«Աղերսագի՞ր, թե՞ մատնագիր»․ Սերժ Սարգսյանի նամակի հետքերով

25/07/2023 schedule22:10

Հայաստանը 10 տարի բանակցային առաջնագծում ներկայացրած, 2018-ին տեղի ունեցած իրադարձությունների բերումով քաղաքական հետնաբեմում հայտնված Սերժ Սարգսյանը «բաց նամակ»-ի ժանրում ոչ այն է աղերսագիր, ոչ այն է գանգատագիր (իսկ գուցե մատնագի՞ր) է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Բայդենին, Պուտինին, Մակրոնին։

«Առիթը»՝ շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ի հայտ եկած հումանիտար աղետն է, 120 հազար բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը: Ակնկալիքը նամակի հասցեատերերի կողմից «դիկտատորին կյանքի ճանապարհը բացել» ստիպելն է, միջազգային կառույցների եւ երկրների հստակ ուղերձները հարգելը, արհավիրքը կանգնեցնելը, ԼՂ բնակչության տարրական մարդկային կեցության պայմանները ապահովելը եւ երաշխավորելը։  

Անշուշտ, ԼՂ ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայ մարդ, այն էլ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, իր ունեցած կապերն ու ռեսուրսները պետք է ի սպաս դնի ստեղծված իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծելու համար։ Սակայն երբ այդ ջանքերն ուղեկցվում են ՀՀ գործող իշխանություններին ուղղված զազրախոսությամբ, խայթոցներով, արժեզրկվում է դրանց բուն՝ հիմնական ու առաջնային՝ մարդասիրական նպատակը։  

«Դիմում եմ ձեզ՝ նախեւառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչեւ 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց եւ իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որեւէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից»,- մասնավորապես գրել է Սարգսյանն իր նամակում, որի այս հատվածը, համաձայնեք, տեղավորվում է հենց գանգատագրի ժանրում։

Թե ինչ նկատի ունի նա «պետության ընկալում չունենալ» ասելով՝ կարող ենք ենթադրել. երեւի այն «ընկալումը», որով ինքն է առաջնորդվել իր պաշտոնավարման տարիներին։ Եթե վերջինս ունենար պետության ընկալում, ապա երկիրը կոռուպցիայի ճիրաններում խեղդելու, ժողովրդավարական ինստիտուտների խեղման, դիմադրողականության թուլացման, քաղաքական իշխանության մոնոպոլացման, ԼՂ բանակցային գործընթացում ստատուս քվոյին ապավինելու եւ այդպիսով Ադրբեջանին ոտքի կանգնելու, հզորանալու, զինվելու, ռազմական հավասարակշռությունը խախտելու եւ հարցի լուծումը բացառապես պատերազմի միջոցով լուծելու փոխարեն կաներ այնպիսի քայլեր, որոնք չէին հանգեցնի 2018-ի իրադարձություններին։

Իսկ թե ինչ վիճակում էր գտնվում 2018-ի դրությամբ բանակցային գործընթացը, եւս մեկ անգամ կրկնելու կարիք չկա, դրա պերճախոս բնութագիրը տվել է հենց ինքը Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից նախքան հասարակության «հուզական ընտրությանը» ենթարկվելն ու վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալը։ ԱԺ նրա ելույթի այդ հատվածը, թերեւս, հետհեղափոխական շրջանում ամենացիտվածն է եւ ԼՂ բանակցային գործընթացի ամենաօբյեկտիվ ախտորոշումը, այն է՝ «բանակցությունները լավատեսություն չեն ներշնում, բանակցությունները կանգնած են»։

Ի դեպ, նախքան 2018-ի՝ այս «ինքնախոստովանական ցուցմունք»-ն էլ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով անդրադարձել է բանակցային գործընթացի վիճակին ու տվել ոչ հուսադրող գնահատականներ, հնչեցրել՝ հավանական պատերազմի կոչնակը։ Իսկ սա նշանակում է, որ առնվազն 2018-ի ապրիլի դրությամբ, երբ նա նոր էր վարչապետ ընտրվել, լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից նույնքան հավանական էր, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Ու երբ Սերժ Սարգսյանը փորձում է թարմացնել միջնորդ երկրների հիշողությունը բանակցային գործընթացի վերաբերյալ, ապա թերեւս պետք է հիշի, որ համանախագահների՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո տարածած հայտարարությունները նույնպես, մեղմ ասած, լավատեսություն չէին ներշնչում, եթե չասենք՝ հոռետեսական էին, քանի որ դրանցում բաց տեքստով խոսվում էր պատերազմի՝ որպես ԼՂ խնդրի լուծման ելքի անթույլատրելիության մասին։

Մասնավորապես 2016 թ. դեկտեմբերի 9-ին՝ Համբուրգում անցկացված ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին անում «ճկունություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ»։

«Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը»,- զգուշացնում էին եռանախագահները եւ ընդգծում՝ «անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների (Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու ուղղությամբ»:

Կոչը, սակայն, այդպես էլ մնաց թղթի վրա: Հաջորդ տարի՝ 2017-ի փետրվարի 17-ին արդեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին, ապա համատեղ հանդիպումներից հետո հայտարարություն տարածեցին, որում նշվում էր՝ «պատերազմը տարբերակ չէ, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության»։

Մինսկի խմբի համանախագահության հաջորդ հայտարարություններում նույնպես «կարմիր թելով» անցնում էին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու, «ճկունություն ցուցաբերելու», «փոխզիջումների գնալու» եւ «հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստելու մասին կոչերը, որոնք, սակայն, Բաքուն ընկալում էր որպես հերթապահ, ստանդարտ հորդորներ ու պարբերաբար խախտում հրադադարը՝ հայկական կողմին պատճառելով մարդկային կորուստներ։ 

Իսկ ահա Սերժ Սարգսյանի վարչապետացումից ամիսներ առաջ՝ 2018-ի հունվարին, Կրակովում ՀՀ ԱԳ նախարար Է․ Նալբանդյանը, հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ազդարարել էր՝ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է «ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ»՝ միաժամանակ շեշտելով՝ «եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների առաջարկած հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար»:  

Ասել է թե բանակցային գործընթացը հասել էր մի կետի, երբ դրա հետագա ընթացքը կախված էր մեկ սուբյեկտի՝ Ադրբեջանի կամքից, ցանկությունից ու պայմանավորվածությունների հարգումից։

Ի դեպ, նույն Նալբանդյանը գանգատվում էր նաեւ, թե «ղարաբաղյան հակամարտության փաթեթային հանգուցալուծումը ունի նաեւ փուլային կիրառում, եւ փորձել առանձնացնել մեկ սկզբունքը կամ դրույթներից մեկը մյուսներից անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։ Նրա ասածից ակնհայտ էր, որ «մեկ սկզբունքը մյուսներից առանձնացնողը» ոչ այլ ոք էր, քան Ադրբեջանը, իսկ վերջինիս կողմից առանձնացվող սկզբունքը ենթադրաբար «տարածքային ամբողջականության» սկզբունքն էր, ինչը նշանակում էր՝ Բաքուն խնդրի «փաթեթային հանգուցալուծումը» պատկերացնում էր միայն մեկ փուլով՝ գրավյալ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ բացառելով ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման հեռանկարը։ 

Իսկ արդեն 2018-ի մարտի 19-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը անոնսում էր հնարավոր պատերազմի մասին՝ նախազգուշացնելով՝ Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում կստանա համարժեք պատասխան։ 

«Բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող»,- գուժել էր վարչապետի «պոստին» տիրելու մտադրություն ունեցող ՀՀ նախագահը՝ հավելելով, թե 2016-ի ապրիլյանը ուժերի հարաբերակցությունը ստուգելու «խոշոր փորձ էր»,- Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր՝ խոշոր եւ մանր փորձերին եւ պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը»:

Այնպես որ, երբ Սերժ Սարգսյանը խոսում է 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի մասին, ապա դրանք ԼՂ-ին պատերազմ եւ ոչ խաղաղ կարգավորում խոստանալու մասին էին։    

Պաշտոնաթող նախագահի մտքի արգասիք նամակում մի այսպիսի ձեւակերպում էլ կա, որին արժե անդրադառնալ․ «Այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որեւէ այլ երկրի կազմում եւ արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը: Դիմում եմ ձեզ՝ որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ եւ գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին»:

Ինչն է էպիկը՝ Սերժ Սարգսյանն է խոսում ժողովրդի քվե ունենալ-չունենալու մասին․ «ժողովրդի քվե» հասկացությունը, ինչպես ասում են, այն «սուրբ տաճարն» է, որտեղ խստիվ արգելված է վերջինիս եւ նրան նախորդած ուզուրպատորի մուտքը։ Այս մարդիկ երբեք չեն ունեցել ժողովրդի քվեն ԼՂ-ի եւ ՀՀ-ի ճակատագրի հարցով որեւէ որոշում կայացնելու համար, սակայն 20 տարի շարունակ յուրացրած լինելով ժողովրդի իշխանությունը, որը 2018-ին վերադարձվեց դրա իրական տիրոջը՝ զբաղվել են ինքնիրավչությամբ՝ պետությունը նույնացնելով իրենց անձի հետ։

Սերժ Սարգսյանը արդյոք հասկանո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում՝ ապավինելով միջնորդների «ինստիտուցիոնալ անառարկելի հիշողությանը»։ Այդ անառարկելի հիշողության անքակտելի մասն են կազմում մասնավորապես ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւերը, որոնցում արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից, որոնցում ԼՂ-ն անվանվում է Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն: Այդ հիշողության անքակտելի մասն են կազմում 1996 թ․ դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը՝ (ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը), որը որքան էլ իրավական ուժ չունենա, սակայն  միջազգային հանրության դիրքորոշումն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ վերջինիս սահմաններում Լեռնային Ղարաբաղի համար բարձր ինքնավարություն նախատեսում։  

Այդ հիշողության մաս է կազմում նաեւ «Ընդհանուր պետություն» փաթեթը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պիտի լիներ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, ԼՂ բնակիչներն էլ պիտի կրեին ադրբեջանական անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով։ Այդ հիշողության անքակտելի մասն է կազմում 1999-ի Ստամբուլյան խարտիան, ինչպես նաեւ «տարածքների փոխանակում» հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանն իր տարածքից հատված պիտի տա Ադրբեջանին՝ Ղարաբաղն ստանալու համար, եւ, վերջապես, «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, ըստ էության, զրոյացվել են ԼՂ-ի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, ինչպես նաեւ «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսելով կրկնակի հանրաքվեն։

Սերժ Սարգսյանի հիշողությունը թարմացնելու համար. 2005 թ․ հոկտեմբերին՝ ՀՀ ապագա նախագահը ԱՄՆ կատարած այցի ընթացքում, Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած հրապարակային քննարկման ժամանակ հայտարարել էր. «Փոխզիջում է նաեւ այն, որ Հայաստանը հիմա հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի հանրաքվե, այսինքն՝ երկրորդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն»:

Հ․Մ․

Տպել
5458 դիտում

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)