Երեւանը պարտավոր է կոշտ միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին․ Քանանյան

Այսօր Արցախում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Լեւոն Մնացականյանը նշանակվել է ոստիկանապետ, իսկ նրա փոխարեն արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը: Արդեն նախկին ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվել է աշխատանքից: Բալասանյանը, հիշեցնենք, մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ իր շրջապատում էլ հայտարարել էր, որ ամռանը աշխատանքից ազատվելու է՝ քաղաքական պայքար սկսելու համար:

«Երեւանը չպետք է խուսափի պատասխանատվությունից»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

- Պարոն Քանանյան,տեղեկություններ ունե՞ք, թե ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները Արցախում:

- Միեւնույն անձանց պաշտոնից պաշտոն շարունակաբար տեղափոխելը Բակո Սահակյանի, իսկ մինչ այդ՝ Արկադի Ղուկասյանի կառավարման սովորական ոճն էր, որի մեջ պետական շահի տեսանկյունից որեւէ տրամաբանություն որոնելն անիմաստ է։ Իսկ հեղափոխությունից հետո՝ ի դեմս Սերժ Սարգսյանի վարչախմբի բնական հենարանից զրկված եւ չորրորդ ու հինգերորդ ժամկետով կառավարելու հույսը կորցրած Բակո Սահակյանը, առհասարակ, տարերայնորեն է գործում՝ պահի ընթացիկ եւ երբեմն միայն իրեն հայտնի սուբյեկտիվ հաշվարկներից ելնելով։ Կադրային անընդհատ փոխատեղումները լավագույնս վկայում են Բակո Սահակյանի այժմյան անմխիթար հոգեվիճակի եւ իր կառավարման ժամանակաշրջանի անփառունակ ավարտի մասին։

Նախկին ՊԲ հրամանատար, ապա ԱԻ նախարար Լեւոն Մնացականյանի՝ Արցախի ոստիկանապետ նշանակումն ամենայն հավանականությամբ կապված է Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության աճի հետ։ Ենթադրվում է, որ մոտ ապագայում նա ջանալու է հազարավոր մարդկանց փողոց հանել եւ մի քանի հնարավոր սցենարով իշխանության «հեղափոխական» տապալմանը միտված գործողություններ կատարել։ Բակո Սահակյանին ոստիկանապետի պաշտոնում հարկավոր է Բաբայանի դեմ կոշտ ուժային գործողություններին պատրաստ «հեղինակավոր» գեներալ։

- Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Որոշ շրջանակներ փորձում են դավադրություններ փնտրել այս ամենի մեջ, սակայն հայտնի է, որ Բալասանյանը ցանկանում է նախագահական ընտրություններին մասնակցել, արդյո՞ք այս ազատումը հենց դրանով է պայմանավորված, թե իսկապես ներքին խնդիրներ կային:

- Վիտալի Բալասանյանը համարվում է բակոյամերձ «ուժայինների» շրջանակի հնարավոր թեկնածուներից մեկը։ Բայց չպետք է կարծել, որ նա նրանց նախապատվելի թեկնածուն է։ Բակո Սահակյանի ամենամտերիմ «ուժայինը» նախկին ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանն է, բայց վերջինիս նախագահական «անցանելիությունը» սակավահույս է դիտվում՝ ԱԱԾ-ական «սպեցնազի»՝ քաղաքացիների դեմ երկար տարիների գործած սանձազերծ բռնությունների պատճառով։ Մյուս կողմից՝ մի քանի անգամ «ընդդիմադիր» եղած, ապա իշխանությունների պաշտոնակալ առաջարկներին անձնատուր եղած եւ վարչական բռնաճնշումներին ենթարկված կողմնակիցների ճակատագրի հանդեպ անտարբերություն դրսեւորած Վիտալի Բալասանյանն Արցախում վաղուց նախագահ ընտրվելու համար ժողովրդական աջակցության անհրաժեշտ պաշար չունի։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանություններին հորդորել է պաշտպանել նրա թեկնածությունը՝ որպես ժողովրդական լայն զանգվածների համար համեմատաբար մարսելի թեկնածու։ Բայց դրանից հետո Վիտալի Բալասանյանի՝ տարրական քաղաքական ողջամտությունից զուրկ անհավասարակշիռ զեղումները համարյա զրոյացրել են սպասվող ընտրություններում նախագահ ընտրվելու վերջինիս ի սկզբանե իսկ խիստ համեստ հավանականությունը։ Վիտալի Բալասանյանը վերջին ամիսներին Բակո Սահակյանի համար դարձել է պարբերական գլխացավանք առաջացնող «բալաստ», որից էլ նա, կարծես թե, բարեհաջող ազատվել է։ Այժմ Վիտալի Բալասանյանը՝ հայտնի տնտեսական հանցագործ՝ նախկին վարչապետ-պետնախարար Արայիկ Հարությունյանի պես պետական պաշտոնյա չէ եւ կարող է լիովին «նվիրվել» իր պարագայում միանգամայն անհույս եւ խիստ վաղաժամ սկսված նախընտրական պայքարին։ Թեեւ, եթե վաղը կամ մյուս օրը մենք լսենք նրա նոր նշանակման մասին, նույնպես զարմանալու առիթ չենք ունենա։ Այս իրավիճակում Բակո Սահակյանն ամիսը կամ շաբաթը մեկ կարող է նշանակումների արատավոր շրջապտույտի հերթական զավեշտի մեջ ընկնել։ 

- Կարծես թե նախագահական ընտրությունների ընտրարշավն Արցախում բավականին վաղ է մեկնարկել: Ինչո՞ւ են թեկնածուներն այդքան շտապում:

- Արցախում 1992 թվականից բնականոն ազատ ընտրություններ չեն եղել։ Մարզի պատմության մեջ առաջին անգամ Երեւանը, կարծես թե, ուղղակիորեն չի միջամտելու, այլ, ընդամենը, ջանալու է նպաստել ընտրությունների ազատությանը։ Առաջին հայացքից, թվում է, որ սա դրական եւ սկզբունքային մոտեցում է։ Ցավոք, իրականությունն այլ է։ Երկուս ու կես տասնամյակ հայաստանյան հասարակությունից արհեստականորեն անջրպետված, համապարփակ վարչական ու ոստիկանական ճնշման ներքո ապրած արցախաբնակ ՀՀ քաղաքացիներն այսօր էլ գտնվում են վարչական եւ ուժային մարմինների, տարատեսակ տեղական քրեական ու մերձքրեական հեղինակությունների որոշիչ ազդեցության տակ։ Բակո Սահակյանը չի կարող երաշխավորել իսկապես արդար եւ հավասար ընտրությունների անցկացումը։ Երեւանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, Արցախն էլ՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Երեւանը՝ գոնե ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի կարգավիճակով պարտավոր է անմիջական, կոշտ եւ հետեւողական միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին, հայտնի տնտեսական հանցագործներին եւ, հատկապես, արտաքին շահագրգիռ տերության սադրմամբ պետական դավաճանության սահմանագիծը հատած «կամանդույուշիներին»։ Հայաստանի նոր կառավարությունը, թեպետեւ աններելի ուշացմամբ, պետք է ի վերջո ըմբռնի, որ մենք ոչ միայն փաստացի, այլեւ իրավականորեն մեկ անտրոհելի միասնական պետություն ենք։ Եւ թող չլինեն պատրանքներ․ Արցախում իրավիճակին չտիրապետող, այսինքն՝ Արցախի համար լիակատար քաղաքական պատասխանատվությունից խուսափող երեւանյան վարչախումբը քաղաքական ապագա չունի։

- Մեր նախորդ զրույցում, մեկ ամիս առաջ նշել էիք, որ Ռոբերտ Քոչարյանը ռեւանշիստական խմբերի միջոցով գործողություններ է ձեռնարկում Արցախում, իսկ Սերժ Սարգսյանը փորձում է Բակո Սահակյանի միջոցով Վիտալի Բալասանյանին նախագահ դարձնել: Այդ պրոցեսները շարունակվո՞ւմ են, նրանք ինչ-որ ազդեցություն ունե՞ն իրականացվող փոփոխություններում:

- Վիտալի Բալասանյանի մասին արդեն խոսել ենք։ Նա՝ իր իսկ մեղքով քաղաքական ոչ մի հեռանկար չունի։ Նա պետք է անվերապահորեն հեռանա քաղաքականությունից։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մեծապես վտանգավոր լինել։ Բոլորովին բացառված չէ, որ իբր Սամվել Բաբայանի օգտին այժմ ընթացող ստորագրահավաքը՝ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու պահանջով, իրականում սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության պատուհանը։ Այս երկուսը համագործակցաբար առաջ են տանում արտաքին ուժի կենտրոնի քաղաքականությունը՝ Հայոց պետության թվացյալ երկփեղկումը շահարկելու, Արցախը մնացյալ Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Բայց, որչափ էլ մեծ լինի վտանգը, այս նկրտումներն ի սկզբանե դատապարտված են անհաջողության եւ կասեցվելու են։

- Նկատում ենք, որ ինչ-որ խմբերի կողմից հաճախ փորձ է արվում Արցախ-Հայաստան պառակտման եւ տարանջատման կոչեր հնչեցնել, այնուհետեւ դա փորձում են ՀՀ իշխանությունների վրա բարդել: Արցախում ի՞նչ տրամադրություններ են, կա՞ն այդպիսի խմբեր այդտեղ:

- Արցախի հայությունը՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիները կողմնորոշվել եւ վճռական ընտրություն են կատարել դեռեւս 31 տարի առաջ։ Հակաերեւանյան խարդավանքների մեջ թաթախված են առավելագույնս մի քանի տասնյակ պաշտոնատար եւ մի քանի հարյուրավոր հանցավոր քրեական շրջանակներին պատկանող շահագրգիռ անձինք։ Արցախցին 29 տարի անհամբեր սպասում է, որ մայրաքաղաք Երեւանը քաղաքական կամք եւ վճռականություն դրսեւորի վերստին աներկբա հաստատակամությամբ վերամրագրել 1989 թվականի Միացման որոշմամբ եւ 1990 թվականի Անկախության Հռչակագրով հաստատած՝ Արցախի Հայոց ինքնիշխան պետության անքակտելի մաս լինելու անշրջելի իրավաքաղաքական իրողությունը։

- ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ հայտարարվեց, որ Արցախը փորձում են դարձնել հակահեղափոխության օջախ, մինչ այդ ակտիվորեն ընթացող պրոցեսը կարծես պասիվացել է: Ո՞րն է պատճառը, զգուշանո՞ւմ են:

- Գործընթացները չեն կրավորականացել․ դրանք շարունակում են ընթանալ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության։ Երեւանը չպետք է խուսափի պատասխանատվությունից։ Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության համար, ի վերջո, ազգի եւ աշխարհի առջեւ պատասխանատու է հենց Հայաստանի Հանարապետության կառավարությունն ու քաղաքացիները։ Սա միայն ՄԻԵԴ վճիռը չէ․ սա իրականությունն է, որից անիմաստ եւ ահնար է փախչել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8900 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ