Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել. պաշտպանը՝ փորձաքննության մասին

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացվել է համալիր փորձաքննության եզրակացությունը, որով նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացել է գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում այդ նոր հանգամանքներով պայմանավորված՝ իրենք մի քանի միջնորդություններ են ներկայացրել:

Ենթադրյալ դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Հենրիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, իսկ Գարեն Աթաջանյանին՝ նույն արարքների օժանդակության համար: Աթաջանյանը, սակայն, նախորդ տարի՝ դատարանում ցուցմունք տալիս, անակնկալ հայտարարություն էր արել՝ նշելով, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետը՝ ասելով, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ:

Հիշյալ փորձաքննությունը, որի եզրակացությունը ստացվել է մոտ մեկ ամիս առաջ, նշանակվել էր ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ. Այս նոր եզրակացությունը, ըստ Հովհաննիսյանի,  տրվել է այլ փորձագետի կողմից եւ էականորեն տարբերվում է նախաքննության ընթացքում ստացված պատասխաններից.

«Մասնավորապես, ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաեւ մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցները արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլեւ աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցները ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցները արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»: Պաշտպանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմնի ամբողջ հիմնավորումների մեխը եղել է այն, որ կրակոցները արձակվել են ձախ կողմից, եւ կրակողը եղել է մեկ անձ, իսկ այս նոր հանգամանքով ստացվում է, որ կրակող երկուսն են եղել. «Սակայն քանի որ մեղադրանք է առաջադրվել միայն երկու անձի՝ իմ պաշտպանյալին եւ Հենրիկ Ավագյանին, նշանակում է, որ բացի Ավագյանից, մեքենայի աջ մասում եղել է եւս մեկ կրակող, որը կապ չունի երկու ամբաստանյալների հետ, եւ նրանց գործողությունները իրար հետ համաձայնեցնված չեն եղել։ Այսինքն՝ մենք նորից տանում ենք նրան, որ այստեղ տեղի է ունեցել հանցագործության նմանակում»: Հարցին՝ ինչպե՞ս են եզրակացնում, որ այդ անձանց միջեւ նախնական համաձայնություն չի եղել, պաշտպանը պատասխանեց․ «Ըստ մեղադրանքի որոշման՝ հանցագործությունը նախապատրաստել է երկու անձ, սա իրենց կուռ մեկնաբանությունն է, որը հիմք է հանդիսացել մեղադրանքի համար, եւ ըստ այդ նույն մեղադրանքի՝ կրակողը հանդիսացել է միայն Հենրիկ Ավագյանը, եւ կրակել է մեքենայի ձախ կողմից։ Հիմա մենք ունենք տվյալ այն մասին, որ կրակել են նաեւ աջ կողմից, դրա վերաբերյալ որեւէ ապացույց նախկինում չի եղել, սա հիմնավորվեց միայն փորձագետի եզրակացությամբ, իսկ որ այդ անձը կապ չի ունեցել ոչ Գարեն Աթաջանյանի, ոչ Հենրիկ Ավագյանի հետ, ոչ միայն մենք ենք ասում, այլ վարույթն իրականացնող մարմինը»։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ երեկվա դատական նիստին պաշտպանը միջնորդել է փորձագետին հրավիրել դատարան՝ հարցաքննության, եւ միջնորդությունը բավարարվել է:

Փորձագետին դատարան հրավիրելը, ըստ պաշտպանական կողմի, պայմանավորված է եղել մեկ այլ հանգամանքով եւս: Բանն այն է, որ անդրադառնալով պաշտպանի այն հարցադրմանը, թե որքան էր հավանականությունը, որ այդ անձինք, գտնվելով մեքենայի մեջ, կարող էին վնասվածքներ չստանալ՝ փորձագետը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանը եւ մյուսները ամենայն հավանականությամբ գտնվել են ավտոմեքենայում. «Սակայն այդ «ամենայն հավանականությամբ»-ը ի՞նչ է նշանակում, դա ի՞նչ փորձագիտական տերմին է, այդ հանգամանքը պարզելու համար եւս մենք միջնորդել ենք փորձագետին հրավիրել»:

Երկրորդ միջնորդությամբ պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է դատարան հրավիրել մեկ այլ անձի եւս. «Նախաքննության ընթացքում նշանակվել էին տեսաձայնագրային փորձաքննություններ, քանի որ Կապան քաղաքի մի շարք շենքերում դրված տեսախցիկները վերցվել էին, եւ դրանց զննություններով փորձագետը եզրակացություն էր տվել, որ դեպքի օրը՝ ամբողջ ժամանակահատվածում, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի հետեւից շարժվում է սեւ գույնի «Սուզուկի գրանտ վիտարա» մակնիշի ավտոմեքենա, որի հաշվառման համարանիշերից նշվել էր միայն երեք նիշը, այդ կապակցությամբ ամբողջ նախաքննության ընթացքում որեւէ քննչական գործողություն չէր իրականացվել, անգամ օպերատիվ հանձնարարություն չէր տրվել պարզելու, թե դա ինչ ավտոմեքենա է»: Պաշտպանը իր նախաձեռնությամբ փաստաբանական հարցում է կատարել Ճանապարհային ոստիկանություն՝ պարզելու, թե այդ մակնիշի այդպիսի համարանիշ ունեցող քանի ավտոմեքենա կա ՀՀ-ում. «Մեզ պատասխանել են, որ այդպիսի մեկ ավտոմեքենա կա, որը պատկանում է Սյունիքի մարզի «Կապան ՃՇՇ» ընկերությանը»: Դրանից հետո պաշտպանը հարցում է ուղարկել նաեւ «Կապան ՃՇՇ» ընկերություն՝ հետաքրքրվելով, թե դեպքի օրը ով է վարել այդ մեքենան, սակայն նրա հարցմանը որեւէ պատասխան չի տրվել. «Նախաքննության ժամանակ մենք այս հանգամանքները չենք ներկայացրել, քանի որ անտրամաբանական կլիներ, միանշանակ մերժվելու էինք, դրա համար պահեցինք, որ դատարանում ներկայացնենք, եւ երեկ արդեն միջնորդեցինք, որ մեր փաստաբանական հարցումները ճանաչվեն ապացույց, պարզվի այդ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, եւ նա ներկայացվի դատարան՝ հարցաքննության»: Պաշտպանի այս միջնորդության քննությունը դատարանը հետաձգել է, այն շարունակվելու է հաջորդ նիստին:

Երրորդ միջնորդությամբ էլ Վահան Հովհաննիսյանը դատարանին խնդրել է որպես ապացույց ճանաչել առցանց լրատվամիջոցների այդ հրապարակումները, որոնցում ներկայացված է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ֆոտոռոբոտը՝ հրապարակված Ազգային անվտանգության ծառայության կողմից. «Մինչ Գարեն Աթաջանյանի, Հենրիկ Ավագյանի եւ մյուսների բացահայտումը տուժողներն իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենց վրա կրակող անձին չեն տեսել, եւ այդ մասով հանցագործություն կատարող անձի վերաբերյալ որեւէ տվյալ առկա չի եղել։ Սակայն Հենրիկ Ավագյանի ձերբակալվելուց երկու օր առաջ համացանցային լրատվամիջոցները, հղում կատարելով ԱԱԾ կայքէջին, տարածել էին հանցագործություն կատարող կասկածելի անձի ֆոտոռոբոտ։ Եթե նմանակում տեղի չի ունեցել, եթե տուժողները չեն տեսել իրենց վրա կրակող անձին, մինչեւ անձի բացահայտումը ԱԱԾ-ն ինչպե՞ս կարող էր կազմել ֆոտոռոբոտ»: Հովհաննիսյանը շեշտեց՝ Ֆոտոռոբոտը, որպես դատավարական գործողություն, կազմվում է կամ այն անձի կողմից, որը տեսել է նրան կամ նրա տեսածի նկարագրության հիման վրա՝ փորձագետի կողմից. «Այդպիսի անձ նախաքննության ընթացքում չի եղել պարզապես, եւ թե ոնց է այդ ֆոտոռոբոտը ստեղծվել, մեզ համար մինչեւ հիմա անհայտ է, այդ պատճառով մենք խնդրեցինք, որ դրանք ճանաչվեն ապացույց, որպեսզի հետագայում մեր ճառերով անդրադառնանք դրան»,- նշեց Հովհաննիսյանը: Հարցին՝ տուժող կողմը նշել է, որ չի տեսել կրակողների դե՞մքը թե՞ առհասարակ որեւէ մեկին չի տեսել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Առհասարակ, նշել է, որ կրակող անձի չի տեսել, իսկ ռոբոտը կազմվում է տեսնողի ցուցմունքների հիման վրա, հիմա մենք ունենք, որ տեսնող անձ չի եղել, եւ հանցագործությունը մոտ մեկ ամիս բացահայտված չի եղել, հետո՝ մինչեւ այդ անձանց բացահայտումը, ֆոտոռոբոտ է տարածվում, որ Հենրիկ Ավագյանի նմանությամբ անձնավորությունը կատարել է այս հանցագործությունը, ոնց է դա կազմվել, տեղադրվել՝ հանելուկ է»: Պաշտպանի այս միջնորդության քննությունը եւս հետաձգվել է, դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Ինչ վերաբերում է պաշտպանի առաջ քաշած այն հարցին, որ Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա, փորձագետը նշել է, որ դա հնարավոր էր. «Ասել է, որ հավանաբար հագուստը առաջ կամ հետ քաշված է եղել, չի համապատասխանել մարմնի սովորական դիրքին, այսինքն՝ կարող էր մի տեղ վնասվածք առաջանալ, մի տեղ՝ ոչ»: Այդ մասով պաշտպանական կողմը առարկություն չի ներկայացրել:

Պաշտպանի միջնորդություններին, սական, առարկել է մեղադրող դատախազը. «Փորձագետին դատարան հրավիրելու միջնորդությանը սկզբում առարկեց, հետո թողեց դատարանի հայեցողությանը, մյուս երկու միջնորդությունների դեմ առարկեց՝ ասելով, որ դրանք դեպքի հետ կապ չունեն, եւ դրանցով չբացահայտված իքսերը գնալով ավելանում են»: Ինչ վերաբերում է տուժող կողմին, նրանցից որեւէ մեկը նիստին չի մասնակցել:

Հարցին՝ նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ շարունակո՞ւմ են պնդել իրենց այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է լինելու դատարան հրավիրել Սուրիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանին եւ Գորիսի նախկին ոստիկանապետին, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ մինչ դա պետք է ձեռքի տակ ունենալ բոլոր ապացույցները: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի՝ երկրում չլինելու հանգամանքին, Հովհաննիսյանի խոսքով՝ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ. «Խոչընդոտ կհանդիսանա այնքանով, որ եթե մենք միջնորդություն ներկայացնենք նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրա ներկայությունը խիստ անհրաժեշտ կլինի»:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիս ամսին:

Տպել
9998 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն