Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում. Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ այսօր դատական սանկցիա կիրառվեց. նա հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր հետազոտվեցին քրեական գործում առկա բոլոր տեսանյութերը, ինչի ընթացքում կողմերը դրանց վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ արեցին՝ պարբերաբար իրար դեմ ուղղված որակումներ տալով: Չնայած դատավոր Դավիթ Հարությունյանի հորդորներին՝ նիստն ընթացավ լարված մթոնոլորտում:

Հիշեցնենք՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Արամայիս Պետրոսյանը եւ Հրաչյա Խլղաթյանը մեղադրվում են «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանին 2019 թվականի մարտի 4-ի գիշերը բռնության գործադրմամբ առեւանգելու համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Միջադեպից հետո խմբի անդամները հայտարարել են, որ փորձել են Մալյանին աղբը նետել՝ ի պատասխան իրենց հասցեին նրա կողմից հնչեցված վիրավորական, այդ թվում՝ հայհոյանքներ պարունակող հայտարարությունների: Հարուցված քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող:

Ամբաստանյալներն ու պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Կարեն Մեժլումյանը

Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին դեպքի վայրի տեսագրությունները, դատավարության մասնակիցների՝ սոցիալական ցանցերում հրապարակված հոլովակները: Դրանց վերաբերյալ հայտարարություն անելիս տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ակնհայտ է այն, որ եղել է ծրագրված առեւանգում, դերերի բաշխում եւ մեկը մյուսին լրացնող գործողությունների կատարում: Հակադարձելով տուժող կողմին՝ պաշտպանական կողմը բացառեց առեւանգման հանգամանքը: Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ տեղի է ունեցել ակցիա, որի նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղը նետելը: Հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ տեսանյութերից մեկի՝ իրենց կողմից հրապարակված տարբերակում լսելի է իրենց խոսքը՝ աղբամանը գցելու մասին. «Եղել է պլանավորված աղբահանության ակցիա, ոչ թե առեւանգման»,- ասաց նա: Դատավորը կոչ արեց ամբաստանյալին որակումների մեջ զուսպ լինել: Դավիթ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ տեսանյութերում երեւում է, որ ողջ ընթացքում իրենց հետեւում են մի կին ու մի տղամարդ, որոնք, իր տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցներ են, սակայն քրեական գործով հայտնաբերված եւ հարցաքննված չեն:

Հաջորդ տեսանյութի վերաբերյալ հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանը՝ ասելով, որ երբ ինքը այդ տեսանյութից հատված էր հրապարակել, Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, թե այն գործի նյութերում չկա, եւ իրեն է փոխանցվել զարտուղի ճանապարհով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Դավիթ Պետրոսյանը հերթական անգամ ստում էր, եւ այս տեսանյութը փոխանցվել է ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմին»,- ասաց նա: Այս անգամ էլ դատավորը նրան կոչ արեց դատական նիստերի դահլիճում լինել հնարավորինս հարգալից եւ զերծ մնալ որակումներից:

Տեսանյութում, որի մասին խոսվում էր, երեւում էր ամբաստանյալներից մեկի՝ Արամայիս Պետրոսյանի ավտոմեքենան՝ կայանած Ամիրյան փողոցում: Նարեկ Մալյանը պնդեց, որ այդ հանգամանքը եւս վկայում է նախապես ծրագրված առեւանգման մասին, քանի որ կայանատեղիից մի քանի մետր այն կողմ գտնվում է իր տունը, եւ ինքն ինչպես էլ գար, տեսանելի էր լինելու խմբի անդամներին. «Դեռեւս նախաքննությունից պաշտպանական կողմն այն թեզն էր առաջ տանում, որ մեքենան կայանված է ամբաստանյալի տան մոտակայքում, բայց ամբաստանյալը բնակվում է Խորենացի փողոցում, իսկ սա Ամիրյան փողոցն է, դրանք որեւէ կերպ չեն հատվում»,- ասաց նա: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ Արամայիս Պետրոսյանը բնակվում է ոչ թե Խորենացի, այլ Մաշտոցի պողոտայի վրա. «Եւ ինչպես գիտեք՝ Կենտրոնը գերծանրաբեռնված է, եւ կարող է Մաշտոցի բնակիչը Ամիրյանում կայանել, որեւէ տեսանյութում չի երեւում, որ Մալյանին տեղափոխում են կայանած մեքենայի ուղղությամբ. մեքենան մի մայթին է, իսկ Մալյանին տեղափոխում են այլ մայթ»,- ասաց Պետրոսյանը:

Ձախից՝ Նարեկ Մալյանը, Տիգրան Աթանեսյանը

Տեսանյութերի հետազոտումն այդ պահին ընդհատվեց. ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը դատական նիստի ժամանակ սոցիալական ցանցում իրենց վերաբերյալ ոչ հարգալից հերթական գրառումն է արել: Դրան ծանոթանալով՝ դատավորը Մալյանից հետաքրրվեց՝ մի՞շտ է նիստի ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ անում, ինչին Մալյանը պատասխանեց, որ առաջին անգամն է, երբ նիստի ընթացքում հենց ամբաստանյալների վերաբերյալ գրառում է անում: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե գրում է, նշանակում է՝ նույնը կարող է արտաբերել, ինչին արձագանքելով՝ Մալյանն ասաց. «Սրանից հետո հայհոյանք պարունակող գրառումները նիստից հետո կանեմ»: Դատավորը նրան կոչ արեց դատավարության մասնակիցների վերաբերյալ հայհոյանք պարունակող գրառումներ չանել ոչ նիստից առաջ, ոչ հետո: Ավելի ուշ, Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից մեկը եւս վիրավորական գրառում է արել: Ծանոթանալով դրան՝ Դավիթ Հարությունյանն այդ վարքագիծն առհասարակ անթույլատրելի համարեց՝ ասելով, որ եթե առանց գրառումներ անելու կողմերը չեն կարող նիստին մասնակցել, ապա նիստից առաջ հեռախոսները կհանձնեն:

Այնուհետեւ Դավիթ Պետրոսյանը դատարանին խնդրեց հետազոտել դեպքից օրեր առաջ նկարահանված մի տեսանյութ, որը, թեեւ գործի նյութերում որպես ապացույց ներառված չէ, սակայն իրենց գնահատմամբ՝ էական նշանակություն ունի: Պետրոսյանի խոսքով՝ այդ տեսանյութում Մալյանն իրենց մեղադրում է նախ Ալիեւի հետ համագործակցության մեջ, ապա՝ հնչեցնում վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. «Այդ հայհոյանքների պատճառով բանակում տեղի են ունենում ինքնասպանություններ, ինքնախեղումներ, երկրում ձեւավորվում է այսպիսի մթնոլորտ, այդ հայհոյանքի պատճառով մենք արել ենք այդ ակցիան, այս ամբողջ գործի էությունը նրանում է, որ մեզ տրվել է սեռական բնույթի հայհոյանք՝ ծնողի հետ կապված, եւ մենք չենք լռել, նրան նետել ենք աղբամանը»,- ասաց նա՝ դատավորի հարցին ի պատասխան՝ նշելով, որ որքան էլ տհաճ լինի, տեսանյութը պետք է դիտել: Տուժող կողմը եւս առաջարկեց այն դիտել ամբողջությամբ, իսկ դատախազ Սեւակ Պողոսյանն ասաց, որ եթե խոսքը պարզապես վիրավորանքների մասին է, եւ տուժողն այդ տեսանյութի հանգամանքը չի վիճարկում, դիտելու կարիք չկա: Մի քանի րոպե դիտելուց հետո դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողից հետաքրքրվեց՝ հերքո՞ւմ է արդյոք այն, որ տեսանյութում ինքն է խոսում, եւ այն նկարել է կամավոր. «Ոչ, չեմ հերքում, ես եմ խոսում, իմ ֆեյսբուքյան էջում էլ այն տեղադրված է»,- ասաց Մալյանը: Դատավորը հարց բարձրացրեց, թե որն է այդ բնույթի տեսանյութն ամբողջությամբ վերարտադրելու իմաստը, եթե մեղադրանքի կողմը, առավել եւս տուժողը, այն չեն վիճարկում: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց համար պարտադիր չէ այն ամբողջությամբ դիտելը, բայց ինքը կասկած ունի, որ դատախազն այն չի նայել, քանի որ ասում է, թե հնչել են «ուղղակի վիրավորանքներ». «Շնորհակալություն, որ չեք թողնում նայենք, բայց այս ամենը պտտվել է համացանցում, բոլորը նայել են, եւ ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը, ոչ մեկը ոչինչ չի արել»: Նույն կարծիքը հայտնեց նաեւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը՝ ասելով, որ դա անհրաժեշտ է հետագայում տեսանյութին հղում կատարելու համար:

Դատավոր Դավիթ Հարությունյանը, ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը

Մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ իր համար անհասկանալի է, թե դատախազությունն ինչ պիտի աներ. «Եթե խոսքը վիրավորանքը վիճարկելու ընթացակարգերի մասին է, փաստաբանները կբացատրեն, ինչ վերաբերում է նայելուն, ոչ միայն դատախազն է նայել, այլ վարույթն իրակնացնող մարմինը հետազոտել է եւ գտել, որ գործի հետ առնչություն չունի, ես էլ գտնում եմ, որ երբ որ անձինք նստած են, մի քիչ գեղեցիկ չէ նրանց վերաբերյալ այդպիսի արտահայտությունները վերարտադրել, եթե նրանք իրենց վատ չեն զգում, թող ամբողջությամբ լսեն»:

Դատախազի այս վերջին արտահայտությունը հունից հանեց պաշտպանական կողմին, եւ նրանց միջեւ ընդհարում տեղի ունեցավ. «Դե այդ նույնը քեզ կասեն, կտենաս»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Դատավորի դիտարկմանը, որ դատախազը ճիշտ էր, Պետրոսյանը հայտարարեց, որ այդ դեպքում ինքը նույնը դատախազին է ասում, ինչին դատախազը պատասխանեց՝ ասելով, որ գնա, իր մորն ասի: Կողմերի միջեւ բանավեճը մի քանի վայրկյան շարունակվեց՝ չնայած դատավորի՝ լռելու եւ հանդարտվելու բազմաթիվ կոչերին: Ի վերջո դատավոր Դավիթ Հարությունյանը դատական սանկցիա կիրառեց Դավիթ Պետրոսյանի նկատմամբ. նիստերի դահլիճից հեռանալիս Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի հարգում այդ դատարանը:

Պետրոսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ դատախազին նկատողություն չանելու համար: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ այն որակեց սադրանք՝ ասելով, որ նուրբ թեմա է, եւ կարելի էր խոսքը այլ կերպ ձեւակերպել: Դատավոր Դավիթ Հարությունյանը, սակայն, դատախազի վարքագծում հակաիրավական գործողություն չտեսավ. «Դատախազի ասածի տրամաբանությունն առնվազն այն է, որ եթե հայհոյանք է պարունակում, հաճելի չէ դա վերարտադրել, ավելի վաղ նույնն ասաց նաեւ դատարանը, այն հանգամանքը՝ տուժողը հայհոյանք տվել է թե ոչ, կարող է էական նշանակություն ունենալ բացառապես մեկ հարցի համար. եթե ամբաստանյալները ենթարկվեն քրեական պատասխանատվության, պետք է քննարկվի նաեւ տուժողի հնարավոր հակաբարոյական եւ հակաիրավական վարքագծի արդյունքում դա կատարված լինելու հարցը»,- պարզաբանեց դատավորը: Դատախազ Սեւակ Պողոսյանն էլ իր հերթին պարզաբանեց. «Ես ուզում էի ասել, որ տեսանյութը դիտել եմ, եւ չեմ պնդում, որ այն վերարտադրվի, որովհետեւ դա տհաճ է, իսկ պաշտպանի հայտարարությունը, թե դա սադրանք էր, պարզապաես անթույլատրելի է»,- ասաց նա:

Ձախից՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատախազ Սեւակ Պողոսյանը

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին Դավիթ Պետրոսյանից պարզաբանում լսելուց հետո կքննարկվի դատական սանկցիայի ժամկետի երկարաձգման կամ նրա գործողություններին այլ գնահատական տալու հարցը: Հաջորդ դատական նիստին նախատեսվում է նաեւ տուժողի հարցաքննությունը: Այն նշանակվեց նոյեմբերի 4-ին:

Տպել
2078 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց