Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Երևան վերադառնալուց հետո քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու՝ ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Սույն խորհրդակցություններն այսօր արդեն մեկնարկելու են, եւ վարչապետն առաջինը հանդիպելու է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ խորհրդարանը ցրելու հիմքեր ու անհրաժեշտություն առհասարակ չկա: Մասնավորապես՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ներկա պայմաններում Ազգային ժողովը ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում նաեւ սահմանադրական հիմքեր չկան: Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ պնդել է, թե այս խորհրդարանն արձակելու ու արտահերթ ընտրությունների գեթ մեկ պատճառ չկա: Սակայն «Հայկական ժամանակ»-ը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Ազգային ժողովի արձակման համար հիմք է հանդիսանում Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի առնվազն չորս հոդված:
Ըստ այդմ՝ նախ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 88-ի առաջին կետի համաձայն՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Բայց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ ներկա խորհրդարանն ու ԱԺ պատգամավորներն այնքան էլ չեն համապատասխանում Սահմանադրության այս դրույթին, քանի որ քաղաքացիները փաստացի երկու անգամ ընտրել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական ուժին: Իսկ Ազգային ժողովում այդ ուժի ներկայացուցիչներին կարելի է հաշվել մատների վրա:
Ըստ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ հեղափոխությունն իրավական կատեգորիա չէ եւ չկա իրավական որեւէ նորմատիվ ակտ, որը հեղափոխության հետ կապի իրավական հետեւանքներ. «ՀՀ ԱԺ-ն ձեւավորվել է Սահմանադրության ու ընտրական օրենսգրքին համապատասխան: Հիմա ինչ-որ կառույց լուծարելու համար այն առնվազն պիտի բանի պետք չլինի: Ավելի կոնկրետ՝ ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ չկան, որովհետեւ չկա վարչապետի հրաժարական, երկու անգամ նոր վարչապետ չընտրելու իրավիճակ եւ այլն»,- մեր զրույցում ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն ցրելու միտքն ընդամենը օրենքներին չհամապատասխանող ցանկություն է:
Սակայն ներկա Ազգային ժողովի ու ՀՀ օրենքների հաջորդ հակասությունը ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ կետն է, ըստ որի՝ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սակայն ամիսներ առաջ պատգամավորների՝ ՀՀԿ ֆրակցիայից դուրս գալու պատճառով խորհրդարանում կայուն մեծամասնություն այլեւս չկա: Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունն ունի 50 պատգամավոր, Ծառուկյան խմբակցությունը՝ 31, ԵԼՔ-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Իսկ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորներն ութն են:
Սրա վերաբերյալ Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն կա, եւ պարզ չէ՝ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները նախագծերին ինչպես են քվեարկում. «Այս պահին, համենայնդեպս, նրանք բոլոր նախագծերին քվեարկել են այնպես, ինչպես հանրապետականները»,- ասաց Պետրոսյանը: Նա ասում է. «Ո՞վ է ասել, որ խորհրդարանական կայուն մեծամասնությունը միայն մի ֆրակցիա պետք է ապահովի»:
Հաջորդ օրենքը, որին չի համապատասխանում ներկա խորհրդարանը՝ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետն է: Ըստ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Սակայն երկրում այլեւս իշխանություն չունեցող ուժը խորհրդարանում ոչ միայն ունի ԱԺ նախագահի տեղակալի երկու պաշտոն, այլեւ հենց ԱԺ նախագահն է ՀՀԿ խմբակցությունից:
Սահմանադրության վերոնշյալ հոդվածներից բացի՝ խորհրդարանը չի համապատասխանում նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ գլխի հոդված 7-ի երրորդ մասին: Այս հոդվածի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքնում մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստացած ուժը համարվում է կառավարող, իսկ մյուս ուժերը՝ ընդդիմադիր: Այնինչ 2017 թվականի ԱԺ ընտրություններին իշխանության եկած ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը «Հանրապետական» կուսակցությունը հայտարարել են «կառուցողական ընդդիմություն»:
Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Ազգային ժողովի եւ օրենքների վերոնշյալ երկու անհամապատասխանությունները մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Այո, այսինքն՝ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ն համարվում է կառավարող մեծամասնություն, եւ կապ չունի, որ ներկայացված չէ կառավարությունում»,- ասաց Պետրոսյանը:
Մեր դիտարկմանը՝ եթե իշխանություն է Նիկոլ Փաշինյանի թիմը, եւ այդ թիմի մի մասը հանդիսացող ԵԼՔ խմբակցությունը՝ ԱԺ-ում, ապա խառնվում են ընդդիմադիր ու կառավարող ուժերը, Պետրոսյանն ասաց, որ այս պահին Հայաստանում դասական իմաստով ընդդիմություն եւ իշխանություն գոյություն չունի. «Բայց իմ կարծիքով՝ չի կարելի համապետական ընտրություններն անընդհատ կատարել՝ ինչ-որ ձեւական նկատառումներից ելնելով: Ընդհանրապես ցանկացած կառույց, պետական կարեւորագույն կառույցները պետք է լուծարել, եթե նրանք կորցրել են իրենց նպատակային նշանակությունը, կամ եթե նրանք իրենց գործունեությամբ կամ անգործությամբ խոչընդոտում են հասարակական առաջընթացի բնականոն զարգացմանը: Իսկ ներկա ԱԺ-ն ինչո՞վ է խանգարում այսօրվա կառավարությանը՝ իր առջեւ դրված գործառույթները պատշաճ իրականացնելու հարցում»,- մեր զրույցում ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարության՝ ԱԺ պատգամավորների կողմից հավանություն ստացած ծրագրում եւս նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Պետրոսյանն ասաց, որ ծրագրում ընտրությունները նշվում են որպես նպատակ, եւ չկա իմպերատիվ դրույթ, որ ԱԺ-ն պարտավորվում է ինքնալուծարվել մեկ տարվա ընթացքում. «Կառավարության ծրագրում շատ բաներ են գրված, որ կառավարությունը խրախուսում է երկրում բռնության բացառումը, որ կառավարությունը քաղաքացիների համար բարեկեցություն է սահմանում եւ այլն: Հիմա էս ամենը թողնենք, ու ասենք՝ գիտե՞ք ինչ կա, կառավարության ծրագրով նախատեսվում է լուծարել Ազգային ժողովը: Կարծում եմ՝ սա արդարացի մոտեցում չէ: Բարի լինենք՝ ծրագրի բոլոր կետերին հղում անենք»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Փաստաբան Նորայր Նորիկյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք չկա: Ավելին, Նորիկյանի խոսքով՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, արտահերթ ընտրությունների հրատապ անհրաժեշտություն է առաջացել. «Ի գիտություն որոշ շրջանակների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հատուկ ուղերձ կա նաեւ կառավարության՝ 2018 թվականին ԱԺ պատգամավորների կողմից հաստատված ծրագրում, որում սեւով սպիտակի վրա նշված է, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները եւ նախկին իշխանությունների հեռանալը»,- մեր զրույցում ասաց Նորիկյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանի ցրման սահմանադրական հիմքին՝ Նորիկյանն ասաց, որ պետք է ուղղակի արձանագրել, որ այս պահին ԱԺ-ի՝ իրավունքի ուժով արձակվելու մեկ օրինական եղանակ է առկա. «Դա այն դեպքն է, երբ վարչապետ Փաշինյանը կներկայացնի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ նոր վարչապետ չի ընտրի: Դրանից հետո արդեն խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Բայց ինչպես հիշում ենք՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ չեն բացառվում Սահմանադրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովին ինքնալուծարման հնարավորություն կտան՝ առանց վարչապետի հրաժարականի»,- ասաց Նորայր Նորիկյանը:
Նա անդրադարձավ նաեւ վարչապետի՝ Նյու Յորքից արած այն հայտարարությանը, որ ինքը Երեւան վերադառնալուց հետո խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ է հրավիրելու քաղաքական ու ոչ քաղաքական ուժերին: Նորիկյանն ասաց, որ պետք է տեսնել, թե այդ բանակցություններն ինչ արդյունք կտան. «Եթե քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր բանակցություններից հետո կհանգեն հետեւության եւ կգան պայմանավորվածության, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, բնականաբար գործող իրավակարգավորման շրջանակներում Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ արդեն հակառակ դեպքում, եթե ինչ-որ դիմադրություն լինի, պետք է որոնել եւ մշակել այլ տարբերակներ, որոնք հնարավորություն կտան Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ ընտրությունների:
Ի դեպ, անցյալ շաբաթ ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի ընտրության ժամանակ պատգամավորները չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, որպեսզի ընտրեին հանձնաժողովի նախագահի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանի տեղակալ: Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Ինքը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանում ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, քանի որ դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի, այսպիսով՝ հաստատելով, որ խորհրդարանը չի համապատասխանում օրենսդրական որոշ դրույթների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT