Կառավարությունը հավանություն տվեց Ապարանում լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագրին. քննարկումը բավականին թեժ անցավ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրին:

Հարցի քննարկումը wրոշակի անհամաձայնությունների պատճառով երկար տեւեց:

Զեկուցող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը հանդես է եկել ներդրումային ծրագրով, որի նպատակն է Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնադահուկային համալիր կառուցել:

«Այն իր մեջ կներառի, թե լեռնադահուկային համալիր, թե նաեւ զվարճանքի եւ ժամանցի վայրեր: Ըստ այս ծրագրի՝ պլանավորվում է ներդրում անել ամենաքիչը 30 մլրդ դրամ, որից 15 մլրդը ներդրում կանի հենց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը, եւս 15 մլրդ դրամի ներդրում կներգրավվի այլ մասնավոր ընկերություններից: Ծրագրի իրագործման շրջանում, որը տեւելու է 2 տարի՝ կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո 1500 մշտական աշխատատեղ»,- նշեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այս լեռնադահուկային համալիրը նպատակ ունի տարեկան սպասարկել 500 հազար տուրիստի եւ նախադրյալներն այնպիսին են, որ կարողանալու են մրցակցել ոչ միայն այլ հայկական լեռնադահուկային վայրերի հետ, այլեւ ռեգիոնալ առումով պետք է մրցունակ լինի ու կարողանա որոշակի լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավվել՝ Ռուսաստանից, Իրանից եւ Եվրոպայից. «Այս ծրագիրը ՀՆԱ-ն ավելացնելու է 0.2 տոկոսով եւ դա լինելու է կայուն տնտեսական աճ: Այսինքն ոչ միայն շինարարության ընթացքում է տնտեսական աճ լինելու, այլեւ դրանից հետո»:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ հարկ է հաշվի առնել, որ ներդրումը ենթադրում է որոշակի պետական աջակցություն, ինչը տրամաբանական է. «Կոնկրետ մի դրվագի վրա կուզեի ուշադրություն հրավիրել, առաջարկվող տարբերակով ենթադրվում է, որ այնտեղ խաղատուն կառուցելու հնարավորություն կունենա ընկերությունը եւ այդ խաղատունը կկառուցվի ոչ այն քաղաքականության միասնական տրամաբանությամբ, որը Կառավարությունը հայտարարել եւ վարում է խաղային բնագավառի հետ կապված»:

Ջանջուղազյանն ասաց, որ այսօրվա օրակարգում ունեին մի չզեկուցվող հարց համացանցում շահումով խաղերի գովազդի հետ կապված սահմանափակումների առումով. «Իսկ տվյալ նախագծի դեպքում հնարավորություն է ընձեռվում ըստ էության սահմանափակումները մեղմել կոնկրետ դեպքի համար, ինչը պետք է նշել, որ նախադեպ է: Սա ենթադրում է, որ այսուհետեւ պետք է գնահատենք մեր քաղաքականությունը որ չափով է միասնական եւ հաջորդ փուլերում, երբ այլ ներդրողների մոտ այդպիսի մտադրություն կառաջանա, մենք ինչպես ենք արձագանքելու այդ կարիքներին եւ պահանջներին»:

Նա ընդգծեց՝ պետք է նաեւ կողմնորոշվել, թե արդյոք առաջնորդվում են այն քաղաքականությամբ, որը որդեգրել են խաղային բնագավառում, թե համակերպվում են ներդրողների պահանջներին:  

Ջանջուղազյանն առաջարկեց նախագիծը դիտարկել ոչ միայն որպես բացառապես ներդրում, որը բոլորի կողմից ողջունելի է, այլ նաեւ որոշակի պարտավորություններ Կառավարության համար ենթադրող նախագիծ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հիշում, որ մեր օրենսդրությամբ, եթե հյուրանոցային բիզնեսում ներդրումը 100 մլն դոլարից ավելի է՝ նույնիսկ Երեւան քաղաքում հնարավորություն է ստեղծվում նաեւ խաղատնային բիզնես իրականացնելու հնարավորություն: Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց՝ 40 մլրդ դրամ, այսինքն 80 մլն դոլար:

Արձագանքելով Փաշինյանն ասաց. «Դուք շատ կարեւոր դիտարկում արեցիք, մենք այդ հարցը ընդունեցինք չզեկուցվող փաթեթում՝ խոսքը շահումով խաղերի ինտերնետում գովազդների արգելքի մասին է: Ընդ որում սա բավականին վաղուցվա մտադրություն է եւ մենք մի քանի անգամ հետաձգել ենք հարցը՝ հաշվի առնելով ոլորտից, բիզնեսից եկող խնդրանքները, դիմումները, բայց սա մեր ռազմավարական մոտեցումն է: Այս 2 բեւեռները ցույց են տալիս մեր ռազմավարական մոտեցումը թեմայի վերաբերյալ: Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում սահմանափակել ենք նաեւ բուքմեյքերական կետերի աշխատանքը, նաեւ շահումով խաղերի գործունեությունը գազալցակայաններում»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այս որոշումները կայացրել են քաղաքացիների հետ ունեցած հաղորդակցության արդյունքում:

«Ո՞րն է մեր մոտեցումը, մենք որեւէ մեկին չենք կարող եւ չենք էլ ուզում արգելել, որ նա գնա խաղատուն, բայց մենք ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ: Մենք չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որոնք մարդուն կգայթակղեն դեպի խաղատուն եւ ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է: Մարդիկ կան, որոնք ունեն պատշաճ միջոցներ այդպիսի ժամանց իրենց թույլ տալու, բայց ես հիշում եմ Կապան քաղաք կատարած իմ այցելությունը, երբ բակերում հիմնականում կանայք ինձ ասում էին, որ ամուսինները աշխատավարձը ստանալիս դրա հաստատուն մի չափը թողնում հենց շքամուտքի դիմաց՝ բակերում դրված այդ գրասենյակներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այստեղ կա քննադատություն, կան նույնիսկ շահարկումներ, մեղադրանքներ, բայց իրենք այս ուղղությամբ գնալու են ու թույլ չեն տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքերից տանել:

«Մենք ասում ենք շատ լավ, կա խաղատուն ՀՀ-ում՝ զբոսաշրջիկների համար, այն մարդկանց համար, ովքեր մեր դրած արգելքները հաղթահարելով՝ կարող են գնալ, ազատ են, բայց որ անընդհատ մարդկանց ճանապարհին թակարդներ դնենք՝ այդ թվում նաեւ ինտերնետում, որ նրանք ընկնեն դրա մեջ, թույլ չենք տալու: Եկեք արձանագրենք, որ սա մեր քաղաքականությունն է՝ քաղաքացիների կողմից ձեւակերպված պահանջի հիման վրա»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ Ատոմ Ջանջուղազյանի ասածը նույնպես կարեւոր է համարում այն առումով, որ այստեղ պետք է սկզբունքներ դնեն ու անհատական մոտեցումները մաքսիմալ քիչ լինեն եւ նաեւ ներդրումային քաղաքականությունը պետք է լինի այդպիսին. «Այս գործողությունները, որ ես նկարագրեցի դրա նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլեւ խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելն է, որ ընկալվի ոչ թե որպես որոգայթ մարդկանց համար, այլ ուղղակի ժամանցի հնարավորություն, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ընդհանուր առմամբ Կառավարության տեսակետը եւ քաղաքականությունը այս առումով հստակ է՝ հնարավորինս լայնամասշտաբ տարածումը շահումով խաղերի՝ Կառավարության համար ընդունելի չէ. «Ի պաշտպանություն պարոն Քերոբյանի ներկայացրած նախագծի եւ այն տրամաբանության, որն առաջարկվում է խաղատնային բիզնեսի հետ կապված՝ տվյալ տեղում, տվյալ միջավայրում օրենսդրական փոփոխությունների մասով, ասեմ, որ այստեղ հիմնական սկզբունքն այն է եղել, որ Ծաղկաձորի հետ նույն մրցակցային դաշտում լինի այս լեռնադահուկային ծրագիրը: Այստեղ կարծում եմ որոշակի տրամաբանություն կա ու կրկին կոնկրետ շրջանակի մասին է խոսքը՝ զբոսաշրջիկների, որոնք այցելելու են տվյալ վայր»:

Վահան Քերոբյանը նշեց, որ այսօրվա քաղաքականությունից որեւէ շեղում չունեն: Ըստ նրա՝ Հայաստանում խաղատները գոյություն ունեն հենց զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում եւ այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է եւս 1 ժամանցային մինի քաղաքի ստեղծումը. «Ասեմ ձեզ, որ այս համալիրը գտնվում է Եղիպատրուշ գյուղի մոտակայքում գտնվող սարի լանջին, որն այսօր ամայի վայր է եւ որեւէ ճանապարհի վրա չի ընկնում: Այս գործողությամբ մենք բնականաբար ձեր նշած որոգայթը չենք ստեղծում, հակառակը՝ մեծ մասամբ ուղղված է զբոսաշրջային հոսքերի ավելի գրավիչ դարձնելուն, ինչպես նաեւ, որպեսզի տուրիստներն ավելի շատ գումար ծախսեն: Այս առումով հատկանշական է, որ 2022 թվականի հունվարի 1-ից խաղատները սկսելու են հարկվել ոչ թե տուրքով, այլ նաեւ շահութահարկով, որը նաեւ փոխելու է մեր բյուջեի եկամուտները այս ոլորտից ստացվող ու ավելի արդար բաշխում է լինելու շահույթի»:

Քերոբյանի խոսքով՝ այս ծրագրով իրենց ստանձնած պարտավորությունները հիմնականում կարգավորումների դաշտում են, այսինքն՝ օգնել ձեռք բերել այն տարածքները, որոնք դեռեւս ձեռք բերված չեն. «Ընկերությունն արդեն բավական մեծ չափի հողակտորներ է գնել, բայց կարիք կա, որ մենք օգնենք, որպեսզի իրենք եւս ձեռք բերեն: Կա շրջակա միջավայրի հետ կապված խնդիր, որովհետեւ որոշակի ծառահատումներ պետք է լինեն, բայց փոխարենը ընկերությունը բազմակի անգամ ավելի մեծ ծառատնկման պարտավորություն է ստանձնել: Նաեւ շատ փոքր փոփոխություններ խաղատների գործունեության մեջ՝ ընդամենը այդ 40 մլրդը այս պարագայում իջեցվում է 30 մլրդ-ի: Բայց այստեղ Կառավարությունը ոչ թե հավանություն է տալիս 40-ը 30 իջեցնելուն, այլ ընդամենը մենք խոստանում ենք նման հետազոտություն անել ու որոշակի առաջարկներով հանդես գալ: Այսինքն, եթե մենք ոչ մի բան էլ չանենք դա չի խախտի մեր պարտավորությունները»:

Դարձյալ արձագանքեց Ատոմ Ջանջուղազյանը նշելով, որ գործող կարգավորումն արտահայտում է ոլորտում վարվող քաղաքականությունը եւ ըստ այդ քաղաքականության այսօր 40 մլրդ դրամից ավելի ներդրման դեպքում Կառավարության կողմից տվյալ ծրագրի հավանությանն արժանանալու պարագայում կարող է կազմակերպվել խաղատնային գործունեություն տվյալ տարածքում, բայց դրա համար պետք է վճարվի 5.5 մլրդ դրամ տարեկան պետական տուրք. «Մինչդեռ՝ Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ քաղաքներում չկա այդ ներդրման չափի պահանջը եւ չկա 5.5 մլրդ դրամ պետական տուրքի վճարման պարտավորությունը նախատեսված: 100, 150 եւ 180 մլն դրամներ են նախատեսված տվյալ տարածքներում: Սա նշանակում է, որ մենք ըստ էության ավելացնում ենք եւս 1 վայր, որտեղ կարող է կազմակերպվել խաղատուն ճիշտ այնպես, ինչպես Ջերմուկում»:

Ջանջուղազյանի կարծիքով՝ որեւէ խնդիր չկա, կարող է այդպիսի որոշում ընդունվել, բայց պիտի իմանան, թե իրենց քաղաքականությունը հաջորդ փուլում ուր է տանում. «Եթե վաղը օրինակ՝ համանման պահանջ առաջանա այլ ներդրողների կողմից, այլ տարածքներում ունենալ այդպիսի ըստ էության արտոնյալ պայմաններով խաղատուն կառուցելու հնարավորություն մեր վարքագիծն ինչպիսի՞ն է լինելու: Քանի դեռ մենք այդ հարցում կողմնորոշված չենք ստացվում է, որ այսօր քաղաքականության մեջ փոփոխության պարտավորություն ենք ստանձնում, որովհետեւ ներդրողն այդպիսի պահանջ է ներկայացնում: Մտահոգությունն այս պահին դա է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ. բայց խաղատների գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին. «Կա՞ն Սեւանում եւ Ջերմուկում գործող խաղատներ: Մարզպետն ասում է, որ չկա: Տեսեք մենք քաղաքականությունը մշակում ենք, բայց քաղաքականությունը մշակելիս հետո պետք է տեսնենք, դա իրականության մեջ որեւէ բան փոխե՞լ է, թե՝ ոչ: Այսինքն այն ժամանակ էլ չկար, հիմա էլ չկա: Նշանակում է մենք կարող ենք վերանայել այդ քաղաքականությունը եւ ասել կոնկրետ ներդրումային ծրագրով մենք կարող ենք կոնկրետ տեղում, կոնկրետ արտոնություն տալ»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հիմա օրինակ՝ Երեւան քաղաքում 2 ներդրող ունի այդպիսի հավակնություն, որ 80 մլն դոլար եւ ավելի ներդրում են անելու ու ակնկալում են ունենալ խաղատան թույլտվություն:

«Հիմա այստեղ կարող է հարց ծագել, ո՞նց է, որ բուքմեյքերական գրասենյակներին թույլ չենք տալիս, բայց 80 մլն դոլար ներդրման պարագայում թույլ ենք տալիս: Դա ունի կոնկրետ պատճառ եւ դա կարող է տեղի ունենալ շատ կոնկրետ պայմաններում: Մեր պատկերացումը ո՞րն է, որ այդ հյուրանոցը, որը գտնվում է Երեւանի բավականին բանուկ հատվածներում, օրինակ խաղատները պետք է լինեն վերնահարկում եւ փողոցից այդ խաղատունն առանձին մուտք պետք է չունենա: Մենք այս պայմանները պետք է շատ հստակ ամրագրենք կանոններով: Ուրիշ բան է, երբ փողոցում դրված բուքմեյքերական գրասենյակ է, ուրիշ բան է, երբ 5 աստղանի հյուրանոց է: Հյուրանոց մարդը մտնում է անձնագրով եւ մենք կարող ենք այնպիսի սահմանափակումներ դնել, որ թեկուզ Երեւանի ամենակենտրոնում գտնվող խաղատունը ոչ թե որոգայթ լինի, այլ ինքը լինի մի տեղ, որտեղ մարդիկ ուղղակի գնում են գիտակցված փող ծախսելու»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ այն փաստը, որ Սեւանում խաղատուն չկա, նշանակում է, որ այդ քաղաքականությունը ուղղակի կարելի է վերացնել եւ փորձարկել այս 2-րդ քաղաքականությունը, որ ամեն կոնկրետ ներդրումային ծրագրին Կառավարությունը կարող է հավանություն տալ եւ խոստանալ, որ այդքան ներդրումների չափի պարագայում կթույլատրի:

Վահան Քերոբյանը կոչ արեց չկենտրոնանալ խաղատան վրա, քանի որ դա լեռնադահուկային համալիրի ընդամենը մի փոքր կոմպոնենտն է. «27 մլն դոլար ներդրվելու է ճոպանուղային համակարգի վրա, 8 մլն դոլար ներդրվելու է արհեստական ձյան համակարգերի վրա ընդ որում դա առաջինն է Հայաստանում: Այդ ընդհանուր 60 մլն դոլարանոց ներդրումից 7 մլն դոլարն է ներդրումը խաղատան մեջ: Այս ծրագիրը պետք է մի քիչ ավելի լայն տեսակետից նայել»:

Թեմային միջամտեց նաեւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը՝ նշելով, որ համաձայն է Վահան Քերոբյանի հետ եւ չպետք է միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել:

«Թե՛ մեր մարզի զարգացման տեսլականը, թե՛ այն ծրագրերը, որոնք Կառավարության կողմից արդեն հավանության են արժանացել ու սպասում ենք, որ նմանատիպ մեկ ուրիշ ծրագիր էլ պետք է մոտ ժամանակներս հավանության արժանանա, բացարձակապես կապ չունեն խաղատնային բիզնեսի հետ ու ես ինքս չեմ ցանկանում, որ մեր մարզն այդ համբավը ձեռք բերի»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ այս նախագծի հետ կապված իրենք էկոնոմիկայի նախարարություն մտահոգություններ ու առաջարկներ ենք ներկայացրել եւ մինչ այս պահը դրանք չեն ընդունվել:

«Պարոն Քերոբյանն ասաց, որ հողակտորների ձեռք բերման հետ կապված կա խնդիր. պահանջները, որ ներկայացվել են՝ մեր օրենսդրությանը հակասում են, ուղղակի այդպես հնարավոր չէ, որ մարզպետը որոշի կամ համայնքը որոշի ու այդ հողակտորներն ուղիղ տրվեն ներդրողին: Դրանից բացի մի շատ կարեւոր հանգամանք կա. Ապարան խոշորացված համայնքի ե՛ւ Եղիպատրուշ ե՛ւ այլ հարակից բնակավայրերի քաղաքացիները ունեն հարցեր, մտահոգություններ ծրագրի հետ կապված ու մենք առաջարկել ենք, որ հանրային քննարկումներ իրականացվեն տեղում բնակչության հետ: Լինի շփում՝ իրենք իրենց հարցերը բարձրաձայնեն, իսկ ներդրողը, էկոնոմիկայի նախարարությունն ու մնացած գերատեսչությունները ներկայացնեն լուծումները այդ խնդիրներին, ինչը մինչ այժմ չի կատարվել»,- ասաց Գեւորգյանը:

Մարզպետի կարծիքով՝ այս որոշումից հետո բնակիչների այդ բողոքի ալիքը նորից կբարձրաձայնվի ու կհարցնեն, թե ինչ է արվելու: Ըստ նրա՝ շատ լավ ծրագիր է, զբոսաշրջությունը զարգացնելու հետ կապված 2-րդ ծրագիրն է, որ ընդունում են. «Ուղղակի մի ուրիշ խնդիր էլ կա պարոն վարչապետ, մենք մի ծրագիր արդեն ընդունել ենք ու դրա հետ կապված պետական գերատեսչություններն ամեն ինչ արել են եւ ծրագիրը տեղից չի շարժվել: Սրա հետ կապված ես կուզեի ե՛ւ ինձ ե՛ւ բոլորի համար պարզ լիներ հիմնավորումները կոնկրետ ներդրումների չափի, ակնկալվող աշխատատեղերի»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հնարավոր է ձեր ելույթից հետո այս ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի պարոն Գեւորգյան: Ամեն որոշման հետ կապված սարսափի մթնոլորտ տարածել, որ վայ էս ինչ են կառուցում, դա ճիշտ բան չէ: Իսկ ինչի՞ պետք է ամեն ինչ Կառավարությունը անի: Կես ժամ է քննարկում ենք՝ քննարկման արդյունքը դա՞ է, չեմ կարծում, թե քննարկման կարիք կա, որովհետեւ հեսա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում ՀՀ-ի եւ հայ ժողովրդի դեմ: Հետեւաբար քվեարկելուց առաջ մտածեք ինչի օգտին եք քվեարկում, որովհետեւ պատմությունը հնարավոր է ձեզ չների»:

Ի վերջո որոշումն ընդունվեց, դեմ քվեարկողներ չեղան:

Տպել
2589 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ