Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Կապանի հայտնի գործով տուժող Շավարշ Մ.-ի նկատմամբ քննիչի որոշմամբ պաշտպանության միջոց է կիրառվել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց մեղադրյալների պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Թե կոնկրետ ինչ միջոցի մասին է խոսքը, նա չմանրամասնեց, միայն նշեց, որ ըստ իրեն՝ դա այս գործի աննախադեպ հանգամանքներից մեկն է:

Էլբակյանի խոսքով՝ դատական նիստի ժամանակ իրենց ներկայացվել է տուժողի՝ մայիսի 26-ի ցուցմունքը, որով նա հայտնել է, որ իրեն տուժող չի ճանաչում, եւ նոր հանգամանքներ է նշում գործի մասին, սակայն ամսի 27-ին նրա նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու որոշում է կայացվել. «Սա հակասական, կազուսային իրավիճակ է առաջացրել, մենք չգիտենք՝ դրա վերաբերյալ տուժողն ինչ դիրքորոշում է ունեցել, եւ այս հանգամանքը չգնահատելով, դրա վերաբերյալ քննություն չիրականացնելով՝ կայացվել են կալանավորման ապօրինի որոշումներ»: Ըստ Էլբակյանի՝ դա իրենց առիթ է տալիս կարծելու, որ դատավորների նկատմամբ ճնշում է եղել:

Տեղեկություն ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտե, որի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը պարզաբանեց, որ տուժողի նկատմամբ ձեռնարկվել է պաշտպանության միջոց, որը նախատեսված է Քրեական դատավարության 98'4 հոդվածով: Դրա համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը: Տվյալ դեպքում դա հանձնարարվել է Ոստիկանությանը: Ինչ վերաբերում է պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ տուժողի կարծիքին, ՔԿ-ից տեղեկացրին, որ իրենք կաշկանդված չեն տուժողի կարծիքով, եւ նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով իրենց ունեցած փաստական հանգամանքները: Անդրադառնալով տուժողի ցուցմունքը փոխելու հանգամանքին, Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ նա մի քանի անգամ հարցաքննվելուց հետո անձամբ է նախաձեռնել եւս մեկ հարցաքննություն, որի ժամանակ հայտնել է, թե ինքը իբրեւ թե չի տուժել. «Սակայն ՔԿ-ի  կողմից ստուգողական գործողությունները շարունակվում են, նա շարունակում է ունենալ տուժողի կարգավիճակ»:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց: Ահազանգ էր եղել ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ, ինչի առնչությամբ Ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Միաժամանակ Գլխավոր դատախազությունն է այդ հրապարակումները ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  5 անձի մեղադրանք է առաջադրվել. 4-ին՝ առեւանգման,  1-ին՝ թմրամիջոցների հոդվածներով: Առեւանգման համար մեղադրվող 3 անձինք դատարանի որոշումներով կալանավորվել են, մյուս երկուսին կալանավորելու միջնորդությունները մերժվել են:  Մեր հարցին ի պատասխան ՔԿ-ից տեղեկացրին նաեւ, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հարուցված քրեական գործով չի հարցաքննվել եւ որեւէ կարգավիճակ չունի: Նշենք, որ քաղաքացիների ձերբակալման հաջորդ օրը Փարամազյանը արձակուրդ էր մեկնել: Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմից էլ տեղեկացանք, որ նա դեռեւս արձակուրդում է. «Քաղաքապետը օգտվել է իր ամբողջական արձակուրդից, արձակուրդում է լինելու մինչ հունիսի 29-ը, աշխատանքի կներկայանա հունիսի 30-ին»:

Այսօրվա ասուլիսին պաշտպան Վարդուհի էլբակյանը նշեց քրեական գործը իրենց գնահատմամբ աննախադեպ դարձնող մի քանի հանգամանք. «Ունենք 7 դատավոր, որոնք քննել են այս գործով ձերբակալությունների դեմ մեր բողոքները եւ կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, 7-ից 4-ը գտել է, որ հիմնավոր կասկածը բացակայում է, հարկադրանքի միջոց կիրառելու հիմքեր չկան, իսկ 3 դատավոր գտել է, որ կան, եւ դա այն պարագայում, երբ փաստական հանգամանքները նույնական են, իսկ մամուլով արդեն եղել էր հրապարակում, որ Շավարշ Մ.-ն փոխել է իր ցուցմունքը՝ ասելով, որ դա տվել էր ոստիկանների ուղղորդմամբ, դատարանները իրենց որոշումների մեջ մատնանշել են գործի օպերատիվ քննչական իրավիճակը, ինչպիսի հասկացություն գոյություն չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով նաեւ այն, որ ոստիկանությունը պատահմամբ սխալ անձի էլ էր ձերբակալել:

Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ պաշտպանի, այն է, որ կալանավորել են երկու եղբայրների, որոնք ընտանիքի ֆինանսական միակ աղբյուրն էին. «Կալանավորվածներից Բաբկեն Համբարձումյանը ունի երկու տարեկան զույգ երեխաներ, որոնցից մեկը շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի բուժումը բավականին ծախսատար պրոցեդուրա է, եւ հիմա նրա կալանավորումը, ընտանիքին ֆինանսական հոսքից (մյուս կալանավորը՝ Լեւոն Համբարձումյանը, նրա եղբայրն է,-խմբ.), նաեւ՝ հոր խնամքից զրկելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել»,- մանրամասնեց պաշտպաններից Կարեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը իրենք դատարանում էլ են բարձրաձայնել, բայց դատարանը որոշել է, որ երեխայի առողջության հանգամանքը չի կարող էական նշանակություն ունենալ կալանավորման հիմքերը բացառելու համար. «Բայց չի կարող խոչընդոտելու ռիսկը, որը դատարանը հիմնավոր է համարել, ավելի բարձր արժեք ունենալ, քան երեխայի առողջությունը. խոչընդոտման ռիսկը հնարավոր է չեզոքացնել գրավով, որի վերաբերյալ մեր միջնորդությունը մերժել է կամ տուժողի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելով, ինչը արդեն իսկ արվել է, կամ նույնիսկ օպերատիվ գործողություններով»:

Կարեն Ղազարյանը պատմեց, որ ինքը եղել է պաշտպանական թիմի այն խմբում, որն ի սկզբանե Կապանում է գտնվել՝ քաղաքացիների կանչով. «Մեզ դիմել էին սույն գործով մեղադրյալները՝ ասելով, որ որոշակի անհանգստություն ունեն  քաղաքում շրջանառվող այն լուրերի հետ կապված, որ պատրաստվում են իրենց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, դե, ամեն անգամ չէ, որ Կապանում եւ Քաջարանում գլխավոր վարչությունից քննչական խումբ կամ ոստիկանության հատուկ զորքեր են գտնվում»: Ըստ Ղազարյանի՝ իրենք սպասում էին ծանուցման, որպեսզի օրինական ճանապարհով գնան, մասնակցեն քննչական-դատավարական գործողությունների, չէին բացառում նաեւ բերման ենթարկելու տարբերակը, բայց բացառում էին այդ կերպ բերման ենթարկելը. «Ըստ մեր պայմանավորվածության՝ իրենք առաջին իսկ պահից պիտի պահանջեին փաստաբաններ, սակայն նրանց զանգի հնարավորություն չեն տվել, պաշտպան ունենալու իրենց պահանջին որեւէ կերպ չեն արձագանքել, մենք ոստիկանության հերթապահ բաժնին տեղեկացրինք, որ նրանք մեզ դիմել են, պահանջելու են փաստաբան, սակայն նրանք էլ թույլ չտվեցին բարձրանալ՝ ասելով, որ հերթապահ բաժնի պետը տեղում չէ, մենք ասացինք, որ խոչընդոտում են մեր աշխատաքնին, ինչի կապակցությամբ ահազանգեցինք ՄԻՊ եւ Փաստաբանների պալատ »: Ղազարյանը նշեց, որ ձերբակալվածներին կարողացել են տեսակցել միայն մի ժամ հետո, երբ նրանց տեղափոխել են Քննչական բաժին, ինչի ընթացքում, ըստ պաշտպանի, անհամաչափ ուժ է կիրառվել. «Այս քննությունը ի սկզբանե տարվել է՝ փաստաբանների իրավունքները ոտնահարելով, երիտասարդների իրավունքները ոտնահարելով, եւ մենք այսօր տեսնում ենք, որ այդ իրավունքների անտեսումը շարունակական է, նույնը անում է ՔԿ-ն, անում են դատարանները՝ իրենց ոչ օբյեկտիվության առումով»:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Կապանում հակահեղափոխության փորձ է եղել՝ Կարեն Ղազարյանն ասաց, որ ոստիկանության բաժնի դիմաց հավաքված մարդիկ քաղաքականության հետ որեւէ կապ չունեին. «Իրենք սկսեցին հավաքվել, երբ բռնության մասին ահազանգ եղավ, եւ իրենց ինքնաբուխ հավաքը համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար էր. եթե մենք օրենքով նախատեսված կարգով ի սկզբանե մուտք գործեինք, չէր լինի ենթադրյալ բռնություն, չէր լինի հավաք այս համաճարակային պայմաններում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նրանք, նաեւ՝ գործով մեղադրյալները Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կամ դրան փոխկապակցված կազմակերպությունների աշխատակիցներ են, աշխատավոր, կիրթ մարդիկ: Մեր հարցին՝ ի՞նչ կապ կա այս գործի եւ օրերս կալանավորված Արսեն Մկրտչյանի (հայտնի է Արսեն Երեւանսկի մականվամբ,- խմբ.) վերաբերյալ գործի միջեւ, պաշտպան Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ որեւէ կապ չկա: Էլբակյանը, ով նաեւ Արսեն Մկրտչյանի պաշտպանն է, հերքեց տեղեկությունը, թե տուժող քաղաքացին իրավապահներից առաջ աջակցություն ստանալու համար դիմել է Արսեն Երեւանսկուն: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեռեւս մարտի 13-ին քրեական գործ է հարուցվել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար: Հարուցված քրեական գործով «Արսեն երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են:

 

Տպել
4566 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց