ՀՀ-ում արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առեւտրի ոլորտը. ՀՅԴ-ն անհանգստացած է

29/03/2018 schedule17:30

Ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր եւ միջին բիզնեսի դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը: Այս մասինա ասված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հետազոտությունում: Այն ներկայացնում ենք ստորեւ. 

«Եթե 90-ականներից սկսած մենք գործ ունեինք առանձին ապրանքների մեծածախ շուկաներում (օրինակ՝ շաքարավազ, ալյուր, կարագ, բենզին, դիզելային վառելիք եւ այլն) մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող անբարեխիղճ եւ հակամրցակցային երեւույթների հետ, ապա ներկայումս արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առեւտրի ոլորտը, որից մեծ վնասներ են կրում մանրածախ առեւտրով, մատակարարումներով եւ արտադրությամբ զբաղվող բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Այս իրավիճակը հիմնավոր եւ շարունակական հետազոտությունների կարիք ունի։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը։ Այս համատեքստում առավել շատ է կարեւորվում պետության ակտիվ եւ նախաձեռնողական տնտեսական քաղաքականության մշակման եւ կիրարկման անհրաժեշտությունը՝ միաժամանակ ապահովելով սոցիալական արդարության սկզբունքը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծության նպատակն է՝ վեր հանել մանրածախ առեւտրի շուկայում առկա համակենտրոնացման միտումները, ազատ եւ բարեխիղճ մրցակցության հիմնական խոչընդոտները եւ առաջարկել համապատասխան քայլերը, որոնք այս ոլորտում կձեւավորվեն առողջ մրցակցային միջավայր, ինչը վստահաբար կխթանի փոքր եւ միջին մատակարարների եւ մանրածախ վաճառողների գործունեությունը, ինչպես նաեւ կապահովի սպառողների շահերի պաշտպանությունը։

Աշխատանքի համար տեսական եւ մեթոդաբանական հիմք են հանդիսացել մանրածախ առեւտրի ոլորտին վերաբերող դասական եւ արդի գրականությունը, միջազգային փորձը, մի շարք կազմակերպությունների կողմից մշակված մեթոդական ցուցումները, գիտական վերլուծական նյութերը, օրենքները, իրավական ակտերը, տեղեկագրքերը, սպառողների եւ տնտեսվարողների շրջանում իրականացված հարցումները եւ այլ նյութեր: 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է համարվում մանրածախ առեւտուրը: Այնուամենայնիվ, 2015-2017 թվականների ընթացքում, մանրածախ ապրանքաշրջանառությունը գրանցել է տատանումներ, որոնց ծնող պատճառները խորը մասնագիտական վերլուծությունների կարիք ունեն:

Տնտեսագիտական գրականության մեջ «մանրածախ առեւտուրը» բնութագրվում է առեւտրային կազմակերպության կնքած եւ ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները վերջնական սպառողի հանդեպ, ով այն ձեռք է բերում ոչ ձեռնարկատիրական նպատակներով, բացառապես տնային, ընտանեկան օգտագործման նպատակով:

Աղյուսակ 1.-ի համաձայն՝ մանրածախ առեւտուրը կազմում է ընդհանուր ներքին առեւտրի 51,3 տոկոսը։ 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ, մանրածախ առեւտրի շրջանառությունը աճել է 5,5 տոկոսով։ 

Այսպես օրինակ. բերված է Աղյուսակ 2.-ը, որտեղ ներկայացված են 2015-2017 թվականների մանրածախ առեւտրի շրջանառությունը, առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի վերաբերյալ տվյալները:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն (այուհետ՝ ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մանրածախ առեւտրի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 1 335 742.8 մլն. ՀՀ դրամ, որի 79.7 տոկոսը բաժին է ընկնում խանութներին (2016 թվականին՝ 77.5 , 2015 թվականին՝ 71.8)։ Ընդ որում, խանութների հաշվարկում ընդգրկված են նաեւ խոշոր սուպերմարկետները:

Աղյուսակ 2.-ի համաձայն՝ 2017 թվականին ՀՀ-ում մանրածախ առեւտրի 2.1 տոկոսը կատարվել է կրպակների (2016 թվականին՝ 2.2, 2015 թվականին՝ 2.2), 5.2 տոկոսը՝ սպառողական ապրանքների շուկաների (2016 թվականին՝ 6.5, 2015 թվականին՝ 6.3), 1.5 տոկոսը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (2016 թվականին՝ 1.5, 2015 թվականին՝ 1.5), իսկ մնացած 11.5 տոկոս` առեւտրի այլ օբյեկտների միջոցով (2016 թվականին՝ 12.3, 2015 թվականին՝ 18.2):

Սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են առեւտրի իրականացման վայրի տեսակներ: Վերջին տարիներին նկատվում է այս շուկաների թվի կրճատում, ինչը հիմնականում պայմանավորված է խոշոր առեւտրի կենտրոնների՝ մոլերի բացմամբ: 

2017 թվականի ընթացքում մանրածախ առեւտրաշրջանառությունը 9.3 տոկոսի աճ է գրանցել 2015 թվականի համեմատ (ընթացիկ գներով), սակայն, միեւնյուն ժամանակ, առեւտրային օբյեկտների թվաքանակը կրճատվել է շուրջ 1.7 տոկոսով, հատկապես՝ նվազել է փոքր եւ միջին խանութների եւ կրպակների թվաքանակը:

Աղյուսակ 3.-ի համաձայն՝ 2017 թվականին խանութների միջոցով իրականացվող մանրածախ առեւտուրը աճել է 8 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 6.1 տոկոսվ, առեւտրի այլ օբյեկտներինը՝ 2.1 տոկոսով: Տնտեսական եւ սոցիալական տեսանկյունից բացասական է դիտվում սպառողական ապրանքների շուկաների եւ կրպակների, համապատասխանաբար՝ 16.8 եւ 1.2 տոկոս գրանցած անկումը: Այսինքն՝ 2017 թվականին մանրածախ առեւտրի 5.5 տոկոսի աճը հիմնականում ապահովվել է խանութների միջոցով, այդ թվում՝ սուպերմարկետների: 

2017 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է 1 064․2 մլրդ. ՀՀ դրամ, որի 32․4 տոկոսը (344.8 մլրդ. ՀՀ դրամ) բաժին է ընկել գերփոքր (մինչեւ 9 աշխատող ունեցող) խանութներին, 27․3 տոկոսը (290.7 մլրդ․ ՀՀ դրամ)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 40.3 տոկոսը (428․6 մլրդ դրամ)` միջին (50-249 աշխատող ունեցող) խանութներին։ 2017 թվականին խանութների աշխատողների միջին թվաքանակը աճել է 1.8 տոկոսով՝ կազմելով 38 027 աշխատող, որի 51․8 տոկոսը (19 698 աշխատող) բաժին է ընկել գերփոքր (մինչեւ 9 աշխատող ունեցող) խանութներին, 23․7 տոկոսը (8 995 աշխատող)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 24.5 տոկոսը (9 334 աշխատող)` միջին (50-249 աշխատող ունեցող) խանութներին։ Հատկանշական է, որ գերփոքր խանութներին բաժին է ընկնում առեւտրաշրջանառության 32.4 տոկոսը, իսկ աշխատողների միջին թվաքանակի՝ 51.8 տոկոսը, ինչը եւս մեկ անգամ փաստում է սոցիալական նշանակության մասին: Այս համատեքստում մտահոգիչ է 2017 թվականին գերփոքր խանութների աշխատողների միջին թվաքանակի 748-ով կամ 3.7 տոկոսով նվազումը: Նմանատիպ իրավիճակ է նաեւ առեւտրային այլ օբյեկտների, սպառողական ապրանքների շուկաների եւ կրպակների դեպքում (Տե՛ս Աղյուսակ 4.-ը):

Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ մեկ շնչի հաշվով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը Երեւան քաղաքի համար էականորեն գերազանցում է մարզերի համանման ցուցանիշը: Այսպես, Երեւանում ապրում է հանրապետության բնակչության 36.1 տոկոսը, սակայն Երեւանին է բաժին ընկնում մանրածախ շրջանառության ընդհանուր ծավալի 74.5 տոկոսը: Միջին հաշվով մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմում է 448 311.1 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ Երեւանում մեկ բնակչին բաժին ընկնող առեւտրի շրջանառությունը հանրապետության միջինի նկատմամբ երկու անգամից ավել է: 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանրածախ առեւտրի ոլորտում հիմնական գործում են 4 խոշոր սուպերմարկետների ցանցեր (Երեւան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք եւ Կրպակ), որոնց տեսակարար կշիռը, ընդհանուրի մեջ, կազմում է շուրջ 23.8 տոկոս: 2017 թվականին այս սուպերմարկետների ցանցերը կտրուկ՝ 3.1 տոկոսով, ավելացրել են իրենց մասնաբաժինը մանրածախ առեւտրում՝ շուկայից աստիճանաբար դուրս մղելով փոքր եւ միջին բազմաթիվ խանութներին եւ կրպակներին (Տե՛ս Գծապատկեր 2.-ը, Աղյուսակներ 2.-ը եւ 4.-ը): Նրանց շրջանառության ծավալների աճի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանց կողմից ավելի շատ հարկեր են վճարվել, քան ամբողջ 2016 թվականի ընթացքում: 

«Երեւան Սիթի» առեւտրային ցանցը ներառում է 23 սուպերմարկետ-խանութ (այդ թվում՝ 2 հատ Կայզեռ), «Կրպակը»-ը՝ 15, «Նոր Զովք»-ը՝ 22, իսկ «Սաս»-ը՝ 9 (այդ թվում՝ 1 հատ Ֆուդ Կորտ): Այս սուպերմարկետների ցանցերը պարբերաբար ընդլայնում են իրենց գործունեությունը՝ ընդգրկելով փոքր եւ միջին խանութներ եւ մուտք գործելով նաեւ սնունդի արտադրության եւ ծառայությունների ոլորտներ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առեւտրային օբյեկտներում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ. ՀՀ դրամը: Այս իմաստով, Երեւան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք եւ Կրպակ առեւտրային ցանցերը հանդիսանում են գերիշխող դիրք ունեցող: Հետեւաբար, նրանց գործունեությունը կարող է գտնվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտադիտարկման տակ:

Սուպերմարկետների մուտքը էական փոփոխություններ է առաջացրել բնակչության գնումների մշակույթում եւ սպառման վարքագծում: Սա, մի կողմից, կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից՝ ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր եւ այլն, սակայն երկարաժամկետ կտրվածով՝ կարող է ազդել սպառողական ապրանքների գների աճի վրա, քանի որ մանրածախ շուկայի համակենտրոնացում («մենաշնորհացում») կարող է գրանցվել: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երեւանում ալկոհոլային խմիչքների շուկայում, իսկ հացը եւ ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում:

Վերջին շրջանում արագ տեմպերով աճում է էլեկտրոնային մանրածախ առեւտուրը: Էլեկտրոնային առեւտրի հարթակները (Ebay, Amazon, Alibaba եւ այլն) լուրջ մրցակցային պայքարի մեջ են մտել առեւտրային ցանցերի հետ, եւ ապագայում ավելի կսաստկանա այդ մրցակցությունը, հատկապես՝ սպառողական ապրանքների շուկայում: Ցավոք, Հայաստանում համապարփակ վիճակագրություն չի վարվում էլեկտրոնային մանրածախ առեւտրի մասով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» պարբերականում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջական չէ: Ներկայումս գործում են հայկական մի շարք էլեկտրոնային հարթակներ: Այնուամենայնիվ, հայ սպառողների շրջանում էլեկտրոնային առեւտուրը դեռեւս լայն տարածում չունի:

Այսպիսով, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առյուծի բաժինն այս ոլորտում սուպերմարկետներին է բաժին ընկնում: Իհարկե, զարգացած երկրներում եւս մանրածախ առեւտուրը կենտրոնանում է սուպերմարկետներում, սակայն նույն այդ սուպերմարկետները, իրենց մրցակցային առավելություններով հանդերձ, անդառնալի վնասներ չեն հասցնում փոքր եւ միջին բիզնեսին, մասնավորապես՝ փոքր եւ միջին խանութներին, որոնք լուծում են աշխատատեղերի ապահովման եւ եկամուտների վերաբաշխման կարեւորագույն խնդիր՝ յուրաքանչյուր երկրում: 

  1. ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Վերջին տարիների ընթացքում խոշոր առեւտրային ցանցերը, իրացնելով փոքր եւ միջին առեւտրի օբյեկտների նկատմամբ ունեցած իրենց մրցակցային առավելությունները, (առաջարկվող ապրանքների եւ ծառայությունների լայն տեսականի, ապրանքների ներկայացման մատչելիություն, սպասարկման բարձր որակ, գնային ճկուն քաղաքականություն, առեւտրի իրականացման հարմարավետություն, շուրջօրյա աշխատանքային ռեժիմ եւ այլն) ընդլայնվել են՝ բացելով նորանոր մասնաճյուղեր եւ ընդգրկելով այլ ոլորտներ: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների, գործարարների եւ սպառողների բարձրացրած հարցերի արդյունքում առանձնացվել են մանրածախ առեւտրի ոլորտին վերաբերող մի շարք խոչընդոտներ. դրանք են՝

  • Ներկայումս հանրապետության ներքին առեւտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները եւ վայրերը հանրապետության բնակավայրերում եւ Երեւանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայեցողությամբ, ինչի արդյունքում հանրապետության բնակավայրերում, մասնավորապես` Երեւանում, առկա են դրանց (այդ թվում` խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի) սահմանափակ տարածքներում կուտակումներ: Չնայած բազմաթիվ քաղաքական եւ մասնագիտական քննարկումներին՝ առ այսօր սահմանված չեն առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակները, ինչի օգնությամբ կկարգավորվեին դրանց տեղակայման (վերակառուցման) գործառույթները: Առ այսօր գոյություն չունի առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման միասնական կարգ: Արդյունքում` բնակչությանը՝ առեւտրական տարածքներով ապահովման գործընթացը իրականացվում է տարերայնորեն. դժվար իրավիճակի մեջ են հայտնվում եւ՛ բնակիչները, եւ՛ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: 
  • Մի շարք սպառողական նշանակության ապրանքների խոշոր ներմուծողները (արտադրողները) ունեն նաեւ իրենց առեւտրային ցանցերը, ինչի արդյունքում նրանք լրացուցիչ առավելություն են ստանում փոքր եւ միջին խանութների եւ մատակարարների նկատմամբ: Որոշ դեպքերում ներմուծող ընկերությունների կողմից առեւտրի օբյեկտներին (խանութներին) առաջարկվող մեծածախ գների եւ ներմուծող ընկերություններին պատկանող առեւտրային ցանցերի կողմից սպառողներին իրացվող ապրանքների մանրածախ գների (մեծածախ եւ մանրածախ գների մարժա) տարբերությունը բավականին փոքր է (մոտ 5-10 տոկոս) եւ կարող է հանգեցնել առեւտրային ցանցերի հետ մրցակցող ավելի փոքր խանութների եւ կրպակների՝ շուկայից դուրս մղմանը: Արդյունքում՝ մանր եւ միջին ընկերությունները չկարողանալով գնային առումով մրցակցել առեւտրային ցանցերի հետ փակվում են՝ հանգեցնելով մանրածախ առեւտրի ոլորտում համակենտրոնացվածության («մենաշնորհացման») մակարդակի բարձրացմանը: Մասնավորապես՝ Ալեքս Հոլդինգ ընկերությունը հանդիսանում է շաքարավազի, ալյուրի, կարագի, ձեթի, հավի մսի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող (արտադրող), ինչը, այլ հավասար պայմաններում, օբյեկտիվորեն ապահովում է մրցակցային առավելություն մյուսների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում, երբ ներմուծողներին է պատկանում բենզալցակայանների ցանցի մեծ մասը: Բացի այդ, այս իրավիճակը հնարավորություն է տալիս ներմուծողներին, որ կարողանան օրինականացնել («մաքրել») իրենց ստվերային մեծածախ վաճառքը՝ մանրածախ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրացում ցույց տալու միջոցով։
  • Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի եւ բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի եւ/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաեւ այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի եւ բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ինչի արդյունքում կբարձրանար գինը: Անշուշտ, այս ամենը կարելի է կազմակերպել գործող օրենսդրության շրջանակում, եթե սուպերմարկետը (կոնկրետ հասցեով) ունի առեւտրի վայրի կազմակերպչի (շուկայի) լիցենզիա (ծանուցումով), որի տարեկան տուրքը 1 մլն. ՀՀ դրամ է (Երեւանում), ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքներ վաճառողները չհանդիսանան սուպերմարկետների հետ փոխկապակցված անձինք, ինչը քիչ հավանական է:
  • Որպես կանոն խոշոր առեւտրային ցանցերի եւ նրանց մատակարարների միջեւ գոյություն ունեցող բանակցային դիրքերի անհավասարակշռության արդյունքում առաջացած չարաշահումներն հիմնականում կրում են ֆինանսական բնույթ եւ փոքրածավալ մատակարարների համար ստեղծում է անորոշություն: Մասնավորապես՝
  1. Ցուցակագրման վճարը, երբ առեւտրային ցանցի մատակարարների ցուցակում ընդգրկված լինելու համար մատակարարը գումար է վճարում,
  2. Մատակարարին ցուցակից դուրս թողնելը, երբ մատակարարները մերժում են իջեցնել գները, այլ վճարումներ կատարել եւ այլ զիջումների գնալ,
  • Դարակներում տեղ տալու համար հավելյալ վճարի սահմանումը, ինչպես նաեւ զեղչեր պահանջելը,
  1. Մատակարարին չիրացված ապրանքների վերադարձը,
  2. Վճարումների ուշացումը, ինչը փաստացի անտոկոս վարկ է,
  3. Նախապես համաձայնեցված ժամկետների փոփոխությունը,
  • Այլ մանրածախ վաճառողների համար ապրանքների հասանելիության կամ ծախսերի ավելացման վրա ազդելը,
  • Փոքր եւ միջին մատակարարների ապրանքները վաճառելու դիմաց պարտադրվում է հումքի գնում ցանցի սուպերմարկետներից եւ համապատասխան կտրոնների ներկայացում եւ այլն:

Արդյունքում՝ վերը նշված գործողությունների հետեւանքով՝ մատակարարների մեծ մասի մոտ ֆինանսական առողջացման խնդիրներ են առաջանում, եւ երկարաժամկետ հատվածում գրանցվում են բարձր գներ, քանի որ մատակարարների թիվը կրճատվում է կամ առեւտրային ցանցը՝ ինքն է սկում այդ ապրանքի ներկրմամբ կամ արտադրությամբ զբաղվել:  

  • Ընդհանրապես սուպերմարկետներում ապրանքների գներն ավելի ցածր են, քան սովորական խանութներում: Անշուշտ, սպառողների մոտ նկատվում է ցածր գներից օգտվելու հակվածություն: 2011 թ. Դանիայի սննդամթերքի շուկայի վերլուծությունը ցույց է տվել, որ հատուկ առաջարկ-ակցիաների` սպառողների համար դրական լինելը միանշանակ չէ: Պատճառներից մեկն այն է, որ կանոնավոր գները միանշանակ բարձր են սահմանվում վաճառքի խթանումը ֆինանսավորելու եւ գների իջեցումն ավելի տպավորիչ ցույց տալու համար: Վաճառքի խթանման արդյունքում սահմանված գինը կարող է դառնալ մշտական գին, որը կարող է մոլորության մեջ գցել սպառողներին: Մեր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սուպերմարկետների կողմից ընդունված որոշակի մարքետինգային քայլեր, որոնք տպավորություն են ստեղծում, թե իբր սպառողները գումար են խնայում: Դրանք են՝
  1. Կարմիր, դեղին եւ սպիտակ գույների համակցումը ասոցացվում է ավելի շահավետ գնման կողմնորոշման հետ կամ որպես ավելի հարմար արժեք ունեցող քան մյուս գույները,
  2. Ներկայիս գինն առանց նախկին գնի նշված լինելը,
  • Ապրանքները, որոնց դեպքում օգտագործվում է հին եւ նոր գին մոտեցումը, կարող են մնալ ակցիայի տակ երկար ժամանակ (օրինակ՝ մեկ տարուց ավելի),
  1. Ապրանքներ, որոնք բարձր գնի տակ չեն հայտնաբերվել, այսինքն՝ իրականում չեն զեղչվել,
  2. Գները, մինչեւ ակցիայի սկիզբը, կարճատեւ աճ են արձանագրում, այնուհետեւ վերադառնում են նախորդ մակարդակին եւ գովազդվում են որպես հին/նոր գին,
  3. Ապրանքները, որոնք գովազդվում են որպես հատուկ առաջարկ, իրականում չեն էժանանում, նույնիսկ ավելի թանկ են վաճառվում,
  • Խոշոր տուփն ավելի թանկ է քան փոքրը,
  • Խառը ապրանքների հանրագումարը միշտ ավելի թանկ է, քան յուրաքանչյուրի արժեքը առանձին հաշված եւ այլն։
  • Խոշոր առեւտրային ցանցերի գործունեության դիտարկման արդյունքում նկատելի են նաեւ փաստացի եւ գրանցված աշխատակիցների անհամապատասխանության, ինչպես նաեւ անչափահաս անձանց աշխատանքի ներգրավման պայմանները չապահովելու ռիսկեր, հատկապես՝ նախատոնական օրերին: Իհարկե, այս իրավիճակը լրացուցիչ մրցակցային առավելություն կարող է տալ փոքր եւ միջին խանութների նկատմամբ:
  • «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ Առեւտրի իրականացման վայրի (շուկայի) կազմակերպիչը պարտավոր է ապահովել, բացառությամբ առեւտրի կենտրոնների, ծանուցման ենթակա առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի եւ վաճառողի միջեւ վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը: Այսինքն՝ վաճառատեղի վարձակալության վճարի մեծությունը կապվում է տնտեսվարողի շրջանառության հետ: Առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է առեւտրային գաղտնիք: Մեր օրենսդրությամբ առեւտրի վայրի կազմակերպչին հարկային վարչարարություն ապահովող վերահսկողական լծակներ տրամադրված չեն, եւ դա բնական է, քանի որ առեւտրի վայրի կազմակերպիչը եւ առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի միջեւ քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որի առարկան վաճառատեղի վարձակալումն է՝ ազատ կամահայտությամբ կնքվող պայմանագրային հիմքով: 1.5 տոկոսի սահմանումը որեւէ սոցիալական կամ տնտեսական էֆեկտ չի կարող ունենալ առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի վրա, քանի որ սույն կետի պատճառով առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիայի (ծանուցումով) գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել, արդյունքում՝ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ կհայտնվեն փողոցում: Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում չկա գեթ մեկ առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ, որը ապահովել է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ սույն կետի կիրարկումը գործնականում անհնար է եւ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Բացի այդ. անհասկանալի եւ բավարար հիմնավորված չէ առեւտրի կենտրոնների (մոլերի) նկատմամբ 1.5 տոկոսի չհաշվարկման բացառությունը, այն դեպքում, երբ սպառողական շուկաների եւ առեւտրային կենտրոնների գործունեությունը՝ նույն առեւտրի կազմակերպումն է: Նրանց միջեւ հստակ տարբերակում Օրենքով նախատեսված էլ չէ: Օրենքի այս դրույթի հետեւանքով՝ առեւտրային կենտրոնները մրցակցային առավելություն են ձեռք բերում սպառողական շուկաների նկատմամբ եւ այլն: 
  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Մանրածախ առեւտրի, հատկապես՝ խոշոր սուպերմարկետների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կզսպեն խոշոր առեւտրային ցանցերի առաջացումը եւ նրանց համար հետագա ընդլայնումը կդարձնեն պակաս գրավիչ, ինչպես նաեւ կապահովեն որակի վերահսկման եւ կարգավորման առավել արդյունավետ կառուցակարգեր: Մասնավորապես՝

  • Այժմ մանրածախ առեւտուրը կանոնակարգվում է առուվաճառքի հրապարակային օֆերտայի շրջանակում, որի պայմանագրային նորմերը սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով: Այնուամենայնիվ, «մանրածախ առեւտուր» հասկացության հստակ սահմանման անհրաժեշտություն կա: Բացի այդ, սոցիալական նշանակության ապրանքների իրացումը մեծ զգայնություն է առաջացնում ազգաբնակչության մոտ, եւ որոշ երկրներ ընդունել են համապատասխան իրավական ակտեր: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության 15.07.2010թ. N 530 որոշմամբ սահմանվել է սոցիալական նշանակության ապրանքների ցանկը եւ դրա նկատմամբ պետական կարգավորման որոշակի գործիքների կիրառման մեխանիզմները:
  • Տնտեսական քաղաքականությունը առավել հասցեական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սահմանել բնակչությանը առեւտրի օբյեկտերով ապահովվածության նորման, դասակարգել առեւտրի օբյեկտների տեսակները եւ նախանշել խոշոր առեւտրի կենտրոնների օպտիմալ տեղակայման վայրերը: Մի շարք երկրներում սուպերմարկետները տեղակայվում են քաղաքի կենտրոնական մասերից հեռու՝ արվարձանային շրջաններում, եւ տրանսպորտային հիմնական հանգույցներից հեռու: Դրանով դժվարացնում են ամենօրյա այցելությունները սուպերմարկետներ, ուստի բնակչությունը իր ամենօրյա գնումները կատարում է մոտակա խանութներից, իսկ շաբաթական խոշոր գնումները՝ սուպերմարկետներից: Օրինակ՝ Դանիայում խանութներն առանց որեւէ սահմանափակման կարող են աշխատել երկուշաբթի ժամը 06:00 մինչեւ շաբաթ օրը 17:00: Մյուս դեպքերում անհրաժեշտ է անցնել բարդ ընթացակարգեր եւ ստանալ պետական մարմինների թույլատվություններ, սակայն 3,44 մլն եվրոյից քիչ շրջանառություն ունեցող խանութների եւ կայարանամերձ կրպակների համար տոնական եւ կիրակի օրերին սահմանափակումները չեն գործում: Ֆինլանդիայում խանութների գործունեության ժամերն են՝ աշխատանքային օրերին՝ ժամը 07:00-21:00, իսկ շաբաթ օրերին՝ 07:00-18:00: Կիրակի օրերին մինչեւ 400 ք.մ. առեւտրային տարածք ունեցող խանութների գործունեությունը չի սահմանափակվում, իսկ ավելի խոշորները կարող են գործել կիրակի օրերին միայն մայիս-օգոստոս եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (զբոսաշրջության ակտիվ ժամանակաշրջանում): Անկասկած, այս սահմանափակումների նպատակը՝ փոքր եւ միջին խանութների գործունեությունը խթանելն է:
  • Առաջին անգամ առեւտրային ցանցերի ճյուղավորման զսպման կանոնակարգումը իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դեռեւս 1923 թվականին Միսսուրի նահանգում ընդունվեց Առեւտրային ցանցերի հարկերի մասին օրենքը, ըստ որի՝ 2 խանութ ունեցողի համար սահմանվում էր արտոնություն, իսկ յուրաքանչյուր երրորդի դեպքում գանձվում էր 50 ԱՄՆ դոլարի չափով տուրք, չորրորդի համար` 100 ԱՄՆ դոլար եւ այլն, իսկ Եվրոպայում առեւտրի օբյեկտների հակաճյուղային քաղաքականությունը կիրառվել է 1950-ական թվականներից: Հաշվի առնելով վերջին տարիներին խոշոր սուպերմարկետների ցանցի արագ տեմպերով ընդլայնումը՝ այժմ առավել քան անհրաժեշտ է քննարկել խոշոր առեւտրային ցանցերի համար հարկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունը: Մասնավորապես՝ կարելի է սահմանել (պրոգրեսիվ) լրացուցիչ վճար ինչպես որոշակի մակերեսից ավելի տարածք զբաղեցնող սուպերմարկետների նկատմամբ, այնպես էլ առեւտրային ցանցերի համար՝ կախված առեւտրային ցանցում ընդգրկված սուպերմարկետների (խանութների) քանակից: Նկատի ունենալով, որ նշված մեխանիզմների ներդրումը կարող է հանգեցնել հայաստանյան խոշոր սուպերմարկետներում վաճառվող ապրանքների գների աճին, ինչը փոքր եւ միջին խանութների համար կմեծացնի մանրածախ շուկայի գրավչությունը եւ մրցունակությունը:
  • Մանրածախ առեւտրի ապակենտրոնացումը եւ առողջ մրցակցությունը խթանելու համար՝ նպատակահարմար է սահմանափակել մեծածախ վաճառողների (ներմուծողների) գործունեությունը մանրածախ շուկայում, ինչը կնպաստի նաեւ ներքին առեւտրի ոլորտում ստվերի կրճատմանը: Մանրածախ ոլորտը առավել մրցակցային կդառնա, եթե սոցիալական եւ ռազմավարական նշանակության ապրանքների մեծածախ վաճառքը իրականացվի պետականորեն հսկվող (կարգավորվող) էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ մանրածախ վաճառողների համար ապրանքների ձեռք բերման պայմանները կլինեն հավասար, մրցակցային եւ թափանցիկ:
  • Մանրածախ շուկայի զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ապրանքների մատակարարման պայամանների կանոնակարգումը՝ խոշոր սուպերմարկետների կողմից կամայականությունները բացառելու կամ նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է քննարկել խոշոր առեւտրային ցանցերի կողմից սահմանվող մատակարարների ցուցակագրման եւ դարակներում տեղ հատկացնելու համար հավելյալ վճարների առավելագույն մեծության չափը: Բացի այդ, հայրենական արտադրանքի ճանաչելիությունը եւ իրացումը խթանելու նպատակով տեղական արտադրողներին պետք է տրամադրել որոշակի «քվոտա»՝ սպառողների համար առավել տեսանելի դարակների հատվածում: Առեւտրային ցանցերի կողմից վճարումների ուշացում թույլ չտալու համար՝ սննդամթերքի մատակարարման պայմանագրի գնի վճարման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել ապրանքի պիտանելիության ժամանակահատվածը:
  • Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ բացակայում են առեւտրային զեղչերի վերաբերյալ դրույթները, մասնավորապես՝ զեղչերի տեսակները եւ դրանց առանձնահատկությունները, ինչը նպաստում է մանրածախ առեւտրում անբարեխիղճ մրցակցությանը, որի արդյունքում՝ խաթարվում է ազատ մրցակցության սկզբունքը, եւ ոտնահարվում են սպառողների իրավունքները:
  • Միջազգային առաջավոր փորձը փաստում է, որ առեւտրային ցանցերի միությունների կողմից ընդունվում են վարքագծի կանոններ եւ արդար գործարքների հիմնարար սկզբունքներ, որոնք պարտադիր են դառնում բոլոր անդամների համար, ինչը թույլ է տալիս դրանց հիման վրա իրականացնել առեւտրային ցանցերի վարկանշավորում:
  • Անհրաժեշտ է վերանայել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես՝ հստակեցնել սպառողական ապրանքների շուկային եւ առեւտրի կենտրոնին (մոլին) ներկայացվող պահանջները՝ ավելի խիստ դրույթներ սահմանելով վերջինիս համար: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման (առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը) իրականացման իրավունք ձեռք բերելու համար տնտեսվարողը վճարում է պետական տուրք Երեւանում 1 մլն. ՀՀ դրամ, մարզկենտրոններում 500 հազ. ՀՀ դրամ, Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս 300 հազ. ՀՀ դրամ: Այսինքն՝ տուրքի մեծությունը կապված չէ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի շրջանառության կամ այդ վայրում գործունեություն իրականացնող ընկերությունների թվի հետ, ինչը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում խոշոր առեւտրի կենտրոնների եւ մյուս շուկաների միջեւ:
  • Էլեկտրոնային մանրածախ առեւտուրը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է մշակել եւ ներդրնել էլեկտրոնային առեւտրի վիճակագրական, հաշվարկավճարային եւ երաշխիքային առավել արդյունավետ համակարգեր, ինչը, անշուշտ, կնպաստի մանրածախ առեւտրի ապակենտրոնացմանը եւ այլն»:
Տպել
4949 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին