Հնարավոր չէ ունենալ անկախություն առանց խաղաղության. վարչապետն այցելել է Ատլանտյան խորհուրդ, ելույթ ունեցել

05/02/2025 schedule09:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի:

330.jpg (658 KB)

Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի ելույթը և Ջոն Հերբսթի հետ հարցուպատասխանն ամբողջությամբ.

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ - Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Նորին գերազանցություն պարոն Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Այսօր շատ հետաքրքիր երկխոսություն տեղի կունենա։ Վարչապետը ղեկավարում է իր երկիրը՝ սկսած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, որը մեծ ժողովրդավարական փոփոխություն բերեց Հայաստանի համար։ Այդ ժամանակից ի վեր նա իր երկիրն առաջնորդել է ալեկոծ ժամանակահատվածի միջով, անցկացրել է արտահերթ ընտրություններ 2021-ին:

331.jpg (627 KB)

Լինելով մասնագիտությամբ լրագրող, պարոն վարչապետն այժմ փորձում է Հայաստանի և նրա ապագայի համար գրել նոր պատմություն։ Ապագա, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ։ Արդեն գոյություն ունի նոր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերություն, ինչը մեծ քայլ առաջ է Հայաստանի ապագայի և Վաշինգտոն-Երևան հարաբերությունների համար։ Ընդունեք շնորհավորանքներս՝ վարչապետ Փաշինյան ու Արտաքին գործերի նախարար Միրզոյան, այս զարգացման համար։ Այս համագործակցությունն ակնհայտորեն բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի շահերից։ Այսպիսով, հրավիրում եմ պարոն վարչապետին ամբիոնից ելույթ ունենալու, ինչից հետո տեղի կունենա քննարկում։

332.jpg (767 KB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի պրն. Հերբսթ, վերլուծական կենտրոնների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

333.jpg (599 KB)

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

334.jpg (716 KB)

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

335.jpg (603 KB)

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։

336.jpg (710 KB)

Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա։

Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

337.jpg (643 KB)

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։

Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։

338.jpg (720 KB)

Եվրամիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել։

Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության առումով, և բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է: Ես կարծում եմ` մենք դա անում ենք բավականին արդյունավետ կերպով։ Անկեղծ ասած, կարող եմ ասել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, մենք ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը, և ես սովորաբար ասում եմ, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր, ինչը շատ կարևոր է։ Այն մեզ համար բացում է նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից, իհարկե, բերում է նոր մարտահրավերներ։

339.jpg (697 KB)

Ակնհայտորեն, այս օրերին միջազգային քաղաքականության մեջ կան բազմաթիվ մարտահրավերներ, մասնավորապես՝ Հայաստանի համար, ինչը մենք զգում ենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, և մեր առաջադրանքն է կառավարել բոլոր մարտահրավերներն ու օգտվել հնարավորություններից այնքանով, որքանով հնարավոր է։

Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։

340.jpg (583 KB)

Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։

Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։

341.jpg (756 KB)

Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն։ Ես փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը մեր երկրի և մեր տարածաշրջանի մասին և հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Պարոն վարչապետ, շնորհակալություն այս համապարփակ ելույթի համար։ Ես պարոն վարչապետի հետ կունենամ հակիրճ զրույց, 15 րոպե, ինչից հետո խոսքը կտրամադրեմ լսարանին։ Իմ առաջին հարցին կարծես թե արդեն պատասխանել եք։ Ուզում եմ հարցնել` ինչո՞ւ եք այդպես հաստատակամ գնում դեպի Ադրբեջանի հետ խաղաղության։ Բայց կցանկանայի ևս մեկ հարց տալ։ Կարծում եմ` համոզիչ պատճառներ բերեցիք խաղաղության հասնելու ձեր ուղղու համար, բայց հե՞շտ էր արդյոք համոզել Հայաստանի ժողովրդին այս ուղղով գնալու համար։

342.jpg (662 KB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ակնհայտորեն հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։ Դա ուղղակի անհնար է։ Հայաստանում մարդիկ և քաղաքական ուժերը քննարկում են, թե ինչպե՞ս է հնարավոր և ո՞րն է ամենահուսալի գործիքը մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Սա իսկապես շատ հրատապ և կարևոր հարց է։ Մեր պատասխանն այն է, որ խաղաղությունն է միակ հուսալի գործիքն անվտանգության համար, միակ հուսալի գործիքը բարգավաճման համար խաղաղությունն է։

Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատես եմ, թե վատատես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ վատատես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ։

343.jpg (743 KB)

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, ստեղծագործող և նախաձեռնող լինելն է, չհանձնվելն է և շարունակաբար ցանկալիին հասնելու համար աշխատելն է։ Ակնհայտորեն, խաղաղության պոտենցիալ բարիքները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց համար, այլ ամբողջ տարածաշրջանի, նույնիսկ միջազգային հանրությունը կշահի այդ խաղաղությունից։

Այսպիսով, մենք ընկալում ենք այս գործընթացը որպես մեր ներդրումը համաշխարհային խաղաղությանը, որովհետև ինչպե՞ս է ձևավորվում համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, երբ հնարավորինս շատ միջազգային հարաբերությունների շահագրգիռ կողմեր ներդրում անեն այդ գործին, աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ մենք այս գործընթացին այդ տեսանկյունից ենք նայում, դա ոչ միայն մեր պարտքն է մեր քաղաքացիների հանդեպ, մեր տարածաշրջանի հանդեպ, այլ դա մեր պարտականությունն է միջազգային հանրության, միջազգային կայունության և խաղաղության հանդեպ։

Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ևս այս գործընթացին այդ տեսանկյունից կնայի։ Մենք ակնկալում ենք ստանալ մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այս ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։ Սա է պատճառը, որ փորձում ենք բացատրել մեր բոլոր մտադրությունների նյուանսները մեր միջազգային գործընկերներին։

344.jpg (716 KB)

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի մասով համաձայնության եք հասել։ 2-ի մասով դեռ ոչ։ Լինելով անկեղծ, բայց պահպանելով դիվանագիտական էթիկան, կարծում եմ` բանակցությունները դեռ երկար կտևեն, եթե Բաքվի իշխանությունները հետաքրքրված չլինեն մի խաղաղությամբ, որը հաղթանակ կլինի երկու կողմերի համար, ինչպես հարցին մոտենում է Ձեր Կառավարությունը։ Խնդրում եմ խոսեք այդ երկու կետերի մասին, որոնց շուրջ դեռ պետք է հասնել համաձայնության և համաձայնության հասնելու հեռանկարների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

345.jpg (436 KB)

Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։

Եթե նկատեցիք, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։

 

Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Դուք նույնպես ընդունում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Այդ նպատակին հասնելու համար ակնհայտ առաջընթաց է գրանցվել, բայց այն դեռևս չի իրագործվել։ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի հեռանկարներ կան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1238 դիտում

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ