Հակառակորդը որևէ շանս չունի, թող գան, կոտորվեն. Մհեր Հակոբյան

Արցախում վերսկսված պատերազմի 16-րդ օրն է. մարդասիրական հրադադարի կնքմանը հաջորդում են տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ, սակայն ուշադրության կենտրոնում Հադրութ քաղաքն է, որի «գրավման» մասին հայտարարելուց հետո Իլհամ Ալիևն ամեն ինչ փորձում է անել այն գրավելու համար. հոկտեմբերի 10-ին քաղաք ներթափանցած դիվերսիոն խումբը դաժանորեն սպանել է խաղաղ բնակիչների, Հադրութի քաղաքապետը համաքաղաքացիների հետ ժամեր շարունակ հետ է մղել գրոհայիններին՝ թույլ չտալով իրենց դրոշը պարզել խորհրդանիշ-շենքի վրա և նկարվել՝ որպես հաղթական ապացույց: Բնութագրական այս դրվագում բախվել էին իրենց հայրենի տան համար իրենց աշխատավայրում մարտնչող հայերը և դաժանությամբ հայտնի Սիրիայից բերված վարձկանները՝ երեսնամյա ստով սնուցված ադրբեջանցիների հետ միասին:

Ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է բնութագրել հայ, ադրբեջանցի և սիրիացի զինվորների հոգետիպերը, և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ հոգետիպն այս պատերազմի վերջակետը դնելու գործում:

Այս թեմայով «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ ընդգծելով որևէ գործոն չթերագնահատելու և չգերագնահատելու կարևորությունը:

Զինվորի հոգետիպը, նրա խոսքով, պատերազմ վարելու տարրերից՝ շղթայի օղակներից միայն մեկն է. որևէ կասկած չի կարող լինել հայ զինվորի մոտիվացվածության մասին, իսկ թե ռազմի շղթայի մյուս օղակներն էլ դիտարկելու լինենք, փաստելու ենք, որ հակառակորդը հաղթանակի որևէ հնարավորություն չունի՝ չնայած զինամթերքի ու զինատեսակների առավելություններին։ Ու որքան գան, այնքան կոտորվելու են:

- Ինչպե՞ս կբնութագրեք սիրիացի վարձկաններին, ադրբեջանցիներին և հայ զինվորներին:

- Սիրիական ահաբեկիչները համազորային պատերազմի դեպքում որոշակիորեն գերագնահատված են, և այս պարագայում հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, փորձելով սիրիացի ահաբեկիչներին կիրառել մեր դեմ, ապահովեց էժան զինվորական ուժ Ադրբեջանում, բայց նաև առաջնային խնդիր ուներ մեզ հոգեբանական հարված հասցնել: Դեռ մի քանի տարի առաջ՝ 2010-ական թվականների կեսերին, այս ահաբեկիչները Մերձավոր Արևելքում՝ Իրաքում ու Սիրիայում, աչքի ընկան խաղաղ բնակչության նկատմամբ իրենց անլուր դաժանություններով (մասնավորապես, եզդի ժողովրդի նկատմամբ, ըստ էության, ցեղասպանություն կատարեցին):

Բերելով սրանց մեր ճակատ՝ փորձ կատարվեց մեզ ամենից առաջ ահաբեկել: Ես չէի կամենա այս վարձկանների դերը թերագնահատել, սակայն նրանք որոշակիորեն գերագնահատված են, և իրենց ավելի շուտ կիրառեցին որպես էժան հարվածարկու, ինչպես նաև՝ հոգեբանական գործոն: Դիակների այն շարանը, որ հետ գնաց Սիրիա, հստակորեն ցույց է տալիս, որ հայ զինվորը կատարել է իր խնդիրը, իսկ նմանատիպ ահաբեկիչները՝ բաշիբոզուկները, որ արդյունավետ են անկանոն ուժերի, խաղաղ բնակչության դեմ կամ, օրինակ Ասադի ծեծված բանակի դեմ, այստեղ՝ համազորային, հստակ կառավարում և մոտիվացված ռազմիկ ունեցող հայկական բանակի հետ մարտում, արդյունավետ չեն:

Ադրբեջանական զինվորի մասին սովոր ենք ասել, թե իրենք գիտեն, որ Ղարաբաղն իրենց հողը չէ։ Հոգու խորքում, իհարկե, գիտեն, բայց հիմա կա մարդկանց մի հատված, որ այնքան է սնվել այդ ագիտացիայով, որ կուրորեն հարձակվում է մեզ վրա։ Բայց նրանք բավականին քիչ են: Եվ եթե մենք, որ մեր հողի վրա ենք կանգնած մեր մտերիմների կյանքի ու մեր ընտանիքների համար, այնուհանդերձ, այսքան ծանր ենք տանում մեր կորուստները, ապա երբ նրանց դիակները շուտով դուրս գան սառնարաններից, ու Ալիևը իր ժողովրդին դրանք ներկայացնելու անհրաժեշտությունն ունենա, պատկերացրեք, թե իրենց մոտ ինչքան ծանր է լինելու: Կարճաժամկետ՝ մանավանդ այս թվացյալ հաջողությունների ֆոնին, դեռ մարդկանց բերանները հնարավոր է լինում փակել, թեպետ այժմ էլ կան դժգոհության որոշակի արտահայտություններ Ադրբեջանական բանակում:

Ես վստահ եմ, որ հայկական բանակը հստակորեն կատարում է իր մարտական առաջադրանքը: Հակառակորդի բլից-կրիգը կանխվել է, և շուտով մենք կունենանք ավելի էական հաջողություններ: Եվ սա կգումարվի նաև իրենց դիակներին, ու Ադրբեջանում կսկսվեն նաև ներքաղաքական դեստրուկտիվ զարգացումներ: Այո, Ադրբեջանում հիմա ռազմական դրություն է, առանց այդ էլ այն ավտորիտար երկիր է, և այնտեղ շատ դժվար է տեղեկություններ ստանալը: Սակայն այնուամենայնիվ, ինֆորմացիոն դար է, ամեն մեկի ձեռքին հեռախոս ու սմարթֆոն կա, և ի վերջո, տնեցիք հստակորեն իմանում են՝ իրենց զինվորը ողջ է, թե ոչ: Ամեն դեպքում տնեցիներին ակնարկում են նաև զինվորների կողքին եղած զինվորները, թե ձեր որդին, ամուսինը, եղբայրը չկա: Հնարավոր չէ սա երկար գաղտնի պահել, և եթե կարճաժամկետ կտրվածքով սրա արդյունքները Ադրբեջանում չեն զգացվում, ապա պատերազմի մի քիչ երկար գնալու, և նույնիսկ հրադադարի կամ զինադադարի կնքման դեպքում Ալիևը շատ լուրջ խնդիր է ունենալու:

Հայ զինվորի մասին շատ ենք խոսել: Ուղղակի մի փոքր դետալ ասեմ. ես շատ եմ լինում միջազգային ռազմական մասնագիտական հարթակներում, և ինչքան էլ մեր նկատմամբ որոշ անձինք կամ ուժեր նեգատիվ տրամադրված լինեն, այնուամենայնիվ այս ուժերն ընդունում են, որ հայ զինվորը շատ մոտիվացված է: Ես չեմ հանդիպել չմոտիվացվածության մասին որևէ ակնարկի. առավելագույն քննադատությունը լինում է վատ զինված կամ վատ կառավարվող լինելու մասին:

- Որքանո՞վ է օբյեկտիվ, որ վատ է զինված:

- Զենքերի մասին դիտարկումները, իմ կարծիքով, լուրջ են. նեղ մասնագիտական հարթակներում լրջորեն քննարկվում են որոշակի համակարգերի տեխնիկական դետալներ կամ հրթիռային ուժերի հարվածի առանձնահատկություններ. այդ առումով՝ դիտարկումները առավելությունների մասին ուղղակի մասնագիտական են (թեպետ պետք է նշել նաև, որ համացանցային քննարկումները միշտ էլ թեական են, ու շատ մասնագետներ դրանցից ձեռնպահ են մնում):

Ամեն դեպքում, բաց ինֆորմացիան կա, և ըստ դրա՝ կարելի է գալ հետևության, որ ադրբեջանական բանակը տեխնիկապես ավելի հագեցած է: Օրինակ, ունեն T-90 տանկեր, մենք դրանցից չունենք: Կարելի է շատ երկար խոսել, որ T-90-ն իր տեխնիկական հատկանիշներով շատ մոտ է T-72-ին, որ մենք ունենք, բայց, միևնույնն է, այն ավելի նոր է:

Մենք տեսանք նաև ԱԹՍ-ների մասսայական կիրառում, որ ևս խոսում է հակառակորդի հագեցվածության մասին, որ չես թաքցնի: Բայց այստեղ էլ կան դետալներ, որ էլի մեր օգտին են: Օրինակ, կարծիք կա, որ մեր Օսա-ԱԿՄ-ները և հատկապես  Tor-երը գործել են շատ մեծ արդյունավետությամբ, ուղղակի իրենք շատ մեծ քանակություն են օդ բարձրացրել, և օգտվել են թուրքական F-16-երի աջակցությունից՝ ինֆորմացիոն, հետախուզական, կառավարման և այլն:

Կային իրենց T-72-ների մոդեռնիզացված տարբերակները, որ իրենք այդքան գովերգում էին ու համարում, որ բարձրացրել են T-90-ների մակարդակին. փորձը ցույց տվեց, որ դրանք ունեն կոնստրուկտիվ լուրջ թերություններ, մասնավորապես՝ շատ պայթյունավտանգ են: Հիշում եք տեսանյութը, որ մեր զինվորը կողքից խոցում է տանկը. նախ նա բարոյական արիություն է դրսևորում՝ թույլ տալով, որ մեքենան բավական մոտենա, հետո էլ մեկ նռնականետի կրակոցով տանկն այրել կամ պայթեցնելը ավելի շուտ բացառություն է, քան՝ օրինաչափություն: Սովորաբար, տանկը մեկ կրակոցով շատ կամ քիչ վնասվում է:

Նաև կասկածի տակ է դրվում ադրբեջանական զորքի կառավարման արդյունավետությունը: Օրինակ, գովերգված LORA-ները, որ վտանգավոր ու վնասակար են, կիրառվեցին Բերձորի կամրջի վրա. LORA-ի երկու հրթիռ գցեցին, իսկ կամուրջը, ըստ էության, շատ արագ վերականգնելի է: Նման բազմաթիվ նրբություններ կան:

- Ի վերջո, չկասկածելով մեր հաղթանակին՝ հայ, սիրիացի, ադրբեջանցի զինվորների՝ Ձեր նշած հոգետիպերի առկայությամբ, կարո՞ղ ենք ենթադրել, թե աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների բացառման պարագայում, պատերազմը երբ կավարտվի:

- Այս պատերազմում մի շարք օրինաչափություններ են գործում, որտեղ հոգետիպը կարևոր է, բայց հաջող պատերազմ վարելու տարրերից միայն մեկն է: Այսինքն, մենք ունենք տրամաբանական շղթա՝ հոգետիպ, որ մասն է ռազմական հաջող համակարգի, որի տրամաբանական շղթան վերջանում է հաջող պատերազմով, որին էլ հաջորդում է, արդեն այս շղթայից դուրս, քաղաքական ավարտը: Միայն լավ հոգեկերտվածքի հիման վրա հնարավոր չէ նման կանխատեսումներ անել: Ընդհանրապես, միայն ոգով հեռու չես գնա: Այն, իհարկե, տալիս է որոշակի առավելություն, բայց այն չես կարող հակադրել անսահմանափակ ռազմատեխնիկային ու զորքին: Նույն ոգին ունեին ճապոնացիները, որ անձնուրաց կռվում էին, նետվում ամերիկացիների խրամատները, պայթեցնում, բայց հիմա՝ տասնամյակների հեռվից որ նայում ենք, տեսնում ենք, որ այդպես կռվելը բոլորովին էլ արդյունավետ չէր: Հիասթափված եք, չէ՞, իմ պատասխանից:

- Այո, անկեղծ ասած, կարծում էի՝ հոգետիպն առավել կարևոր է:

- Մենք մեր պետականաշինության ընթացքում հենց այդպես ենք մտածել՝ արդեն ունենք ռազմիկի հոգեկերտվածք, բավ է: Այո, ունենք: Բայց հաղթանակի համար անհրաժեշտ մյուս բազմաթիվ ուղղություններով լավ չենք աշխատել: Ես հոգով ուժեղ եմ. եթե այս պահին զանգեն-ասեն՝ տղայիդ Ավանում սպանում են, կփորձեմ, չէ՞, առավելագույնս արագ հասնել այնտեղ. դրանից ավելի ուժեղ մոտիվացիա կա՞, որ մարդը հնարավորինս արագ Երրորդ մասից հասնի Ավան: Բայց եթե մեքենա չունենամ, ինչքան էլ ոգով ուժեղ լինեմ, զուտ ֆիզիկապես կուշանամ: Իսկ մեր պետականաշինական համակարգում վերջին երեսուն տարին անդադար շեշտադրվել է միայն ոգին: Ու քանի որ ոգին, այսպես ասենք, ձրի էր, իսկ տեխնիկան, լոգիստիկ խնդիրները ուղեղ էին պահանջում ու ռեսուրսներ, իսկ որոշ անուղեղներ դրա կարևորությունը չէին տեսնում, որոշ ագահ մարդիկ էլ փող չէին ուզում տալ, այսպիսով՝ ոգին էին շեշտադրել (դա, իրոք, կարևոր է, բայց՝ ոչ միայն դա է կարևոր): Իսկ մյուս կարևոր բաները ծախսում էին իրենց դղյակների ու մի շարք այլ անուղեղ բաների վրա: Իսրայելի զինվորից ավելի մոտիվացված զինվոր գտնելը դժվար է, բայց նույն այդ զինվորը շատ լավ տեխնիկա ունի: Ես կուզեի սթափ լինեինք: Բացառապես ոգու վրա շեշտադրել են նրանք, որ չգիտեն՝ ինչ է Երրորդ մասից Ավան վազքով գնալը, չեն պատկերացնում, որ ինչքան էլ կամքի ուժ ունենաս, մկաններդ կարող են չենթարկվել:

- Անշուշտ, հիմա Ձեր օգնությամբ՝ հասկանանք առկա մյուս տվյալները. ակնարկեցիք սիրիացի վարձկանների հետ կապված կարգապահության խնդիրների մասին. ըստ Ձեզ՝ վարձկանները հիասթափված են և չե՞ն ենթարկվում Ադրբեջանի ղեկավարությանը:

- Վարձկանը վարձու աշխատող է, և գործում է նույն օրինաչափությամբ՝ ինչպես ցանկացած գործատու-աշխատող: Գործատուն ուզում է քիչ միջոցներ ծախսելով ունենալ մաքսիմալ արդյունք, իսկ աշխատողն ուզում է, հնարավորինս քիչ եռանդ ու միջոցներ ծախսելով, ստանալ իր համար նախատեսված գումարը: Ու այս հակասության արդյունքն արդեն իսկ տեսնում ենք ճակատում. վարձկանն ամենևին էլ չի ձգտում իր կյանքն ու առողջությունը վտանգել մարտի դաշտում, իսկ գործատուն, որ գումար է տվել, մտրակը ձեռքին էս վարձկաններին ուղարկում է մարտի:

Մենք ճակատի տղաների հետ շատ ենք զրուցել. նոր ենք վերադարձել Երևան, և մի քանի անկախ աղբյուրներից տեղեկատվություն կա, որ այս վարձկաններին շատ անխնա են օգտագործում: Այն աստիճան անխնա, որ նույնիսկ ռազմական անհրաժեշտության առումով է դա սխալ. այսինքն՝ ալիք-ալիք նույն ուղղությամբ ուղղակի նրանց նետում են մեր դիրքերի վրա. որևէ մանյովր, որևէ հրետանային աջակցություն, զրահատեխնիկայի աջակցություն չկա. վճարել են այս մարդկանց և հիմա ասում են՝ քո փողն աշխատի: Կամ դեռ չեն վճարել ու վաղը պիտի վճարեն և ուզում են օր առաջ ազատվել նրանցից: Տեղեկություններ կան նաև, որ նրանց ուժով են մարտի տանում: Ընդհանրապես, մեր զինվորը նրանցից ուժեղ է, և նրանցից վախենալու բան չկա:

- Կարելի՞ է կանխատեսել, որ այստեղից գնացող տեղեկատվությունը ստացող սիրացիներին արդեն դժվար է լինելու հավաքագրել Ադրբեջանում կռվելու համար:

- Միանշանակ: Հայերին ադրբեջանական քարոզչությունը ներկայացրել էր որպես զոհ, որպես գյավուրներ, որ փակված են լեռներում, դեպքերի բերումով կարողացել են պահել դիրքերը, բայց հիմա եկել է ժամանակը, որ իրենց հարցերը լուծեն: Այս նույն քարոզչության արդյունքում էին 1993 թվականին այստեղ մոջահեդները, չեչեն գրոհայինները: Մենք աշխարհում շատ լուրջ խնդիր ունենք հայի կերպարը ներկայացնելու: Երբ աշխարհում ասում են՝ հայ, պատկերացնում են Եղեռնից մազապուրծ եղած, առավելագույնը հաջող առևտրական: Մուսուլման զինվորի համար էլ հաջող առևտրականը լավագույն թիրախն է. դրանից էլ լավ բա՞ն: Եվ մենք դեռ չենք կարողացել աշխարհին ներկայացնել հայ զինվորին. նույնիսկ հաղթական պատերազմի արդյունքներն ունենալով: Եվ հիմա մենք այդ բացթողումների արդյունքներն ենք վայելում, որ նրանք չեն վախենում մեզ հետ կռվելու գալ:

Ճիշտ է, գալիս, ծեծը ուտում, գնում է, բայց այնուհանդերձ, ունենում ենք առաջին ալիքի բացասական էֆեկտը: Տեսեք, ինչ բարձր է Իսրայելի բանակի հեղինակությունը, և նա շարունակաբար աշխատում է այդ ուղղությամբ այնպես, որ հիմա շատերը չեն ցանկանա ուղղակի ընկնել իսրայելական բանակի թափի տակ: Մեզ աշխարհը չգիտի, չեն պատկերացնում, որ այստեղ ծայրահեղ մոտիվացված ռազմիկ է, որ թրծվել է թուրքի դեմ հարյուրամյակների դիմադրության մեջ, այդ թվում և՝ հոգեբանական ճակատում:

- Արցախի ՄԻՊ-ը հրապարակեց հաշմանդամություն ունեցող տղայի կրակված ափի լուսանկարը՝ որպես սիրիացի վարձկանների դաժանության ևս մի փաստ: Ըստ Ձեզ, Ադրբեջանը այս վարձկանների համար իրենց ավելի հարմար կռվի ձև՞ է գտել՝ որպես խաղաղ բնակիչների ահաբեկողներ, թե՞ այս դրվագը կարելի է դիտարկել՝ որպես մասնավոր դեպք:

- Կարծում եմ, որ սա մասնավոր դեպք է. նախ, այս ահաբեկիչները, ինչպես արդեն նշեցի, առավել վտանգավոր են խաղաղ բնակչության դեմ, իսկ բնակչություն թշնամու տարածքներում մենք չունենք: Այսինքն, մենք չունենք բնակչություն, որ հնարավոր է՝ ենթարկվի այս բաշիբոզուկների բռնություններին: Երկրորդ, ադրբեջանցու մենթալիտետը քիչ է տարբերվում այս ահաբեկիչների մենթալիտետից։ Մանավանդ հակահայկական թույնի այն չափաբաժնի պարագայում, որ ադրբեջանական հասարակությունը կուլ է տալիս արդեն երեսուն տարի, իրենց մոտ ստեղծել է ծայրահեղ անմարդկային-հակամարդկային տրամադրություն, և ինչ-որ դաժանություն ապահովելու համար, չեմ կարծում, որ վարձկան կբերեին. իրենց զինվորն էլ կհամաձայներ կատարել այդ դաժանությունը:

Ավելին, այդ վարձկաններն իրենց ամենևին էլ լավ չեն զգում արցախյան ճակատում, արդեն կան տեսանյութեր. մենք տեսնում ենք թե այդ վարձկանների զինվածությունը, և իրենց կռվելու կարգը, դեմքերի արտահայտությունը, շուտով արդեն ցուրտ է, լանդշաֆտն իրենց համար անսովոր է. էլի պիտի ասենք, սրանք բաշիբոզուկներ են, որ կամ գործում են ծեծված հակառակորդի դեմ, կամ անկանոն մարտերով գործում են բնակչության դեմ: Մենք թեև շատ ծանր մարտեր ենք տվել, բայց ամենևին էլ ծեծված չենք, պահպանել ենք մեր ճակատի գիծը, քաղպաշտպանության համակարգերը, և այս պայմաններում հակառակորդը, իհարկե, շանս չունի. թող գան, կոտորվեն:

Պարզ օրինակ, տեսանք, թե ինչպես է մեր մարտիկը մոտիվացված Հադրութի մարտերում: Իհարկե, դեռ շատ բան հայտնի չէ, բայց արդեն նվազագույնը ակնհայտ է բաց աղբյուրներից, որ Հադրութում վճռական դեր է ունեցել տեղի աշխարհազորը մեր մարտական քաղաքապետի գլխավորությամբ: Երբ նայում էի քաղաքապետի՝ ինքնաձիգով նկարը մտածում էի՝ ի՛նչ ընդհանրություն կարող լինել աշխարհի այլ քաղաքապետերի, պաշտոնյաների ու նրա միջև. նրանք իրենց գրիչներով ու կնիքներով ու հայ քաղաքապետն՝ իր ինքնաձիգով: Ահա և հայի հոգեկերտվածքը. շինարար, քաղաքապետ, ուսուցիչ, բժիշկ՝ ինչ էլ լինի հայը, պիտի լինի նաև ռազմիկ:

Տպել
10210 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»