«Սիսիանի ոստիկանապետի ժ/պ-ի դեմ գործընթացները ուղղորդված են մեկ անձի կողմից». փաստաբանը մանրամասնում է

Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ գործընթացները ուղղորդված են մեկ անձի կողմից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ դրանք սկսվել են այն բանից հետո, երբ նա բացահայտել է հափշտակության դեպքեր, որոնց առնչվել են Սիսիանի որոշ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղաշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատարը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Վերջիններիս բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնի դիմաց հավաքվել էին նրանց մտերիմ մարդիկ, որոնք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այդ դեպքի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Մեկ այլ դեպքի մասին էլ ահազանգել էր Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, եւ այնտեղ, ըստ նրա փաստաբան Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ նույն Գարիկ Մուրադյանը: Թե՛ Գառնիկ Սիմոնյանը, թե՛ Արմեն Հարությունյանը հաղորդումներ էին ներկայացրել իրենց ենթադրյալ բռնության ենթարկվելու վերաբերյալ, որոնց հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել են 2 տարբեր քրեական գործեր, նրանք ճանաչվել են տուժող: Հետագայում պարզ էր դարձել նաեւ, որ Գարիկ Մուրադյանի դեմ հաղորդումներ են ներկայացրել Սիսիանի այլ քաղաքացիներ եւս: Վերջինիս փաստաբանը, սակայն, հայտարարությամբ հերքել էր ենթադրյալ բռնության մասին տեղեկությունները:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Մուրադյանի շուրջ տեղի ունեցող այս գործընթացներից.

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ փուլում են Գարիկ Մուրադյանի դեմ ներկայացված հաղորդումները:

- Դրանցից մեկի՝ Արամ Զիլֆուղարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ Գուրգեն Վարդանովի հաղորդման հիման վրա բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Երկու դեպքում էլ հիմքը հանցակազմի բացակայությունն է: Մնացած դեպքերով ընթանում է նախաքննություն:

- Դրանց անդրադառնանք առանձին-առանձին. Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի փաստաբանները նախ նշեցին, որ նրան բռնության է ենթարկել Գարիկ Մուրադյանը, ապա նաեւ, որ հնչել են զենքի, էլեկտրաշոկի սպառնալիքներ: Առնչվե՞լ է արդյոք Ձեր վստահորդը Գառնիկ Սիմոնյանի հետ, եւ ի՞նչ միջադեպ է եղել նրանց միջեւ:

- Առնչվել է ի պաշտոնե, իր աշխատասենյակում, սակայն, բնականաբար, որեւէ բռնության դեպք տեղի չի ունեցել, իրենց հարաբերությունները ամբողջությամբ փաստաթղթավորված են ոստիկանության բաժնում: Ես մի հետաքրքիր բան ասեմ. նախնական զրույցներում պապիկը մատնանշում էր իր դեմքի վնասվածքները եւ ասում, որ դրանք պատճառել է Գարիկ Մուրադյանը, հետագայում, սակայն, երբ մենք հերքող հայտարարությամբ հանդես եկանք եւ ապացույցների հղում արեցինք՝ չբացահայտելով դրանք, իրենք հավանաբար հասկացան, թե մենք ինչ ապացույցներ նկատի ունենք, ինչի ենք տիրապետում, դրա համար հընթացս՝ մեր հայտարարությունից հետո, իրենց դիրքորոշումը փոխվեց, եւ պարզվեց, որ ոչ թե դեմքի բոլոր վնասվածքներն է պատճառել Գարիկ Մուրադյանը, այլ միայն ականջների շրջանում եղածները:

- Ի՞նչ ապացույցների մասին է խոսքը:

- Չեմ կարող ասել, քանի որ դրանք մենք քննիչին ենք տրամադրելու, դեռեւս չենք տրամադրել, բայց ես գիտեմ, որ իրենք գիտեն, թե մենք ինչի մասին ենք խոսում:

- Այդ դեպքում ինչո՞ւ էր Գառնիկ Սիմոնյանը Ոստիկանությունից հետո հիվանդանոցում հայտնվել:

- Այ, դա ամենահետաքրքիր հարցն է, որի հասցեատերը ես չեմ: Պարզ է, որ կրկին «զուտ պատահականորեն» իր հիվանդանոցում հայտնվելու դեպքը համընկել է ոստիկանության բաժնի դիմաց մասսայական հավաքի դեպքին, այսինքն՝ սկզբում հայտնվում են Ոստիկանության բաժին տարված երկու անձինք, դրանից կարճ ժամանակ անց դիմում է նաեւ պապիկը. այդպիսի պատահականություններ չկան, ես դրանց չեմ հավատում:

- Բայց Գառնիկ պապի դեպքը ապրիլի 6-ին էր եղել, իսկ հավաքը ապրիլի 7-ին էր:

- Այո՛, բայց հիվանդանոց դիմելը հաջորդել է հավաքին: Ըստ իր հաղորդման՝ Գառնիկ Սիմոնյանը բռնության է ենթարկվել հավաքից մեկ օր առաջ, սակայն հիվանդանոց է դիմել հաջորդ օրը՝ հավաքից հետո, չգիտես ինչու՝ նախորդ օրը չի դիմել:

- Իսկ ի՞նչ առնչություն է ունեցել Գարիկ Մուրադյանը Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ինչի՞ց է սկսվել նրանց վիճաբանությունը:

- Մարտին Հարությունյանին եւ նրա հորեղբոր որդուն բերման ենթարկելու գործընթացը ոստիկանության աշխատակիցներին է առնչվում, այդ պատճառով ես չեմ ուզում շատ փակագծեր բացել: Երբ նրանց կանգնեցրել են եւ տեղաշարժման թերթիկ ուզել, ավագանու անդամը, ըստ ինձ հասած տեղեկությունների, շատ կոպիտ է պատասխանել, ընդհուպ՝ մինչեւ ասել՝ «Ով էր երբեւիցե իրեն Սիսիան քաղաքում կանգնեցրել, որ ներկայումս ոստիկանը համարձակվում է կանգնեցնել, մի հատ էլ տեղաշարժման թերթիկ պահանջել»: Դրանից հետո, երբ կրկին այդ մասով անցել են, ոստիկանը կրկին կանգնեցրել է ավտոմեքենան, նույն պահանջը ներկայացրել եւ նույն պատասխանը ստացել: Պատկերացրեք՝ այդ գործողությունների ընթացքում, երբ ոստիկանը մոտեցել է, խոսելիս է եղել, այդ անձը քշել գնացել է, անգամ չի լսել, թե ինչ են ասում, այսինքն՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել ոստիկանության աշխատակիցների եւ նրանց օրինական պահանջի նկատմամբ: Դեպքը զեկուցվել է Գարիկ Մուրադյանին, եւ նա աշխատակիցների հետ միասին գնացել է՝ այդ անձանց բերման ենթարկելու: Գնացել են մի քանի հոգով՝ հաշվի առնելով այդ անձանց դերը, դիրքը Սիսիան քաղաքում, եւ այդ բերման ենթարկելու ընթացքում վիճաբանություն, քաշքշուկ է առաջացել, քանի որ ավագանու անդամի հայրը, հորեղբորորդին խոչընդոտել են նրանց գործողություններին, սեռական հայհոյանքներ հնչեցրել Գարիկ Մուրադյանի հասցեին: Ամեն դեպքում, այդ պայմաններում նրանք բերման են ենթարկվել Ոստիկանություն, իսկ բերման ենթարկելը հարկադիր գործողություն է, եւ դրա ընթացքում ոստիկանները իրավունք ունեն նաեւ ուժ կիրառելու, ես չեմ ասում, թե ուժ է կիրառվել, բայց եթե անգամ կիրառված լինի, ապա դա իրավաչափ է եղել:

- Նկատի ունեք այն վնասվածքնե՞րը, որ նրանք, իրենց փաստաբանների պնդմամբ, ստացել են այդ ժամանակ:

- Որքանով գիտեմ, իրենք են ասում, որ վնասվածքներն այդ ժամանակ են ստացել, բայց եթե անգամ այդպես է, ապա դա իրավաչափ ուժի կիրառման արդյունք է, որեւէ սահմանի անցում տեղի չի ունեցել:

- Իսկ մինչ բուն բերման ենթարկելու գործընթացը՝ այդ վիճաբանության ժամանակ, Մարտին Հարությունյանի հոր, հորեղբոր որդու նկատմամբ բռնություն չի՞ եղել:

-Գարիկ Մուրադյանի կողմից նման բռնություն չի եղել:

- Իսկ իրեն հայտնի՞ են տեղեկություններ՝ ոստիկանության մյուս աշխատակիցների նման վարքագծի մասին:

- Ես իրենց պաշտպանը չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Կոնկրետ Գարիկ Մուրադյանի կողմից որեւէ գործողություն չի եղել:

- Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք նշել էիք նաեւ, որ Մարտին Հարությունյանին եւ նրա հորեղբոր որդուն բերման ենթարկելուց հետո Սիսիանի քաղաքապետն է եկել Մուրադյանի մոտ, հորդորել նրանց ազատ արձակել: Քաղաքապետն ի՞նչ առնչություն ունի այս ամենին:

 - Այդ հարցերի պատասխանն է, որ ասում եմ՝ նախաքննությունը կտա: Ես էլ չգիտեմ՝ ինչ առնչություն ունի, պարզապես այդ անձանց բերման ենթարկելուց հետո եկել էր բաժին եւ չգիտեմ, թե ինչ լիազորություններից ելնելով՝ Գարիկ Մուրադյանի հետ շատ անախորժ խոսակցություն ունեցել նրանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Բնականաբար, պահանջը չի կատարվել, այդ անձինք ազատ չեն արձակվել, վարչական պատասխանատվության են ենթարկվել, եւ դրան անմիջապես հաջորդել է այդ հավաքը, որը հանցագործության հատկանիշներ է պարունակում, քանի որ այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցներ են ծեծվել:

- Այս երկու միջադեպերով էլ Ոստիկանության ՆԱՎ-ում ծառայողական քննություն էր նշանակվել: Ընթացքի վերաբերյալ ի՞նչ տեղեկություն ունեք, Գարիկ Մուրադյանի գործողություններին ինչ-որ գնահատական տրվե՞լ է:

- Ունեմ, բայց հրապարակել չեմ կարող, քանի որ դրանք անմիջականորեն կապված են իրականացվող նախաքննության հետ: Ամեն դեպքում, որեւէ բացասական հետեւանք մեզ համար չկա:

- Իսկ այս բոլոր գործերով, նաեւ Մարտին Հարությունյանի եւ Գառնիկ Սիմոնյանի հաղորդումների առթիվ ՀՔԾ-ում հարուցված գործերով, Գարիկ Մուրադյանն ի՞նչ կարգավիճակ ունի:

- Գառնիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով հարցաքննվել է որպես վկա:

- Հնարավո՞ր է՝ առերեսված էլ լինի Գառնիկ Սիմոնյանի հետ:

-Ո՛չ:

- Ի վերջո, ըստ Ձեզ՝ ինչի՞ց են սկսվել Գարիկ Մուրադյանի դեմ այս գործընթացները:

- Այդ ամբողջ դիմումները, որ տրվել են Գարիկ Մուրադյանի դեմ, ուղղորդված են եղել մեկ անձի կողմից, եւ շատ շուտով այդ անձի ուղղորդված աշխատանքները կբացահայտվեն նախաքննական մարմնի կողմից, քանի որ մենք բավարար ապացույցների տիրապետում  ենք: Ես այս պահին չեմ կարող բարձրաձայնել, թե ում մասին է խոսքը, բայց այդ գործընթացները սկսվել են Գարիկ Մուրադյանի պաշտոնավարումից կարճ ժամանակ անց, երբ նա բացահայտել է աղմկահարույց դեպքեր, հափշտակությունների դեպքեր, որոնց առնչվել են Սիսիան քաղաքի որոշակի պաշտոնատար անձինք: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց Գարիկ Մուրադյանն իր գործունեությամբ, իր վարքագծով հաճո չի եղել Սիսիան քաղաքի գործող իշխանություններին, եւ բազմիցս են նրա նկատմամբ այդպիսի փորձեր կատարվել, սակայն՝ անարդյունք, այս անգամ կարծես թե իրենք հասել էին իրենց նպատակին, սակայն, կրկնում եմ, որ շուտափույթ մենք ունենալու ենք  բարենպաստ արդյունք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ երկու ծառայողական քննությունների ընթացքն էլ կասեցվել է, քանի որ նույն դեպքերով ՀՔԾ-ում հարուցված են քրեական գործեր: Նշենք, որ ծառայողական քննություն անցկացնելու կարգի համաձայն՝ քննությունը կասեցվում է, եթե նյութերում հայտնաբերվում են հանցագործությունների եւ (կամ) զանցանքների հատկանիշներ, որոնց մասին տեղեկացվում են համապատասխան պետական մարմինները: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ տեղեկացրեց, որ Գառնիկ Սիմոնյանի եւ Արմեն Հարությունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի մայիսի 20-ի համարում

Տպել
2779 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը