Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Օրերս քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ Սիսիանում տեղի են ունեցել միջադեպեր, որոնց կենտրոնում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն է:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, երբ ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել Սիսիանի բնակիչ, 60-ամյա Գառնիկ պապին, որի պնդմամբ՝ ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն է գործադրվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գառնիկ պապի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց. «Նրան գողության կասկածանքով բերման են ենթարկել բաժին, որտեղ ոստիկանապետի ժ/պ-ն ծեծի է ենթարկել, ասել՝ պիտի վերցնես քո վրա, դու ես տարել, նա էլ ասել է՝ եթե ասեմ՝ ես եմ տարել, պիտի ասես՝ գողոնը բեր, բա եթե ես չեմ տարել, ո՞նց բերեմ, այս վեճի հանգամանքների շուրջ պապիկին ծեծել են, մի ամբողջ օր պահել ոստիկանությունում, այնուհետեւ անձնագիրը անօրինական ձեռքից խլելով՝ բաց թողել»: Զեյնալյանի խոսքով՝ իրենք պապին պատահմամբ հիվանդանոցի ընդունարանում են հանդիպել, ուր իրենց փաստաբանական թիմը մեկնել էր մյուս միջադեպի առիթով: Պապին կաթիլային է միացված եղել. նա հարվածներ էր ստացել ականջի հատվածում, քերծվածքներ կային նաեւ դեմքին, որոնք, ըստ փաստաբանի, ընկնելու արդյունք էին. «Հիմա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց գտնվում է դատաբժշկական փորձաքննության մեջ, զննության փուլում է, արդյունքները կգան, կտեսնենք»: Հարցին, թե ինչի գողության կասկածանքով է նա բերման ենթարկվել, Զեյնալյանը պատասխանեց. «Մանր-մունր գողություններ են, դրա հանգամանքները դեռ հայտնի էլ չեն, բայց նրա տարիքը եւ արտաքին տվյալները հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե հնարավորություն ունենար եսիմինչեր տանելու, ես չեմ էլ ուզում քննարկել նրա մեղավորությունը կամ անմեղությունը, խնդիրը նրանում է, թե ով ոնց է իրեն դրսեւորում. անկախ նրանից նա կատարել է դա թե ոչ, ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, օրինականությունը, հասարակական կարգը ապահավող սուբյեկտ, իրավունք չուներ խոշտանգելու ոչ նրան, ոչ էլ ցանկացած քաղաքացու. «Անմեղության կանխավարկածի մասին էլ չեմ խոսում, ոստիկանապետը այն լրիվ ոտնատակ է տվել, հիմնավորված կամ չհիմնավորված հանգամանքի շուրջ ստիպել, որ անձը ընդունի այդ արարքը, որպեսզի ցույց տա, թե լավ է աշխատում: Չի կարող նման օբյեկտիվ իրականություն լինել, առավել եւս, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ապրում ենք այն հույսով, որ արդարադատությունը, օրենքը պիտի ավելի գերակա ուժ ունենան, քան նման սուբյեկտների վարքագիծը»: Գառնիկ պապը մեզ հետ զրուցել չկարողացավ. փաստաբանի խոսքով՝ նա այժմ հոգեպես լարված վիճակում է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քաղաքացին բերման է ենթարկվել բնակարանային գողության կասկածանքով, այնուհետեւ՝ ստորագրությամբ ազատ արձակվել. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ինչ վերաբերում է ոստիկանների գործողությունների իրավաչափությանը, Ջանոյանը տեղեկացրեց, որ դա ստուգելու համար Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Անդրադառնալով ծառայողական քննությանը՝ Լուսինե Զեյնալյանն ասաց, որ դրանից օբյեկտիվություն չեն ակնկալում. «Շատ դեպքերում գործերը գնում են ՆԱՎ, այնտեղ լղոզվում, մերժվում,  կամ ի՞նչ պիտի լինի, նկատողությո՞ւն, եթե նրանց հանցագործություն են կատարել»: Զեյնալյանի խոսքով՝ տվյալ դեպքում հարցը ՀՔԾ-ի տիրույթում է:

Երկրորդ միջադեպը, որ դարձյալ վերաբերում է Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարին, գրանցվել է ապրիլի 7-ին երեք քաղաքացու եւ ոստիկնների միջեւ: Քաղաքացիներից մեկը Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանն է, մյուս երկուսը՝ նրա հայրը՝ Մայիս Հարությունյանը, եւ հորեղբոր որդին՝ Արմեն Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ եղբորորդիները խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին. «Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները, ովքեր, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Մեր հարցին ի պատասխան միջադեպի մասնակից Մարտին Հարությունյանը եւս նշեց, որ հոգեպես ճնշված վիճակում է եւ առաջարկեց զրուցել իր շահերի ներկայացուցիչ, Ներսես Խաչատրյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց ՔԿ-ի հայտարարությունը, թե Մարտինն ու եղբայրը չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, եւ պնդեց, որ նրանք ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություն չեն իրականացրել. «Դեպքի օրը՝ Մարտինը իր եղբոր հետ մեքենայով աշխատանքի գնալիս է եղել, երբ նրանց կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցներ եւ պահանջել Պարետի սահմանած տեղաշարժման թերթիկ: Եղբայրը, որ վարորդն էր, ցույց է տվել թերթիկը, իսկ Մարտինի ցույց տալուն բանը չի հասել, որովհետեւ այդ պահին այլ վարորդի են կանգնեցրել, նրանց ասել են՝ քշեք, գնացեք. դե ամեն օր մի քանի անգամ իրենք այդտեղով անցնում էին, բայց նրանք ունեցել են այդ թերթիկը, դրանք հիմա քննիչի մոտ են»: Ըստ Խաչատրյանի՝ եթե անգամ չունենային, պետք է օրենքով սահմանված կարգով վարչական տույժ կազմվեր, ինչը տվյալ դեպքում չի արվել. «Վերադարձի ճանապարհին ոստիկանները նորից կանգնեցրել են, արդեն ուրիշ տոնայնությամբ՝ «արա»-ով խոսել, Մարտինն էլ ասել է «ոստիկան ես, քեզ նորմալ պահի, կարողա՞ մի հատ էլ խփես», այդտեղից վիճաբանություն է սկսվել»: Ներկայացուցչի խոսքով՝ մեկ այլ ոստիկան իրավիճակը հանդարտեցրել է ու ասել, որ քշեն, գնան. «Այդպես, Մարտինն ու իր եղբայրը գնում են իրենց դիզվառելիքի վաճառքի կետը, որտեղ նաեւ Մարտինի հայրն էր գտնվում: Որոշ ժամանակ անց այնտեղ են գալիս երկու ոստիկան եւ Մարտինին ասում, որ Սիսիանի ոստիկանության պետն ուզում է իր հետ խոսել, Մարտինն էլ ասում է, որ ինքն էլ է ուզում խոսել, որպեսզի հայտնի, թե նրա աշխատակիցը ինչ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իրենց նկատմամբ»: Ըստ նրա՝ մինչ Մարտինը կավարտեր գործերը եւ կգնար բաժին, ոստիկաններից մեկը հայտնել է, որ ոստիկանապետն ինքն է գալիս, մի քանի րոպեից այդտեղ կլինի. «Պետը երկու մեքենայով գալիս է, հարցնում է՝ Մարտինն ով է, եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ սկսում է խփել, այդ ժամանակ Մարտինի հայրն ասում է՝ մի խփի, նա ծանր վիրահատություն է տարել, բժշկի թղթեր էլ ունենք,  պետը մոտենում է Մարտինի հորը, բռունցքով հրում նրան, նորից գնում Մարտինի մոտ, ոտքերով հարվածում նրան, հայրը գոռում է, ասում է՝ արի, ինձ խփի, հանգստացի, նորից մոտենում է հորը, բռունցքով խփում կրծքավանդակին եւ ձեռքով դեմքը ճզմում է, այդ ընթացքում հոր պրոտեզը տեղից ընկնում է, գնում է դեպի կոկորդ, ինքը աջ ու ձախ է անում, որ բերանից դուրս գա, եւ դա տեսնելով միայն՝ ոստիկանապետը ձեռքը քաշում է»: Հարցին՝ ի սկզբանե ո՞րն է եղել ոստիկանների հունից դուրս գալու պատճառը, եւ ի վերջո, ի՞նչ նպատակով էր ոստիկանապետի պաշտոնակատրը եկել՝ նրան տեսնելու, Ներսես Խաչատրյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, մենք էլ ենք ուզում դա պարզել, ժողովրդին որ խոսեցնում ենք, ասում են՝ դա նրա մեթոդն է»: Այս կռվի ընթացքում, ըստ Խաչատրյանի, Մարտինի եղբայրը հեռախոսով նկարել է, եւ դա տեսնելով՝ պետը ոստիկաններին հանձնարարել է հեռախոսը ձեռքից վերցնել, ասել է «պիտի փռենք ասֆալտին ու ստորացնենք». «Հեռախոսը վերցնում են, այդ տղային ստիպողաբար մտցնում են իրենց մեքենա, հարվածում եւ երկուսին էլ տանում ոստիկանություն, որտեղ արդեն եղբորորդուն սպառնում են՝ ասելով, որ որ եթե տեսանյութը չջնջի, կդատվեն, նա  էլ դե վախից բացում է, ջնջում, բայց հեռախոսը Ipone է, դրա Cloud-ից  չի ջնջվում, ամեն դեպքում, տեսնում են, որ ջնջում է, բայց հեռախոսը վերցնում են էլի»: Ըստ Խաչատրյանի՝ հեռախոսը հափշտակելու առթիվ նաեւ հաղորդում են ներկայացրել, եւ ի վերջո, քննիչը ոստիկաններին ասել է ՝ եթե իրենց մոտ է, թող վերադարձնեն: Միջադեպի ընթացքում, ըստ նրա, եղբայրների ինքնազգացողությունը վատացել է, եւ երկուսին էլ տարել են հիվանդանոց. «Մարտինի փորը լրիվ կարմրած էր, դե երեւի էդ քաշքշելուց, եղբայրը կապտուկներ ուներ՝ գլխին, ուսին, դեմքին»:

Ներսես Խաչատրյանի խոսքով՝ այդ ամենին ականատես վկաներ են եղել, եւ այժմ ոստիկանության աշխատակիցները սկսել են այցելել նրանց, հարցուփորձ անել՝ արդյոք տեսանյութ ունեն թե ոչ. «Բացի այդ, երբ նրանք բաժնում են եղել, 100-ավոր քաղաքացիներ են հավաքվել շենքի դիմաց, այդ բոլորը նրա մտերիմները չէին, ավագանու անդամ է, կարող է համակիրներ ունենալ, կարող է՝ պարզապես քաղաքացիներ լինեին, ովքեր գիտեին, որ սա նման առաջին դեպքը չէ»: Ըստ Խաչատրյանի՝ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում այլ քաղաքացիներից, որոնք զանգում, ասում են, որ նույն պետը իրենց էլ է ծեծել. այժմ փաստաբանները զբաղված են այդ տեղեկությունների իսկությունը պարզելով:

Այս միջադեպի առթիվ եւս Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումներին եւ քաղաքացիների հաղորդումներին, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ դրան ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5888 դիտում

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է

ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին

Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք

Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում

Հանդիպում հանուն խաղաղության. Մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը

Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 21-ին

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի

Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի 3 կողմից ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին խոտածածկույթ է այրվել

Դիտարկում եմ դա․ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի հնարավորությունը

ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել

Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը

Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ տեսանյութ

Ազգային լեզուները և մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար

Կասեցվել է Գյումրու Տերյան 143 հասցեի լցակայանի դիզվառելիքի բաշխիչ աշտարակի գործունեությունը

Լարսը փակ է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև

Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու

Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում

Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը

Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ