Կարանտինի պատճառով մարզիկների մոտ հնարավոր է նեւրոզների առաջացում, սրացում, դեպրեսիա. հոգեբան

Սպորտն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտներից է: 1 տարով հետաձգվել են քառամյակի մեծամասշտաբ միջոցառումները, այդ թվում՝ Տոկիո 2020-ը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւ Ամերիկայի գավաթը, հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք մարզաձեւերի ընթացիկ մրցաշարեր, բազմաթիվ երկրներում անորոշ վիճակում է ամենասիրված մարզաձեւերից մեկը՝ ֆուտբոլը, եւ եթե մարզասերների համար այս հարցի հետ կապված բարդությունն այն է, որ պարզապես պետք է ժամանցի այլ միջոց գտնեն, ապա մարզիկները զրկվել են իրենց կյանքի գլխավոր բաղկացուցիչներից մեկից, եթե ոչ՝ գլխավորից. չէ՞ որ նրանք մանկուց, ողջ կյանքում մեծ զոհողությունների են գնում՝ մարզական նպատակներին հասնելու համար, եւ տարիքով որոշ մարզիկների համար էլ այս տարի նախատեսված օլիպիական խաղերը գուցե վերջին շանս էին, ու մյուս տարի արդեն ուշ կլինի: Իհարկե, կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը բոլորի կյանքի վրա է ազդել՝ թե՛ առօրյայի եւ թե՛ հոգեկան աշխարհի, սակայն մարզական հոգեբան Անժելա Բարխուդարյանի հետ այս դեպքում փորձել ենք կենտրոնանալ մարզիկների վրա: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նա նշել է կարանտինի պատճառով հնարավոր հոգեբանական խնդիրները եւ լուծման տարբերակները:

-Բոլորի հոգեվիճակի վրա էլ ստեղծված իրականությունն ազդում է, բայց խոսենք մասնավորապես մարզիկների մասին: Կարանտինի պատճառով նրանք զրկված են իրենց հիմնական գործունեությունից:

-Ինչպես ասացիք, բոլորիս վրա էլ իր բացասական ազդեցությունն ունի, սակայն մարզիկների վրա՝ առավել եւս, քանի որ նրանք սովոր են մի ապրելակերպի՝ մարզումներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումներ, եւ այս ամենը խախտվում է, այսինքն՝ մարզիկը հայտնվում է մի իրավիճակում, երբ իր ապրելակերպն ամբողջությամբ տակնուվրա է լինում: Այստեղ կողմնորոշվելու, արագ հակազդելու խնդրի առաջ են կանգնած, եւ թե ինչպես մարզիկը կհաղթահարի այս իրավիճակը, կախված է նաեւ անհատական առանձնահատկություններից: Մի մարզիկն ավելի հեշտ կարող է հաղթահարել, քան մյուսը: Եթե մարզիկը կարողանա այս իրավիճակում որոշակի դրական կողմեր գտնել՝ հանգստանալ, էներգիա, ուժ հավաքել, կարդալ թեմատիկ գրականություն եւ նոր թափով շարունակել իր գործունեությունը, ապա այս ընդմիջումը գուցե լինի ավելի քիչ ցավոտ:

-Կոնկրետ ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ մարզիկների մոտ:

-Ինֆորմացիոն սթրես, քնի խանգարումներ, լարվածության եւ տագնապային սրացումներ, վախի զգացումներ, սպորտային մոտիվացիայի անկում…

-Ձեր խոսքի սկզբում նշեցիք մոտեցման կարեւորության մասին: Ասացիք, որ պետք է դրականը տեսնել: Էլ ինչպե՞ս կարելի է հաղթահարել:

-Կան մարզիկներ, որոնք շարունակում են իրենց մարզումային գործընթացը բացօդյա տարածքներում: Սա նույնպես հաղթահարման արդյունավետ միջոց է, քանի որ հնարավորություն է տալիս հնարավորինս պահպանելու իրենց ֆիզիկական, տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակը, այսինքն՝ ապրելակերպն ամբողջությամբ չի փոխվում: Պարզապես մրցումների բացակայությունը, դրա հետ կապված անորոշության զգացումը կարող են խանգարել մարզումների նպատակային իրականացմանը եւ հանգեցնել սպորտային մոտիվացիայի նվազման: Այս ամենը հաղթահարելու համար նրանք պետք է կենտրոնանան իրենց հմտություների զարգացման, կատարելագործման վրա եւ որպես մրցակից դիտարկեն իրենք իրենց՝ փորձելով է՛լ ավելի ուժեղանալ, վարպետանալ իրենց սպորտաձեւում: Որպես դրական կողմ՝ կարելի է դիտարկել ազատ ժամանակի առկայությունը, որը նրանց մտավոր ոլորտի զարգացման հնարավորություն կարող է տալ, կարդալու, ֆիլմեր դիտելու, ինչո՞ւ չէ, նաեւ հնարավորություն՝ մասնակցելու հեռավար դասընթացների. ուղեղը նույնպես պետք է մարզել ու զբաղեցնել լավ մարզավիճակի համար:

-Մարզիկների համար սպորտը նրանց կյանքի իմաստն է, ու հիմա այդ առումով անորոշ վիճակում են:

-Կախված անհատական առանձնահատկություններից՝ այս իրավիճակն ամեն մարզիկ յուրովի է ապրում, ընկալում: Այս ընթացքում օնլայն հանդիպումներ եմ ունեցել մեր մարզիկների հետ, եւ նրանցից մեկն այսպես արտահայնտվեց. «Կարծես կյանքն անիմաստ է…»: Չկան մրցումներ, չկան նպատակների իրականացման հնարավորություններ: Կարծում եմ՝ երբ վերսկսվեն մարզումները եւ մրցումները, ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե մարզիկի հոգեբանական վիճակը շատ ծանր է, եւ նա ինքնուրույն դժվարանում է հաղթահարել այն, ապա հոգեբանի միջամտությունը եւ մասնագիտական աշխատանքը մարզիկի հետ ցանկալի է, գուցե՝ պարտադիր:

Ինչ վերաբերում է նպատակին, ապա այն, միեւնույն է, կա, միայն հետաձգվում է: Բացի այդ՝ ամեն մարզիկ ունի մեծ, հեռանկարային նպատակ: Նրանք իրենց ամբողջ գործունեությունն իրականացնում են, որպեսզի հասնեն այդ գերնպատակին, բայց մինչեւ գերնպատակը կան ենթանպատակներ: Քայլ առ քայլ առաջ են գնում, եւ միգուցե այս իրավիճակում նրանց քայլերն են փոխվում, բայց գերնպատակը մնում է: Օրինակ՝ մարզիկի գերնպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ, ինչո՞ւ չէ, նաեւ չեմպիոն դառնալը: Սա 4 տարվա կտրվածքով գերնպատակ է:

-Այս ընթացքում սովորական գործունեությամբ չզբաղվելու ու կարանտինի պատճառով տանը մնալու հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները կարո՞ղ են ֆիզիկական խնդիրների պատճառ դառնալ:

-Կարող են անդրադառնալ նաեւ ֆիզիկական առողջության վրա, եւ արդեն հոգեմարմնական խնդիրներ առաջանան մարզիկների մոտ (հոգեմարմնական՝ հոգեբանական գործոնների ազդեցության արդյունքում առաջացած մի շարք մարմնական հիվանդությունները եւ դրանց ընթացքը). չէ՞ որ անընդհատ տանը գտնվելով….  կրկնում եմ, բայց այս ամենը կախված է մարզիկի անհատական առանձնահատկություններից: Շատ կարեւոր է՝ ինչպես է մարզիկն ընկալում իրավիճակը եւ ինչպես է հակազդում: Եթե ոչինչ չի անում, ամբողջ օրը նստում է տանը, միանշանակ բացասական կանդրադառնա, իսկ եթե հակազդում է, փորձում է հաղթահարել, իր մարզումները կազմակերպել դահլիճից դուրս, օրինակ՝ բնության գրկում, կամ փորձում է այլ գործունեությամբ զբաղվել, ինչ-որ բան սովորել, այս դեպքում ավելի հեշտ կլինի:

-Նշեցիք, որ կարող են հոգեմարմնական խնդիրներ առաջանալ: Կարանտինի ընթացքում սահմանափակումներն ուղղված են նրան, որ կոնկրետ կորոնավիրուսով մարդը չվարակվի ու չվարակի: Հայաստանում տնից դուրս գալու խիստ արգելք, իհարկե, չի եղել, բայց նման երկրների օրինակներ կան: Արդյո՞ք մեկուսացած մնալը չի կարող ավելի լուրջ առողջական խնդիր առաջացնել, քան կորոնավիրուսը:

-Կարող է, իհարկե. չէ՞ որ մարդը սոցիալական էակ է: Տվյալ պարագայում ստացվում է՝ մենք սոցիալական էակին զրկում ենք սոցիումից, եւ այս դեպքում հետագա ազդեցությունը մարդու հոգեբանական ոլորտի վրա կարող է շատ լուրջ լինել: Հնարավոր է՝ նեւրոզների առաջացում, սրացում, դեպրեսիա: Չինաստանում հետազոտություն են արել, եկել են եզրահանգման, որ այս շրջանում բաժանությունների քանակն ավելացել է: Ուզում եմ շեշտել, որ մեծ ազդեցություն ունի շատ հակասական եւ անսահմանափակ ինֆորմացիա ստանալը: Անվերահսկելի, վերլուծության չենթարկվող, մեծ քանակի տեղեկատվությունը բերում է ինֆորմացիոն սթրեսի եւ մարզիկների վրա բացասական ազդեցության: Նաեւ վախն իր դերն ունի: Կարող են լինել հիպոխոնդրիկ դրսեւորումներ, երբ ցանկացած սիմպտոմ, որը կարող է ընդհանրապես կապված չլինել կորոնավիրուսի հետ, բացասական հուզական ապրումներ առաջացնել մարզիկի մոտ առանց որեւէ օբյեկտիվ պատճառի: Տագնապային իրավիճակում են հայտնվել ե՛ւ մարզիկները, ե՛ւ ընդհանրապես մարդիկ:

-Եվ ի՞նչ խորհուրդ կտաք:

-Նախեւառաջ հնարավորինս պահպանել սպորտային ռեժիմը, իրենց մարզումներն իրականացնել, որքանով կկարողանան, որպեսզի ֆիզիկական վիճակը, տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակը շատ չտուժեն: Ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը ինքնին արդեն դրական ազդեցությունն ունի մարդու հոգեբանական ոլորտի վրա: Խորհուրդ կտամ նաեւ սովորել եւ կիրառել հոգեբանական ինքնակարգավորման մեթոդներ: Համապատասխան շնչառական վարժություններ, աուտոգեն (ինքնածին մարզում՝ մարդու ազդեցությունն է իր ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վրա ինքննաներշնչման միջոցով), հոգեմկանային, հոգեկագավորող, մտաշարժական մարզումներ իրականացնել: Մարզել ե՛ւ մարմինը, ե՛ւ միտքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22274 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է