Շուշիի պետական թատրոնի տնօրենն ու պրոդյուսերը աշխատանքի են անցել Գյումրու տիկնիկային թատրոնում

26/01/2021 schedule20:33

Գյումրու տիկնիկային թատրոնը՝ հոգում, մտքում, սրտում, քաղաքապետարանն էլ ՝ հաստիքացուցակում տեղ արել, աշխատանքի են ընդունել Շուշիից եկած Աշխենին ու Լիլիթին:

Մինչ պատերազմն Աշխեն Հարությունյանը Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրենն էր, Լիլիթ Մկրտչյանը՝ թատրոնի պրոդյուսերը: Անկախ թշնամու ագրեսիայից, մինչեւ վերջին պահը վստահ են եղել, որ հաղթելու ենք: Սկզբում միայն երեխաներին են դուրս հանել Շուշիից, իսկ իրենք դուրս են եկել միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ մնալն այլևս մահ կնշանակեր: Չեն կարողացել  թատրոնից ոչինչ փրկել:

«Շուշին Ադրբեջանի կողմից գրավվելը նույնիսկ ամենասարսափելի երազում չէինք պատկերացնում: Եվ ոչ ոք չէր պատկերացնում: Ու քանի որ մեզ անընդհատ մատուցվում էր, որ հաղթելու ենք, և ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ էինք: Եղբայրս էդ ժամանակահատվածում Շուշիում էր, և երբ որ ռմբակոծվեց Շուշիի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր հենց մեր թատրոնը, նա քաղաքում մնացած տղամարդկանց հետ տեղափոխել էր մեր իրերը: Սակայն այն վայրը, որտեղ դրանք տեղափոխվել էին, ևս ռմբակոծցվեց, ու մեր գույքի հիմնական մասը ոչնչացավ: Կորցրեցինք այն ամենը, ինչը երկու տասնամյակից ավելի ձեռք էինք բերել, չարչարվել ու ստեղծել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Աշխենը:

Լուսանկարում Աշխեն Հարությունյանն է, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն

Գյումրի եկել են ծնունդով գյումրեցի Լիլիթի նախաձեռնությամբ: Արձակագիր-գրող պրոդյուսերը Շուշիում էր հաստատվել յոթ տարի առաջ: Թատրոնի կողմից աշխատանքի առաջարկը ստանալուն պես չէր տատանվել, տեղափոխվել էր հայոց բերդաքաղաք: Այսօր հիշում է. երբ առաջին անգամ ոտք դրեց Շուշի, թվաց, թե Գյումրիում է, ասում է՝ անգամ օդն էր նույնը:

«Խասյաթով քաղաք էր Շուշին, նաև դրանով էր նման Գյումրուն»,- ասաց Լիլիթը:

Լուսանկարում Լիլիթ Մկրտչյանն է, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի պրոդյուսեր

Թատրոնը սրտաբաց է յուրաքանչյուր նորեկի նկատմամբ։ Եվ բացառություն չեն նաև Շուշիից եկած օրիորդները, որոնց նկատմամբ առավել է ուշադրությունը, շատ պարզ պատճառով․ մեզ հետ զրույցում վստահեցրեց Գյումրու տիկնիկայինի տնօրեն Արմենուհի Մանուկյանը: «Թատրոնը միանգամից ներգրավելով նրանց աշխատապրոցեսում, փորձում է ամեն կերպ անել առավելագույնը»,- ընդգծեց նա։

Գյումրիում Աշխենի ընտանիքը մեծ սեր ու հարգանք է գտել: Ասում է 90-ականներին չկար ոչ այսօրվա վերաբերմունքը, ոչ կեցության առաջարկվող պայմաններն ու ծրագրերը:

Ծնունդով Արցախի Մարալանյան սարեր գյուղից է նա: Այս պատերազմն Աշխենի հոգում վերապրեցրել է 90-ականների Արցախյան գոյամարտի ծանր ապրումները՝ վրան ավելացնելով նոր վերքեր: 1992-ին հուլիսի 12-ին, երբ Մարալանյան սարերը գրավվել է Ադրբեջանի կողմից, Աշխենի ընտանիքն ապաստան է գտել նախ Արարատում, հետո վերադարձել Արցախ ու հաստատվել է  Շուշիում:

«Արարատում ճագարի բնում էինք ապրում, այլ տարբերակ չկար»,- հիշում է Աշխենը: «Ստիպված էինք այնտեղ մնալու: Ու հոտն եմ հիշում ահավոր: Սննդի առումով էլ ահավոր վիճակ էր, Արցախի գյուղերը, գիտեք, շատ հարուստ գյուղեր են, ու միանգամից էդ վիճակից ընկնել նման կեցության մեջ, ահավոր դժվար էր, համակերպվելու բան չէր: Բայց այս անգամ, ես կարծում եմ, որ շնորհիվ բնակչությանը, ոչ թե Կառավարության, որովհետև սկզբնական շրջանում համակցված որևէ բան չէինք տեսնում, տեսնում էինք միայն բնակիչներին, գյումրեցիներին, որոնք մեզ տուն էր առաջարկում: Կամ, որ տաքսիի էինք նստում, ասում էին՝ եթե բնակվելու տեղ չունեք կամ ունենք ծանոթներ, որոնք բնակության տեղ չունեն, կարող եք գալ  մեր տուն: Նույնիսկ մեկը կար, ասում էր, կներեք, ես դոմիկում եմ ապրում, բայց ազատ անկողին ունեմ, կարող է մեկնումեկը գալ ու մնալ: Մարդկանց այդ բարի կամեցողությունը, ցավը գիտակցելը, զգալը, ոգևորող էր: Հիշում եմ, առաջին պատերազմի ժամանակ արցախցիները, որոնք տուն էին կորցրել, իրենք էին հիմնականում մտածում, թե ինչ անեն, ինչպես տեղավորվեն, իսկ հիմա այդպես չէր: Ավելի կազմակերպված էր: Մենք եկանք հասանք, մեզ տեղավորեցին և բոլորը միայն մեկ հարց ունեին՝ ինչո՞վ կարող եմ օգնել Արցախի զինվորին»:

Գյումրեցիների համախմբվածությունն Աշխենին զարմացրել է։ Ասում է՝ բոլորը մեկ մարդ էին, գուլպա ու գլխարկ էին գործում, Արցախ հասցնում այն ամենն, ինչն անհրաժեշտ էր:

Ինքն էլ ձեռքերը ծալած չի նստել: Հետաքրքրվել, իմացել է, որ Գյումրիում մեծ թվով արցախցիներ են ապաստանել և շատ երեխաներ կան: Լիլիթի հետ մտածել են նրանց համար ներկայացումներ խաղալ: Խանութից գնել են փափուկ խաղալիքներ, ձևափոխել տիկնիկների, գտել են իրենց հանդիսատեսին և ուրախացրել:

Ասում է՝ Շուշիի թատրոնը հյուրախաղերով էլի էր եղել Գյումրիում, բայց այս անգամ ձևաչափն այլ էր: Այս անգամ թատրոնն իր արցախցի հանդիսատեսի հետ էր եկել Գյումրի։ Ներկայացումներ են խաղացել այն շենքերում, անգամ տան բակերում, որտեղ ապաստանել են Արցախից եկած ընտանիքները:  

«Մեր օրինակով ուզեցինք ցույց տանք, որ պայքարել է պետք, որ արվեստը միայն նյութականը չէ, միայն շենքը չէ, այլ հոգին է, ասելիքն է, որը պետք է տրվի երեխային: Իրենք պետք է հասկանան, որ իրականությունն այն է, ինչ կա հիմա, սա է: Ընդունում ենք սա ու սկսում մի բան անել, որպեսզի ստեղծված իրավիճակից հնարավորինս ելք գտնվի»:

Թե ինչքան կմնա Գյումրիում, Աշխենը չգիտի: Ժամանակն ու իրադարձությունները կորոշեն ապագան: Հիմա դեռ եռամսյա պայմանագրով ինքն ու Լիլիթը կաշխատեն Գյումրու տիկնիկայինում, ինքը՝ դերասանուհի, իսկ մասնագիտությամբ կենսաքիմիկ-արձակագիր Լիլիթը բուտաֆորիայի բաժնում իր գործը կանի:

Եթե ցանկանան մնալ, տիկնիկայինի տնօրենն իրավունք ունի պայմանագրի ժամկետը երկարաձգելու: Իսկ եթե վերադառնան Արցախ, կամ տեղափոխվեն այլ վայր, թատրոնի այդ հաստիքները կսպասեն այլ հարմար թեկնածուների: «Առաջնահերթության կարգով կդիտարկվեն Արցախից եկած քաղաքացիները»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Օրերն անցնում են, և անցնող ամեն օրվա հետ արցախահայերն ավելի դժվար են համակերպվում Շուշիի կորստի և իրենց ցավի հետ: «Մարդ պետք է անպայման Շուշի գնացած լինի, տեղանքին ու մարդկանց ծանոթ լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է կորցրել, և որ դա ինչ մեծ աղետ է: Շուշին չճանաչող մարդիկ կարող են ասել դժգույն քաղաք է, կարող են ասել դժբախտ քաղաք է, ասեն, թուրքեր էին 90 տոկոսը և ավելին: Բայց ինչո՞ւ չենք խոսում բերդաքաղաքի հիմնադրման մասին: Բնական է, երբ որ ջարդեր են եղել Շուշիում, դրանից հետո հայերի թիվը քիչ էր լինելու: Բայց արդյո՞ք քաղաքի պատկանելիության մասին չեն խոսում պատմամշակութային արժեքները, ինչո՞ւ ենք մենք լռում: Կարծես թմբիրի մեջ ենք, բայց պիտի զարթնենք, չէ՞ վերջապես, ու հասկանանք, որ չի կարելի էդպես անել, ուղղակի չի կարելի վերցնել, բնաջնջել, ողնաշարը կոտրել»,- ասում է Շուշիի պետական թատրոնի տնօրենը:

Հիմա Աշխենն այլևս Շուշի գնալ  չի կարող, Արցախի այլ բնակավայր վերադառնալ դեռ չի շտապում: Գյումրիում հիմնական բնակություն հաստատելու ծրագրեր ևս չունի: «Ես որպես դերասան մեծ հաճույքով եմ բեմ դուրս գալիս, բայց էս աշխատանքը  հիմա  հետաքրքիր չէ, որպես դերասան: Ես էստեղ բավական մեծ դաշտ եմ տեսնում համագործակցելու: Եթե մեր էներգիան պետք եկավ էս թատրոնին, կօգտագործենք, եթե չէ՝ տեղ կգտնենք, արվեստագետը միշտ էլ արտահայտվելու եզրեր ու միջավայր գտնում է:

Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ եթե Արցախի հարցը, թեկուզ եւ այս 2500 քմ-ն ունենք, եթե սա հետագայում մնա որպես Արցախի Հանրապետություն, ես անպայման կվերադառնամ, բայց եթե պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ բան, չեմ վերադառնա, ինչքան էլ դա ցավալի ու դժվար որոշում է»,- ընգծում է Աշխենը:

Արցախում ծնված, մեծացած հայուհին նաև խնդրում է երբեք չասել, որ ինչ-որ ժամանակ, խորհրդային տարիներին հայերն ու թուրքերն ապրել են միասին և ոչ մի խնդիր չի եղել: Մանկությունից շատ բան է հիշում, մեջբերում է պապի խոսքերը՝ թե կարող ես թուրքի հետ զրուցել, ծիծաղել, բայց փայտը ձեռքդ պահած ու միշտ ուշքդ վրադ: «Երբ ինքնավար մարզ էինք Ադրբեջանի կազմում խորհրդային տարիներին, այն, որ ամեն ինչ արտաքնապես նորմալ էր, սովորաբար դա են մեջբերում, թե հայը 70 տարի ապրել է ադրբեջանցու հետ կողք կողքի, և կարծես թե բան չի եղել: Ոչ, իրականությունն այդպիսին չէր: Կային հայկական գյուղեր, կային թուրքական գյուղեր, այո կային մի քանի մեծ քաղաքներ, որտեղ հայն ու թուրքը միասին ապրում էին, բայց մեծամասամբ հայկական ու թուրքական գյուղերն առանձին էին: Հայը նույնիսկ, եթե ինչ-ինչ պատճառներով կենցաղային խնդիր լուծելու, կամ ինչ-որ բան գնելու համար գնում էր թուրքական գյուղ, գիշերը չէր մնում այնտեղ, և հակառակը, թուրքը երբեք գիշերը մեր գյուղում չի մնացել: Եկել, իր առևտուրն արել, դուրս է եկել: Որտեղ որ մի հայ էր ու մի քանի թուրք, էնտեղ արդեն ընդհարում լինելու էր: Ճիշտ է անունը դնում էին կենցաղային հողի վրա, այնինչ դա ազգային հողի վրա էր, բայց այդպես չէր նկարագրվում»,- հիշում է մեր զրուցակիցը:

Այն, որ Արցախում յուրաքանչյուրն ու ամեն վայրկյան զգոն են ապրում, վստահեցնում է նաև Լիլիթը:  Յոթ տարի Շուշիում ապրած ամեն օրը կյանքի մի նոր դաս է եղել: Նաև նշում է՝ չկար ընտանիք, որի անդամներից գոնե մեկը բանակում չլիներ, բոլորն այնտեղ ծառայության մեջ են: Եվ հենց այդ ծնողների երեխաներն էին, որ, ըստ Աշխենի ու Լիլիթի, պատերազմի հենց առաջին օրը հայտնվեցին անհասկանալի իրավիճակում՝ մենակ ու անօգնական:

«Թիվ մեկ էր տրված, ծնողները մեկնել էին: Երեխաներն էլ հենց էդպես, ուղղակի փողոցում էին մնացել : Ծնողները լացելով զանգել խնդրում էին, որ իրենց երեխաներին մի ապահով տեղ տանենք, մորքուրի մոտ, հորքուրի մոտ: Էդ խնդիրը կար, իսկ Արցախում շատ-շատ նման ընտանիքներ  կան»,- պատմում է Աշխենը:

Աշխենից ու Լիլիթից բացի Գյումրիում ևս մշակութային ոլորտի ներկայացուցիչներ կան: Շուշիի գորգերի թանգարանի աշխատակցուհին է այստեղ, որի համար որպես աշխատավայր նախնական դիտարկվել է նորաբաց Գյումրու պատմության թանգարանը: Շուշիի թանգարանի մեկ-երկու աշխատակից հնարավոր է աշխատանքի անցնի Իսահակյանի տուն-թանգարանում, որտեղ նաև պրակտիկա կանցնեն:

«Մեկ աշխատակցի ես եմ պատրաստ ընդունել մեր Մշակույթի բաժնում, մշակութաբան էր, նկարիչներ կան, որոնց համար հնարավոր է դիտարկել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատն ու նկարչական դպրոցը: Այս ամենը 3 ամիս ժամկետով, իհարկե,  պետական ծրագրով է իրականացվելու: Բոլոր աշխատանքները համակարգելու է զբաղվածության կենտրոնը: Նպատակը մարդկանց ռեալիզացիայի հնարավորություն տալն է, որ եթե հետագայում հիմնական աշխատանքի անցնելու խնդիր առաջանա, մարդիկ և փորձ ունենան, և միջավայրին ծանոթ լինեն»,- մանրամասնեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ու նշեց, որ ուշադրության կենտրոնում են նաև տեղահանված փոքրիկ արցախահայերը, որոնք իրենց բնակության վայրերում տարբեր խմբակներ, երաժշտական ու արվեստի այլ դպրոցներ են հաճախել:

Ներկա պահին Շիրակի մարզպետարանի հետ տվյալներն են հստակեցվում՝ հասկանալու համար, թե քանի նման երեխայի մասին է խոսքը, որպեսզի հնարավոր դառնա կամ վերականգնել նրանց ուսումնական գործընթացը, կամ ցանկության պարագայում ընդունել առաջին դասարան: «Այս պահին քննարկում ենք խնդիրը և չի բացառվում, որ դիմենք ավագանուն, հնարավորության դեպքում նրանց ուսումը կամ զեղչված, կամ անվճար կազմակերպելու համար»,-տեղեկացրեց Թովմասյանը:

Սամսոն Մատինյան

Տպել
3513 դիտում

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից