Առ այսօր հայտնի է գերեվարված 15 հայ զինծառայողի, 1 բնակչի մասին․ Կառավարությունն ու փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում վերջին տվյալներով փաստաբաններին հայտնի են հայ 15 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի գերեվարվելու մասին տեղեկություններ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին այսօր ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

15 զինծառայողներից 8-ի կյանքի ու առողջության պահպանման համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 8-ից 5-ի դիմումները բավարարվել են․ Եվրոպական դատարանը նրանց վերաբերյալ Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել՝ վերջնաժամկետ սահմանելով հոկտեմբերի 29-ը։ Մյուս 3-ի վերաբերյալ դիմումները քննության փուլում են։  Այս 8 ռազմագերիների առկայությունը արձանագրվել է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մեկ տեսանյութով։

15 զինծառայողների մյուս մասի՝ 7-ի կյանքի ու առողջության պահպանման համար փաստաբանների թիմն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկել անհապաղ միջոց կիրառելու դիմումներ, որոնք բավարարվել են։ 7 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Արթուր Կարապետյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան։ Եվրոպական դատարանը, վերջնաժամկետներ սահմանելով, պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը տեղեկություններ տրամադրել հայ ռազմագերիների գտնվելու վայրի, առողջական վիճակի վերաբերյալ։ 2 ռազմագերու վերջնաժամկետն արդեն լրացել է, բայց փաստաբաններին տեղեկություններ դեռ չեն փոխանցվել, մյուս 5-ի համար վերջնաժամկետ է սահմանվել դարձյալ հոկտեմբերի 29-ը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիշյալ 7 ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց, որ աշխատում են ՀՀ կառավարության հետ համատեղ՝ իրար լրացնելով, բայց ոչ երբեք կրկնելով։ Դա է պատճառը, որ ռազմագերիների մի մասի վերաբերյալ ՄԻԵԴ-ին Կառավարությունն է դիմել, մյուս մասի վերաբերյալ՝ փաստաբանները․ «Կոնկրետ այդ 8 ռազմագերիների առնչությամբ ավելի խորքային երեւույթներ ենք կարողանում վերհանել, այդ թվում՝ պատի տակ շարելը, որը գերու մոտ ապագա գնդակահարության ազդակներ է ուղարկում՝ հաշվի առնելով, թե գերիների գնդակահարության դեպքերը պատմականորեն ինչ սցենարներով են ընթացել։ Ուստի, այդ պատկերների ամբողջականությունը չխախտելու նպատակահարմարությունից ելնելով՝ որոշել ենք, որ դրանք Կառավարության կողմից ներկայացվեն, եւ անհապաղ միջոցներ կիրառելու անհատական դիմումները դրանց չվնասեն»,- ասաց նա՝ չբացառելով նաեւ, որ հետագայում այդ 8-ի վերաբերյալ արդեն բուն անհատական գանգատներ կներկայացվեն։

Թեմայի վերաբերյալ փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

- Տիկի՛ն Սահակյան, հոկտեմբերի 22-ին լրացել է Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը, որ ՄԻԵԴ-ը տրամադրել էր Ադրբեջանին։ Ի՞նչ նորություն ունեք։

- Այս պահին դատարանից դեռ նամակ չենք ստացել, ինչը կարող է ունենալ երկու պատճառ․ կամ ադրբեջանական կառավարությունը դեռ տեղեկություններ չի տրամադրել, ինչը շատ բացասական զարգացում է եւ կխոսի դատարանի հետ չհամագործակցելու մասին՝ դրանից բխող հետեւանքներով, կամ դատարանը ստացել է այդ տեղեկությունը, եւ այս պահին քննարկում, մշակում է, որպեսզի անհրաժեշտ լրացուցիչ հարցադրումներով դիմի դիմումատու կողմին։

- Փորձը ի՞նչ է ցույց տալիս, լինո՞ւմ են դեպքեր, երբ դատարանը ստացած է լինում, բայց դիմումատուին ավելի ուշ է տեղեկացնում այդ մասին։

- Այո, լինում են, եթե նոր հարցադրումներ ունենում է, որպես կանոն, մի քանի օր հետո ենք նամակը ստանում, եթե չի ունենում, որպես ի գիտություն ուղարկում է դիմումատուներին։ Կարծում եմ՝ այս դեպքում դատարանը մեծ երեւույթ է տեսնում, ուստի լրացուցիչ քննարկումների, նոր հարցադրումների անհրաժեշտություն կա, եւ ուշացումը կարող է պայմանավորված լինել աշխատանքային պրոցեսներով։

- Իսկ եթե Ադրբեջանը չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը եւ տեղեկություններ չտրամադրի, դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։

-Կոնվենցիայի առանձին դրույթ կա, ըստ որի՝ պետությունները պարտավոր են համագործակցել դատարանի հետ, ուստի այս դրույթի խախտման հարց կարող է ի հայտ գալ, եւ ինչո՞ւ ոչ, նաեւ անհապաղ միջոցի կատարման խնդիրներ, այսինքն՝ գործը հսկողության համար կարող է փոխանցվել քաղաքական մարմին՝ Նախարարների կոմիտե, եւ անհրաժեշտության դեպքում այդ մարմինը կարող է քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։

- Դուք առայժմ չե՞ք պատրաստվում դիմել ՄԻԵԴ-ին՝ հարցը Նախարարների կոմիտե փոխանցելու խնդրանքով։

- Այս պահին՝ ոչ, պետք է սպասենք դատարանի գրությանը, բայց եթե ուշանա, ինքներս կդիմենք, կխնդրենք հստակեցնել՝ ստացե՞լ է տեղեկություններ եւ ընթացակարգից ելնելով՝ չի տրամադրել դիմումատուներին, թե՞ առհասարակ չի ստացել, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը անտեսում է նաեւ դատարանին։ Այս գրության պատասխանը ունենալուց հետո միայն կդիմենք քաղաքական մարմիններին։

- Կմանրամասնե՞ք, թե ՄԻԵԴ-ին ուղարկված դիմումներով հիմնականում ինչ պահանջներ եք ներկայացրել։

- Նախ պահանջում ենք երաշխավորել կյանքը եւ առողջության իրավունքը, այդ թվում՝ վիրավորներին անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու ձեւով։ Կարեւում ենք արտաքին աշխարհի հետ կապը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորության տրամադրումը, նաեւ ընտանիքի անդամներին զանգահարելու, գտնվելու վայրի, վիճակի մասին տեղեկություններ հայտնելու հարցը։ Եւ երրորդը, խնդրում ենք նպաստել, որ գերիների փոխանակումը արագ տեղի ունենա։ Առհասարակ, միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է, որ հումանիտար զինադադարի ընթացքում տեղի ունենան թե գերիների, թե դիակների փոխանակում, բայց մենք ականատես ենք եղել, որ Ադրբեջանը երեք անգամ հանձնառել է հումանիտար նպատակներով իրականացնել զինադադար եւ երեք դեպքում էլ խախտել է այն, ուստի խնդրում ենք, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի կատարել նաեւ այդ հանձնառությունը եւ հրատապ ռեժիմով իրականացնել գերիների փոխանակում։

- Որպես կանոն, ընտանիքները ինչպե՞ս են տեղեկանում իրենց հարազատ զինծառայողների գերեվարության մասին։

- Մեծամասամբ, ադրբեջանական աղբյուրներից։ Եղել են առանձին դեպքեր, երբ կարողացել ենք հեռախոսային խոսակցությունների կամ ականատեսների վկայություններով հիմնավորել, բայց մնացած անհայտ դեպքերում, քանի դեռ տեսանյութերը  ի հայտ չեն եկել, մահացած թե կենդանի գերեվարված լինելու փաստերը կասկածի տեղիքներ են տվել։ Այսօր էլ ունենք գերիներ, որոնք դեռեւս կապ չեն հաստատել ընտանիքի հետ, Կարմիր Խաչը իրենց տվյալների կրողն է, բայց զանգեր դեռ չեն եղել։

- Քաղաքացիական մեկ գերու՝ Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ առանձին դիմում ներկայացվե՞լ է ՄԻԵԴ, հայտնի՞ է՝ նա ինչ պայմաններում է գերեվարվել։

- Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ տեղեկություններ կան, սակայն հաշվի առնելով դրանց իրարամերժությունը, նաեւ՝ նրա այն արտահայտությունները, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, իրեն լավ են վերաբերվում, այս պահին սպառնալիքների առկայության վերաբերյալ ապացույցներ մենք չունենք, դրա համար էլ զբաղվել ենք կոնկրետ այն գործերով, որոնցով ունեցել ենք ապացույցների բավարարություն, եւ բացի նրանից, որ արձանագրվել է անձի՝ ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո գտնվելը, առկա է եղել  իրական վտանգ կյանքին ու առողջությանը։ Եւ այս գերիները, որպես կանոն, հրապարակային կերպով չեն հակադրվել մեր մոտեցումներին՝ իրենց սպառնացող վտանգների մասով։ Քանի որ Ազնիվ Բաղդասարյանի գործով մենք կանխատեսում չունենք՝ ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում համընկնո՞ղ թե՞ հակադրվող կարծիքներ կլինեն, դեռեւս չենք դիմել։

- Այդ արտահայտությունը, թե լավ է, իրեն վտանգ չի սպառնում, ո՞ւմ միջոցով է փոխանցել։

- Հեռախոսազրույցով կապվել է քրոջ հետ, ասել է, որ իրեն հնարավորություն են տվել զանգահարել, նշել է, որ իրեն լավ են վերաբերվում։

- Իսկ հայտնե՞լ է, թե ինչ պայմաններում է գերեվարվել։

- Դրա հետ կապված մանրամասներ չի փոխանցել, իր վիճակի, գերեվարվելու մասին է նշել, որ նորմալ է, սպառնալիք չկա։

- Այդ տեղեկությունները որքանո՞վ են մեզ համար արժանահավատ, ռիսկ չկա՞, որ դա կարող է ճնշման ներքո արված լինել։

- Մյուս ռազմագերիների պարագայում մենք հստակ պնդում ենք, որ դա ճնշման ներքո է, եւ չենք ստանում հատուկ գրություններ, որ իրականաում սպառնալիք չկա, բայց մենք ռիսկ ենք տեսնում, որ նման գրագրություն կարող է վարվել այս դեպքում։ Քանի որ երաշխիքներ չունենք, մի փոքր զգուշավորություն ենք ցուցաբերում։ Մյուսների պարագայում մենք ունենք առնվազն ընտանիքի անդամներից հայտարարություններ, որոնք շատ լավ նկարագրում են իրենց ընտանիքի անդամներին, արտաքին փոփոխված վիճակը, նաեւ խոսքերի հակասություններն են ի հայտ բերում, նման ապացույցներ չունենք Ազնիվ Բաղդասարյանի դեպքում։

- Տիկի՛ն Սահակյան, առհասարակ, այն հանգամանքը, որ որեւէ գերու վերաբերյալ առանձին դիմում չի ներկայացվում ՄԻԵԴ, եւ նրա կարգավիճակը արձանագրվում է միայն Կարմիր Խաչի կողմից, ինքնին բավարար երաշխի՞ք է կյանքի իրավունքը պաշտպանելու համար։

- Իրականում ոչ, բայց երբ հայտնի է դառնում անձի հայտնվելը եւ կենդանի լինելը, եւ հետագայում պարզ է  դառնում նրա մահվան մասին, ապացուցման բեռը, որ դա բնականոն ճանապարհով է եղել եւ պետության միջամտությունը չկա, տվյալ պետության վրա է։ Կանխավարկածը այն է, որ պետությունն է պատասխանատու կյանքի համար, եւ եթե պատասխանատու լինելով՝ միտումնավոր սպանում է, ապա մտնում ենք պատերազմական հանցագործությունների դաշտ։ Բայց այն անձինք, ում ճակատագրի վերաբերյալ անհայտություն կա, պաշտպանված չեն կամայականությունից, եւ եթե իրենց սպանեն, շատ հավանական է, որ ներկայացնեն որպես մարտի դաշտում ընկած զինվորներ, եւ քանի որ իրենց տիրապետության տակ են ողջ ապացույցները, մենք միշտ չէ, որ եղելիությունը կարող ենք ապացուցել։ Այսինքն՝ անհայտ գերիների նկատմամբ կամայականության ավելի մեծ հավանականություն կա, քան հայտնիների, որովհետեւ վերջիններս գտնվում են միջազգային կառույցների ուշադրության ներքո։

- Ընդհանուր առմամբ, քաղաքացիական քանի՞ գերու մասին է ձեզ հայտնի։

- Միայն այս մեկի, այլ տեղեկություններ հայտնի չեն։ Ունենք դրվագներ՝ ռազմագերիներին սպանելու վերաբերյալ, որոնք ինքնուրույն խնդիրներ են կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի տեսանկյունից։ Քանի որ խախտումները արդեն կատարված են, անհապաղ միջոցի անհրաժեշտություն այդ դեպքերով չկա, բայց դրանք եւս ուղարկվում են ՄԻԵԴ՝ ցույց տալու համար ռազմագերիների միտումնավոր սպանելը, որը նաեւ պատերազմական հանցագործություն է, եւ կարծում եմ, որ դրանք պատշաճ իրավական գնահատականներ են ստեղծում, որպեսզի հետագայում միջազգային հանրությունը կամ առանձին երկրներ հետամուտ լինեն Ադրբեջանի հրամանատարական կազմի քրեական պատասխանատվությանը։

- Վատ վերաբերմուքնի, խոշտանգման համար պատասխանատվության կանչելու մեխանիզմները միայն ՄԻԵԴ ներկայացվող գանգատի՞ շրջանակում են լինելու թե՞  կանխելու այլ առավել օպերատիվ միջոցներ կան:

- Կանխելու համար միայն այս անհապաղ միջոցներն են, եւ նաեւ՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը։ Քանի որ արդեն իսկ տեսնում ենք հանցագործության տարրեր, միջազգային հանրությունը պետք է ազդակ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, որ եթե այդ վարքագիծը շարունակվի, բացառված չեն նաեւ միջամտություններ, տրիբունալների ձեւավորում կամ առանձին պետությունների կողմից հանցագործների պատժում, եւ այդ պատժելիության վախն է, որ կարող է կանխարգելել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3939 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը