որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին: Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը թողնել ուժի մեջ»,- եզրափակեց Մուկուչյանը:
Հարակից պատասխանող, Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն էլ անդրադարձավ ՍԴ-ում հնչած պնդումներին, թե տարբեր ձեւաչափերով, ստուգողական գործողություններով կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է հատկապես միակողմանիորեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: «Մենք եւս մեկ անգամ բացառում ենք այս իրավիճակը»,-ասաց Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն էլ իր եզրափակիչ ելույթը նվիրեց գործի բացառիկության գնահատմանը: Ասաց, որ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:
«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որ բուհերի ուսանողները անպայման հետեւեն դատավարությանը եւ հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողները, այն է, թե ինչ չի կարելի անել Բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն եւ անմիջապես կհերքվեն Բարձր դատարանում, չի կարելի Բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ եւ այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որեւէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը:
Անդրադառնալով բարձրացված թեզին, թե երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ՝ Բադասյանը վստահեցրեց՝ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:
Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին
Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին
Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը
Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի
«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու
Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան
Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ
Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն
Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան
Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է
Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն
Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը
Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը
Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները
Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր
Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ
Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով
ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT