Գերությունից վերադարձածներին պետք է ցույց տալ, որ միշտ պատրաստ ենք զրուցել նրանց հետ, սակայն հարցեր չտալ․ մասնագետ

Վերջին օրերին մարդիկ հաճախ են բողոքում քնի խանգարում ու ախորժակի կորուստ ունենալուց, շատերը խոստովանում են, որ շփման մեջ սովորականից ավելի դյուրագրգիռ են դարձել, աշխատանքում՝ պասիվ ու անտրամադիր։ Այս խնդիրների մասին բարձրաձայնողները, թերեւս, նշում են նաեւ դրանց հնարավոր պատճառը կամ պատճառները․ 44 օր տեւած պատերազմ, կորուստներ, համատարած սուգ, իսկ հիմա էլ՝ անորոշություն եւ լարվածություն։

Հոգեբույժ, հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանի խոսքով՝ այդ եւ մի շարք այլ նշաններ առաջին հերթին վկայում են՝ հանրության շրջանում ռեակտիվ դեպրեսիա է։ «Դա դեպրեսիոն վիճակ է, որը զարգանում է որպես ռեակցիա, որի փորձերն ունեցել ենք այս ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են տեւական ժամանակ տրամադրության կտրուկ անկումը, պասիվությունը, մոտիվացիայի պակասը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվության նվազումը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է Հովսեփյանը։

Հոգեթերապեւտը նաեւ զգուշացնում է՝ չզարմանաք, եթե վերը նշված նշաններին զուգահեռ նկատեք դյուրագրգիռություն, նյարդային վիճակ, ագրեսիվ բռնկումներ, ալկոհոլի չարաշահում ու քնի բացակայություն։ Նրա խոսքով՝ եթե նշաններից որեւէ մեկը կա ու արդեն երկու շաբաթ պահպանվում է, ինքն իրեն չի անցնում, ուրեմն պետք է դիմել մասնագետի։ Իսկ եթե այդ վիճակը մի քանի օր է տեւում, կամ ախտանշաններն այնքան էլ արտահայտված չեն, ապա պետք է փորձել մաքսիմալ վերադառնալ սովորական կյանքի ռիթմին եւ անել այն աշխատանքը, որը միշտ արել եք, եթե նույնիսկ դրա ցանկությունը չկա։

Հոգեբանի խոսքով՝ նման իրավիճակում շատ է օգնում ապրումների մասին խոսելն ու մտերմներին պատմելը։

Վերջին շրջանում շատ են նաեւ այնպիսի իրավիճակները, երբ մարդիկ ասում են, թե վախենում են «Ֆեյսբուք» մտնել, վախենում են լրահոսին հետեւել․ նախ՝ հոգեբանորեն ճնշվում են համատարած բացասականից, երկրորդ՝ վախենում են հերթական վատ լուրը լսելուց, երրորդ՝ սկսել են նյարդայնանալ տեղեկատվական այս անկանոն ու հախուռն հոսքում լողալուց։

Սոցիալական մեդիայում մեր առօրյան ճիշտ կազմակերպելու ու դրա հնարավոր նեգատիվ գործոններից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տալիս նախ հասկանալ, թե որ տեսակի նորություններն են մեզ ցավ պատճառում, որոնք՝ նյարդայնացնում կամ այլ բացասական էմոցիաներ փոխանցում։ Ըստ հոգեբանի՝ սա եւս շատ անհատական է. մեկին կարող են ցավ պատճառել գերիների մասին տեսանյութերը, մյուսին՝ կորցրած տարածքների մասին պատմող հոդվածները, մեկ ուրիշին՝ ուղիղ եթերներն ու բողոքի ցույցերը եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ հոգեթերապեւտը խորհուրդ է տալիս հնարավորինս սահմանափակել այս ընթացքում սոցիալական մեդիայից օգտվելը, խուսափել անգամ մեկնաբանություններ կարդալուց։

Մասնագետը փաստում է՝ դեպրեսիվ վիճակում կարող են հայտնվել համատարած անորոշությունից, դրական լուրերի բացակայությունից, չիրականացած սպասումներից։ Նա առաջարկում է այդ վիճակը մեղմող որոշ քայլեր․ «Նույնիսկ եթե գլոբալ անորոշություն կա, որը մենք չենք կարող փոխել, պետք է փորձենք հնարավորինս մեր պլաններն ավելի կանխատեսելի դարձնել, փորձել թեկուզ շատ փոքր, բայց իրագործելի նպատակներ դնել, որը եւս կհաղորդի դրական լիցքեր։ Ակնկալիքները պիտի մոտ լինեն իրականությանը: Ինչքան էլ ցավոտ լինի, պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ հիմա չունենանք մեծ սպասումներ, որպեսզի հիասթափությունը մեծ չլինի, ինչպես եղավ այս ընթացքում։ Այսինքն՝ ոչ թե նստենք ու սպասենք, թե երկրում ինչ լավ բան կլինի մեկ տարուց, այլ փորձենք պլանավորել փոքր անելիք, որը պիտի իրագործենք, ենթադրենք, մոտակա մեկ շաբաթում»։

Մասնագետը նաեւ նկատում է՝ պատերազմից հետո մարդկանց մոտ դեպրեսիվ վարքագիծն ակնհայտորեն շատացել է։ Բացի դեպրեսիայից՝ ավելացել են նաեւ տագնապային եւ հետտրավմատիկ վիճակները։ «Մարդկանց մոտ բարձրացել է տագնապայնությունն ու դրանից բխող տարբեր կպչուն մտքերը, ֆոբիաները եւ այլն։ Շատացել են նաեւ հետտրավմատիկ սթրեսային վիճակները, որը անմիջապես կապված է պատերազմի մասնակիցների հետ: Դա կարող է լինել, օրինակ, մարտի դաշտում գտնվելու, տեղահանվելու, հարազատ կորցնելու դեպքում»։

Արամ Հովսեփյանը փաստում է՝ չնայած այն բանին, որ վերջին շրջանում դեպրեսիվ վարքագիծը շատացել է, եւ հոգեբանական աջակցության կարիք այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ունեն՝ հոգեկան առողջության ծառայության համար դիմող քաղաքացիների թիվը չի ավելացել։ Նրա կարծիքով՝ դիմելիության այս ցուցանիշի պատճառը նաեւ մեր հանրության մեջ տարածված կարծրատիպերն են եւ այն, որ հոգեբանական այս վիճակը հնարավոր է հաղթահարել միայնակ։

Ամեն դեպքում, հոգեթերապեւտը վստահ է՝ մարտական գործողությունների մասնակցած ցանկացած անձ գոնե մեկ անգամ պիտի դիմի մասնագետի։ «Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ հարազատի կուրուստ ունեցող անձինք եւս պիտի դիմեն, եթե զգում են, որ թեկուզ թեթեւ ինչ-որ ախտանշաններ կան, քանի որ հետտրավմատիկ խանգարումներն աստիճանաբար են զարգանում․ «Կարող է մարդը մի քանի ամիս ապրի, մտածի, որ դե ոչ մի բան էլ առանձնապես չի կատարվում, բայց խնդիրն աստիճանաբար խորանա»,- վստահեցնում է նա։

Մեր զրույցի վերջում հոգեթերապեւտն անդրադարձավ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված ու այժմ Ադրբեջանից հայրենիք վերադրաձված մեր 44 հայրենակիցներին։ «Այդ մարդկանց հիմա ինչքան քիչ ուշադրության կենտրոնում պահենք, այդքան ավելի լավ։ Պետք չէ նրանց նկարները տարածել, անձնական ինֆորմացիա տարածել։ Անուններ, նկարներ, տեսանյութեր, այդ մարդկանց մասին կարծիքներ ինչքան քիչ լինեն, այնքան ավելի ճիշտ կլինի։ Առաջին հերթին պիտի ապահովենք նրանց հանգստությունն ու անձնական սահմանները պահպանենք»,- շեշտեց նա։

Հովսեփյանը նաեւ հուշում է՝ գերությունից վերադարձած տղաների հետ շփման ժամանակ պետք է ցույց տալ, որ ցանկության դեպքում նրանք ունեն խոսելու հնարավորություն, բայց ինքնուրույն այդ խոսակցությունը երբեք չբացել, քանի որ մարդկանց ռեակցիաները տարբեր են․ «Մարդկանց մի տեսակ կա, որ ինքը կարիք ունի խոսելու, կիսվելու, մի մասը՝ հակառակը, պետք է, որ ընդհանրապես չհիշի դրա մասին։ Մարդիկ տարբեր են։ Տղաների մտերիմները եւս պետք է միշտ հստակ ցույց տան, որ պատրաստ են այդ թեմայի մասին խոսելու, սակայն երբեք հարցեր չտան»։

Այնուամենայնիվ, գերիների դեպքում պարտադիր է մասնագետին այցելելը, եթե մարտական գործողության մասնակից զինվորը կարող է ինքնուրույն վերականգնվել, ապա գերիների դեպքում գոնե մեկ անգամ պիտի մասնագետի այցելեն։

Հոգեթերապեւտից տեղեկացանք՝ կան գերիներ, որոնք արդեն դիմել են հոգեբանական օգնության։ Մասնագետը դժվարացավ նշել, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի գերության մեջ մնացած մեր հայրենակիցները կարողանան կրկին վերադառնալ առօրյա կյանք, ինտեգրվել՝ շարունակով իրենց բնականոն գործունեությունը։ «Կլինեն մարդիկ, որ կգան ու միանգամից կինտեգրվեն, կլինեն նաեւ անհատներ, որոնց վերականգնման ու ինտեգրման համար կպահանջվեն ամիսներ, տարի։ Շատ գործոններով է պայմանվորված նրանց ինտեգրումը»,- եզրափակեց Արամ Հովսեփյանը։

Հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը նաեւ հիշեցրեց, որ իր եւ իր գործընկերների նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ից «MHS Հոգեկան առողջության ծառայության» նախաձեռնության մասին․ անվճար հոգեբանական աջակցություն պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին։

Արամ Հովսեփյանը գործընկերների հետ միասին նախաձեռնել է ծրագիր, որի նպատակն է օգնել ռազմական գործողությունների հետեւանքով տուժածներին՝ ինչպես ներկա հոգեբանական տրավմաները բուժելու, այնպես էլ հետագայում հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացումը կանխելու համար։

Ծառայությունները մատուցվում են MHS Հոգեկան առողջության կենտրոնում։ Բոլոր նրանք, ովքեր աջակցության կարիք ունեն, կարող են զանգահարել 099 117 975 հեռախոսահամարով եւ այցելության համար գրանցվել մասնագետներից մեկի մոտ։

Մասնագետի խոսքով՝ հոգեբանական աշխատանքեր են տարվում երեք հիմնական գործոնների ուղղությամբ․

1․ Բուն զինվորական տրավմաներ՝ վախեր, վիրավորումներ եւ մահեր, որոնց ականատես են եղել զինվորները։

2․ Պարտության գործոն, որն ազդում է ավելի մեծ խմբի մարդկանց վրա։

3․ Անորոշության գործոն, որը կապված է երկրում ստեղծված իրավիճակի հետ, նաեւ պետական կառույցների կողմից որոշակի խմբերի հարցերին արագ չարձագանքելու, մարդկանց իրենց խնդիրների հետ միայնակ թողնելու հետ։

Տպել
2476 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել