Չնայած վտանգներին, որ եղել են, կան ու լինելու են, պետք էր դա անել և տեղի ունեցավ

27/05/2019 schedule15:41

«Ես չունեմ երջանկության բանաձև: Բայց իմ ապրածով կարող եմ ասել, որ երջանկությունը միջավայրի հետ ներդաշնակվելու, տարրալուծվելու և միաժամանակ լիարժեք զգալու զգացողությունն է, երբ ամբողջությամբ զգում ես տարածքը, դրա մի մասն դառնում, թևերիդ տակ ես առնում, այն քեզ հարազատ է և դու այդտեղ ոչ մի անհանգստություն չունես: Եթե մնացած իրավիճակներն էլ տալիս են սավառնումի և լիաթոք շնչելու արծարծման, դրսևորման հնարավորությունը, կարելի է համարել, որ պատահածը երջանկություն է».- ասաց Դավիթ Մաթևոսյանն ու պատմեց երջանկության անձնական ապրումի երեք տեսարաններ, որ միայն լսելն ու պատկերացնելը երջանկության վերապրումի հնարավորություն է:

Ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյան

Սարում` մեր ուրթի մոտ, վազում եմ բլրի փեշով և հորիզոնս փակ է: Իմ վազքին ընդառաջ` քամուն հակընդեմ, վեր է բարձրանում գառնանգղը` թևերը բացած, հենց գլխիս վրայով: Քամին, գառնանգղը, բլուրը և հանկարծ բացվող հորիզոնը. ես գիտեի այդ տեսարանը, անծանոթ չէր, բայց ամեն անգամ ձորի, շերտ-շերտ հեռացող բլուրների ու սարերի հեռաանկարը քամու հետ միասին թռիչքի զգացողություն էր առաջացնում: Դիմացից եկող անգղն, իհարկե, վախենալու էր երեխայիս համար, բայց ես գիտեի, որ նրանք գիշատիչ չեն, լեշակեր են: Ձորում անասուն էր սատկել, երևի մսի կտորներ էին տանում իրենց ձագերին:

Իմ առաջին հիշվող ճամփորդությունն էր դեպի գյուղ` մեծ դժվարությամբ, «Վիլիսով» վատթարագույն ճանապարհները հաղթահարելով` հասանք Ահինձոր: Ես վատ էի զգում ճանապարհներին: Այդ ամեն ինչից հետո բացեցի մեքենայի դուռը, իջա: Մեր տան կողքը երիցուկների դաշտ էր: Հիմա չկա այդ դաշտը, հիմա հողամաս է` երիցուկների փոխարեն ծառեր են աճում: Իջա երիցուկների դաշտում: Մեր գամփռն եկավ ընդառաջ, մոտեցավ ինձ, ու ես միանգամից գրկեցի նրան: Երկուսով թավալվում էինք երիցուկների վրա: Ես չգիտեի, որ շունը ճանաչում է ինձ, որովհետև շատ փոքր ու անգիտակից տարիքում էի նրան տեսել:

- Դավիթ, չես վախենու՞մ:

- Չէ:

- Ինչի՞:

- Ինքը իմ մաթևոսյանական հոտից գիտի, որ ես ես եմ, ինձ չի կծի:

Լողալ շատ եմ սիրում: Հիմա արդեն միայն ջուրն եմ շատ սիրում, որովհետև երկար ժամանակ լողի եմ գնացել, և ջանքով ջուրը հաղթահարելը դարձել է անհետաքրքիր: Բայց քանի որ ջրի մեջ հայտնվելով` միջավայրի հետ տարրալուծվելու զգացողությունն եմ ունենում, ուզում եմ այդ անկշռելիության մեջ իմ լինելն անսահման շարունակվի: Դրա լավագույն էֆեկտը տալիս է երկու բան` ջրի մակերեսին պառկելը և ուղղակի ալիքների վրա տարուբերվելը, մյուսը` ջրի տակով լողալը, հատկապես եթե լաստեր ունեմ: Կյանքի դիլեմաներից մեկն է, որ ես դելֆին չեմ ծնվել, կատակ չեմ անում: Սևանում ու Սև ծովում այդպիսի տեղ կա, որ երբ ջրի մակերեսին պառկած ես լինում` հայացքդ դեպի երկինք, երկրագնդի կլորությունն զգում ես, որովհետև ջուրը, առափնյա լեռները, անտառներն ի մի են բերում աշխարհը` կլոր տեսադաշտում պարփակում տեսադաշտիդ մեջ: 

Երբ առաջնեկդ` նոր թոթովող, ուսերիդ նստած հարցնում է. «Ի՞նչ ա ասում պարսիկը», քանի որ հարևան պարսիկը Թեհրանում իրեն նորից բարի օր է մաղթում և ինքը նրա լեզուն չի հասկանում, կամ երբ ծծկեր աղջիկդ քնից արթնանում ու անվերապահորեն, միշտ, անմիջապես ժպտում է իր վրա խոնարհված ծնողներին, կամ երբ երկու ամսական զավակիդ պառկեցրել ես դաստակիդ` իր գլուխը` քո ափին, ու նա, ծնկները կիսածալ, դաստակիցդ պուճուր է:

Մասնագիտական երջանկություն.

Եթե խոսքը կինոյի մասին է, ապա ես օբյեկտիվ կլինեմ ու խիստ կխոսեմ, որովհետև համարում եմ, որ առայժմ չեմ հասել կատարյալին մոտեցող իմ ցանկալի արդյունքին: Իմ նկարած ֆիլմերից ժամանակին գոհ եմ եղել: Հիմա, երբ ժամանակ է անցել, երբ օտարվել եմ այդ ֆիլմերից, տեսնում եմ թերությունները և անհրաժեշտությունները, որ պիտի լինեին, բայց այդ պահին չեն եղել: Աշխատանքի ընթացքում իրացման պրոցես է եղել, երբ փորձել եմ ապահովել լավագույն արդյունքը` «Մեծամոր» մոնոներկայացումը լինի, թե «Երկուսը իմ մեջ» ֆիլմը, թե կինոժառանգությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող տեսաշարերը: Ես այն ժամանակ ունեի այդ զգացողությունը, որ եղած հնարավորությունների մեջ լավագույնն եմ արել: Հիմա չորս լիամետրաժ ֆիլմի նախագիծ ունեմ, որոնք անպայման պիտի կյանքի կոչվեն ու կարծում եմ, որ հաջող է տեղի ունենալու: Կար այդպիսի մի շրջան, երբ ուրիշ ուղղությամբ էի ընթանում, ինչն, իհարկե, իմ կյանքից երբեք էլ չպակասեց, խոսքը դիվանագիտության, քաղաքական գործունեության մասին է, բայց եղավ մի պահ, երբ հասկացա, որ եթե մի օր ինձ վերևում հարց տան, թե` Դավիթ, ի՞նչ արեցիր շնորհդ, ես պատասխանելու բան չեմ ունենա: Այդ պատճառով դադարեցրի մյուս ուղղություններով գնալու մասին մտորումներն ու վերադարձա կինոյի դաշտ: Դժվար է ստացվում, դժվար է կայանում, բայց ես արեցի այդ քայլը: Պոեզիայի հաջող թարգմանված պատառիկներ ունեմ` շատ եմ աշխատել դրանց վրա, ի վերջո, ստացվել են և հիմա հեշտ է դրանց մասին խոսելը: Այդ թարգմանությունները գրեթե կատարելություն են, և ես երջանիկ էի այդ բանաստեղծությունները թարգմանելու ընթացքում:

Առաջիկա հինգ տարին նախանշելով` միանգամայն երջանիկ կլինեմ և երջանկության շունչն ինձ կբավարարի ևս հինգ տարի, եթե երկու բան արած լինեմ` «Ծառեր» կինոնախագիծն իրականացնեմ և Ահնիձորի ու շրջակա գյուղերի համար մշակութային տեսլականով և բնապհպանական բաղադրիչներով միջավայր ձևավորելու ծրագիրն իրականացնեմ. կստեղծվի «Մոտքոր» անունով ազգային զբոսայգի` գյուղատնտեսական, զբոսաշրջային և մշակութային տարրերով:  

Հանրային երջանկություն.

Չեմ կարծում, թե մեր հանրային կյանքը որևէ մեկիս լիարժեք երջանիկ զգալու հնարավորություն է տվել: Անկախություն հռչակելու օրերին, պատերազմի ժամանակ, երբ արյուն-քրտինքի միջով պատիվ եմ ունեցել մի քանի անգամ լուսաբանել ռազմական գործողությունները. տեղի ունեցողի լուսաբանումից և պատմության կերտմանը մասնակից լինելուց, թեկուզ մի փոքր բան դրա համար անելիս, թերևս, կարող էր համարվել երջանկություն:

1988-ին շարժումն սկսել էր, ջարդվեցինք, ջարդեցինք, պատերազմ սկսվեց, ահռելի մարտահրավերների առաջ էինք, և անկախության առաջ մեր անպատրաստվածությունն ու չգիտակցվածությունը, միևնույն ժամանակ համոզումը, որ, երևի, միակ ճանապարհն է ազգ կոչվելու իրավունքին արժանանալու համար, մի տեսակ, կենցաղային դրսևորում ուներ: Ներկայիս նախագահականի շենքում Բաբկեն Արարքցյանը հրապարակեց հանրաքվեի արդյունքները: Հետո եկանք հրապարակ: 1991-ի Երևանն էր: Լրագրողներով էինք` Պասկևիչյան Տիգրանն էր, Բաղդասարյան Էդիկն էր: Որոշեցինք գնալ մի տեղ նշել անկախանալու համաժողովրդական որոշումը: Անորոշ-անկատար` քայլում էինք, չգիտեինք էլ ուր գնալ: Այսօրվա Երևանի նման չէր, որ ամեն քայլափոխի ժամանցի տեղ կա: Ամիրյան փողոցով քայլում էինք, Չարենցի դպրոցի դիմաց ստորգետնյա սրճարանանման բան կար: Գնացինք` ոգելից ոչինչ չունեին, միայն հանքային ջուր էր ու վատ իմաստով երևանյան վռիկ սուրճ: Սա եղավ անկախություն նշելու մեր փորձառությունը: Լավ էր, էլի: Եթե նույնիսկ պատրանք էր, որ մեր իրականությունն իր սանձերը մեր ձեռքն էր տալիս, լավ էր, որ մենք փորձեցինք անհաղթահարելի ծանրությունը բարձրացնել:

Անցյալ տարի գրեթե նույն բանը կրկնվեց: Շատ ողջունելի էր: Չնայած  վտանգներին, որ եղել են, կան ու լինելու են, պետք էր դա անել և տեղի ունեցավ, որովետև երկիրն ու հասարակությունը պիտի ապրելու շանս ստանային:     

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Մենք, ըստ երևույթին, ազգի, հասարակության ու երկրի տեսլական պիտի ունենանք, որպեսզի կարողանանք մոդելների մասին խոսել: Էս դեպքում պիտի Հրանտ Մաթևոսյանից գրագողություն անեմ և ասեմ` «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա՝ երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը»: Անընդհատ ֆորս-մաժորային իրավիճակում լինելուց հետո, երբ շունչ քաշելու հնարավորություն ես ստանում ու կարողանում ես հետ ու առաջ նայել, կարողանում ես ձևավորել իրականությունն ու ընթացքի հեռավորությունը` ինչպես ինքը` Մաթևոսյանն էր արել, ինչպես 5-րդ դարում Խորենացին էր արել` չեղած տեղից վերադարձնելով անցյալն և ապագան, որովհետև ժամանակ են ունեցել դա անելու: Երբ այդ հեռանկարն ստեղծվում է, արդեն կարելի է խոսել երջանիկ երկրի և երջանիկ հասարակության հեռանկարի մասին: Ինքը` երջանիկ հանրությունը, ի՞նչ ձևավորում պիտի ունենա` արդյո՞ք դա պիտի դարձյալ ըստ Մաթևոսյանի «շքեղ առանձնատների» հանրությունը լինի, թե՞ Թումանյանի «Ոսկե քաղաքը», ես չգիտեմ: Շքեղ առանձնատներ Երևանում ունենք, և դա ամենևին հանրության երջանկության հնարավորությունը չշատացրեց, հակառակը` հազարավոր մարդկանց վտարանդի և սնանկ դարձրեց: Ուստի, երբ ասում ենք` «շքեզ առանձնատներ», ամենևին նկատի չունեմ այն, ինչ ունենք:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը     

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36783 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ