Մեզ Արցախ տարեք՝ տանեցիներից թաքուն պետությանն են դիմում հայուհիները

«Չէ, չէ, չէ, ինձ չնկարեք»,- լուսանկարչական ապարատի առաջին չխկոցի հետ իմ կողմն են շրջվում զինվորագրվելու եկած կանայք, որ միջանցքում սպասում են իրենց հերթին: Ասում են ու անմիջապես էլ մանրամասնում. «Չէ, կարող եք նկարել, միայն թե մինչեւ չհասնենք Արցախ, նկարները չտպեք, թե չէ մերոնք, որ ինձ տեսան…»:

Նրանց տներում չգիտեն, որ այսօր առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս իրենց հետ վերցրել են անձնագրերը, որ օրվա մեջ մի պահ այստեղ գան ու պահանջելով դիմեն՝ մեզ Արցախ տարեք:

«Ինչո՞ւ եք այս որոշումը կայացրել»,- հարցնում եմ: «Կարծում ենք՝ հայրենիքն այնտեղ մեր կարիքն ունի,- պատասխանում է զրուցակիցս՝ հրաժարվելով ներկայանալ,- տանը չգիտեն, չեմ ուզի, որ հիմա՛ իմանան»:

Ընկերուհիներով աշխուժորեն ինչ-որ բան քննարկող աղջիկներն առավել զգուշանում են ինձնից, եւ աշխատում չլինել նույնիսկ անջատած օբյեկտիվի առաջ. «Ոչինչ չեմ ուզում խոսել»,- ասում է նրանցից մեկը՝ ոսկեփայլ գանգուրներով մի հավերժահարս՝ վճռական ու տխուր աչքերով: «Խոսելու ժամանակը չէ, գործելու պահն է»,- հավելում է մյուսը:

Մյուս կողմից հետաքրքրությամբ ինձ են նայում ժպտուն աչքեր. «Ինչո՞ւ եմ եկել. որովհետեւ ապագա զինվորի մայր եմ, որովհետեւ զինվորի քույր եմ, որովհետեւ զինվորի կին եմ… որովհետեւ հայ եմ եւ չեմ կարող անտարբեր լինել: Որովհետեւ եթե այս հարցը էլի չլուծվի, ու էսպես երեք-չորս տարին մեկ մեծուփոքր կռիվ լինի, մի օր էլ էս նույն կռիվը իմ տղան պիտի տա, իսկ ես էս գործը չեմ ուզում իր վրա թողնել»: Հանդարտ ու ինքնավստահ այս կինն Արմինեն է, նա տանն է թողել իր 6-ամյա որդուն եւ 11-ամյա դստերը ու կրկնում է. «Մեր գործն է, հիմա պիտի անենք»:

«Բոլորս էլ պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել»,- հավելում է Սեդան: Նա հանգիստ է խոսում կռվի մեկնելու որոշման մասին, ինչպես տրամաբանորեն հասունացած միակ ճիշտ որոշման: «Որդի՞ ունեք այնտեղ»,- հարցնում եմ: «Չէ, ես միայն մի աղջիկ ունեմ, ինքն էլ էր ուզում ինձ հետ գար, գրանցվեր, բայց դեռ անչափահաս է, զրուցեցինք, որոշեցինք, որ չկամավորագրվի, այստեղից որեւէ այլ կերպ կօգնի»,- ասում է: Սեդան շտապում է, աշխատանքի է, ընդմիջման ժամին է եկել, չի ուզում ուշանալ, իսկ հերթը մոտ չէ: «Իսկ կարո՞ղ է մարտի մեկնելով՝ աշխատանքը կորցնելու վտանգ ունենաք»,- հարցնում եմ: «Աշխատանք ամեն տեղ էլ կգտնվի»,- ուղիղ պատասխանից ժպիտով խուսափում է նա:

Սեդայից հետո հերթում փոքրամարմին Հասմիկն է՝ խոշոր, խոնավ աչքերով: Նա փափագում է մեկնել Մատաղիս: «Այնտեղ զենքին լավ տիրապետողներ են պետք, այնտեղ մարտերը թեժ են»,- նկատում եմ: «Հենց դրա համար էլ ուզում եմ այնտեղ գնալ: Ցանկացած գործ կարող եմ անել, միայն թե այնտեղ լինեմ,- նրա ձայնը սկսում է դողալ,- տղաս այնտեղ է: Գիտեմ, որ հենց իր մոտ ինձ չեն տանի, առաջնագիծ չեն տանի, բայց գոնե մոտիկ կլինեմ»: Նրա շուրթերը դողը զգացվում է դիմակի տակից. «Հերիք է, ինչքան մարդասեր եղանք,- ասում է,- պիտի անխնա լինենք: Թող աշխարհն ասի անսիրտ ենք. թող ասի՝ վայրենի ենք, բայց չմտածի՝ խեղճ ենք»:

Գրանցման սենյակից դուրս եկողները մտնողներին մաղթում են հաջողություն: «Հաջողություն»-ն այստեղ նշանակում է՝ մաղթում ենք, որ համապատասխանեք որոշակի չափանիշներին եւ ձեզ էլ հաշվառեն: Հերթում սպասողներն էլ հաղթական քայլվածքով ելնողին նայում են քննասենյակի դռանը սպասող ուսանողների պես՝ մի քիչ նախանձով, մի քիչ ուրախությամբ ու նորից խորասուզվում են իրենց մտքերի մեջ:

Թեթեւ-առույգ դուրս եկող աղջնակն իր «բոլորիդ հաջողություն»-ն է մաղթում զվարթ ձայնով ու գրեթե թռչկոտելով դուրս գնում: «Ուզո՞ւմ եք մարտի մեկնել»,- հարցնում եմ: «Ուրիշ տարբերա՞կ ունենք,- փոխադարձաբար հարցնում է նա,- իհարկե, պիտի գնանք: Ախպերներս բոլորն էնտեղ են, իհարկե, պիտի գնամ»: Նա հրաժարվում է ներկայանալ. «Տանեցիք, որ ճանաչեն, չեն թողնի»: Իսկ ինքը վստահ է՝ պիտի գնա: Ինստիտուտը թողել է, զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, դեռ ամիսներ առաջ է որոշել հմտանալ որպես ռազմական լուսանկարիչ, բայց, ասում է, դեռ մինչեւ դա շատ ճանապարհ ունի անցնելու: «Հիմա որպես լուսանկարիչ չեմ մեկնում, դա դժվար է. որպես լուսանկարիչ՝ դու պիտի կարողանաս տեսնել, օրինակ, մարդն ինչպես է ընկնում, տանջվում, ու պիտի կարողանաս նկարել: Դա, չգիտեմ, ես երեւի դեռ չեմ կարող: Ես հիմա գնալու եմ՝ որպես օգնող, ու այդ երկընտրանքը չի լինելու. ով կարիք ունենա, օգնելու եմ, պետք լինի, կռվելու եմ, զենքերին էլ մի քիչ ծանոթ եմ»,- հպարտորեն ամփոփում է բարալիկ մատներով ուղղելով կարճ մազերը:

Կտրուկ ներս է մտնում գործընկերուհիս՝ Ջեմման, ու տհաճությամբ նայում հերթին: Ակնհայտորեն նա էլ հույս ուներ գրանցվել մինչեւ ընդմիջման ավարտը: «Հա, ես էլ որոշեցի»,- ինձ նկատելով՝ ասում է: Նա էլ տանը որեւէ մեկին տեղյակ չի պահել, որ կամավորագրվելու է: «Տղադ փոքրիկ չի՞, երկուս կա՞, կմնա՞ առանց քեզ»,- զարմանում եմ: Փափուկ հայացքով ու տաքուկ ժպիտով Ջեմման որոշման պաթետիկ մասը միանգամից բաց է թողնում եւ ուղիղ ասում. «Մանկապարտեզի տնօրենին եմ խնդրել, որ կազմակերպի: Նման վիճակում բոլորն էլ հասկանում են, օգնում են: Փոքրիկիս որ ինքը նայի, աղջիկս փոքր չի, իր հարցը բարդ չի: Ի՞նչ անեմ, ամաչում եմ՝ տանը նստեմ, չեմ կարողանում՝ բան չանեմ: Գիտե՞ս, սուտ կլինի՝ ասեմ, չեմ վախենում, բայց հաստատ գիտեմ, ինչ պետք լինի, կանեմ… ուզում եմ, որ անեմ»:

Իսկ այստեղ՝ գրանցման սենյակում, երկրորդ օրն է, որ շարունակվում է կամավորագրվող կանանց զորահավաքը Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ։ Մեզ հետ զրույցում նա հաղորդում է, որ երեկվանից մինչ այդ պահը գրանցվելու համար դիմել է ավելի քան 150 կին, որոնցից 30-40-ին չեն ընդունել: Պատճառը հիմնականում տարիքն է: Չեն գրանցում առավել քան 55 տարեկան կանանց եւ անչափահասներին, որոնք, ըստ Նարինե Այրումյանի, դիմողների շարքում շատ-շատ են: «Կանանցից մեկին մերժեցինք գրանցել, քանի որ տանն էր թողել 9 ամսական երեխային ու եկել՝ մեկնելու կռվի դաշտ: Չհամաձայնեցի գրանցել նաեւ չորս երեխա ունեցող կնոջը, թեպետ շատ էր ուզում»,- նշում է նա:

Կամավորագրվողների առողջական վիճակն առայժմ գնահատվում է միայն կնոջ նշած տվյալների հիման վրա եւ արտաքին զննությամբ: Բայց, ըստ Այրումյանի, այս գործընթացը դեռ բազմաթիվ փուլեր է ունենալու. հիմա պիտի կանայք հավաքագրվեն, հետո Պաշտպանության նախարարությունն ամփոփի տվյալները, հատկացնի ռազմամարզական դասընթացին հարմար տարածք, որտեղ կանայք պետք է անցնեն ռազմական պարապմունքներ, որից հետո փաստաթղթային ձեւակերպումներն արվեն եւ ըստ նախարարության նշած անհրաժեշտության՝ տեղաբաշխվեն: «Կանանց մի մասը ծառայելու է թիկունքում, մի մասը՝ ճակատում: Եվ մեր նախատեսած զորավարժությունների նպատակն էլ հենց այն է, որ մինչեւ ծառայության անցնելը կանայք ծանոթանան զենքին, կարողանան կատարել տարբեր մարտական առաջադրանքներ, թեպետ պիտի նշեմ, որ այս պահին գրանցված 117 կանանցից ավելի քան 30-ը տիրապետում է զենքին, ունի որոշակի փորձ»,- նշում է Մարինե Այրումյանը:

Կամավորագրվող կանայք պատերազմական գոտում կարող են կատարել ամենատարբեր գործեր՝ ծառայելով որպես մարտիկ ու մատակարար, հացթուխ ու բուժքույր, խոհարար ու կազմակերպիչ:

Իսկ կարո՞ղ եք նշել, թե ֆիզիկական կամ հոգեբանական ինչ տվյալներ ունեցող կանայք ճիշտ է, որ չմտածեն մարտի մեկնելու մասին, այլ ի սկզբանե կենտրոնանան թիկունքում որոշակի աշխատանք կատարելով օգտակար լինելու վրա: «Ոչ, անհնար է ասել. մարտականչը մարդու սրտից է, դա միայն ու միայն մարդու համար լսելի հոգու կանչ է: Արտաքին բոլոր տվյալներով մարդիկ կարող են լինել նույնը, բայց նրանցից մեկի համար ռազմի դաշտ մեկնելը ճիշտ չլինի, իսկ մյուսը լինի իսկական մարտիկ: Եվ նա՝ մարտական ոգով մարդը` անկախ ամեն ինչից (մենք տանենք-չտանենք, համաձայնենք-մերժենք), գնալու է»,- ասաց Այրումյանը՝ չբացառելով, որ այն կանայք, որոնց ինքը մերժել է հիմա գրանցել, գուցեեւ գտնեն այլ միջոցներ՝ հասարակական կազմակերպություններ, ծանոթներ եւ կմեկնեն Արցախ:

«Կինը ռազմի դաշտում իրականում հոգեբանական շատ մեծ դեր ունի: Պատերազմում կինը շատ անելիք ունի, նրա ներկայությունն այնտեղ ճիշտ է, կարեւոր է: Այստեղ գրանցվողներից շատերի ամուսինները, եղբայրները, քեռիները ռազմադաշտում են՝ կամ կամավոր են, կամ պահեստազորում են. եւ եթե հայրը գիտի, որ աղջիկն էլ է իր հետ պատերազմում, բառերով անհնար է ասել, թե դա հոգու ամրության համար ինչ ուժ է տալիս, ինչ տոկունություն բարդ իրավիճակներում, եւ ինչ մեծ ոգեւորություն. եւ դա էլ այն էական գործոններից մեկն է, որով մենք կհաղթենք այս պատերազմում»,- հավաստում է փոխգնդապետը:

Երեկվանից մեկնարկած եւ անսպասելի արագությամբ ընթացող այս կամավորագրումով հիմնվում է մի նոր զորամիավորում: «Այսպիսին դեռ չենք ունեցել, ես անգամ չգիտեմ, թե այն ինչպես կկոչվի: Բայց ինչ տվյալներ էլ, որ գրանցենք այս գործընթացի վերջում, ինձ համար մի բան ակնհայտ է. եթե նույնիսկ հիմա մարտադաշտում հաղթանակը գրանցվի շատ արագ, եւ եթե անգամ չհասցնենք մասնակիցը դառնալ հաղթանակի, այս գործընթացի՝ կանանց կամավորագրման հիմքի վրա կբացվի դպրոց, որտեղ կանանց կսովորեցնեն ռազմական գործի նրբությունները՝ պատրաստելով հետագա հավանական ռազմական խնդիրների լուծմանը»:

Տպել
1865 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է