Պրակտիկ ռեալ պոլիտիկ եմ. Մարտի 1-ի տուժողին, ըստ ոստիկանության, կաշառք առաջարկած Քոչարյանի աջակիցը պերեվարոտ է խոստանում

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, որն ըստ ոստիկանության կողմից երեկ հրապարակված տեսանյութի՝ Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել՝ Վարուժան Մկրտչյանն է:

Վերջինս երեկ ՀԺ-ի հետ զրույցում իրեն ներկայացրել է որպես «հանրային մարդ», «պրակտիկ ռեալ պոլիտիկ»,  որը Քանաքեռում գտնվող իր գրասենյակում քաղաքացիների է ընդունում, լսում նրանց, իր քաղաքական հայացքներն արտահայտում: Մեր թղթակցի հետ զրույցում նա ընդունել է, որ տեսանյութում պատկերված անձը ինքն է, գրասենյակը՝ իրենը: Ասել է, որ տեսանյութում երեւացող մյուս անձին ճանաչում է շուրջ 30 տարի, սակայն նրան կաշառք չի առաջարկել: Ինչ վերաբերում է ապագայում պաշտոնի առաջարկին՝ այն չի հերքել: Չի հերքել նաեւ, որ իր գրասենյակում զենքի նմանվող առարկա եղել է, սակայն ասել է, որ այն «սուվինիր» է: «Ով որ բերել էր, նա ա տարել: Իմ ընկերներից մեկը, ասում էր՝ կուզե՞ս մոտդ մնա, ասել եմ՝ չէ: Երբ ուզենամ, կբերի, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասել է Մկրտչյանը: Նշենք, որ ՀԺ-ին հայտնի է դարձել նաեւ Մարտի 1-ի գործով այն տուժողի անունը, որին, ըստ ոստիկանության տեսանյութի՝ կաշառք է առաջարկում Քոչարյանի աջակիցը: Տուժողի անունը չենք հրապարակում հասկանալի պատճառներով:

Ստորեւ՝ մեր զրույցը.

- Պարոն Մկրտչյան, Ոստիկանությունը հայտարարել է, որ ձեր գրասենյակ եք հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին... Ի՞նչ կասեք այս մասին:

- Դե չկա տենց բան: Իմ դռները բոլորի առջեւ բաց են, ես հանրային մարդ եմ. եթե իմ դուռը փորձեն բացել, ներս մտնել, փորձեն մի բանից խոսել, լսեն մի բանի մասին…

- Ինչպե՞ս է այդ մարդը իմացել ձեր մասին, ո՞նց է որոշել, որ ձեզ պետք է պատմի:

- Էդ մարդը չի եկել էդ բանը պատմելու համար, էդ մարդը բացի էն, որ ինչ-որ բան փորձել է ինձ պատմի, ինքը ինչ պատմել է, նա էլ լսել է: Բանը նրանում է, որ ես էդ մարդուն երկար տարիներ եմ ճանաչում, պրիչո՞մ մարտի 1:

- Որտեղի՞ց եք ճանաչում:

-Դե ճանաչում եմ, նորից եմ կրկնում՝ հասարակության մարդ եմ:

- Ո՞վ է նա:

- Քանի որ այսօրվա դրությամբ գործը քննության է առնված, ես չեմ փորձելու խոչընդոտել, ոչ էլ փորձելու եմ անուններ տալ, դա ինձ հարիր չի: Ուղղակի մի բան կասեմ, այս ամենը, այս բոլոլան արված է մի բանի համար, որպեսզի ազդեն դատավարական պրոցեսի վրա: Երբ դատավորն անցավ այն փուլին, որ հրապարակվի վճիռը, երեկվա կատարվածը, կցորդված վիդեոզապիսները, ուղղակի ձեւով կապել այս ամենը, բերել... դա միայն իշխանությունների ձեռագիրն է: Նպատակը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանին պահել անազատության մեջ, ապօրինի ձեւով:

- Դուք այդ անձին գումար առաջարկե՞լ եք:

- Բացարձակ, ի՞նչ գումարի առաջարկի մասին ա խոսքը: Գումար իրեն առաջարկել է պետությունը, որ պետք է ստանա: Մենք ինչի՞ համար առաջարկենք:

- Ըստ հաղորդագրության, դուք էլ ասել եք՝ ես էդ գումարը կտամ՝ ցուցմունքը փոխելու դիմաց:

- Իմ բերանից արտաբերած տենց արտահայտություն կա՞:

- Հաղորդագրությունում նշված է՝ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի»:

- Ոստիկանությունը շատ էլ որ ասում է:

- Այսինքն հերքո՞ւմ եք:

- Միանշանակ:

- Իսկ պաշտոն խոստացե՞լ  եք՝ իշխանափոխությունից հետո:

-Ես չեմ առաջարկել, որ… ես ասել եմ, եթե քո նկատմամբ ուժեր կկիրառվեն, բիրտ ուժ ու քեզի կդնեն, կճնշեն, անօրինականություն կտանեն, երբ որ իշխանափոխություն… բա պարզ ա, մարդ ես, նորմալ մարդ ես, ուզում են քեզի ստիպեն մի բան անես, կստիպեն ինչ-որ մի բանի մեջ, մենք չենք անտեսի էտի: Ես ձեզ ասեմ, հարգելի լրագրողներ, որ ապագա իշխանությունը մենք ենք: Էս ամենը սենց չի կարա մնա:

- Տեսանյութում լսվում է նաեւ, որ դուք հայտարարում եք. «Ամբողջ ցելն ա՝ պերեվարոտ անենք»: Սրա՞ մասին եք խոսում:

- Գաղափարական: Պերեվարոտը մի հատ հայերեն ասեք էլի…հեղաշրջում…Իհարկե, բա թողնելու ենք սենց մնա՞, ֆարսերի տակ մնա՞:

- Ի՞նչ եք անելու:

- Մեր աջակիցներով, մեր կողմնակիցներով պայքարելու ենք այսպիսի անօրինականությունների դեմ: Պայքարելու ենք մինչեւ վերջ:

- Պարոն Մկրտչյան, հրապարակված տեսանյութում լսվում է, որ դուք, դիմելով ձեր զրուցակցին՝ ասում եք. «Դու էն վախտ գրել էլ ես, չէ, որ դու չես տեսել ով ա խփել, ոնց ա խփել, ինչ ա արել, ում կողմից ա եղել: Ոստիկանները չեն քեզ խփել»: Այնուհետեւ հարցնում եք. «Հա, բայց որ հարց տան՝ ոստիկաններ ձեզ խփեցին, ինչ կասես, որտեղից եկավ էդ խփածը»: Եվ երբ Մարտի 1-ի գործով տուժողը պատասխանում է՝ «գրաժդանսկիից», հավելում եք՝ «վերջացավ, ըհը»: Ձեր զրույցից տպավորություն է ստեղծվում, որ ձեր նպատակն է եղել ուղղորդել նրան, թե ինչպես խոսի, իսկ հիմա հերքում եք:

- Ի սեր Աստծո, մինչեւ իմ հետ խոսելը տասնյակ տարիներ առաջ էդ մարդը ցուցմունք է տվել, բնական ա, խոմ անօրինական բան չի՞ գրելու: Ես ի՞նչ եմ ասում, ոստիկանները չեն քեզ խփել, չէ…Ես իրեն հարց եմ տալիս՝ քեզ հարց են տալու, որտեղի՞ց, դու շառ չե՞ս անելու ոստիկանների վրա:

- Բայց դուք ինչո՞ւ եք էդ մասին իր հետ խոսում: Ինքը չգիտի՞, որ դատարանում ճիշտը պիտի ասի:

- Ինքն է ինձ պատմել այդ պահին, ես էլ իրեն հարց եմ տալիս՝ հիմա ինձ որ ասում ես, ուրիշ բան չե՞ս գրելու, ի սեր Աստծո, ուրիշ բան չե՞ս ասելու, մնա քո շրջանակի մեջ:

- Իրեն ճնշե՞լ են, ասել են, որ փոխի՞ նախնական ցուցմունքը:

- էդ մասին բերեք ես ոչ մի հաղորդագրություն ձեզ չտամ, չասեմ ինչ են պատմել, ինչ ա ինքը պատմում:

- Եթե չեն ճնշել՝ ինչո՞ւ է ձեզ դիմում, որ դուք էլ իրեն խորհուրդ տաք՝ ցուցմունքը պնդի:

- Ես խորհուրդ չեմ տալիս: Միայն մեկ դեպքում կարելի է խորհուրդ տալ, եթե անմիջական մասնակցություն ունես պրոցեսի մեջ: Մե՞նք ուր, մարտի 1-ն ուր: Մարդը նստել ա, ասում ա՝ սենց բան եմ գրել, դե ինչ գրել ես, ինչ ասել ես, մնա քո սկզբունքներին:

- Հետաքրքիրն այն է, որ ինչ-որ մեկը ձեզ որոշում է պատմել 10 տարի առաջ տված ցուցմունքի մասին: Եթե դուք չեք հրավիրել ինչ-որ պայմանավորվածության, ինչո՞ւ է հիշել այդ մասին 10 տարի անց:

-Իմ դռները բաց ա, հիմա 5 րոպե որ նստեք, կարող ա մեկն էլ մտնի:

-Ի՞նչ գործունեություն եք ծավալում այս գրասենյակում:

- Ես պրակտիկ ռեալ պոլիտիկ եմ եւ իմ քաղաքական հայացքներն եմ արտահայտում, այսօր ինչ հայացքներ որ ունեմ:

- Այսինքն ընդունում եք մարդկանց ու արտահայտում ձեր հայացքնե՞րը:

- Լսում եմ նրանց, սկսենք դրանից:

- Օրինակ ես, որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս  իմանամ՝ ինչպես ձեզ դիմեմ, որ պատմեմ իմ խնդիրների, դուք էլ՝ ձեր հայացքների մասին: Ձեր գրասենյակի վրա անուն չկա: 

- Ոնց դուք կիմանաք՝ դա հարցի երկրորդ կողմն է, ոնց ինքը կիմանա՝ 20-30 տարուց ավելի ինձ ճանաչում ա: Դուք եւ նա տարբեր հարթություններում եք:

- Գրասենյակը միայն ճանաչողների՞ համար է:

- Ոչ, խոսքը իր մասին է: Իսկ չճանաչող մարդիկ, այո, գալիս են, դուռը բացում են, գիտեն, ես հանրային մարդ եմ, տեսնում են ինձ դատերին, ստորագրահավաքներին:

- Ճի՞շտ է, որ 3 ամիս է, ինչ աջակցում եք Քոչարյանին: Քոչարյանի որդին է հայտարարել այդ մասին:

- Մոտ 3 ամիս: Ես տասը տարի ստեղ չեմ ապրում, նոր եմ եկել, մի քանի ամիս ա: ՌԴ-ում էի ապրում, նոր եմ եկել: էս անօրինականությունների դեմ եմ եկել, եկել եմ պայքարելու:

- Ձեր ցանկությա՞մբ, թե առաջարկ է եղել Քոչարյանի հարազատների կողմից:

- Իհարկե, բացարձակ ոչ մի առաջարկ: Ես անկուսակցական եմ, երբեւէ չեմ եղել իշխանությունում: Ոչ մեկի հետ քավոր-սանիկ չեմ: Բոլոր պրոցեսներին մասնակցել եմ, բացի հեղափոխությունից, որին ի սկզբանե դեմ եմ եղել: Թաղապետի թեկնածու եմ եղել Քանաքեռ-Զեյթունում:

- Քոչարյանի տղան տեսանյութի հրապարակումից հետո ըստ էության ակնարկել է, որ դուք արջի ծառայություն եք մատուցել:

- Քոչարյանի տղան տենց բան չի ասել, շատ ճիշտ բան ա ասել Լեւոնը, որ իրենք երբեւէ արջի ծառայություններ չեն ընդունում: Իմ քայլը ոչ մի ձեւ չի դիտարկված, ոչ մի ձեւ կապ չունի: Որովհետեւ ես որեւիցե մի տեղ չեմ գնացել, որեւիցե մեկին չեմ զանգել, չեմ հրավիրել, չեմ կանչել, անձամբ ինքը եկել ա, կյանքը պատմել ա, երկու բառ խոսացել ա, ինչ խոսացել ա, նա էլ լսել ա, իրա ասածը իրան եմ ասել, հելե գնացել ա:

- Էլի կա՞ն անձինք, որոնց հետ նման խոսակցություններ եք տարել:

- Էլ չկան անձեր, անիմաստ են մնացած խոսակցությունները, էս պրոցեսը ցույց կտա, որ ինչի մասին իրենք խոսում են, ուղղակի ասելու համար ա, չունի տրամաբանություն:

- Պարոն Մկրտչյան, դուք նշեցիք, որ ՌԴ-ում եք ապրել, կասե՞ք այնտեղ ինչով եք զբաղվել:

- Ես հռչակված, բայց չնշանակված հյուպատոսի դեր եմ կատարել Ռուսաստանի տվյալ տարածաշրջանում:

- Ո՞վ է ձեզ ֆինանսավորում, բիզնես ունե՞ք:

- Ես ֆինանսավորելու կարիք չունեմ, բիզնեսմեն չեմ, հակառակը բիզնեսմեններին կարողացել եմ Եվրազեսի շրջանակներում միավորեմ:

- Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք Քոչարյանի համակիրը, աջակիցը:

-Դե, անօրինականությունները տեսնելով, բա սա անելու բան ա՞: Ասում եք ամենակարեւոր խնդիրը Ղարաբաղի անվտանգությունն ա, Ղարաբաղի նախագահին բերել եք, մտցրել եք խուցը…

- Երբ որ Սասուն Միքայելյանն էր բանտարկված՝ նույն բանը մտածո՞ւմ էիք: Ինչո՞ւ չէիք պահանջում նրա ազատությունը:

- Ես ոչ գոռացել եմ՝ ուռա՜, որ Սասուն Միքայելյանը նստած է եղել, ոչ էլ երբեւէ ուրախացել եմ էդ բանով: Ասեմ ավելին՝ մենք չունենք սենց ֆորմատ: Իշխանության գալով ոչ մեկին չենք հետապնդելու:

- Ո՞ւմ նկատի ունեք՝ մենք ասելով:

- Ապագա իշխանությունը:

- Քոչարյանի գլխավորությա՞մբ: Քոչարյանը 10 տարի եղել է իշխանության, մարդիկ գիտեն՝ ինչ է սպասվում:

- Ի՞նչ գիտեն: 

- Պողոս Պողոսյանի սպանություն, Հոկտեմբերի 27, հեռուստաընկերության փակում…

- Պետք չի կապել  Քոչարյան անձի հետ ինչ-որ մի սպանություն:

- Պարոն Մկրտչյան, կրկին վերադառնալով ոստիկանության հրապարակած տեսանյութին՝ կասե՞ք ինչ զենք էր երեւում կադրերում:

- Սուվինիր: Իրականում սուվինիր ա, պատասխանատու հայտարարությունում եմ անում:

- Իսկ հիմա ո՞ւր է:

- Ով որ բերել էր, նա ա տարել: Իմ ընկերներից մեկը ասում էր՝ կուզե՞ս մոտդ մնա, ասել եմ՝ չէ: Երբ ուզենամ, կբերի, ինչի՞ մասին ա խոսքը:

- Իսկ ի՞նչ են առգրավել ոստիկանները:

- Համակարգիչ, հեռախոս, մի քանի բան՝ իրենց գործառույթների շրջանակներում:

- Այս ամենից հետո փորձե՞լ եք կապվել այն անձի հետ, որը կա տեսանյութում:

- Իմաստը, ցանկություն էլ չկա, հանդիպեմ ի՞նչ ասեմ իրեն:

Հ.Գ. Մենք փորձեցինք տարածքում ապրող քաղաքացիներից պարզել՝ արդյոք Մկրտչյանը հայտնի՞ է որպես մարդ, որն ընդունում է տարբեր քաղաքացիների եւ լսում նրանց: Ի պատասխան մեր հարցի՝ արժե՞ օգնության, խորհրդի համար դիմել Մկրտչյանին՝ թաղամասում բնակվող տարեց կանայք մեզ հորդորեցին. «Գլուխդ առ ու գնա, գործ չունես»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6889 դիտում

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ

Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու

Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան

Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել

Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում

Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան

Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը

Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ

Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան

Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան

Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան

Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան

«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն

Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում