Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը այսօր դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիք:

Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ: Ի կատարում ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջների՝ 2013 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ ծրագրի համար համապատասխան մատակարար գտնելու նպատակով նույն նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Հարությունյանը նախարարի բուսաբուծության ոլորտը համակարգող տեղակալ Սամվել Գալստյանի ստորագրությամբ ՀՀ-ում գործող  վառելիքի ներկրման և վաճառման մի շարք առաջատար ընկերություններին ուղարկել է համապատասխան ծանուցում՝ վերը նշված ծրագրի իրականացման համար: 

Մեղադրական եզրակացության համաձայն՝ ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել «Մաքսհուր», «Սովրանիե», «Ֆլեշ» և «ՍիՊիԷՍ Օիլ» ՍՊ ընկերությունները՝ ներկայացնելով համապատասխան գումար՝ 420, 425, 457 և 482 ՀՀ դրամ:

Գևորգ Հարությունյանը, ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու ցանկություն հայտնած ընկերություններից ստանալով համապատասխան գնային առաջարկներ, այդ մասին տեղեկացրել է Սերգո Կարապետյանին և Սամվել Գալստյանին: Սերգո Կարապետյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է 2013 թվականի հունվարի 29-ին ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ: Քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Այս ընթացքում՝ 2013 թվականի հունվարին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, տեղեկանալով նշյալ ծրագրի իրականացման մասին, Սերժ Սարգսյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները, մի շարք ծրագրերի շրջանակներում իրեն պատկանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից դիզելային վառելիքի մատակարարումն իրականացնելու շուրջ 2013 թվականի հունվարի 23-ից փետրվարի 7 ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ:

Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակահատվածում Բարսեղ Բեգլարյանը, այցելելով Սերգո Կարապետյանին, վերջինիս աշխատավայրում ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ նշված պայմանավորվածության մասին, նրան հորդորել որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍԸ ընկերությանը, այլ կերպ՝ դրդելով կատարել խոշոր չափերով պետական միջոցների վատնում:

Սերգո Կարապետյանը 2013 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Բարսեղ Բեգլարյանի այցի և նրա հետ ունեցած հիշյալ զրույցի մասին, ինչպես նաև՝ այլ ընկերությունների կողմից ծրագրի շրջանակներում դիզելային վառելիքի ավելի էժան գնով առաջարկների մասին: Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Ըստ մեղադրանքի՝ անտեսելով այդ հանգամանքը՝ Սարգսյանը իր վաղեմի ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջոցով գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի՝ վատնելու եղանակով հափշտակության կատարումը: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից անհրաժեշտ գումարից ավելի գումար ելքագրում է կատարել և այն «Ֆլեշ» ՍՊ-ին փոխանցելու նպատակով 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը ժամանակահատվածում հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց, անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Կառավարության որոշման առկայությունն ապահովելու նպատակով Սերգո Կարապետյանը Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին հանձնարարում է ՀՀ նախագահի վերը նշված հանձնարարությունների մասով պատրաստել անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին տեղեկություններով ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ որպես մատակարար նշելով «Ֆլեշ» ՍՊ ընկերության տվյալները: Հարությունյանը և Գալստյանը, իրենց հերթին Սերգո Կարապետյանին չհակադրվելով, շահագրգռվածությունից ելնելով, տեղյակ լինելով Ս. Սարգսյանի, Ս. Կարապետյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի պետական միջոցների վատման շուրջ ունեցած պայմանավորվածության մասին, Սերգո Կարապետյանին տրամադրում են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ պարունակող Կառավարության որոշման նախագիծ:

Արդյունքում ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Արարատ» բանկով սպասարկվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է սուբսիդիա 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում ծրագրի իրականացման ընթացքում 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44408 դիտում

Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան

Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի

Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ

Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը

Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ

Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին

ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ

Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների

Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար