Հայ ֆուտբոլասերն ամենահայ բրազիլացուն այլեւս չի տեսնի ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկով: 35-ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ընտրանու կազմում: Նա այդ մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, եւ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունից տեղեկությունը հաստատեցին:

Հայկական ֆուտբոլում Մարկոսը հայտնվել է 2006 թ.: Ինչպես հայտնի է, նրան բրազիլական «Սան Կարլուշ»-ից Հայաստան՝ Երեւանի «Արարատ» է բերել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: «Արարատ»-ում բրազիլացին հանդես է եկել մինչեւ 2008 թ.: Այդ թիմի կազմում մասնակցել է 78 հանդիպման ու խփել 44 գոլ: Խաղացել է հայկական եւս մեկ հայտնի թիմում՝ «Փյունիկ»-ում: Այդ թիմի մարզաշապիկը կրել է 2008-11 թթ.: Մասնակցել է 49 խաղի, աչքի է ընկել 31 անգամ: Վերջին ակումբը ղազախական «Ակտոբե»-ն է: Մինչեւ հավաքականից հեռանալու մասին նորությունը, արդեն հայտնի էր դարձել, որ նա «Ակտոբե»-ից նույնպես գնում է: Պայմանագրի ժամկետը լրացել է, ու օրերս հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին՝ ասելով, որ, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանում այնտեղ չի լինի: Ավարտված մրցաշրջանում նա «Ակտոբե»-ի կազմում մասնակցել է 11 խաղի, խփել 2 գոլ ու կատարել գոլային 3 փոխանցում:

Մարկոսը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու սկսել է հավաքական հրավիրվել 2008 թվականից: Նորամուտը նշել է 2008 թ. մայիսի 28-ին Մոլդովայի դեմ կայացած ընկերական խաղում (2:2) եւ դարձել գոլի հեղինակ: Հավաքականի կազմում մասնակցել է 64 խաղի ու 11 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Վերջին հանդիպումը եղել է Եվրո 2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ արտագնա հանդիպումը (1:1):

Ընտրանու մարզաշապիկը կրելիս մշտապես աչքի է ընկել մեծ նվիրվածությամբ ու անձնվիրությամբ, եւ ֆուտբոլասերները նրան պատասխանել են փոխադարձ սիրով: Հենց այդ պատճառով էլ նրան հաճախ կոչում են ամենահայ բրազիլացին: Որպես ֆուտբոլիստ՝ նրա կայացման հարցում հայկական ֆուտբոլը մեծ դեր է խաղացել, ու նա առիթի դեպքում հայտնել է շնորհակալությունը: Հավաքականի կազմում 2018 թ. հոկտեմբերին՝ Ազգերի լիգայի հանդիպումներից մեկում, նա լուրջ վնասվածք ստացավ: Անկախ նրանից, որ ստիպված էր վիրահատության ենթարկվել ու տեւական ժամանակ շարքից դուրս մնալ, չէր զղջում, որ հենց ընտրանու կազմում խաղալիս է դեպքը եղել:

«Ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս»,- ասել էր նա:

2018-ին նա իրեն հիանալի էր դրսեւորել հավաքականի կազմում ու ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ շրջանցելով հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանին, որը մինչեւ այդ, լավագույնն էր եղել 7 անգամ անընդմեջ: Այդ տարին Մարկոսի համար հաջող էր նաեւ ակումբային մակարդակով: Նա 18 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաեւ ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ռմբարկու Մարկոսը եղել է նաեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում (2007, 2008, 2009 թթ.)

Մարկոսը կարիերայի ընթացքում «Արարատ»-ի հետ դարձել է ՀՀ գավաթակիր (2008 թ.): «Փյունիկ»-ի հետ 2 անգամ դարձել է ՀՀ չեմպիոն (2009, 2010 թթ.), 1-ական անգամ՝ գավաթակիր (2010 թ.) ու սուպերգավաթակիր (2010 թ.): «Ակտոբե»-ի հետ 2014 թ. դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր:

Այսպիսով, Մարկոսը ՀՀ ընտրանու հետ չի լինի Եվրո 2020-ի ընտրական փուլի Հունաստանի ու Իտալիայի դեմ վերջին 2 խաղերում: Արդյոք հետագայում նրա պատվին հրաժեշտի խաղ կկազմակերպվի՞, թե՞ ոչ, ֆեդերացիայում դեռ չգիտեն: Մամուլի քարտուղարությունից նշում են, որ ֆուտբոլիստի որոշումը դեռ նոր է, եւ այդ պատճառով հստակություն չկա: Նաեւ ընդգծում են, որ հրաժեշտի խաղերը միշտ կախված են լինում ընտրանու ընկերական հանդիպումների գրաֆիկից: Ավելի վաղ նախատեսվում էր հրաժեշտի խաղ անցկացնել նաեւ Ռոբերտ Արզումանյանի համար, որը կարիերան ավարտել է 2018 թ., սակայն սա էլ դեռ չի կայացել:

Տպել
755 դիտում

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել

Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար