Կլինեն ձգձգումներ, բայց դրանք աղետալի չեն. դատավորը՝ արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքի մասին

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը, իրոք, աննախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության մասշտաբով, այլեւ ողջ աշխարհի, եւ ինչպես Կառավարությունը, այնպես էլ դատական իշխանությունը՝ ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի, իրավիճակային լուծումներ գտնելով, փորձում է առաջ շարժվել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:

Նրա հետ զրուցել ենք արտակարգ դրության պայմաններում քրեական գործերի քննության եւ դատական նիստերի հետաձգումների մասին:

- Պարո՛ն Մակյան, որքանո՞վ են արտակարգ դրության պայմաններում տուժում դատաքննության փուլում գտնվող քրեական գործերը, որոնցով, ի տարբերություն քաղաքացիական գործերի, էլեկտրոնային դատավարության հնարավորություն չկա:

- Կոնկրետ իմ պրակտիկայում դատական նիստերը հետաձգվել են կողմերի նախաձեռնությամբ, երբ համաճարակի տարածմամբ պայմանավորված՝ խնդրել են չներկայանալ դատական նիստերին: Իհարկե, փորձում ենք հետաձգումները շատ սեղմ անել, դա էլ պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ, բայց, ամեն դեպքում, բացասական ազդեցություն ունենալու ենք գործերի քննության ժամկետների հետ կապված: Ինչ վերաբերում է հեռավար դատավարությանը, ոչ թե հնարավորություն չունենք, այլ այն օրենքով նախատեսված չէ, ես կասեի՝ նույնիսկ արգելված է: Բայց գիտեք, այսպես թե այնպես գործերը օբյեկտիվ պատճառներով երկար են քննվում, եւ չեմ կարծում, թե կորոնավիրուսով պայմանավորված այս մեկ-երկու հետաձգումները շատ լուրջ ազդեցություն կարող են ունենալ գործերի քննության ողջամտության հետ կապված, այսինքն՝ խնդիրը համակարգային է. որոշակի ձգձգումներ կլինեն, բայց դրանք աղետալի չեն, որովհետեւ այսպես թե այնպես գործերի քննությունը երկարատեւ է՝ պայմանավորված դատավորների գերծանրաբեռնվածությամբ:

- Այսինքն՝ ծանրաբեռնվածության տեսանկյունից համաճարակը պարզապես սրո՞ւմ է իրավիճակը, ոչ թե նոր խնդիրներ ստեղծում:

- Այո՛, կարող ենք այդպես արձանագրել: Գիտեք նաեւ, որ այդ համատեքստում արդեն դատարանները, դատավարության մասնակիցները, վերջերս նաեւ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ գործերով, որոնցով ռիսկային խմբերում գտնվող ամբաստանյալներ կան, մեղսագրվող արարքներն այնքան էլ ծանր չեն, կարելի է նաեւ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի հարցը, եւ այդպիսի բազմաթիվ գործերով անձինք ազատ են արձակվում, որը կարծում եմ՝ տվյալ դեպքում արդարացված է:

- Ձեր վարույթում ունեցե՞լ եք նման գործ, որով փոխել եք ամբաստանյալի խափանման միջոցը՝ համաճարակով պայմանավորված:

- Իմ վարույթում չկան գործեր, որոնցով անձին կալանքից ազատելու շտապ խնդիր լինի կամ նման հարց բարձրացված լինի: Եթե լինի, բնականաբար, համապատասխան քննարկում տեղի կունենա: Հակառակն ասեմ. իմ վարույթում կա գործ, որով ես փորձեցի դատական նիստ նշանակել, բայց դա արժանացավ դատավարության մասնակիցների անհամաձայնությանը՝ կապված իրավիճակի հետ, եւ ես հասկացա, որ նրանք ճիշտ են ասում: Գործը այնպիսին է, որ դատավարության մասնակիցները թվաքանակով շատ են, եւ մի տեղում հավաքվելը կարող է ոչ ցանկալի հետեւանքներ ունենալ:

- «Սասնա ծռեր»-ի գո՞րծը նկատի ունեք:

- Այո՛, երբ Պարետի 2-րդ որոշումը եղավ՝ լրիվ ինքնամեկուսացման եւ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ, հասկացա, որ այս վիճակում, իրոք, կարող է վտանգներ լինել: Գիտեք նաեւ, որ այդ գործով կալանավորված երկու անձ ունենք, նրանց պաշտպաններն էլ նման նախաձեռնությամբ հանդես եկան, եւ ես, հասկանալով, որ նրանք ճիշտ են, նիստն ավելի ուշ նշանակեցի:

- Պարո՛ն Մակյան, փաստաթղթային շրջանառության առումով էլեկտրոնային միջոցների օգտագործման արդյունավետությունը ինչպե՞ս եք գնահատում:

- Բավականին բարձր: Եղել է 1-2 դեպք, որոնց ԲԴԽ-ով ակնդետ հետեւել ենք, երբ փաստաբանը կամ մեկ այլ անձ իր մտահոգությունն է հայտնել, որ ինչ-որ փաստաթուղթ չի կարողացել դատարան հասցնել, որովհետեւ էլեկտրոնային խնդիր կար, եւ անմիջապես փորձել ենք հարցին լուծում տալ: Մեծ դժգոհություններ, ամեն դեպքում, չկան: Նույնիսկ դատավորների աշխատակազմերին է ցուցում տրված, որ Viber, WhatsApp կամ այլ հավելվածով անհրաժեշտության դեպքում փաստաթուղթ լուսանկարեն, ուղարկեն, անարգել այդ հարցերը ապահովեն:Իմ վարույթում էլ եղել են գործեր, որոնցով փաստաբանը զանգահարել է, խնդրել ինչ-որ որոշման պատճենն էլեկտրոնային եղանակով իրեն ուղարկել, որպեսզի դրա համար չներկայանա դատարան: Անմիջապես լուսանկարվել է, սկանավորվել եւ էլեկտրոնային որեւէ միջոցով նրանց հասու է դարձվել:

- Վերջերս քաղաքացիական գործով փաստաբաններից մեկը բարձրաձայնել էր, որ դատավորի աշխատակազմը չի նկատել իր էլեկտրոնային դիմումը, ինչի արդյունքում նիստն առանց իրեն է կայացել:

- Ձեր բարձրացրած խնդրին տեղյակ չեմ, ամեն դեպքում, հոսքը շատ է, չի բացառվում, որ ծանրաբեռնվածության մեջ նաեւ թերացումներ լինեն, պատկերացրեք՝ դատարանի գրասենյակը կարող է օրական 600 մեյլ ստանալ, եւ 2-3 աշխատակից շարունակ նայում է դրանք, տարանջատում՝ որը պիտի դատավորի հանձնվի, որը՝ այլ անձի: Համենայն դեպս, փաստ է, որ դատարանի գրասենյակն ու Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները շատ ուշադիր աշխատում են:

- Ամեն դեպքում, նշված խնդիրների լուծումն այս պահին ինչպե՞ս եք պատկերացնում:

- Դե, արդեն ասացի, որ այն գործերով, որոնցով խնդիրներ կան, եւ կողմերը անձի ազատության հարց են բարձրացնում, արտահերթ նիստեր են հրավիրվում, չի բացառվում, որ խափանման միջոցներ փոխվեն: Բայց եկեք նաեւ արձանագրենք՝ այնպես չէ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ կալանավորված անձանց իրավունքները միանշանակորեն ոտնահարվում են: Այո՛, պետք է ամեն դեպք առանձին դիտարկվի, բայց ինչո՞ւ եք բացառում, որ գուցե արտակարգ իրավիճակ չլիներ, գործի քննություն նշանակված լիներ, եւ չներկայանար, օրինակ, փաստաբանը, դատախազը, թարգմանիչը կամ ծանուցված վկաներից որեւէ մեկը: Այդ դեպքում էլ է նիստը հետաձգվելու, չէ՞, ի՞նչ տարբերություն, ամեն դատական նիստին անձի ազատության խնդիր չի բարձրաձայնվում, մարդը շարունակում է մնալ կալանավորված, եւ գործի քննությունը շարունակվում է:

- Քրեական գործերով թվայնացման անհրաժեշտություն որքանո՞վ կա այսօր:

- Մի քիչ բարդ հարց եք տալիս: Ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո քրեական գործերը սկանավորվում են, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում քրեական գործի քննությունը, երբ ձեռքիդ տակ չկա այդ փաստաթուղթը: Անհնար չեմ համարում, բայց կարծում եմ՝ պետք է գործիքակազմ մշակել այդ ուղղությամբ գնալու համար: Մենք  20-21 տարվա Քրեական դատավարության օրենսդրություն ունենք, փոփոխությունների եւ ընդհանրապես նոր Քրեական դատավարության օրենսդրության կարիք կա: Այս 20 տարիների ընթացքում իրավունքը զարգացել է, Վճռաբեկ դատարանը կամ Եվրոպական դատարանն իրենց նախադեպային որոշումներով եւս փորձել են զարգացնել, մենք էլ դրանց ենք հղում տվել, բայց, ամեն դեպքում, օրենսդրությունը պետք է տրամագծորեն փոխվի: Եթե համեմատենք ուրիշ երկրների հետ, համաձայնեցված վարույթ կա, պարզեցված վարույթ կա, շատ ճկուն օրենսդրություն է աշխարհում, որը, եթե մեզ մոտ էլ լիներ, կնպաստեր դատարանների ծանրաբեռնվածությանը:

- Եթե դռնբաց դատական նիստը կայանում է, բայց քաղաքացիները կամ լրագրողները մուտք չեն ունենում, արդյոք չի՞ խախտվում տվյալ նիստի հրապարակայնության սկզբունքը:

- ԲԴԽ-ն իր առաջին որոշմամբ քաղաքացիներին խնդրեց ձեռնպահ մնալ նիստերին ներկա գտնվելուց, իսկ լրագրողներին՝ ապահովել ուղիղ հեռարձակում հատկապես հնչողություն ունեցող գործերով, հաջորդ հաղորդագրությամբ արդեն կոչ արեցինք կարգադրիչներին չթույլատրել դատավարության կողմ չհանդիսացող անձանց մուտքը, որովհետեւ ունեինք երկու իրավունքների գերակայության խնդիր. մեկը դատական քննության հրապարակայնության սկզբունքն է, մյուսը՝ անձի առողջության եւ կյանքի իրավունքի, իսկ կյանքի, առողջության իրավունքից ավելի գերակա բան լինել չի կարող: Ամեն դեպքում, եթե որեւէ արտահերթ նիստի գան 40 հոգի եւ լրատվամիջոցի 2 ներկայացուցիչ, ես՝ որպես դատավոր, այդ 2 ներկայացուցչին ներս կթողնեմ՝ խնդրելով նաեւ օնլայն հեռարձակել: Այդ դեպքում ոչ մի սկզբունք չի խախտվի, եւ կարեւորը՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարծիք ձեւավորվի, որ դատարանում ամեն ինչ արվում է օրինականության սկզբունքի հիման վրա, բաց եւ թափանցիկ:

- Հետաձգված նիստերի թվային պատկեր ունե՞ք:

- Իմ վարույթում այս պահին տասնինը քրեական գործ կա, եւ կարող եմ ասել, որ տասնինն էլ, շատ չէ, բայց գոնե 1 անգամ հետաձգվել են: Ընդ որում, իմ պարագայում հաջորդ նիստի համար ես ավելի շուտ օր եմ առաջարկում, քան պաշտպանները. նրանք ասում են, որ ծանրաբեռնված են, այլ գործեր ունեն, հայտնի չէ՝ ինչ կլինի եւ այլն, այսինքն՝ արդյունավետ չի լինի, եթե ես նշանակեմ, նրանք էլ չկարողանան գալ, ամեն ինչ պետք է համաձայնեցված արվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3979 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը