Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը երեկ ավարտեց աշխատանքները:

Ստեղծվելով 2019-ի մարտի 31-ին՝ առաջին նիստը հրավիրվեց հունիսի 4-ին: Հանձնաժողովը գործեց ուղիղ 1 տարի՝ նպատակ ունենալով բացահայտել 2016-ին տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ անհասկանալի դրվագներ, հանրության համար անհասկանալի մնացած հարցեր: Դրանցից էին օրինակ այն, թե արդյոք զինված ուժերը իմացել են հակառակորդի հարձակման մասին, ինչպե՞ս է աշխատել հետախուզությունը, արդյոք զինվորները տեխնիկայի, վառելիքի, ուտելիքի խնդիր ունեցե՞լ են դիրքերում եւ այլն:

Երեկ արդեն, հանձնաժողովի աշխատանքի վերջին օրը ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ՀԺ-ին հայտնեց. «Ունեցել ենք 30 նիստ, 19 հրավիրյալ, 3025 հատ փաստաթուղթ գրություն ենք ստացել, 14 գրաֆիկական քարտեզ, կուտակել ենք 80 ժամ լսումների ձայնագրություն»:

Հանձնաժողովի առաջին հյուրերը դարձան ապրիլյան պատերազմի մասնակիցները, զինվորներ, նրանց հարազատներ: Ապա սկսեցին հրավերներ ուղարկվել նախկին ու ներկա պաշտոնյաներին: Հանձնաժողովի հարցերին 2 անգամ պատասխանեց միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Հյուրընկալվեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, հեռավար կերպով նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամենաերկարը հանձնաժողովում մնաց Սերժ Սարգսյանը՝ շուրջ 5 ժամ:

Հանձնաժողովի վերջին հյուրը դարձավ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ Բակո Սահակյանին հարցեր ուղղել են երեկ՝ հեռավար կարգով:

Միակ անձը, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հրավերը չընդունեց՝ ՀՀ Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր: «Մենք մինչեւ վերջ հորդորեցինք, որ նա գա հանձնաժողով, որ բոլոր հարցերը եւ բոլոր սլաքները ուղղվում են դեպի իրեն, բայց նա այդպես էլ լսեց այլ մարդկանց հորդորներ եւ չներկայացավ հանձնաժողով»,- մեր զրույցում ասաց Քրիստինե Պողոսյանը:

Այսօրվանից հանձնաժողովն աշխատում է զեկույցի պատրաստման ուղղությամբ, որը լավագույն դեպքում պատրաստ կլինի մինչ Ազգային ժողովի արձակուրդ գնալը, վատագույն դեպքում՝ սեպտեմբերին: Կլինե՞ն արդյոք զեկույցում հանրության համար սենսացիոն բացահայտումներ. մեր այս հարցին ի պատասխան Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

զեկույցի կառուցվածքը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասվող զեկույցի մի հատվածը հնարավոր է գաղտնիք լինի եւ հանրության դատին չհանձնվի, սակայն կլինի նաեւ հանրության համար նախատեսված հատված:

Խոսելով հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին՝ Քոչարյանն ասաց, թե այն հաջողված եւ արդյունավետ է եղել: Ընդգծեց՝ ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչեւ բանակցությունների շղթային առնչվող հարցեր:

Արդյոք պարզվե՞լ է ի վերջո՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակը սպառազինության, վառելիքի խնդիր ունեցե՞լ է, թե՞ ոչ. այս մասին Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին.

«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման ժամանակ ԱԺ-ում կասկած էր հայտնել, թե վառելիքի որակի հետ կապված խնդիր է եղել, որի պատճառով էլ տեխնիկան չի աշխատել:

Խոսելով զեկույցի շրջանակներում բացահայտվող հարցերի շրջանակի մասին՝ Քոչարյանը ակնարկեց, թե դա երեւալու է զեկույցի կառուցվածքից:

 «Մենք արդեն ամբողջացնելու լիարժեք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, ունենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանների մի հսկա խմբաքանակ եւ ապագա եզրակացության կառուցվածքը: Կասեմ կառուցվածքի որոշ էլեմենտներ. Ապրիլյան ավանտյուրան ինչո՞ւ սկսվեց, ի՞նչ նպատակ ուներ, սկսվելուց առաջ մենք ինչքա՞ն էինք պատրաստ նման ավանտյուրաների որպես անվտանգության համակարգ, բուն պրոցեսը՝ ապրիլի 2-ից 5-ը եւ բանակցությունների բուն պրոցեսը, այդ շղթայի մեջ մենք ի՞նչ իրողությունների ենք առնչվել»,- գաղտնազերծեց Քոչարյանը:

Այլ հարցերի եւս անդրադարձ լինելու է: Մասնավորապես հանձնաժողովը փորձել է պարզել, թե պետություն-բանակ-զինվոր շղթան ինչքանով է կանոնակարգված: «ժողովրդի մեջ այն կասկածն էր, որ մեր զինվորը մենակ գնաց, կռվեց, կրակեց: Ես բան չունեմ ասելու, որպեսզի ապրես՝ պետք է կրակես հակառակորդի վրա: Բայց դա հերոսապատումների մի ամբողջ շղթա էր»,- նկատեց նա՝ ըստ էության ակնարկելով, որ այդ հերոսապատումները որոշ դեպքերում չափազանցված են եղել:

Քոչարյանը շատ կարեւոր է համարում սպասվող զեկույցի եւ կատարված աշխատանքի հետագա ազդեցությունը նման իրավիճակներում ավելի ճիշտ գործելու առումով:

«Ես ուրախ եմ, որ վերջերս ադրբեջանական կողմը Արցախի նախագահի ինաուգուրացիայի օրը փորձեց ինչ-որ փոքր բաներ, բայց Պաշտպանության բանակը լրիվ այլ պատրաստակամություն ցույց տվեց: Հակառակորդը պետք է հասկանա, որ մեր զինված ուժերը ունեն ձեռքբերումներ թե՛ սպառազինության որակի, թե՛ կառավարելիության առումով, եւ դա արդյունք է այն բոլոր փոփոխությունների, որ իրականացվում է Հայաստանում անվտանգային համակարգի ուժեղացման առումով: Ինչքան էլ քննադատեն հին զենք է, զենքի մեջ չէ խնդիրը, կառավարելության մեջ է խնդիրը»,- նկատեց նա:

Լրագրողները հարց հնչեցրին, թե ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չներկայանալով հանձնաժողովի զեկույցը կարո՞ղ է ոչ ամբողջական լինել:

Քոչարյանն ասաց, որ հանձնաժողով գալն առաջին հերթին ձեռնտու էր հենց Խաչատուրովին:  

«Յուրի Խաչատուրովն անձամբ պիտի շահագրգռված լիներ այս աշխատանքներում ներգրավվելու հարցում: Նույնիսկ երեկ պատրաստ էինք գիշերը հավաքվել, եթե ինքը գար։ Իր չգալով՝ ինքը երեկ շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ»։

Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացության մեջ առաջարկ են անելու ԱԺ նախագահին, որ կանոնակարգ օրենքում փոփոխություններ լինեն եւ հրավիրյալները հնարավորություն չունենան մերժելու նմանատիպ հանձնաժողովների հրավերները, իսկ մերժելու դեպքում դա ունենա հետեւանք:

Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չգալու հանգամանքին մեր զրույցում անդրադարձավ նաեւ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Չնայած որ բոլոր սլաքները ուղղվում էին Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի կողմը, սակայն նա լսեց որոշ մարդկանց հորդորները եւ չներկայացավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քրիստինե Պողոսյանը: Մեր զրույցի մյուս մասը՝ ստորեւ.

-Տիկին Պողոսյան, ո՞ւմ հորդորները նկատի ունեք:

-Դե մեզ ընդամենը խոսակցություններ են հասել, ես չեմ կարող պնդել, բայց որ հորդորներ է լսել, դա զգացվեց:

- Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ նա Ազգային ժողովում ասել էր, որ խորհուրդ է տալու Խաչատուրովին՝ մասնակցել հանձնաժողովի նիստին:

- Դե Սերժ Սարգսյանը հրապարակային շատ ուրիշ բաներ էլ ասեց, որ չի համապատասխանել իրականությանը:

- Ի դեպ, տիկին Պողոսյան, Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, որ 2016-ին հայկական կողմն ունեցել է ոչ թե 800 հեկտար տարածքի կորուստ, այլ 400: Նույնը ասաց նաեւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Հանձնաժողովը պարզե՞ց, թե իրականում որքան է եղել կորուստը:

- Հանձնաժողովում, այո, Սերժ Սարգսյանը պնդել է 400 թիվը, բայց այդ թվի հետ կապված մեր պարզած տվյալներին կանդրադառնանք մեր եզրափակիչ զեկույցում:

- Հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում բացահայտումներ կլինե՞ն:

- Նայած դուք ինչ նկատի ունեք բացահայտումներ ասելով: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք ամեն ինչ, ինչ իմացել ենք՝ հանրությանն ասելու ենք:

- Նկատի ունեմ հանրության համար որեւէ սենսացիոն տեղեկություն, որի մասին մինչ այս չգիտեր:

- Կարծում եմ՝ այո:

ՀԺ-ն 400 հեկտարի մասին Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Մնացականյանի հայտարարություններից հետո հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ որքան է եղել հայկական կողմի տարածքային կորուստը:

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է 2016-ի ապրիլին տեղի ունեցած ռազմականմարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի գործունեության ժամկետն ավարտվում է ս.թ. հունիս ամսին, եւ քննիչ հանձնաժողովը իր գործունեության արդյունքներով պետք է ներկայացնի զեկույց, առաջարկում եմ հարցապնդվող տեղեկատվությունը ստանալ ներկայացվող զեկույցի շրջանակներում»:

արխիվ

Ստորեւ հիշեցնենք, թե որոշ առանցքային հրավիրյալների հյուրընկալելուց հետո ինչ հետաքրքիր մանրամասներ էին հայտնի դարձել նրանց բացահայտումներից:

Հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլում, ինչպես հայտնի է, հյուրընկալվում էին Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներ, հրամանատարներ, նույնիսկ 3-րդ պաշտպանական շրջանում հերթապահություն իրականացրած բժիշկ հրավիրվեց հանձնաժողով՝ նրա իսկ նախաձեռնությամբ. Բժիշկն ասել էր, որ մտահոգիչ տեղեկություններ ունի հայտնելու:

Պատերազմական օրերին Լելե Թեփեի հատվածում մարտական գործողություններին մասնակցած ավագ սերժանտին հյուրընկալելուց հետո Քոչարյանը տեղեկացրեց, որ նա մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հակառակորդը գրավել այդ բարձունքը։ Քոչարյանն ասաց, թե հանձնաժողովականները ցավալի իրողությունների մասին տեղեկացան։

Հանձնաժողովում հյուրընկալվեց նաեւ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Վերջինս պաշտոնից ազատվել էր 2017 թվականին։ Նրա մասնակցությամբ նիստից ոչինչ չբացահայտվեց:        

Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, ներկայումս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելիս հանձնաժողովը փորձեց փարատել հետախուզության հետ կապված հարցերը: Մանրամասներ, սակայն չհրապարակվեցին:

Կարապետյանն ինքն ասաց. «Իմ բոլոր տեղեկություները գաղտնիության խնդիր ունեն, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Երկու պատասխանն էլ շատ կարեւոր է: Եթե չենք իմացել, դա էլ է կարեւոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարեւոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել կամ չգիտեմ՝ ինչ անել, հարցը այստեղ դա չէ, հարցն այն է, որ մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է»,- պատասխանեց նա:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստից հետո Քոչարյանի ամենակարեւոր բացահայտումը հետեւյալն էր. «Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է»:

«Իմ մասով էլ կա բացթողում. նոր հրամանատարը հաշվի է առել այդ ամենը». քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը եւ հավելեց. «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքներն այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:

Սերժ Սարգսյանը հանձնաժողով եկավ իր 1 նախապայմանի ընդունումից հետո. նախապայմանը հետեւյալն էր՝ իրեն տրամադրել իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը: Նիստից հետո նրա միակ բովանդակային բացահայտումը հետեւյալն էր. «Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:

Իր մասնակցությամբ նիստից որոշակի բացահայտումներ արեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա պնդեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե բանակը ոչ միայն իր առջեւ դրված խնդիրն է կատարել, այլ ավելին՝ բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ կարողացել ենք հասնել մարտական գործողությունները կանգնեցնելուն։

«Ասացեք, տեսնեմ, մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս։ ՊՆ-ում իմ երկարատեւ աշխատանքի ընթացքում ես ասել եմ՝ սխալ ունենալը եւ դրանք վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը, բայց չվերացնելն արդեն նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն»։ Նախկին նախարարն ընդգծեց՝ ճակատագրական սխալներ չեն եղել։

Տպել
3152 դիտում

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը

Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը

Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին

Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում

Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից

Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր

33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա

Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ