Ոչ կենացով, ոչ էլ «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից. Ռազմիկ Պետրոսյան

30 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայոց բանակն այսօր 30 տարեկան է։

Բանակի ստեղծման օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է գնդապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հետ։

Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը. 2020-ի պարտությունը խոր ուսումնասիրության կարիք ունի

Հայաստանի պատմության մեջ ինձ համար Բանակի օրն այն է, երբ Արցախյան առաջին մարտերի համար սկսեցինք կազմավորել ջոկատներ։ Մինչև Հատուկ գնդի ձևավորումը՝ մենք էինք որոշում, թե որ ուղղությամբ գնայինք։ Հիմնականում հեռուստատեսությամբ կամ լուրերով, երբ ինչ-որ ինֆորմացիա էինք ունենում, շարժվում էինք այդ ուղղությամբ։ Շատ ժամանակ ոչ լեգալ էինք տեղափոխվում, օրինակ՝ երբ օգնություն էին ուղարկում որևէ կողմ, ասենք՝ ալյուրի պարկեր, այդպես մենք էլ տեղաշարժվում էինք։

Այսօր տոնում ենք բանակի ստեղծման 30 տարին։ Բանակի ու հաղթանակի նկատմամբ նույն էներգիան ու հավատը հիմա էլ կա, ինչպես Արցախյան շարժման ժամանակ էր՝ չնայած որոշ ուժեր դա ցանկանում են կոտրել։ Այդ էներգիան մեր տարածքները կրկին հետ բերելու երաշխիքն է։ Ճակատագրի բերումով ես մասնակցել եմ և՛ Արցախյան մարտերին, և՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ 44-օրյա պատերազմին։ Ադրբեջանի հետ մենք երբեք հավասար զինվածության մակարդակ չենք ունեցել։ Միշտ հետ ենք եղել նրանցից՝ և՛ մարդկային ուժով, և՛ զենք-զինամթերքով։ Բայց մեր և նրանց տարբերությունը հետևյալումն է․ նրանք միշտ ապավինել են ուրիշներին, իսկ մենք՝ մեր սեփական ուժերին։ Դրա համար էլ մեր բանակի ստեղծման գործընթացը դժվարություններով է եղել ուղեկցված՝ մեր մի շարք ընկերների կյանքերի հաշվին։

Ծառայության մեջ կա երեք հրաման՝ հարձակում, պաշտպանություն ու նահանջ։ Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը։ Մերը հարձակվելն ու պաշտպանվելն էր։ Դրա համար էլ մենք կարողացանք արձանագրել հաղթանակ։ Վերջին՝ 2020 թվականի պարտության պատճառների համար պետք է խորքային ուսումնասիրություն լինի։ Մենք երբեք այսքան մոտ չէինք եղել հաղթանակին, ինչպես այս անգամ, ուղղակի մեզ կամք էր պետք՝ սկսածն ավարտին հասցնելու համար։ Այո՛, կար կամքի բացակայություն, պետք է բացահայտել՝ ի՞նչն էր դրա պատճառը։ Ինչպես է լինում, որ մի հատվածում հաղթանակ է լինում, մի հատվածում՝ ոչ։ Նույն զինվորը չէ՞ ամեն տեղ, նույն կամավորն ու զենքերը չե՞ն։ Այս դեպքում պետք է նայել՝ ռազմական ի՞նչ գործողություններ են կատարվել ամեն մի ուղղությամբ, ձախողումն էլ մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե ասենք՝ Ադրբեջանը ուժեղ էր։

Հրամանատարական կազմի թերացումից է եկել պարտությունը։ Այն հատվածում, որտեղ ես եղել եմ, իմ մարտական ընկերներն էին, մենք մի բառից իրար հասկանում էինք, ես գիտեի՝ որ ստորաբաժանումն ինչի՞ է ընդունակ, ում ուժն ինչպե՞ս պետք է օգտագործել։ Զինվորն ինքը կատարող է: Այո՛, խուճապ եղել է, բայց հրամանատարն էլ այնպես պետք է աներ, որ այդ խուճապը չխանգարեր։

Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է. պետք է դուրս գանք մեր «ես»-ից

Տարածքները հետ բերել հնարավոր է, եթե մենք թողնենք ներքին քաղաքական խաղերը։ Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է։ Նայում եմ, թե ինչ է կատարվում  խորհրդարանում․․․. այնտեղի մթնոլորտը տարածվում է մեր ազգաբնակչության վրա։ Որքան վատ, այնքան լավ քաղաքականությունը, որը վարում է ընդդիմությունը, սխալ է։ Ընդդիմությունը պետք է ուղղորդի իշխանությանը ճիշտ աշխատել։

Մենք ոչ թե ճանապարհները պետք է գնանք քանդենք, այլ պետք է միասին կառուցենք։ Ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանը, որպեսզի րոպե առաջ կարողանանք մեր մեջքն ուղղել, բանակը հասցնել այն մակարդակին, որ ունակ լինի կրկին կերտել հաղթանակներ։ Նոր զենք-զինամթերքի ձեռքբերումը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք. մենք հարձակվողական դիրքերում այլևս պետք է հանդես գանք։ 20 տարի ներդրում չենք արել բանակի վրա։ Ասում են՝ իշխանությունը չփոխվեր, այսպես չէր լինի։ Այո՛, չէր լինի, միանգամից ամբողջ երկիրը կկորցնեինք։

26 տարի Ադրբեջանն ապրել է նույն վիճակով, ինչ հիմա՝ մենք։ Նրանք այդ ընթացքում համբերատար զինվել են։ Հիմա էլ մեր նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում։ Տեսնում են, որ ՀՀ-ի ներսում ոչ կայուն վիճակ է, նրանք էլ գնում են սահմաններում սադրանքների։ Եթե մեր ներսում չլինեին այս խժդժանքները, մենք հիմա վաղուց գերիների հարցերն էլ էինք լուծել, սադրանքներին էլ էինք պատասխանել։ Ադրբեջանը տեսնում է՝ իրենց կողմից մի քայլ, ու ընդդիմությունը Հայաստանում խաղեր է սկսում խաղալ։

Կայուն վիճակում միայն մենք կկարողանանք մեր կորցրածը հետ բերել։ Սպարապետն ասում էր՝ եկեք էս մի կռիվն անենք-վերջացնենք, չհոգնենք։ Մենք հոգնեցինք, չհասկացանք հաղթանակի արժեքը։ Այս պարտությունը մեզ համար դաս պետք է լինի, պետք է դուրս գանք մեր «ես»-ից, դեմքով նայենք մեր ազգային արժեքներին։ Ամեն մեկս մեզ հայրենիքի զինվոր պետք է զգանք, ոչ թե որևէ անձի կամ քաղաքական թիմի զինվոր, կապ չունի՝ տղամարդ, թե կին։ Հայրենիքի սերը կենացով չեն ցույց տալիս, «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով՝ չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից։

«Եռաբլուր»-ը մեզ համար միշտ եղել է խոնարհման ու ուխտի տեղ, պետք է երդվենք այդ տղերքին, որ նրանց գործը շարունակելու ենք, ամեն թափած արյան պատասխանը տալու ենք, դա պետք է լինի մեզ առաջ տանողը, մենք պետք է հպարտ լինենք, իսկ կսկիծով ու ցավով ապրելը մեզ հաղթանակի չի տանի։

Նախարարները փոխվում են՝ ըստ անհրաժեշտության

Ասում են՝ պաշտպանության նախարարներն անընդհատ փոխվում են, դա սխալ է։ Ասեմ՝ աննպատակ ոչ մի փոփոխություն չի արվում։ Փոփոխությունները խորքային խնդիրներ ունեն, ցանկություն կա գնալու դեպի լավը։ Սուրեն Պապիկյանի զինվորական չլինելուց են խոսում։ Ես եղել եմ բանակի ակունքներում, կարող եմ ասել՝ սպարապետն էլ զինվորական չէր։ Ինքն օժտված էր հզոր արժեքներով՝ լսելու հատկություն ուներ, կարողանում էր կոլեգիալ որոշումներ կայացնել, վերջնական որոշողը միշտ ինքն էր, իր հետևից էլ կարողանում էր մարդկանց տանել։ Դրանք այն արժեքներն են, որոնց առկայության դեպքում քաղաքական և ռազմական օղակներում ունենում ես հաջողություններ։ Ես այդ բնավորությունը տեսել եմ Սուրեն Պապիկյանի մեջ։ Նա միշտ պատրաստակամ է լսելու, խորհելու։

18 տարեկան զինվորը չպետք է լինի սահմանին. ո՞վ է ասել

Ես 18 տարեկան «ծեր» մարդ էլ եմ տեսել, 50 տարեկան «երիտասարդ» էլ։ Այստեղ տարիքի մասին չպետք է խոսել։ Այո՛, սահմանին կանգնելու համար առողջություն է պետք։ Պատերազմի ժամանակ պետք է առաջնահերթություն տալ փորձին։ Այս պատերազմին ինձ հետ եկել էր 80 հոգի։ Այդ 80 հոգուց 60 հոգուն ես կարողացա ինձ հետ բարձրացնել սահման, մյուս 20-ի մեջ կային մարդիկ, որոնք ունեին այս կամ այն առողջական խնդիրը։ Բայց այդ 20-նն էլ ներքևում իր գործառույթն էր կատարում։ Նրանք խրամատներ էին փորում, պատգարակներ էին տեղափոխում, ամեն մեկը մի բան անում էր։ Ամեն մարդ իր հնարավորության չափով սահմանում անելիք ունի միանշանակ։

Երեք պատերազմներին մասնակցած զինվորը

Ասեմ ձեզ՝ ես միշտ իմացել եմ, որ չեմ զոհվելու։ Ես միշտ գիտեի՝ իմ մեկ րոպե ուշանալն ինչ-որ մարդու կյանքի հետ է կապ ունենալու։ Ես իրավունք չեմ ունեցել ուշանալու։ Երբ հասել եմ մարտի դաշտ, հասկացել եմ, որ, այո՛, թեկուզ կես ժամ ուշանայի, դա խնդիր էր լինելու։ Դեպք է եղել, գնացել եմ, արդեն որոշակի տարածքներ է հակառակորդը գրաված եղել։ Մտածել եմ, այո՛, որ չուշանայի․․․

Ես միշտ զգացել եմ, որ սահմանին պետք եմ ու անելիք ունեմ։ Մենք՝ ճակատագրի բերումով ողջ մնացածներս, առաքելություն ունենք։ Քաղաքական տարբեր պիտակներով փորձում են հունից հանել, բայց ինձ չեն կարող։ Ես հայրենիքի զինվոր եմ, քաղաքականության մեջ էլ եմ հայրենիքի զինվոր։ 89 թվերին, երբ նոր ջոկատներ էին ձևավորվում, ես այդ ժամանակ քաղաքական պայքարի մեջ էի, բայց ժամանակի ընթացքում, մանավանդ Բաքվի դեպքերից հետո, այս քաղաքական հարթակին զուգահեռ պետք է ձևավորվեր նաև ռազմական հարթակ։

Երբ ոտնձգություններ էին արդեն կատարվում Հայաստանի սահմանում, մենք ջոկատներով սկսեցինք գնալ Կապանի ու Շամշադինի ուղղությամբ։ Տեղեր կային՝ մեզ լավ չէին ընդունում, ասում էին՝ մենք թուրքերի հետ եղբայրներ ենք։ Հետ էինք գնում, հետո մեզ ասում էին՝ եկեք, հասեք։ Լավ գիտեինք՝ դրանք հարևան չեն կարող լինեն։

Ես հասկանում էի, որ քաղաքական ասպարեզում ինձ ավելի շատ մարդ կկարողանա փոխարինել, քան կռվում։ Իսկ հետո, երբ զոհվում էր որևէ մի մարտական ընկեր, ուխտ էի տալիս շարունակել նրա գործը։ Այդ ծանրությունը ավելանում է, նվիրվածությունն ու վրեժը միախառնվել են իրար։ Երբ գնում եմ «Եռաբլուր», տղերքի շիրիմների մոտ ինձ հարց եմ տալիս՝ իրենք ինձ ներե՞լ են։ Ես գնում եմ ու ասում՝ տղերք, ես մինչև վերջ, քանի շնչում եմ, հավատարիմ եմ մեր ուխտին։ Մենք չգիտեինք, թե որ մեկս կզոհվեր։

Եթե ողջ եմ, ուրեմն առաքելություն ունեմ։ Ես չեմ սպասում, որ ինձ հրավիրեն սահման, ես գնում եմ, քանի որ ի վիճակի եմ ու պարտավոր։ Իշխանասարի ուղղությամբ երբ գործողություններ եղան, ես միանգամից շարժվեցի Սիսիան, քանի որ ես զինվոր եմ։ Ես միշտ պատրաստ եմ ծառայելու, ես ապրում եմ դրանով։ Մենք կռվում ենք ու զոհվում հանուն արժանապատվության՝ մեր կանանց, երեխաների, երկրի։ Բոլորս պետք է զինվորի նման սիրենք հայրենիքը, դա է միակ ճիշտը։

Զոհված զինվորները՝ օրինակ պայքարի ու հաղթանակի

Մենք այսքան զոհ տվեցինք, ճանաչեցինք մեր հերոսներին։ Ցավով եմ ասում, բայց սա էլ է դաստիարակության ձև, երբ դու օրինակ ես ունենում քո առջև։ Երիտասարդներն այս պատերազմի հերոսական դրվագները պետք է վերցնեն օրինակ, բայց միայն թե ոչ վախը կամ պարտության սինդրոմը։ Մեր հերոսների կերպարը պահելը պետք է մեր սերունդների դաստիարակության մի մասը դառնա։ Պատերազմը չպետք է տանի վախի կամ բանակից խուսափելու, այլ հակառակը՝ հերոսանալու։ Հերոսանալու ձգտում ունենալը չի նշանակում անպայման զոհվել։ Վախն ավելի շատ մահ է, նույնիսկ կենդանության ժամանակ։ Մենք մեր երգերում էլ ենք դրա մասին բարձրաձայնում՝ «վախկոտն ամեն օր է մեռնում»։ Հերոսները չեն մեռնում։

Երբ մարզպետ եղած ժամանակ մասնակցում էի զոհված զինվորներին նվիրված միջոցառումներին, դրանք ողբի էին նմանվում։ Ես իմ ելույթներով ու զրույցներով դպրոցի տնօրեններին կոչ էի անում միջոցառումներն անցկացնել հերոսներին վայել կեցվածքով։ Դրանք պետք է լինեն մեծարման երեկոներ, ունենան դաստիարակչական բնույթ, ոչ թե ողբի ու լացի երեկո։ Դրանից հետո ես ականատես էի լինում լրիվ այլ երեկոների․ երեխաների երգերը խրոխտ էին, չէին ուղեկցվում լացով։ Ես Ամանորին դիրքերում էի՝ Ջերմուկում։ Հեռուստատեսությամբ փոխանակ մեր դիրքերում ծառայող զինվորներին ցույց տային, ցույց էին տալիս «Եռաբլուր»-ը։ Ոգեղենը սպանում են, թարմացնում զոհված զինվորների ծնողների վերքերը։ Պանթեոնը երբեք չպետք է դառնա քաղաքական ամբիոն։ Դա սրբավայր է, այնտեղ զգույշ պետք է քայլես ու խոսես։

Վերջին ճակատամարտում՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք

Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, ֆիդային ընկերներին։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր վերջնական հաղթանակին, որը երաշխիքն է լինելու մեր հարատև խաղաղության։ Այս ժամանակավոր հրադադարով ու վերջին պարտությամբ մենք չպետք է կոտրվենք, այլ վեր հառնենք, պատրաստվենք վճռորոշ ճակատամարտում հաղթանակի։ Դրանից մեկ բան է կախված լինելու՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։ Ու ես վստահ եմ, որ մենք հետևություններ արել ենք ու հստակ պատասխան ենք տալու հակառակորդին։

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3716 դիտում

Հաղթահարել ենք գոյատևման օրակարգը, մտել ապագան այսօր վայելելու, ոչ թե հանուն վաղվա տառապելու օրակարգ․ վարչապետ

Ցուցաբերել առավելագույն զգոնություն․ սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

Քարի արտադրամասում շիրմաքարի հսկայական քարը մեքենայից իջեցնելիս ընկել է աշխատակցի վրա․ տղամարդը մահացել է

Թևանյանը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները․ ՔԿ

Իսրայելի «KAN» ՀԸ-ն ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ում ՀՀ-ի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար

Քանի մարդ է մասնակցել Աշտարակի հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին

«Ապագա»-ն կամուրջ՝ երիտասարդների ու գործատուների միջև. ամփոփվեց «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը

Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է. չի բացառվում, որ արտահոսքն արել է Քոչարյանը. Սարգսյան. տեսանյութ

Ընտրակաշառք վերցնողին մինչև 7 տարի ազատազարկում է սպառնում. Հակակոռուպցիոն կոմիտեն SMS-ներ է ուղարկում

Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային կոդերի ֆիշինգային SMS-ները

622 հազար դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք. Անդրանիկ Թևանյանի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի

Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք ա նստի, ձև չկա․ Փաշինյան․ տեսանյութ

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում

ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա

Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը

Կալուգացու պաշտպանը մանկապիղծ Էփշթեյնի փաստաբանն է եղել․ Թորոսյանը նամակագրություն է հրապարակել․ տեսանյութ

Արտասահմանյան հեռախոսահամարներով հաղորդագրություններ են ուղարկվում, անտեսեք․ ՆԳՆ կիբեռոստիկանություն

Յունիսպորտը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում․ ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն․ Պապիկյանը՝ Կարապետյանին

Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ամալյան ու Գայանեն 100-նոց են. «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու պատասխանատուն կաշառք է բաժանել. նոր ձայնագրություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

Սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի տղաս զոհվեց, 2-ը հիմա պայմանագրային են, շնորհակալ եմ խաղաղության համար. քաղաքացին՝ Փաշինյանին

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»

Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեսանյութ է տարածել, որում անհայտ անձը սուտ տեղեկություն է հայտնում. ՊՆ

Հայաստանում ընտրություններից առաջ Կրեմլի օգտին աշխատող ապատեղեկատվական արշավը մեծ ծավալ է ստացել. Euronews

Փոփոխություններ 2026թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման կարգում

Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի. Փաշինյանը՝ թիմակիցներին

ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor

Գործակալները և նրանց օտարերկրյա տերերը փորձում են ինչ-որ կերպ մեզ տրամադրել Հայաստանի դեմ. դա նրանց չի հաջողվի

Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Քանի աշակերտ կավարտի դպրոցն այս տարի. Անդրեասյանը մանրամասներ է հայտնել